ՀՍՀ/Աբայ Կունանբաև

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աբամելիքներ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբայ Կունանբաև

Աբանա


[ 14 ] ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎ (1845–1904), ղազախ լուսավորիչ֊բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։ Ծնվել է հուլիսի 29(օգոստոսի 10)-ին, Չինգիզի լեռներում (այժմ՝ Սեմիպալատինսկի մարզ, գյուղ Կարաուլ), խոշոր ֆեոդալ Կունանբայ Ուսկենբաևի ընտանիքում։ Սովորել է Սեմիպալատինսկի մեդրեսեում (1858–59), հաճախել տեղի ռուսական դպրոցը։ Ինքնուրույն սովորել է արաբերեն, պարսկերեն, ուզբեկերեն, ուսումնասիրել Արևելքի մեծ բանաստեղծների և գիտնականների գործերը։ Սեմիպալատինսկում ծանոթացել է ռուս հեղափոխական աքսորյալների հետ, նրանց ազդեցությամբ ուսումնասիրել ռուս գրականությունը։

Ա. Կ. գրական գործունեությունն սկսել է 35-ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա…» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմա֊բանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Ա. Կ. միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Մահացել է հունիսի 23(հուլիսի 6)֊ին, Կարաուլ գյուղում։

Ա֊ի կերպարը գեղարվեստորեն մարմնավորել է Մ. Աուեզովը «Աբայ» վեպում (հայերեն հրտ. 1952)։