Jump to content

ՀՍՀ/Աերոդինամիկ դիմադրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աերոդինամիկա Հայկական Սովետական Հանրագիտարան

Աերոդինամիկ դիմադրություն

Աերոդինամիկ խողովակ


ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ճակատային դիմադրություն, գազային միջավայրում շարժվող պինդ մարմնի (օրինակ, ինքնաթիռի թևի) վրա ազդող լրիվ աերոդինամիկ ուժի բաղադրիչ, մարմնի շարժման արագությանը հակառակ ուղղված և շարժումն արգելակող ուժ։ Ստացվում է ինդուկտիվ դիմադրությունից (առաջանում է թևի եզրամասի ընդլայնական շրջհոսման հետևանքով), շփման դիմադրությունից (Ա. դ֊յան այն մասը, որ պայմանավորված է շփումով), ճնշման դիմադրությունից (Ա. դ֊յան այն մասը, որ պայմանավորված է ճնշումների տարբերությամբ)։ Քանի որ շփման դիմադրությունը և ճնշման դիմադրությունը կախված են թևի եզրագծի (պրոֆիլի) ձևից, ապա սովորաբար դիտարկում են նրանց գումարը՝ անվանելով պրոֆիլային դիմադրություն։ Մինչձայնային արագությամբ և գրոհի փոքր անկյան տակ շարժվող բարակ, թեթևակի ճկված թևային պրոֆիլների դեպքում ճնշման դիմադրությունը փոքր է շփման դիմադրությունից։ Գերձայնային արագության ժամանակ ճնշման դիմադրությունը գրեթե ամբողջությամբ վերածվում է ալիքային դիմադրության։ Ա. դ. կախված է շարժվող մարմնի ձևից, արագության վեկտորի նկատմամբ ունեցած դիրքորոշումից և այլ գործոններից։