Jump to content

ՀՍՀ/Աբելյան Հարություն Տիգրանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբելյան Ալեքսանդր Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբելյան Հարություն Տիգրանի

Աբելյան Հովհաննես Հարությունի


ԱԲԵԼՅԱՆ Հարություն Տիգրանի (1849–1921), հայ քիմիկոս։ Ծնվել է ապրիլի 13(25)-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջան)։ Սովորել է Ներսիսյան դպրոցում և որպես առաջավոր շրջանավարտ 1865-ին ուղարկվել Եվրոպա՝ ուսումը շարունակելու։ Հայդելբերգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բունզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։ 1872-ին ավարտել է Ցյուրիխի համալսարանը՝ ներկայացնելով դոկտոր․ դիսերտացիայի թեզերը։ Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877–84), համալսարանի պրոֆեսոր (1884–1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր ածխաջրածինների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական քիմիայով։ Հետազոտել է նավթի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Ա֊ի «Առաջնորդ որակական անալիզի» գերմաներեն լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ 1896-ին գիտական նպատակներով եկել է Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպ. թերթերում։ Ա. եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։ Մահացել է հոկտ. 11֊ին, Ցյուրիխում։ Վ․ Ազատյան