Հալալը չհարամող կնիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հալալը չհարամող կնիկը

Հայկական ժողովրդական հեքիաթ

22. ՀԱԼԱԼԸ ՉՀԱՐԱՄՈՂ ԿՆԻԿԸ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Սրանք շատ դառն—աղքատ, անճար են ըլնում։

Օրեն մի օրը մարդը միտք ա անում, ասում ա.— Վե կենամ, էթամ ուրիշ երկիր աշխատանքի, բալի միքանի շայի աշխատեմ, բերեմ օղլուշաղ պահեմ, ընչանք տենանք վերջներս ի՛նչ ա ըլնում. աստոծ ողորմած ա, հալբաթ մեզ մի լիս ու ճար կանի, էրկու դռնից մի դուռը բաց կանի։

Կանչում ա կնկանը.— Ա՛յ կնիկ,— ասում ա,— ուզում եմ էթամ ուրիշ երկիր աշխատանքի. ի՞նչ կասես։

— Ի՛նչ պտի ասեմ, ա՛յ մարդ, թե գիտաս՝ ձեռդ զադ կընկնի, մի բանի տեր կդառնաս, էթաս լավ կանես. յանի պարապ֊սարապ ման գալոն ի՞նչ պտի ըլնի։

— Լա՛վ,— ասում ա,— որ էթամ՝ խոսք տա՞լիս ես, ընչանք իմ գալը աբուռ֊հայով կենաս, քու հալալը չհարամես։

— Հա՛,— ասում ա կնիկը,— խոսք եմ տալի. թե քեզ մուխաննաթություն արի՝ ի՛նչ ուզում ես ա՛րա, արինս քեզ հալալ ա։

— Լավ,— ասում ա մարդը,— բա՛ս որ ըտենց ա՝ կէթամ։

Հեգսի օրը ճամփի թադարեք ա տենում, մի քանի ամսվա պաշար վեր ունում, վե կենում ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, է՛ս գեղը, է՛ն գեղը, որդի ռաստ ա գալի մնում ա, բանում, փող աշխատում, էլի վե կենում էթում իրա ճամփեն: Ըսենց մի տարի, էրկու տարի, իրեք տարի աշխարե-աշխար, երկրե-երկիր ման ա գալի, ընչանք քիչ-միչ փող ա շինում, նոր ասում ա՝ վե կենամ, էթամ մեր երկիրը։ Վեր ա կենում գալի։ Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր. իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա իրանց երկրի սնուռը։ Ըտե սրան մի ցելվոր ա ռաստ գալի։

— Ա՛րի,— ասում ա ինքն իրեն,— մի սրան հարցնեմ, տենամ իմ կնիկը ո՛նց ա, ո՛նց չի, իրա տված խոսքը պա՞հել ա, թե չէ:

Մոտանում ա դրան, ասում.— Բար'ա5ողում, ա՛ղպեր։

— Բարո՛վ, հա՛զար բարին,— ասում ա ցելվորը։

— Ֆլա՛ն գե՞ղիցն ես,— հարցնում ա:

— Հա՛, ֆլա՛ն գեղիցն եմ,— ասում ա ցելվորը,— խի՞ որ։

— Բեզ մի բան եմ ուզում հարցնեմ, չեմ գիտա դրուստը կասես, թե չէ։

— Կասեմ, խի չեմ ասի,— ասում ա ցելվորը։

— Ֆլա՛ն մարդի կնկանը ճանա՞նչում ես։

— Լա՛վ, շա՜տ լավ եմ ճանաչում։ !՞ն չես ասում, որ մարդը գնացել ա ղարբություն՝ աշխատանքի։

— Հա՛, հենց է՛ն։ Ո՞նց ա, լա՞վ ա. հո դարտ չի՞ անում մարդի հմար։

— Ի՞նչ պտի դարտ անի,— ասում ա ցելվորը ծիծաղալոն,— ի՜նչն ա բոլ մարդը․․․

Մարդը էս որ լսում ա, մատը կծում ա.— Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— կա չկա, ըստե մի բան կա։

Դառը-տխուր վեր ա կենում, գալի իրանց գեղը։ Կնիկը մարդին տենալու բաշտան, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Համա մարդը որ ասես ձեն, ծպտոն չի հանում. նոթերը կիտած էթում ա մի պուճախում նստում։ Էս կնիկն ա՝ էն սհաթը էթում ա լագանով ջուր բերում, մարդի ոնները լվանում, շորերը փոխում, եննա հացի թադարեք ա տենում, որ մարդին հաց տա: Հաց են ուտում, պրծնում, թեք են ընկնում, քնում։ Կնիկը մնամ ա միտք անելոն, թե էս ի՛նչ ա պատահե իրա մարդին, որ ըսենց նոթերը կիտել ա, որ ասես, չի խոսում։

— Հալբա՛թ,– ասում ա,– գնացել ա ղարբություն, չի կարացե փող աշխատի, դարտակ վեր ա կացե, էկե՝ ընդուր ա ըսենց դառը֊տխուր, յա ո՛վ գիտա ճամփին մի փորձանք ա էկե գլուխը, չի ասում։

