Jump to content

Հազարան Բըլբուլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հազարան Բըլբուլ



<1>

Երբ դեռ շունչը արարչական ծավալվում էր օդի մեջ,
[Երբ դեռ նոր էր կույս աշխարհքում մարդը խաղում պարզ ու պերճ],
Եվ տիրում էր ամենուրեք սերն ու հանգիստն անվրդով․
Եվ գառն ու գել դեռ միամիտ խաղում էին իրար քով,
Սուրբ ու առատ էն ժամանակ, արևլուսի կողմերում,
Բարի Ալամ թագավորն էր < . . . > իշխում ու տիրում։
Իշխում էր նա արևի պես, որ ամենքին կենսաձիր,
Իրեն լույսն ու ջերմությունը շըռայլում է անխըտիր,
Կամ թե գարնան անձրևի պես, որ թափվում է հորդառատ,
10 Զովացնում է ու լիացնում, չի հարցընում լավ ու վատ։

<2>

Բարի լուսի հետ կանգնեց սգավոր պառավը որդու դիակի վրա, ձեռքերը դեպի երկինք տարածեց ու կանչեց.
— Ո՜վ լուսեղեն, դըռներըդ բաց,
Հող ու ջըրի առատ աստված,
Ո՜վ, որ էսքան բարիք ու փառք՝
Աշխարքն անծեր, ծովերն անտակ
[Ըստեղծել ես], փըռել, լըցրել,
Ո՜վ [բարեգութ], քեզ եմ խընդրել.
Ինչպես որդիս իր մոր գըրկին
Մեռավ կարոտ աչքն աշխարքին,
Նըրանք էլ թող մնան էնպես


20 [Կարոտ իրենց սուրբ փափագին].
Եդեմ այգին կըտրի թող փուշ,
Իրենք գազան չար ու ապուշ։

Էսպես կանչեց, ու, ո՜վ սարսափ, փոխվեց դըրախտն էն անուշ,
Ծառը կըտրեց կոպիտ մացառ, որթը— բաղեղ, վարդը— փուշ.
Պահնորդ մարդիկ դարձան գազան զուրկ նշանից մարդկային,
Կորցրին և տիպ, և քնքշություն, որ ի ծընե ունեին։

Սոսկաց արքան, ծեր, բազմափորձ մարդիկ կանչեց իր ատյան,
— Ո՜վ է, ասավ, ձեզնից տեսել կամ իմացել էսպես բան.
Ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու երկրիս բովանդակ,
30 Եվ ինչ ճար կա < . . . >

Խոնարհեցին մեծ ծերերը գլուխները ալեզարդ,
— Թող շատ ապրի Ալամ արքան ոսկի գահին իր հաստատ,
Հազար տեսակ ցավի տուն է— էս աշխարքը անցավոր,
Ու թվում է մարդու համար ամեն մի ցավ անսովոր.
Բայց դու եղիր համբերատար, միտքդ պահիր [միշտ] երկար,
Ցավը պետք է մարդր քաշի, ոչ թե անշունչ սար ու քար:
Էս աշխարքում ոչ առաջին, ոչ վերջինն ես դու մենակ.
Պատահել են Էսպես դեպքեր կյանքում ամեն ժամանակ.
Մենք չենք տեսել, բայց լսել ենք, որ մեզանից շատ առաջ
40 Գորտ ու գազան մարդ են դառել, մարդը դառել գայլ կամ արջ.
Բայց թե հե՞ր Է էս պատիժը այժըմ գալի քեզ վըրա,
Անգետ ու [մութ] մարդիկ ենք մենք— էդ ղրկողը կիմանա։

Մենք է՛ն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ.
Ստեղծել է ամեն ցավի ճարն ու [ճամփեն] իրեն հետ։
Չըկա մի ցավ արևի տակ, չըկա մի < . . . >
Որ չունենա գիտությունը նրան մի դեղ կամ դարման.
Գիտությունը լույս Է, արքա, աշխարհ իջած երկնքից,
Ճարեր ունի քաղած֊քամած ամեն հանքից ու տունկից.
Ետ Է բերում նա մեռելին հոգեվարքից իր վերջին,
50 Մի հոգին Է միայն պակասում— հավասարի արարչին։
Մի բան չըկա վեր երկընքում, երկրի վրա ու տակին,
Ողջ զընընել, ողջ մաղել Է— խաղալիք են իր ձեռքին։
Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն,
Եվ քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն։

Էսպես ասին, պատվեր տվավ թագավորը (ծերունի),
Կանչեց երկրի ամեն կողմից գիտուններին անվանի։
— Ո՛վ գիտուններ, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք Է արդյոք սա,
Որ ծերության անկար օրով իմ աչքերով ես տեսա։
Եվ ի՞նչ հնար կա < . . . > երկրի վրա ու տակին,
60 [Բարով, բույրով] լցրեք նորից եղեմական իմ այգին.
[Ազատեցեք, որ չըկորչեն իմ մարդիկը] հավիտյան,
[Տվեք նախկին տիպը ազնիվ, քնքույշ] հոգին բանական։


Էսպես ասավ, գլուխ տվին գիտունները արքային.
— Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին.
Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էն պատճառն էլ ուրիշ պատճառ։ Էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական՝ ծագման խորհուրդն Էս կյանքի,
Մինչև սկիզբն սկիզբների՝ ակն ու աղբյուրն ամենքի։
Ընչի համար էսպես է էս, շահ լինի քեզ թե վընաս,

