Jump to content

Կրկին անգամ Հայոց պահանջատիրության պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտության մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կրկին անգամ Հայոց պահանջատիրության պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտության մասին

Տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների և ընդհանրապես ամերիկահայերի բացառիկ լավ աշխատանքին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Իհարկե չմերժեց, բայց նաև չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթե անհնարինը: Ներկա քաղաքական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը և ձայները չեն կարող ավելի ծանր կշռել, քան ամերիկյան միջինարևելյան շահերը: Միացյալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ հանուն վսեմ գաղափարների զոհաբերի իր շոշափելի շահը: Ամերիկահայերը նեղվելու իրավունքն ունեն, քանի որ խորհրդարանականները չկատարեցին իրենց տված խոստումները: Իսկ ՀՀ իշխանությունները, կարծում եմ, խոսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հենց այդ նույն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարված իրավունքները, պատրաստ էին և այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրությունները դեռ առկախ են՝ թուրքերին տալու Հայաստանի Հանրապետությանն իրավականորեն ամրագրված տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որևէ գրավոր կամ բանավոր խոսքով դիմելու ԱՄՆ իշխանություններին: Ցավոք նույնը վերաբերում է, այսպես կոչված, ԱԺ-ին, որը հենց այդ օրերին զբաղված էր մայրենի լեզուն աճուրդի հանելով: Լռությունն ընդհանրապես քաղաքականություն չէ: Յուրաքանչյուր համապատասխան պաշտոնյա պարտավոր է կարևորագույն հարցերում պարզաբանել իր մոտեցումները: Մենք՝ այս երկրի հարկատուներս և քվեարկողներս, կարևորագույն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառույցների և կուսակցությունների դիրքորոշումները, որպեսզի մեր եզրակացություններն անենք: Չէ որ կա «ժամանակ ձգելոյ քարինս, և ժամանակ ժողովելոյ քարինս» (Ժողովօղ 3:5), և մի օր հաստատ քարերը նետելու ժամանակը գալու է:

Ինչևիցե: Այս հոդվածիս բուն նպատակը օրերս [22.12.2010թ.] տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մեջ, ինչ տեղի ունեցավ՝ ընդամենը քաղաքական միջադեպ էր, ոչ ավելին: Ավելի կարևոր է քննարկել որոշ հիմնարար հարցեր. իսկ մեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ի գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եթե դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթե դա արվում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրվի մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի պատասխանը. ինչպե՞ս խորհրդարանական բանաձևը, որ իր բնույթով կատարման համար ոչ պարտադիր է և ընդամենը մեկ ազգային օրենսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտահայտում է, պիտի փոխակերպվի հատուցման: Արդյո՞ք, երբ Կանադայի և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություններն ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից փոխվեց Կանադայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար՝ ոչ: Ուրեմն, եթե մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում և իրականանալի նպատակ, ապա դա պիտի արվի մի մարմնի միջոցով, որի որոշումները. ա) բնույթով միջազգային են, այսինքն՝ գերակա են ճանաչվել նաև Թուրքիայի Հանրապետության կողմից; բ) կատարման համար պարտադիր են, այսինքն՝ ենթակա չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որոշումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլև իր մեջ պիտի նախանշի, թեկուզև զուտ տեսական առումով, լուծման հստակ ճանապարհը:

Արդի միջազգային հարաբերություններում այդպիսի կարգավիճակ և լիազորություններ ունեցող 2 մարմին կա, դա միևնույն մեկ կառույցի՝ ՄԱԿ-ի երկու բարձրագույն քաղաքական և իրավական մարմիններն են. Անվտանգության խորհուրդը (Security Council) և Արդարության միջազգային դատարանը (International Court of Justice): Առաջին մարմնի բուն պատասխանատվությունը (ՄԱԿ կանոնադրություն, հոդված 24; UN Charter, article 24) «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է» (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ Թուրքիայի կողմից ՀՀ իրավունքների և տարածքային ամբողջականության 90-ամյա ոտնահարումը այսօր Անվտանգության խորհրդի որևէ անդամ կգնահատի որպես լուրջ վտանգ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: Մեզ հուզող հարցերը հստակորեն տեղավորվում են նշածս երկրորդ մարմնի՝ Արդարության միջազգային դատարանի լիազորությունների շրջանակի մեջ: Նշյալ դատարանն իրավասու է քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ ցեղասպանությունը զուտ պատմական իրադարձություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամները: Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, և որպես միջազգային իրավունքի և միջազգային իրավունքի ոտնահարման հարց, ենթակա է Արդարության միջազգային դատարանի իրավասությանը (Արդարության միջազգային դատարանի կանոնադրություն, հոդված 36.2 (բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):

Ընդհանրապես մեր հարցերի փոխանցումը քաղաքական դաշտից իրավական դաշտ մեզ համար ավելի շահեկան է: Թեկուզ այն պատճառով, որ մենք ստիպված չենք լինելու դիմակայել մեզանից քաղաքականապես անհամեմատ ուժեղ թուրքական պետությանը, այլ գործելու ենք իրավահավասարության դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել՝ այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետևողական: Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցավոք չենք: Չինացուն հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու հարմար ժամանակը: Չինացին պատասխանում է՝ դա 20 տարի առաջ էր: Մենք անկախացել ենք գրեթե 20 տարի առաջ: Եթե այն ժամանակներից սկսեինք մասնագետներ պատրաստել, հիմա մի ողջ սերունդ կունենայինք:

