Jump to content

ՀՍՀ/Աերոմեխանիկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աերոմագնիսական հանույթ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աերոմեխանիկա

Աերոնոմիա


ԱԵՐՈՄԵԽԱՆԻԿԱ (աերո․․․ + մեխանիկա), հիդրոմեխանիկայի ճյուղ․ ուսումնասիրում է գազերի և նրանցում ընկղմված մարմինների շարժման ու հավասարակշռության պայմանները։ Ստորաբաժանվում աերոդինամիկայի և աերոստատիկայի։

ԱԵՐՈՆՈՄԻԱ (աերո… + հուն. νόμος – օրենք), մթնոլորտի ֆիզիկայի բաժին։ Ուսումնասիրում է մթնոլորտային պրոցեսները ատոմային ու մոլեկուլային փոխազդեցության տեսակետից և արեգակնային ճառագայթման փոխազդեցությունն օդի ատոմների և մոլեկուլների հետ։


ԱԵՐՈՊԼԱՆ (ֆրանս. aéroplane, աերո… + ֆրանս. planer — սավառնել, ճախրել), տես Ինքնաթիռ։


ԱԵՐՈՍՏԱՏ (<աերո …+ հուն. στατός – կանգնած, անշարժ), տես Օդապարիկ։


ԱԵՐՈՍՏԱՏԻԿԱ (աերո․․․ + ստատիկա), աերոմեխանիկայի բաժին, ուսումնասիրում է գազային միջավայրի (մասնավորապես՝ օդի) և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող մարմինների հավասարակշռության պայմանները։ Ա֊ի դրույթները կիրառվում են մթնոլորտի, ինչպես նան մի շարք օդային սարքերի հավասարակշռության հարցերը հետազոտելիս։


ԱԵՐՈՑԱՆՔ, ինքնաթիռից կատարվող սերմերի ցանք։ Կիրառվում է ջրածածկ տարածություններում բրնձի, ինչպես նաև անապատային և կիսաանապատային շրջաններում սաքսաուլի և փշատերև ծառերի ցանքի ժամանակ սորուն ավազներն ամրապնդելու նպատակով։ Կատարվում է 50–100 մ բարձրությունից՝ հատուկ սարքերի միջոցով։ Ա. դաշտավարության մեջ լայն կիրառում չունի։


«ԱԵՐՈՖԼՈՏ», ՍՍՀՄ քաղաքացիական ավիացիայի մինիստրության ավիատրանսպորտային կազմակերպություն։ Գործում է 1923-ից (երբ ստեղծվեցին քաղաքացիական ավիացիային օժանդակող համառուսաստանյան «Դոբրոլյոտ», ուկրաինական «Ուկրվոզդուխոպուտ» և անդրկովկասյան «Զակավիա» կամավոր ընկերությունները)։ «Ա.»֊ի ավիագծերի ընդհանուր երկարությունը 800 հզ. կմ է,՝ որից ավելի քան 225 հզ. կմ կազմում են արտասահմանյան երթուղիները։ Այդ գծերով «Ա.»֊ի ինքնաթիռները միմյանց հետ կապում են ՍՍՀՄ 3500 բնակավայրեր և կանոնավոր թռիչքներ կատարում դեպի աշխարհի 64 երկրներ։ 1972-ին «Ա.» փոխադրել է 83 մլն. ուղևոր։ 1965–70-ին վերակառուցվել է «Ա.»֊ի շուրջ 300 օդանավակայան։

Հայկական ՍՍՀ֊ում առաջին ավիագիծը (Երևան–Թբիլիսի) սկսել է գործել 1933-ից։ 1934-ից թռիչքներ են կատարվում Երևան–Վարդենիս, Երևան–Սիսիան, Երևան–Ղափան և այլ երթուղիներով։ 1966-ի ապրիլին ստեղծվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությունը (1933-ից՝ Հայկական առանձին ավիաջոկատ), որը ուղևորներ և բեռներ տեղափոխելուց բացի զբաղվում է գյուղատնտեսության մեջ և ժողովրդական տնտեսության այլ ճյուղերում ավիացիայի կիրառման հարցերով։ 1972-ին «Ա.»֊ի ինքնաթիռներով Երևանից առաքվել է 719 հզ. ուղևոր, 11.518 տ փոստ և բեռներ, իսկ 1969-ին ավիաքիմիական մեթոդով մշակվել 459 հզ. հա հողատարածություն։ «Ա.»֊ի գծերով Երևանը կապված է ՍՍՀՄ 35 քաղաքների և բոլոր խոշոր առողջավայրերի հետ։ 1969-ից գործում են Երևան–Բեյրութ, 1970-ից՝ Երևան–Ամման միջազգ. երթուղիները։