70 Պետք է քննես, առաջ բերող նրա պատճառն իմանաս։
Երբ իմացար, թե էս ընչից էս ինչ բանն է գալի,
Կարող ես դու առաջ բերես և հետևանք ցանկալի։
Եվ արդ, քանզի ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Իսկ էն, ինչ որ պատճառ ունի, ունի նաև իրեն ճար,
Մի՛ տրտմիր դու, մեծ թագավոր, մեզ տուր միայն ժամանակ,
Որ քընընենք ու էս ցավի պատճառն ու ճարն իմանանք։


Ու գընացին քառսուն ցերեկ, քառսուն գիշեր տըքնեցին,
Ցերեկն անդուլ, հանգիստ չառան, ոչ գիշերը՝ քնեցին,
Քըրքըրեցին, քընընեցին ամեն գրվածք ու գրյանք,
80 Երբոր անցավ քառսուն օրը, եկան դարձյալ ապարանք։
— Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին,—
Գլուխ տվին, էսպես ասին [գիտունները] արքային։
—Քըրքըրեցինք, քընընեցինք մենք գաղտնիքը էս կյանքի,
Սահմանեցինք [էությունը], տեղն ու ցեղը ամենքի.
Առանք մարդուն, որ [կյանքերի] օղն ու կապողն է վերջին,
Իջանք ներքև [կարգով] շարքով մարդուց անցանք մենք արջին,
Արջից հավքին, հավքից սողունն ու սողունիցը ձըկան,
էսպես հերթով հասանք մինչև էակները նախնական,
[Մանրէները միաբըջիջ, որ < ․ ․ ․ >
90 Կազմըված են հյուլեներից՝ անտեսնելի մեր աչքին],
Որոնք ունեն իրար ներհակ զորություններ լավ ու վատ,
Ու միանում ու լուծվում են, մաքառելով անընդհատ—
էսպեսով էլ հորինում են ելևէջներ կյանքի մեջ,
ՈւյԺ կամ ծյուրում, ախտ կամ եռանդ, ձիրք ու ծնունդ և կամ վերջ․․․
Ու [ բովանդակ] էս աշխարհքում ամեն մինը մի կյանքով

Ծնվում, մեռնում, փոփոխվում է մի ընդհանուր օրենքով։
էս ինչ հյուլեն ներհակավոր էն հյուլեին միացավ,
Ու փուշն ահա թերթեր տվեց, անուշ բուրմունք ունեցավ,
Կամ չէ < . . . > կատարվեց այլ միացում հակառակ,
100 Ու վարդն ահա փոխվեց, դառավ անհոտ մի փուշ հասարակ։
Արյան մեջ էլ էս ինչ հյուլեն պակսեց կամ չէ՝ շատացավ,
Ու մարդն ահա այդ կերպարանք— արջի պատկեր ստացավ․․․
— Էդ ամենը հրաշալի կանչեց արքան անհամբեր.
Բայց ասացեք, ո՜վ խորիմաստ, ո՜վ բազմագետ դուք գետեր,
Ինչպես անենք, որ իմ այգին դառնա դրախտն առաջվան,
Իմ մարդիկը գազանացած՝ կրկին լավերն է՛ն [վաղվան]։
էսպես կանչեց, գլուխ տվին գիտունները արքային.
— Թող շատ ապրի Արամ արքան բարձր ու հաստատ իր գահին.
Ճարեր արինք, դեղեր բերինք, աշխատեցինք մենք անքուն,
110 Հնար չեղավ, դեղ֊ճար չեղավ ոչ քո մարդկանց, ոչ այգուն․
[Ինչ գիտեինք] բերինք֊արինք— փուշը մնաց Էլ ետ փուշ.
Ու գազանը դարձյալ գազան՝ դաժան, կոպիտ ու ապուշ..․

<3>

Միտք Էր անում տարակուսած դժբախտ արքան Հուրանի,
Հանկարծ կանգնեց իր առաջին մի անծանոթ ծերունի։
Մի ծերունի պայծառ ու վեհ, ինչպես տեսիլք սրբազան,
Ալիքներին ծաղկեպսակ, ձեռին կաղնի գավազան.
Միրուքն երկար, մինչև գոտին, սիպտակ, ինչպես նորեկ ձյուն.
Քայլքը թեթև, դեմքը զվարթ, ու հայացքը իմաստուն.
Ողջո՜ւյն, ասավ, բարի Ալամ, ողջույն վշտոտ թագավոր,

120 <․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Թե հնար կա քո մեծ վշտին, թե մի ճար կա քո ցավին,
Էն Հազարան ազնիվ հավքն է, որ դու չունիս տակավին,
Որ երգում է հազար ձենով, հազար ձևով կանչելով,
Հետն էլ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով.
Եթե խոսի [նա մի անգամ] <․ ․ ․ > նա մի օր,
Փուշ ու տատասկ վարդի կըփոխվեն, վարդ կըծաղկեն նորից նոր․
Ու պահապան քո [ծառաներ], որ դառել են այժմ արջ,
Ետ կը դառնան քնքույշ մարդիկ, ազնիվ ու լավ, քան առաջ․․․
— Ո՜վ երկնառաք բարի դու Տեր, գոչեց արքան <. . ․>
130 Պարգև կըտամ ինչ որ ուզի ավետաբեր քո լեզուն,
Բայց ո՞ր երկրռւմ, ո՞ր անտառում, ո՞ր սարում է նա երգում․․․
— Միշտ երջանիկ կախարդական անկոխ, անմեռ աշխարհքում․․․
Ասավ ծերը, քամի դարձավ ու չըքացավ իր աչքից,
Ապշեց արքան, քշվեց արքան աչքով տեսած հրաշքից։

