Jump to content

ՀՍՀ/Շրեդինգեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շտուրսա Հայկական Սովետական Հանրագիտարան

Շրեդինգեր

Շրեդինգերի հավասարում


ՇՐԵԴԻՆԳԵՐ, Շրյոդինգեր (Schrödinger), Էրվին (1887–j961), ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Ավարտել է Վիեննայի համալսարանը (1910)։ 1920-ից՝ Շտուտգարտի, 1921-ից՝ Բրեսլաուի (Վրոցլավ), 1921–1927-ին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխ․ դպրոցների, 1927-ից՝ Բեռլինի, 1933–1935-ին՝ Օքսֆորդի, 1936–38-ին՝ Գրացի, 1938–39-ին՝ Գենտի համալսարան ների պրոֆեսոր։ 1940-ից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, ապա՝ իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստ–ի դիրեկտոր։ 1956-ից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են մաթ․ ֆիզիկային, հարաբերականության տեսությանը, ատոմի ֆիզիկային, կենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է բյուրեղային ցանցի տեսությունը, ստեղծել (1920) գույնի մաթ․ տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։ Շ–ի կարևորագույն վաստակը ալիքայիև մեխանիկայի ստեղծումն է (1925-ի վերջ – 1926-ի սկիզբ)։ Ելնելով մատերիայի ալիքների մասին Լ․ դը Բրոյլի վարկածից՝ Շ․ ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։ Գտել է ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը (Շրեդինգերի հավասարում) և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու Վ․ Հայզենբերգի, Մ․ Բոռնի և Պ․ Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շ–ի զարգացրած մաթ․ ֆորմալիզմը և ներմուծած ψ ալիքային ֆունկցիան քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթ․ ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։ Նոբելյան մրցանակ (1933)։

Երկ․ Избр․ труды по квантовой механике, М․, 1976 (сер․ «Классики науки»); Что такое жизнь? С точки зрения физика, 2 изд․, М․, 1972․