ԱԶԱ (Ազատ անվան փոփոխված ձևը), գյուղ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում, Գիլանչայի ափին, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս֊արևմուտք, Ջուլֆա–Օրդուբադ խճուղու վրա։ 235 բն. (1971), հայեր։ Կոլտնտեսությունը միավորում է նաև Ներքին Ազա և Դեր գյուղերի տնտեսությունները (զբաղվում է շերամապահությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մասամբ՝ բանջարաբուծությամբ)։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, ռադիոհանգույց։ Ա. էլեկտրիֆիկացված ու ռադիոֆիկացված է, ընդունում է հեռուստատեսային հաղորդումներ, օգտվում է հեղուկ գազից։

Ա. պատմական Գողթն գավառի հայկ. գյուղերից է։ Ենթադրվում է, որ նախկինում նրա տեղը եղել է Ազատ քաղաքը, որը պարսկական ավերիչ արշավանքներից հետո դարձել է անմարդաբնակ։ Ներկայիս բնակիչների նախնիները 1828-ին Խոյից և Սալմաստից գաղթած հայեր են։ Պատմական հուշարձաններից Ա֊ում պահպանվել են ագուլիսեցի Ավետիս Տեր֊Մկրտչյանի՝ 1843-ին հունական վարպետների օգնությամբ կառուցած հնգակամար քարաշեն կամուրջը, եկեղեցու ավերակները և XII դ. արաբական գերեզմանները։ Ղ. Մուրադյան, Ֆ. Հայրապետյան


ԱԶԱՆԹԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ հյուսիս֊արևելք։ 584 բն. (1968), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի հայկ. ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք, կինո։ Ա. վերաշինել են Տրապիզոնից և Օրդուից ներգաղթած հայերը 1902-ին։


ԱԶԱՎՐԵԹ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս֊արևմուտք։ 1150 բն. (1965), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ։ Ա. հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը 1830-ին։


ԱԶԱՏ (Գառնի), գետ Հայկական ՍՍՀ֊ում, Արաքսի ձախ վտակներից։ Երկ. 55 կմ է, ավազանը՝ 572 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հվ֊արմ. լանջերից, ունի մեծ անկում, քարքարոտ հուն։ Գառնի գյուղի մոտ առաջացնում է համանուն խոր կիրճը, ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ։ Աջից ընդունում է Գողթ վտակը (երկ. 16 կմ)։ Հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով. հորդացումը՝ ապրիլ–հունիս ամիսներին։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 6,51 մ³/վրկ է, առավելագույնը՝ 35,9 մ³/վրկ, հոսքը՝ 206 մլն. մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։


ԱԶԱՏ (մինչև 1935՝ Աղքիլիսա), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ արևելք։ 448 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում կա XI դ. կառուցված հայկական եկեղեցի, որը հետագայում ադրբ. անվանել են Աղքիլիսա՝ «Սպիտակ եկեղեցի»։


ԱԶԱՏ (ն. Սուլուք), գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ։ 500 բն. (1968), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, հիվանդանոց, կապի բաժանմունք։


ԱԶԱՏ, գյուղ Կարսի մարզում, Կարսից 8–9 կմ հարավ։ 1907-ին ուներ 642 բնակիչ՝ հայեր և հույներ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն իր անունն ստացել է մոտակայքում գտնվող հորդաբուխ աղբյուրից, որը ձմռանը ցամաքելու և ամռանը բխելու պատճառով անվանել են Ազատ աղբյուր։ Ա֊ի հայ բնակիչների մեծ մասը 1920-ի հայ֊թուրքական պատերազմի հետևանքով հեռացել է գյուղից, ապա բնակություն հաստատել Սովետական Հայաստանում։


ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ, մարմնի շարժումն անօդ տարածության մեջ՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Գ. Գալիլեյը XVII դ. սկզբին հայտնաբերեց, որ Ա. ա. ուղղաձիգ, հավասար֊արագացող շարժում է։ Բոլոր մարմինները անօդ տարածության մեջ, փոքր բարձրություններից տվյալ տեղում ընկնում են միևնույն արագացումով, որը կոչվում է ազատ անկման արագացում և նշանակվում g (լատ. gravitas–ծանրություն բառի առաջին տառը) տառով։ g-ի փոփոխությունը կախված է անկման բարձրությունից և տեղանքի աշխարհագրական լայնությունից (հասարակածում g=9,7803 մ/վրկ², բևեռում՝ 9,83216 մ/վրկ², Մոսկվայում՝ 9,8156 մ/վրկ², Երևանում 9,798 մ/վրկ²)։ Տեխնիկական հաշվարկների համար ընդունված է g=9,81 մ/վրկ²։ Ա. ա֊ման արագացումը փորձով որոշվում է Ատվուդի մեքենայի, մաթեմատիկական ճոճանակի և գրավիմետրի օգնությամբ։