<4>

Երեք կըտրիճ որդի ուներ Ալամ արքան ալևոր,
Կանչեց իրեն երեք որդուն ու արքունիքն իր բոլոր։
— Տեսա՞ք, ասավ, սիրուն որդիք, ինչ պատուհաս մեզ հասավ.
Մեր տերության միակ զարդը, միակ փառքը փըչացավ։
Ես՝ ծերունի, սրբի տեղակ ցուպ եմ արդեն ձեռս առել,
140 Այժմ էլ վըշտից ծունկս կըտրել, աչքիս լույսն է խավարել․
Ժիր մարդիկ եք– զենքներդ առեք, ձիանք հեծեք ամեհի,
< . . . > գըտեք— [բերեք ճարն ու դեղը մեր ցավի]։

Ավագ որդին

եկավ ավագ որդին].— Ո՜վ մեծափառ մեր ծընող,

Ես ձի կելնեմ, զենքըս կառնեմ, կերթամ, կանցնեմ հողից հող.
Չեմ վախենալ, ետ չեմ դառնալ, ով որ կուզի դեմըս գա,
Յոթ գըլխանի վիշապ լինի, դև ու հըրեշ, թե հըսկա.
Ահա այսպես [սուրըս] <․ ․ ․> կըտոր֊կըտոր ես կանեմ.
Երկնում լինի — վայր կըբերեմ, ծովի խորքում — կըհանեմ։
(Սուրը պալատականների մեջ պըտտեցնում Է)։
Պալատական կանայք սարսափահար ճչալով խմբովին.—
Օ՜, սարսափելի Է— ո՞վ կըկանգնի նրա դեմ։
Պալատականները —
[Նախարարը ] —

Ծաղրածուն

150 [Թե ո՞վ է նա– չըգիտեմ,
Բայց կըկանգնի սրա դեմ,
Թե սա կանգնի նրա դեմ]։

Ապա խոսեց միջնակ տըղեն՝ նույնպես գոռոզ — մեծ բերան,
Հայրիկ, ասավ, ես կըբերեմ խաս բյուլբյուլը Հազարան—
Կուզես հիմի նըշան արա, [դու որոշիր] օր ու ժամ,
Ու թող լինիմ մորըս որդին, եթե հանկարծ ուշանամ,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
(Վերջում լըսվում Է մեղմ նվագածություն և երգի ձայնը, ծաղկեպսակը գըլխին, քնարը ձեռքին, ոգիներով— աղջիկներով շրջապատված գալիս է Արեգը).
Ծաղկապսակ բըլուրներից,
160 Արշալուսի ժամերին,
Նա ժըպտալով՝ կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին։

Խոր ու խաղաղ անտառներից,
Լըռության մեջ էն խորին,
Շըշընջալով կանչում է ինձ

Դեպի աշխարքն իր Վերին,

Կարկաչահոս մեր ջըրերից,
Երբ թախծում եմ ափերին.
Կարկաչելով կանչում է ինձ
170 Դեպի աշխարքն իր Վերին։

— Ո՞վ է կանչում, զավակս,
— Անտեսը, հայր։

Եվ պալատականներն իրար աչքով արին ու ծիծաղեցին քթերի տակ․․․
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
[Ո՞վ է նա․
— Ի՞նչ [բան]է նա․
— Ճշմարիտ,
— Ճշմարի՞տ.
— Եվ արդար.
— Եվ արդա՞ր.
— Եվ գեղեցիկ.
— Ամեն բա՞ն.
— Ամեն բան․․․
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Ո՛վ, որ գալիս ես նըստած ամպերին,
Ո՛վ, որ փայլում ես մաքրությամբ վերին..․
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>

<5>

ԵՐԳՉԻ ՎԻՇՏԸ

I

190 Երբ իրիկունն հացի նստան տանտերն ու հյուրն իր օտար.
Երգիչն էսպես խոսք բաց արավ, հարցմունք արավ [սիրաբար,]

— Պատմիր, լսենք, ով բարեկամ, շատ աշխարհք ես ման եկել,
Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես լսել, պատմիր լսենք թող մենք Էլ:
— Շատ աշխարք եմ ես ման եկել, խոսեց Արեգն ու ասաց,
Ու շատ զարմանք բան եմ տեսել, ոչ տեսնված, ոչ լսված,
Բայց ինչ էսօր աչքով տեսա ես քեզանից էս քաղքում,
Էդպես զարմանք բան չեմ տեսել դեռ բազմափորձ իմ կյանքում։
Էսօր շվար կանգնած էի մինարեի պատի տակ,
Էն ծովացած ամբոխի մեջ, պանդուխտ, անոք ու մենակ,
200 Երևացիր գա գեղեցիկ, դեմքդ զվարթ ու պայծառ,
Ոգևորված, ուրախ֊ուրախ վեր— մինարեն բարձրացար,
Ձենըդ ջահել, զիլ ու հնչուն, լի ավյունով գերբնական,
Շատ շատերի ուշքը տարավ, < . . . >եցին ու ընկան.
Տարված, գերված զմայլանքին կախարդական քու երգի
Ճախրում էին գլխիդ շուրջը թռչունները երկընքի,
Բայց իջնելիս լալ սկըսար, մազերդ փետտել, քեզ կոծել․
Էդ տարօրեն քու արարքից ես ապշած եմ մնացել։
— Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն Արեգին,
[Էդպես անզգույշ ձեռք մի տար դու անբուժելի իմ վերքին]։