Պատմությունը վկայում է, որ իրավական դաշտում հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրավական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդիսացող Հայոց ցեղասպանության քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում իրավական դաշտում պայքարի շահեկանությունը: Չի եղել մի որևէ իրավական ատյան կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Այդպես է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարություններից[1] (այդ ժամանակ թեև ցեղասպանություն եզրը դեռևս ստեղծված չէր, սակայն դատարանն իր վճիռների մեջ տվել է դրա նկարագրական մասը), վերջացրած Wikileaks-ի Ջուլիան Ասանջի դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնի (Geoffry Robertson) իրավական վերլուծությամբ ու գնահատականով:[2] Ամերիկյան իրավագիտական միտքը նույնպես երբևէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժի միջազգայնագրի /կոնվենցիայի/ [հետայսու՝ Ցեղասպանության կոնվենցիա] (Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 1948) ստեղծման, զարգացման և իրավական պարտավորությունների հարցերում ԱՄՆ-ի դերակատարության լավագույն մասնագետ Լորենս Ջ. Լը Բլանը (Lawrence J. LeBlanc), վերապահություն ունենալով զանգվածային սպանությունների շատ դեպքերի նկատմամբ, «հրեաների և հայերի զանգվածային սպանությունները» (wholesale slaughtering of Jews and Armenians) միանշանակորեն բնութագրում է որպես «ցեղասպանության ակնառու օրինակներ» (prominent cases of genocide):[3]

Ինչքան հասկանում եմ՝ մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի որպեսզի Թուրքիան ևս հետևի նրա օրինակին: Համոզված չեմ այդ փոխկապվածության մեջ: ԱՄՆ-ում վաղուց արդեն չկա ռասայական խտրականություն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունները դիտարկվում են որպես ստորադաս արարածներ: Չեք հավատում՝ քրդերից և զազաներից հարցրեք: Անձամբ ինձ բնավ պետք չէ, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը. ինձ պետք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել: Ի վերջո մենք բարոյական, նյութական, հողային իրավունքներ ունենք ոչ թե այն պատճառով, որ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև մեր իրավունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն՝ գործիքներն առկա են: Թե ինչքան արդյունավետ կօգտագործենք դրանք, արդեն մեզանից է կախված: Շախմատային նույն իրավիճակում մեկը կարող է հաղթել, իսկ մյուսը պարտվել, թեև երկուսի համար էլ խաղի կանոնները նույն են:

Հիմա նորից գանք Հայոց ցեղասպանության բանաձևի վերջին քննարկմանը: Մեկ անգամ էլ եմ ուզում հստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնավ դեմ չեմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն իր երկու պալատներով, ինչպես նաև նախագահը, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Սակայն ամեն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթե այս գործընթացը, լինելով ավելի հուզական և երևացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետևաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդյունավետության վրա: Երբեմն ինձ թվում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ոչ թե այն պատճառով, որ իսկապես լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղված պահել, որ իրենց համար ավելի վտանգավոր ուղիներով չգնանք:

Հիշենք նաև, որ Միացյալ Նահանգներն արդեն ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Ըստ էության, ԱՄՆ-ն առաջին պետությունն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ դա արել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ՝ 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին 1951թ. հունվարին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն հավաստել է հետևյալը.

«Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը:»[4]

Վերոշարադրյալից հստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից ԱՄՆ կառավարությունը միանշանակորեն դիտարկել է որպես ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակ: Ավելին, սույն հայտարարությունն անառարկելիորեն փաստում է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովը Ցեղասպանության կոնվենցիան ընդունելիս (09.12.1948թ.) ի մտի է ունեցել նաև հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության կոնվենցիան ԱՄՆ-ի կողմից վավերացվել է 1988թ. նոյեմբերի 25-ին: Ըստ այդմ, նշյալ փաստաթուղթը, համաձայն ԱՄՆ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ կետի, դարձել է երկրի օրենսդրության բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land):

ԱՄՆ կառավարության վերոհիշյալ գրավոր հայտարարությունից ուղիղ 30 տարի հետո (1981թ.), նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը հայոց ցեղասպանության նկատմամբ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջիացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it – and like too many other such persecutions of too many other peoples – the lessons of the Holocaust must never be forgotten.)[5]

Ակնհայտ է, որ ներկայումս ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունները պատրաստ չեն մեկ անգամ ևս «թուրքերի կողմից հայերի ջարդերը» որակել որպես ցեղասպանություն: Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ այդ ցեղասպանության հետևանքների վերացումը: Այն է՝ հայոց բարոյական, նյութական և հողային իրավունքների վերականգնումը:

Այստեղ տեղին է հիշել հայոց մեծ բանաստեղծ Սևակի խոսքը.

Խոստանում եմ բաց ճակատով
զուր չխփվել հաստ պատերին:
Ինչի՞ համար. Էլի պատը կմնա պատ,
կպակասի մի լավ ճակատ:

Եթե պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պետք է որոնել: Չի կարելի ողջ մարդկային և նյութական ներուժը ծախսել անհեռանկար պայքարի մեջ: Կարևորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կգանք դրան՝ արդեն էական չէ:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Թուրքական ռազմական դատարանը, տարբեր լիազորություններով, գործել է 1918թ. դեկտեմբերի 16-ից մինչև 1921թ. հունվարի 13-ը: [Dadrian V. The History of Armenian Genocide. NY, 2008, p. 321 & 333.]
  2. Robertson G. QC’s Opinion. Was there an Armenian Genocide? Doughty Street Chambers, 9 Oct 2009.
  3. LeBlanc L.J. The United States and the Genocide Convention. Durham-London, 1991, p. 87.
  4. International Court of Justice: pleadings, oral arguments, documents; Reservations on the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, p. 25.
  5. Reigan R. Days of Remembrance of Victims of the Holocaust by the President of the USA. Proclamation 4838, 22 April 1981.


12 դեկտեմբերի, 2010թ.