Jump to content

ՀՍՀ/Ալֆա–մասնիկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալքսնիս Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալֆա–մասնիկներ

Ալֆա–տրոհում


[ 195 ]ԱԼՖԱ–ՄԱՍՆԻԿՆԵՐ, α-մասնիկներ, հելիոններ, որոշ ռադիոակտիվ նյութերի առաքած հելիումի ատոմի միջուկներ ։ Ա–մ. ստացվում են նաև որոշ միջուկային ռեակցիաների ժամանակ։ Օրինակ՝ ազոտը պրոտոններով ռմբակոծելիս ստացվում են ածխածնի իզոտոպ և Ա–մ. ։ Ա–մ. բաղկացած են իրար հեա ամուր կապված երկու պրոտոնից և երկու նեյտրոնից։ Ա–մ–ի զանգվածը 6,644·10–24 գ է, լիցքը՝ դրական, երկու անգամ մեծ էլեկտրոնի լիցքից, սպինը և մագնիսական մոմենտը զրո են, կապի էներգիան՝ 28,11 Մէվ։ Բնական ռադիոակտիվ տարրերի առաքած Ա–մ–ի էներգիան ընկած է 2–9 Մէվ սահմաններում։ Օդում Ա–մ–ի ազատ վազքի երկարությունը համեմատական է նրա սկզբնական արագության խորանարդին։ Ա–մ. կլանվում են՝ մի քանի տասնյակ միկրոն հաստությամբ պինդ նյութերով անցնելիս։ Ա–մ. իոնացնում են այն միջավայրը, որով անցնում են, իսկ ընկնելով ֆլուորեսցենցող կամ ֆոսֆորեսցենցող նյութերի վրա՝ առաջացնում են լուսարձակում։

Ա–մ. օգտագործվում են նեյտրոններ և որոշ ռադիոակտիվ իզոտոպներ ստանալիս։

Օրգանիզմի վրա Ա–մ–ի հոսքի ներգործությունը հանգեցնում է ճառագայթային ախտահարման զարգացման՝ ընդհուպ մինչև մահ։ Ա–մ–ի ազդեցությունը նման է իոնացնող այլ տեսակի ճառագայթների կենսաբանական ներգործությանը, սակայն ունի նաև իր առանձնահատկությունները։ Ա–մ. հյուսվածքն ախտահարում են միայն անմիջական, ճառագայթումից շատ մոտ տարածության վրա և ունեն բարձր հարաբերական կենսաբանական էֆեկտիվություն (ՀԿԷ), որ բնորոշվում է հյուսվածքում Ա–մ–ի վազքի փոքր չափերով (մմ–ի հարյուրերորդական մասեր) և նրանց առաջացրած իոնացման մեծ խտությամբ։ Արտաքին ճառագայթահարումից ախտահարվում են մաշկի և եղջերաթաղանթի միայն մերկ մասերը։ Ա–մ–ի մեծ դոզաները կարող են պատճառ դառնալ երկար ժամանակ չապաքինվող խոցերի։ Առավել վտանգավոր է ներքին ճառագայթահարումը, որը սննդանյութերի և օդի միջոցով ճառագայթող նյութերի՝ օրգանիզմ թափանցելու հետևանք է։ Նշված նյութերը (որոնցից ավելի վտանգավոր է պլուտոնիում–239), կուտակվելով թոքերում, երիկամներում, լյարդում և փայծաղում, կարող են առաջացնել օրգանիզմի երկարատև ճառագայթահարումներ, որոնք հասցնում են քրոնիկական ճառագայթային հիվանդության և չարորակ ուռուցքների գոյացման։ Ա–մ. կիրառվում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Է. Չուբարյան