II

210 «․․․ Ջերմ ու պայծառ գարնան մի օր, հանդիսավոր մի տոն օր,
Մինարեի տակ ծովացած ժողովուրդը բյուրավոր
Սպասում էր իմ աղոթքին։ Ոգևորված ես եկա,
Էնպես ուրախ, ինչպես էսօր, վեր, մինարեն բարձրացա։
Լե՜ն աշխարհքը ոտիս տակին, խոր երկինքը իմ վըրեն,
Հոգիս լիքը երազներով— երգը հոսեց ինքն իրեն։
Չըքնաղ հավքեր՝ թըռած անհայտ աշխարհներից դեպի ցած՝

Ճախրում էին գլխիս վերև իմ երգերին զմայլած։
Ինչպես եղավ՝ էն հավքերից մինը ջոկվեց ու թըռավ,
Զարկեց ու ինձ հափըշտակեց, թևին արավ ու տարավ․․․
220 Աչքս մին էլ բացեմ անում անմահական մի դրախտում.
Բաց եմ անում— չեմ կշտանում, փակում— ու չեմ հավատում։
Հիացած եմ տեսածներից ու մընում եմ անհամբեր,
Մտածում եմ թե տակավին ինչեր պիտի տեսնեմ դեռ.․․
Ու գընում եմ, գընում առաջ, ասես թըռչում օդի մեջ,
Թըռչում թեթև, հեշտ ու անթև, անհոգ, ուրախ ու անվերջ
Ահա ծաղկած բազմաբուրյան մշտադալար թըփերից
Մի նազանի հուրի փերի ճեմ Է առնում դեպի ինձ,
Սիրտը տրված Էն եդեմի երջանկությանն ըղձալի,
Վարսը թողած ազատ հովին՝ երգ Է ասում ու գալի.

(Առաջին փերին)

230 «Ես ու աստղի ցոլքը պայծառ
Խաղում Էինք ջըրափին,
Ես ու աստղի ցոլքը պայծառ
Քընած Էինք մինչ արփին․․․»

Հանկարծ ընկան վըճի՜տ, ցոլուն իր աչքերը ինձ վըրա,
Տեղըս կանգնած քար կըտրեցի, շունչըս հատավ ու սառա։
— Ո՞վ ես, կանչեց, դու հողածին, ո՛վ համարձակ դու հոգի,
Էս կողմերով անց չի կացել դեռ թըռչունը երկընքի,
Ի՜նչպես մըտար Էս դըրախտը դու մահացու մի թույլ մարդ,
Քո հայացքով շըփոթում ես մեր սըրտերը անարատ։
240 Դե ե՛կ, եթե մի մարդ ես դու մեր եդեմին արժանի,
Ե՛կ, քո լանջին, Էս ծառի տակ պիտի նընջեմ ես հիմի.
Բայց վա՜յ՝ եթե հաղթես տըկար հրապույրքից ու կրքից,

Պիտի զըրկվես անդառնալի էս երկնային վայելքից․․․
Ասավ, թեթև թիկնեց լանջիս, փակեց աչքերն աստղավառ,
Ու ըստինքը աստվածային խաղում էին վեր ու վար։
Արբած իր կույս թարմությունից ու իր գեղից գերբնական
Գըլուխս իջավ, անգիտակից համբուրեցի ես նըրան․․․
«Ափսո՜ս…» կանչեց, ըսթափվեցի, չըքացել էր նա անհետ,
«Ափսո՜ս, թշվա՛ռ․․․» ղողանջում էր ու մարում էր սըրտիս հետ։
250 էս ժամանակ գետի ափից մի ուրիշը երևաց,
Էնքան թեթև, էնքան քընքույշ, որ անմարմին ինձ թըվաց։
Գալիս էր նա ծիծաղելով, զըվարթ, աշխույժ ու ազատ,
Ու հընչում էր էն ծըմակում անուշ ծիծաղն իր արծաթ։

(Երկրորդ փերին)

«Հա՛, հա՛, հա՛, հա՛,
Ի՛նչ խենթ է նա․․․
Ա՛խ, ի՛նչ խենթ է էն փերին.
Լող է տալիս վեր ու վար,
Ջըրի տակի ամպերին
Կուզի հասնի անպատճառ։

260 Ծիծաղում են պարիկները
Ողջ նըստոտած փըրփուրին,
Ծիծաղում են ծաղիկները
Փունջ֊փունջ կիտված ափերին..․»

Վերև նայեց, ճառագեցին դեմըս աչքերն իր սև֊սև,
Սիրտըս դողաց, խոնարհեցի իմ աչքերը ես ներքև։
— Ո՞վ ես, ասավ, դու բախտավոր, ի՞նչ հըրաշքով ներս մըտար,
Էստեղ բընավ ոտ չի դըրել դեռ մահացու մի օտար։
Ով էլ լինիս, երբ եկել ես մեր աշխարհը երջանիկ,

Արի զըմրուխտ էս դալարում էսպես հանգչենք մենք հիմիկ,
270 Բայց տե՛ս, եթե ինձ համբուրես՝ կըկորցընես էնքան բան,
Որ ողբալու բավ չեն աչքերդ ու ոչ կյանքըդ բավական։
Ասավ ու հեշտ ընկողմանեց իմ հողեղեն ծընկներին
Համակ լույս֊կյանք, համակ հըրճվանք ու բուրավետ էն փերին։
Նայում էի, նայում՝ հարբում, մըթնում աչքերս ու մըթնում,
Թըվում էր թե նա սահելով շուրթերիս էր մոտենում․․․
Մին էլ, կարծես երազի մեջ, տաք համբույրը ըզգացի,
Ու զըրնգաց շուրջըս հանկարծ հընչուն ձենը կանացի.
— Ափսո՛ս, թըշվա՛ռ, մի համբույրով դու կորցըրիր էնքան բան..․
«Ափսո՛ս, թըշվա՛ռ․․․» զըրնգում էր էն անտառը դյութական։
280 Կանգնած էի ապշած, մենակ, նախատելով ինքըս ինձ,
Մին էլ հանկարծ ըսթափվում եմ ուրիշ քընքույշ մի ձենից։

(Երրորդ փերին)

«Իմ քույրերը,
Շուշանները,
Շըրթունքներով ձյունաթույր,
Զով, բուրավետ
Զեփյուռի հետ
Ուղարկել են ինձ համբույր.․.»

