ՀՍՀ/Ամատունի Անդրեյ
← Ամատի | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ամատունի Աշոտ → |
ԱՄԱՏՈՒՆԻ Անդրեյ Ցոլակի (ծն. 1928), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ ֆիզմաթ, գիտությունների դոկտոր (1972)։ Ծնվել է հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965–73-ին ՍՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտորի առաջին տեղակալն էր, իսկ 1973-ից՝ դիրեկտորը։ Ա–ի առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության պրոբլեմներին։ Մասնակցել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների մշակմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում ևն)։ 1963-ից զբաղվում է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ ρ, μ, φ և պսևդոսկալյար՝ k+, k°), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950-ից տեսական ֆիզիկա է դասավանդում Երևանի պետական համալսարանում։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։