ՀՍՀ/Ամրություն
← Ամրության պաշար | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ամուդարյա → |
ԱՄՐՈՒԹՅՈՒՆ, պինդ նյութերի՝ տարբեր ուժերի ներգործությունից չքայքայվելու հատկություն։ Հաճախ Ա. է համարվում նաև նյութերի՝ բեռնվածքների ազդեցությանը դիմադրելու հատկությունը (առանց զգալի մնացորդային դեֆորմացիաների առաջացման)։ Պինդ մարմինների Ա. պայմանավորված է նյութը կազմող ատոմների (մոլեկուլների, իոնների) փոխազդեցությամբ։ Այդ պատճառով Ա. որոշվում է նյութի կառուցվածքով (բազմաբյուրեղ նյութերի համար՝ ատոմների քիմիական կապի ուժի բնույթով, բյուրեղային ցանցի տիպով, բյուրեղների չափերով, փոխդասավորությամբ ու փոխադարձ կապերով, իսկ ամորֆ նյութերի համար՝ ատոմների ու մոլեկուլների փոխդասավորությամբ և փոխազդեցության բնույթով)։ Ա. կախված է ևաև ջերմաստիճանից, բեռնավորման արագությունից, բեռնավորումը և բեռնաթափումը կրկնելու հաճախականությունից և տևողությունից, լարված վիճակի բնույթից, շրջապատող միջավայրի ազդեցությունից ևն։ Ա–յան քանակական բնութագրերը մեխանիկական այն լարումներն են, որոնց ազդեցությունից սկսում է նյութի քայքայումը կամ երևան են գալիս նկատելի մնացորդային դեֆորմացիաներ, այսինքն՝ Ա. քանակապես բնութագրվում է ամրության սահմանով (քայքայմանը նախորդող առավելագույն լարման հարաբերությունը նմուշի սկզբնական կտրվածքին), հոսունության սահմանով (տես Հոսունություն), հոգնածության սահմանով (տես Հոգնածություն մետաղների), սողքի սահմանով (տես Սողք)։ Քանի որ Ա. կախված է բեռնավորման տևողությունից, այս սահմանները տվյալ պինդ նյութի համար հաստատուն չեն։ Լարումների մեծացմանը զուգընթաց արագանում է նյութի քայքայումը։
Պինդ մարմինների Ա–յան տեսական արժեքի հաշվարկը հիմնված է միջատոմային բոլոր կապերի միաժամանակյա խզման վրա և զգալիորեն տարբերվում է Ա–յան իրական արժեքից։
Պինդ մարմինների Ա–յան տեսական արժեքը E կարգի մեծություն է (E Յունգի մոդուլն է)։ Օր. պողպատի Ա. 350 կգ/մմ2 է կամ E, երկաթի շատ բարակ թելերի Ա. մինչև 1000 կգ/մմ2 կարգի մեծություն է կամ E։ Ա–յան տեսական և տեխնիկական արժեքների տարբերությունը կախված է նյութում եղած արատների քանակից, բաշխումից, մակերևույթի վիճակից, դիսլոկացիաներից ևն։ Կիրառական մեխանիկայի կարևոր հարցերից է պինդ նյութերի Ա. մեծացնելու խնդիրը։ Տեխնիկական նյութերի, հատկապես պողպատի, Ա. զգալիորեն մեծացվում է ջերմային, ջերմամեխանիկական մշակմամբ, լեգիրմամբ, ամրանավորմամբ ևն։ Պոլիմերային նյութերի Ա. մեծացվում է միջմոլեկուլսւյին ուժեղ փոխազդեցության և որոշակի բյուրեղացման (կապրոն ևն) աստիճան ունեցող նոր նյութերի սինթեզմամբ, ինչպես նաև ամրանավորող նյութերի ներմուծմամբ։