Մի այլ աղջիկ, բուսած մենակ սաղարթագեղ ծառի տակ,
Որպես մինը էն եդեմի շուշաններից ըսպիտակ։
290 Բոլոր ուժըս հավաքելով լեզվիս կապը խըզեցի,
Աղաչելով, աղերսելով հետը էսպես խոսեցի.
— Գթա՛, չըքնա՛ղ, ասա տեսնեմ, ո՞ւր եմ ընկել արդյոք ես,
Եվ ո՞վ եք դուք, որ տանջում եք անօրինակ ինձ էսպես։

Ես հողեղեն— չեմ դիմանում. ձեր հըմայքին գերբնական,
Գութ արեք, գո՜ւթ, ո՛վ անմահներ, մի՛ տաք ինձ նոր փորձության։
— Էնտեղ ես դու, ուր հողեղեն ոտ չի կոխել դեռ, ասավ,
Ուր անհայտ են երկրավորի չընչին կիրքը, վիշտն ու ցավ,
Ուր հողածինն այցելում է լոկ կարճատև ցընորքում
Բայց դու նըստիր, ազնիվ հոգի, որ ես հանգչեմ քո գրկում,
300 Սակայն եթե ինձ համբուրես, էնքա՜ն հետո կըզըղջաս,
Էլ չես գըտնիլ ինչ կորցընես՝ ամբողջ կյանքդ թեկուզ տաս․․․
Ու Էս երրորդն Էնքան սիրուն, կախարդիչ Էր առավել,
Որ Էն երկու փորձից հետո մոռցա խոստումս ես պահել․․․
— Այժմ գընա, հեգ հողեղեն, ու տառապիր կարոտից․․․
Կանչեց վըշտով, կըշտամբելով ու հեռացավ իմ մոտից։
Ես շըվարած միտք եմ անում Էն վայրերում դյութական,
Թե կարճատև մի հաճույքի ի՛նչպես տըվի Էնքան բան․․․
Միտք եմ անում ու գընում եմ, որոնում եմ ամեն տեղ,
Ո՞ւր գնացին, ո՞ւր չըքացան ոգիները Էն շըքեղ․․․
310 Էլ ոչ մի տեղ չեմ հանդիպում ես նրանցից ոչ մեկին,
Անհուն ցավից ու կարոտից տառապում Է իմ հոգին։
Շուրջս արդեն մրշուշապատ, դատարկ ու լուռ ահավոր,
Հուսահատված ձեն եմ տալիս հառաչելով սըրտախոր,
Մին Էլ հանկարծ ահեղ թընդաց— «շո՜ւտ, Էստեղից սըրան տար․․․»
Որ մըթնեցին իմ աչքերը, կորավ շուրջըս ինչ որ կար,
Մին էլ տեսա կըրկին կանգնած մինարեի բարձունքին.
Դարձյալ կեղտոտ էս քաղաքում, շուրջըս ամբոխն ահագին։
    ․․․Հուր կարոտով ամեն տարի միշտ նույն օրը էն օրեն
Ուրախ֊ուրախ, ինչպես էսօր, դիմում եմ ես մինարեն,
320 Երգում եմ լի պայծառ հուսով ու կարոտով գերազանց,
Որ երգերըս, ու մտքերըս նըվիրում եմ ողջ նըրանց,

Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալիս հըրաշք հավքը էն ծանոթ,
Որ ինձ կըրկին առնի տանի էն դըրախտը, նըրանց մոտ.․․

<6>

(Ճամփաբաժանում (կիցում) կանգնած է ծերը՝ գլուխն ամպերում).
— Ո՞վ ես, պապի, որ կանգնած ես անհունորեն այդպես վեր,
Ու ծերունին խուլ որոտաց տատանելով ողջ այեր,
(Ծերը՝ ամպերից)
— Ես նա եմ, որին ամենքն են նայում, ինքը ոչ ոքի,
Ես նա եմ, որին ամենքն են հարցնում, ինքը ոչ ոքի.
Սկիզբն ու վերջն եմ ես.
Եզերքն ու մեջն եմ ես,
330 Անհունն եմ ես,
Անքունն եմ ես—
Անհուն, անես— ամենն եմ ես.․.
Բարով եկար, ազնիվ կտրիճ։
— Ո՛վ անսկիզբ, անհաս դու մեծ։ Խարխափելով ու տգետ
Մենք հոսում ենք, անց ենք կենում այս աշխարքից, որպես գետ,
Որ անտեղյակ հեռուներին լոկ ափերն է իմանում,
Իսկ դու անհաս քո բարձունքից ողջ տեսնում ես ու քննում։
Լսի՜ր, պապի, ցած խոնարհիր բարձր գլուխդ ամպերից,
Բաց իմաստուն քո լեզուն, մի պատասխան ասա ինձ,
340 Ո՞րն է ճամփան, որ տանում է էն աշխարհը [երջանիկ],
Ուր Հազարան ազնիվ հավքըն երգ է ասում կենդանի
Եվ փարդի բուրավետ [փնջեր] թափում իր երգի հետ։
[— Հա՛, հա՛, հա՛, հա՛, քահ֊քահ խընդաց ալևորը իմաստուն,
Որ երկընքի ոլորտները դըղըրդացին անսահման.]

