Jump to content

ՀՍՀ/Աբաս (Հայոց թագավոր)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաս (կաթողիկոս) Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաս (Հայոց թագավոր)

Աբաս (Կարսի թագավոր)


ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ.— 953), Հայոց թագավոր 928-ից, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը՝ սպարապետ, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց» (վրաց Բագրատունիները ճանաչում էին նրա գերիշխանությունը)։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝ կանգուն ցայսօր։ Ա. վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948-ին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրեց Արգինա, երկիրը մասամբ ազատեց արաբ հողատերերից, զսպեց աբխազական թագավորների ոտնձգությունները Հայաստանի և Քարթլիի (Արևելյան Վրաստան) թագավորության նկատմամբ։ Ա֊ի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Ա. զբաղվել է երկրի վերաշինությամբ։

Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Еремян С. Т., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, ԼՀԳ, № 3, 1971։