Jump to content

ՀՍՀ/ԱԲԱՄԵԼԻՔ–ԼԱԶԱՐԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՀՍՀ/Աբամելիք-Լազարևից)

ԱԲԱՄԵԼԻՔ–ԼԱԶԱՐԵՎ (Աբամելիք–Լազարյան) Սիմեոն Սիմեոնի (1857–1916), հնագետ, երկրաբան։ Ռուսական իշխան, ազգությամբ հայ։ Ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա֊բանասիրական ֆակուլտետը։ 1882֊ին մասնակցել է Պալմիրայի պեղումներին և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում։ Մերձավոր Արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Ա․ Լ․ Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա֊հռոմեական հուշարձանների ավերակները Ջերաշում։ Հետազոտել է նաև ծծմբի հանքավայրեր Կովկասում և Սիցիլիայում։ Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Քաղ․ հայացքներով միապետական էր։ Խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող (ուներ երկաթամշակման գործարաններ Ուրալում)։ Նրա «Վիլլա Աբամելիք» դղյակը Հռոմում այժմ սովետական սեփականություն է։ Մահացել է Կիսլովոդսկում, թաղվել է Պետրոգրադում։

Երկ․ Джераш, СПБ, 1897; Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908 гг., СПБ, 1910. Վ․ Դիլոյան