(Ծերը՝ ամպերից)
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, խիզախ տըղա. այն ճամփեն ես դու փընտրում,
Նեղ, քարքարոտ էն շավիղը, որ թաքչում է ամպերում.
«Անդարձ» է այն ճամփի անունն, ով որ ընկավ էն ճամփան,
Կորած է նա հավիտյան.
Ճամփեն մին է, ցավը հազար,— հազար տեսակ տառապանք
350 Բռնած են այն դժար ճամփեն ու մաշում են ամեն կյանք։
Սարեր կան էն ճամփեն կապած, թըռչունը չի անց կենում,
Խոր անդունդներ, որ նայելիս, մարդու աչք է սևանում.
Հուր անապատ, որ անցնելու ամբողջ կյանքըդ չի հերիք,
Ամեն քայլում դև ու հըրեշ, ամեն կողմից փոթորիկ․․․
— Ի՛նչ են դևեր ու հըրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի,
Եվ իմ ճամփեն ոչ փոթորիկ, ոչ տառապանք կըկապի.
Սով, նեղություն չեմ հասկանում, չեմ էլ հոգում էդ մասին,
Ո՞ւմ է պակսել մի կըտոր հաց էս աշխարհքի երեսին։
Եվ ինձ այնպե՛ս հեշտ է թվում «անդարձ» ճամփեն էն քարոտ,
360 Եվ այն աշխարհքն այնպես հեշտին ու էն հավքը այնքան մո՜տ․․․
— Ո՛վ հավիտյան անձնապաստան ու մոլորված դուք մարդիկ։
Հեշտ է թըվում միշտ ցանկալին ու սիրածը՝ միշտ մոտիկ․․․
Հեշտ է միայն ցրնորքի մեջ, որ սըրտին է մոտ թվում,
Բայց չի կարող ոտքը հասնել, ուր որ սիրտն է թափառում։
Մեղք ես, կտրիճ, ինչո՞ւ ես քո մահի ետև ման գալի․
Դարձիր, գընա քո աշխարհքը, քու հոր տունը շեն ու լի,

[Ի՞նչդ է պակաս, որ գըլուխդ փորձանքի ես դու տալի։]
Ապրի խելոք շատերի պես, որ ապրում են գոհ, առատ.
Ու չեն հոգում, թե կորցրել է մարդն իր պատկերն անարատ է․․․
870 Կամ թե կուզես, ահա դարձյալ երկու ճամփա լայնարձակ.
Տանում Է մինն այն դըղյակը, ուր որ լուսից մինչև լուս
Քեֆ Է անում սիրուն Թամարն հյուրերի հետ իր ջահել,
Մյուսը տանում Է ․ ․ . ուր որ ոսկին, անգին քարեր,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Արեգ.–
Ո՛չ, պապի <․ ․ ․ ․ ․ ․ ․ >
Ծերը.–
Անձնուրաց հոգի, որ քաջ ու անվախ
Հնարում ես— ընկնում այս անդարձ ճամփան,
Որ հոժար սըրտով քո կյանքը մատաղ
380 Ուխտել ես գազան մարդի փըրկության,
Ծերիս օրհնանքն Էլ թող լինի քեզ հետ,
Հարեհաս լինի նեղության օրում,
Բարով դու հասնես վայրն երանավետ,
Ուր որ Հազարան բյուլբյուլն է տիրում։

Լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ,
Դևեր, հըրեշներ դառնան անվընաս,
<․ ․ ․ ․> մեջք լինի քաջիդ,
Կասկած ու երկյուղ երբեք չիմանաս։

Օրհնում է ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի կախարդական աշխարքը։

<7>

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՔՈԻՄ

Գընա՜ց, գընա՜ց Արեգն արի, գընաց, ընկավ մի աշխարհ,
390 Երկինքը սև, գետինքը սև, սև բովանդակ ու խավար։
Առաջ գընաց․ ահագին մի սև ամրոց կանգնեց լուռ,
Էն ամրոցից մի ձեն եկավ, մի ձեն տըխուր ու տխուր։
Վերև նայեց, տեսավ շարմաղ մի աղջիկ է լուսեղեն,
Հետը լալիս հուսակըտուր, հետը կանչում է իրեն։

Աղջիկը

Ափսո՜ս, կտրի՛ճ, ա՛խ ո՞ւր եկար
Էս աշխարհքը սև ու մութ.
Ո՞ր անօրեն մարդն էր արդյոք,
Տրվեց էդպես քեզ խորհուրդ.
Փախի՛ր, շուտով, անահ տըղա
400 Թե չէ՝ էստեղ որ մնաս,
Սև, մարդակեր Դևը կըգա
Այժմ կանի քեզ մաս֊մաս։

Արեգը

Բայց ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,
Ի՞նչ ես էստեղ դու շինում,
Եվ ինչո՞ւ ես էդպես աղի
Արցունք թափում, լաց լինում։
Ի՞նչ է արել էդքան սիրուն,
Էդքան քնքույշ մի էակ,
Որ փակել են մութն ու անդուռն
410 Էդ ամրոցում մեն-մենակ։

