ՀՍՀ/Ագրեգատային վիճակներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ագրեգատային հաստոց Հայկական Սովետական Հանրագիտարան

Ագրեգատային վիճակներ

Ագրեման


[ 58 ] ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ, նյութի գազային, հեղակ և պինդ վիճակները։ Ագրեգատային մի վիճակից մյուսին անցումը կախված է արտաքին պայմաններից (ջերմաստիճանից ու ճնշումից) և ուղեկցվում է նյութի հիմնական ֆիզիկական հատկությունների փոփոխություններով, որոնք կատարվում են թռիչքաձև (տես Ֆազային անցումներ) կամ անընդհատ։ Այս երեք վիճակներին հաճախ ավելացվում է նաև պլազման։ Ա. վ֊ի գոյությունը պայմանավորված է նյութի մեջ մոլեկուլների (ատոմների) ջերմային շարժման բնույթով և նրանց փոխազդմամբ։ Գազերում մոլեկուլները թույլ են փոխազդում և, շարժվելով ազատ, լցնում են իրենց պարփակող ծավալը։ Հեղուկներում և պինդ մարմիններում մոլեկուլները (ատոմները) միմյանց մոտ են դասավորված և փոխազդում են զգալի ուժերով։ Դրանով է բացատրվում հեղուկների և պինդ մարմինների որոշակի ծավալ պահպանելու հատկությունը։ Որոշ հեղուկներ ի հայտ են բերում բյուրեղներին բնորոշ կառուցվածքային հատկություններ (այդպիսիք կոչվում են հեղուկ բյուրեղներ)։ Մոլեկուլների շարժման բնույթը հեղուկներում և պինդ մարմիններում տարբեր է, որը պայմանավորում է նրանց կառուցվածքի և բազմաթիվ հատկությունների տարբերությունը։ Բյուրեղային պինդ մարմինների ատոմները միայն փոքր տատանումներ են կատարում բյուրեղական ցանցի հանգույցներում, այդ մարմինների կառուցվածքը բնութագրվում է կարգավորվածության բարձր աստիճանով՝ ատոմների դասավորվածության հեռավոր կարգով (տես Հեռավոր և մոտակա կարգեր)։ Հեղուկի մոլեկուլների ջերմային շարժումը հավասարակշռության դիրքերի շուրջը փոքր տատանումների և մի դիրքից մյուսին հաճախակի թռիչքների զուգորդումն է, որը պայմանավորում է հեղուկ վիճակի հատուկ շարժունությունն ու հոսունությունը։ Հեղուկների կառուցվածքը բնորոշվում է մոտակա կարգով։ Պլազման առանձնացվում է որպես նյութի հատուկ ագրեգատային վիճակ այն պատճառով, որ նրա լիցքավորված մասնիկները, ի տարբերություն սովորական գազի չեզոք մոլեկուլների, միմյանց վրա փոխազդում են մեծ հեռավորություններից։ Դրանով են բացատրվում պլազմայի մի շարք յուրօրինակ հատկությունները։