Աղջիկը

Իմ հանցանքը էս է, ավա՜ղ,
Որ սիրուն եմ ես էսքան․

Սըրա համար Սև Դևն եկավ
Մեր աշխարհքը աննման,
Եկավ բըռնի հափըշտակեց
Հայրենական իմ վայրից,
Բերավ էս սև բանտում փակեց,
Զըրկեց պայծառ օրերից։
Նըրա թըշվառ գերին եմ ես.
420 էստեղ, անդուռն իմ բանտում
Լուռ ու մենակ փակված էսպես
Մաշվում եմ ես անխընդում։
Բայց, ա՛խ, նըրա ժամն է ահա,
Հիմի կըգա նա նորից․․․
Փախի՛ր, փախի՛ր, անահ տըղա,
էս սև ու մութ աշխարհից։

Արեգը

Ես չեմ վախում, քույրիկ անգին,
Ես չըգիտեմ ահ ու մահ,
Ես կըմնամ բանտիդ տակին,
430 Ինչ սև հըրեշ կուզի գա։
Ու կըմեռնեմ էստեղ ես էլ,
Որ էլ չապրեմ էս օրից,
Կամ կըփրկեմ ինձ հետ քեզ էլ
էս սև ու մութ աշխարհից։
Միայն դու ասա, թե ո՞ր ճամփով,
Ո՞ր կողմից է նա գալու,
Ու ո՞րտեղ եմ իմ նետերով
Նըրա կյանքին վերջ տալու։

Աղջիկը

Ահա էն սև սարի տակից
440 Նա կերևա ահավոր.
Նըրա ձենից, բերնի հուրքից
Սասանում են սար ու ձոր։

Յոթը ագահ գըլուխ ունի,
Միջի գըլխին պիտ զարկես,
Ու չես կրկնիլ զարկըդ նորից,
Ինքն էլ խնդրի թեկուզ քեզ։
Լսի՜ր, ահա գալիս է նա
Անպարտելի ու խավար․․․
Գընա՛, կըտրիճ, իսկ ես էստեղ
450 Աղոթում եմ քեզ համար․․․


Սև աշխարհքը էլ ավելի մութը կոխեց ակնակիր.
Դևի ձենից զարհուրելի դողաց երկինքն ու երկիր։
Եկավ Սև Դևն, ինչպես սև ամպ, հուր ու կըրակ շաղ տալով,
Եկավ անհուն կատաղությամբ, ինչպես պըրծած մի սև ծով։
Դեռ շատ հեռվից նա նըշմարեց իր թըշնամուն լուսավոր,
Ու հեռավոր մութի միջից խուլ որոտաց ամպագոռ։

Սև դևը

Ո՞վ ես խիզախ դու հողածին,
Ի՞նչպես մըտար իմ հողը դու,
Ո՞նց չի հասել քո ականջին
460 Գոնե անունն իմ ահարկու։
Միթե աչքով դու չըտեսա՞ր
Գյուղ ու քաղաք ողջ ամայի.
Մարդ եմ կերել հազար հազար,
Քեզնից էլ քաջ ու վիթխարի։
Իսկ դու ո՞վ ես, չընչին մարդուկ,
Որ կռիվ ես գալիս իմ դեմ.
Ասա տեսնեմ, որ իմանամ՝
Ինչ հիմարի պիտի ուտեմ։
Ցույց տուր տեսնեմ՝ ի՞նչ ունիս դու,
470 Տե՜ս, ես ունեմ յոթր գըլուխ․․․

Գոռաց հըրեշն էն ահարկու,
Արձակելով կըրակ ու ծուխ։

Արեգը

Գալիս եմ ես, ով անճոռնի,
Որ մեն մենակ կըռվեմ քեզ հետ,
Կըրծքումս ունիմ մի սիրտ արի,
Ձեռքիս ունիմ յոթը սուր նետ․..

Ասավ, ճայթեց զիլ աղեղը, ոռնաց վիշապն ահագին,
Թավալվելով տեղն ու տեղը, անիծելով Արեգին։
— Մին էլ զարկի՛ր․․․ մին էլ․․․ մին էլ․․․
480 Մըռընչում էր հոգեվարք։
— Ես իմ մորից մին եմ ծընվել,
Մի խոսք ունեմ ու մի զարկ։
Պատասխանեց Արեգը քաջ, փըլեց վիշապն իր հոգին
Ու արևի լույսը ցոլաց Սև աշխարհի եզերքին։

<8>

— Չըքնաղ անունով քո սեգ աղջըկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լըսի՛ր անհատակ ջըրերի խորքից,
Մըշտածուփ, անսաստ քո մըթին հարկից.
Տո՛ւր ինձ Քամի ձին, թըռչուն Քամի ձին,
490 Որ ես՝ մահացու տըկար հողածին՝
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննըման,
Ուր վարդ է թափում Բըլբուլն Հազարան։
Ա՛ռ, նըշանն ահա քո սեգ աղջըկա,
Լըսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Տուր ինձ Քամի ձին՝ հասնեմ փափագիս,
Բըլբուլը բերեմ, հասցընեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը մարդ— բանական հոգով։

էսպես կանչեց՝ ու փոթորիկն ելավ ծովից կապուտակ,
500 Մըթնեց երկինք, մըթնեց երկիր, իրար անցավ ողջ աշխարհք,

Ու ահավոր թոհ ու բոհից, անդունդներից էն մըթին
Հուր հըրեղեն իր թևերով ցոլաց կրակ Քամի ձին.
Ու մինչ վայրի սլանում էր դեպի հեռուն աշխարհի,
[Հաստավ] բըռնեց [հըզոր ձեռքով] Արեգն արագ ու արի,
Ձըգեց իսկույն ոսկի սանձը, ոսկի սանձը զորավոր,
Զըսպեց անզուսպ էն [հզորին բազկով հաստատ ու . . ․]
Դեպի վերն ձգեց <իր> ձին՝ տա արևին ու վառի,
Դեպի ներքև ուզեց [զարկի] գետինք՝ ջախջախի—
Բայց ․ ․ ․ հաղթահարված ու հընազանդ հեծվորին,
510 Լեզու առավ, մարդու նման էսպես դարձավ հըզորին.
— Ի՞նչ ես ուզում, քաջ հողածին, ո՞ւր ես ուզում՝ քեզ տանեմ.
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>

<9>

Շատ գնաց նա, թե քիչ գնաց— վերևն աստված միայն գիտի.
Ի՛նչ մարդկային միտք ու հանճար նորա ճամփեն կըչափի.
Անցավ ծովեր, սև անդունդներ, անապատներ, առապար,
Եկավ հասավ դալար մի դաշտ, այստեղ առավ նա դադար։
Դադար առավ [լեզու եղավ] ու բաց արավ իր լեզուն,
Ու խրատեց Արեգին < . . . > այն խոսուն[ն] իմաստուն.
520 — Ահա սահմանն անմատչելի կախարդական աշխարքի.
Ուր ապրում է [սեգ] տիրուհին զարմանալի այն հավքի.
Աննըման է նրա անունն— ինքն անտես, աննըման,
Կախարդել է այս աշխարքը նըրա թովչանքն ու հըման,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>

Անկարող է մահկանացուն այստեղ մըտնել
[Եթե միայն չի պարգևած նրան շնորհք վերևից
Եվ անսասան կամք ու եռանդ < . . . >
Ամեն տեսակ ցավ տառապանք մեր ու նորա սահմանում
530 Կան և նորան . . . . պահպանում . . . ]

Այժըմ կերթաս— քո առաջը կըգա մի գետ ահագին
[Նորա] ջուրը աղի-լեղի թույն է հոսում [մահացու],
[Այդպես կախարդական այս աշխարհքի տիրուհին
Անըմպելի թույն է խառնել նորա վճիտ ջրերին . . . ]
Ամեն մի մարդ չի կարող խըմել < . . . > էն ջըրից,
Բայց եթե դու խմեցիր՝ կանցնես <. . . . .>

Գետը կանցնես, կընկնես մի դաշտ անծայրածիր, ահավոր,
[Կախարդական երկրի տերը] կախարդական [իր խոսքով]
Լցրել է այն անհուն դաշտը անկոխելի տատասկով,
540 Անկարող է ոտը կոխել ասպարեզը այն փըշոտ,
Եվ չի կարող մարդ հանդուրժել. [շատ են] Ժանտահոտ
Բայց դու եթե այդ էլ անցնես— [կըմոտենաս] և ահա
[Այն աշխարքի] վեհ տիրուհու ապարանքը կերևա.
Այնժամ կըգան խեղկատակներ ու կըկտրեն քո ճամփան,
Կուզեն հաղթեն, ուշքըդ խլեն, [կուզեն] լինեն քեզ խափան,
Այնպես խաղեր կըհորինեն, այնպես < ու . . . > ցույց կըտան,
Հարյուր տարվան մեռելները գերեզմանում կըխնդան։

Բայց պետք է դու արհամարհես, սիրտըդ [ամուր սևացնես],
Լուրջ ու մռայլ նրանց թողնես — այն ժամանակ դու կանցնես:

550 Ապա թե քեզ ծաղըր կանեն, կըհայհոյեն, կըթքեն,
Ոչ պատասխան, ոչ հայհոյանք պիտի չանցնի քո մըտքեն,
Սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ նրանց միջից թե անցնես —
— Ողջ կըլռեն— և դու անփորձ ապարանքին կըհասնես].
Թե չէ, եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ,
Քեզ կըհաղթեն — ուշքդ կըտիրեն <․ ․ ․ ․ ․>
Կընկատես ապարանքը <. . . . ․>
Երբ այսպիսով կըմոտենաս ապարանքի դըռներին,
Խոյն ու առյուծ կանգնած են [միշտ] նրա երկու կողմերին,
Խոյի առաջ միս է դըրած, իսկ առյուծին՝ կանաչ խոտ,
560 Եվ սովատանջ նրանք կանգնած հսկում են միշտ իրար մոտ.
Դու կըփոխես խոտը խոյին— միսը կըտաս առյուծին,
Ճամփա կըտան— ու կըհասնես <․ ․ ․ ․>

[․ ․ ․ ․ ․ ներս կըմտնես ապարանք․․․
Ներս կըմտնես— ․ ․ ․ ․ երգի դայլայլ, վարդի բույր,
Իրար ետևից կանցնես յոթը . . . վարագույր,
Այնտեղ [ոսկի]փայլ վանդակում երգում է հավքն այն չքնաղ
Ու երգի հետ մշտադալար վարդ է թափում ու թափում։
[Այն] վարդերի [անուշ] բույրով, երգի ձայնով [արբեցած]
Իր լուսեղեն նուրբ մահիճում քնած է վեհ տիրուհին–
570 Այստեղ հիշիր, զգույշ կացիր— մոտ չըգնաս դու նըրան.
<․ ․ ․ ․> չի դիմանալ և ոչ մի սիրտ [փորձության]
Ու կըհաղթվես նրա գեղեցկության թովչանքից
Ու կըզըրկվես այն բյուլբյուլից [գուցե նաև] քո կյանքից։