Մախլա՛ս՝ խեղճ կնիկը ի՛նչ անում ա, չի անում, մարդի դարտը չի կարում իմանա։

Ըսենց անցկացավ մի քանի վախտ՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը մարդը կնկանը խաբլությունով տարավ գեղիցը դուս, ընդե տվեց սըպանեց, ինքը էլ եդ դառավ, էկավ գեղը։ Ասսու հրամանով ալբիալը էդ սըպանած կնկա տեղը աղբուր դուս քցեց։ Էդ աղբուրը ընենց մի Անմահական ջուր ուներ, ընենց մի Անմահական ջուր ուներ, որ մեռելն էլ խմեր, էն սհաթը կսաղանար, ընդե կկաններ։

Ըսենց անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը մի բեզրգյան իրա մարդկերանցով անցկենալիս ա ըլնում էդ գեղի կշտովը: Հենց հասնում ա էդ կնկա սըպանած տեղը, մութը գետինը կոխում ա։

— Ըստե վե գանք,— ասում ա,— հաց-մաց ուտենք, դինջանանք, գշերը մնանք, նոր էն գլխեն վե կենանք ընկնենք ճամփա։

Էդ աղբրի կշտին վեր են գալի, չադիր տալի, մնում։ Որ վեր են գալի պրծնում, տենում են էդ աղբրի կշտին հրենիկ մի սպանած կնիկ։

Ասում են.— Հա՛լբաթ իրա մարդին մուխաննաթություն ա արե, նա էլ սըպանել ա, բերե քցե ըստե, որ շան ու գիլի փայ ըլնի։

Բերում են կրակ անում, որ կիրակուր էփեն։ Իրանք էլ կողագից սավայի զադ չեն ունենում։ Թավով ջուր են դնում կրակի վրեն, որ մի քանի խոտոց կողագ խաշեն։ Կողագը կոտորում են, ածում թավեն թե չէ, ալբիալը սաղանում ա, թավի միջիցը դուս գալի, ընկնում գետինը։ Քոմմա մնում են զարմացած, թե էս աղբրի ջուրը ինչ զորություն պտի ունենա, որ կոտորած կողագը քցում ես մեջը՝ սաղանում ա։ Շատ են միտք անում, խելք խելքի տալի, ի՛նչ անում են չեն անում, չեն կարում իմանա։

— Է՛կեք փորձենք,— ասում ա բեզրգյանը,— էս սըպանած կնկա վրեն էլ եդ ջրիցը շաղ տանք, տենանք կսաղա՞նա, թե չէ։

Բերում են շաղ տալի: Շաղ տալու բաշտան էդ կնիկը սաղանում ա, վե կենում նստում, ըլնում ա ո՛նց որ մորեն մին։ Քոմմա մնում են սառած իրար էրեսի մտիկ անելոն:

— Ի՞նչ կնիկ ես,— հարցրեր բեզրգյանը,— էս ո՜նց ա էլե, որ քեզ սըպանել են, բերե քցե ըստե։

Նո՛ր էդ կնիկը ըստե նստեր մին-մին նաղլ արեց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Բեզրգյանը էս որ իմացավ, հարցրեց.— Չե՞ս գա քեզ տանեմ շինեմ ինձ կնիկ. զաթի ես էլ ազապ, էթանք գլխներս դինջ իրար հեննա ապրենք։

— Չէ՛, բեզրգյանը սաղ ըլնի,— ասեց կնիկը,— ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի։

— Չէ՞,— մըն էլ հարցրեց բեզրգյանը։

— Չէ՛,— ասեց կնիկը։

— Տե՜ս, կփոշմանես,— ասեց բեզրգյանը։

— Չե՛մ փոշմանի,— ասեց,– դու քու աստոծ, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա։


Բեզրգյանը շատ հերսոտեց էդ կնկա վրեն, նոքարներին հրամայեց, մի քառասուն գազանոց ֆոր փորեն, նրան քցեն մեջը, մի եքա քար էլ դնեն ֆորի բերնին, որ ընդիան դուս չգա: Նոքարները մի քառասուն գազանոց ֆոր փորեցին, խեղճ կնկանը քցեցին մեջը, մի քար էլ դրին ֆորի բերնին: Առավոտը լիսը բացվեց թե չէ, սրանք իրանց զադ֊մադերը հավաքեցին, վե կացան ընկան ճամփա։

Էդ կնիկը մնաց մեն֊մենակ ֆորի միջին։ Շատ ձեն տվեց, հարա՜յ կանչեց, աղաչանք֊պաղատանք արեց, հավարին հասնող չէլավ։ Անց ա կենում ըսենց մի օր, էրկու օր, իրեք օր, օրեն մի օրը մի ուրիշ բեզրգյան ա գալի․ էդ ճամփովը անցկենում էդ ազբրի կշտին վեր ա գալի, չագիր տալի մնում, որ մի քիչ դինջանա, հաց-մաց ուտի, էլի վե կենա էթա իր ա ճամփեն: Վե գալու բաշտան մի նվոցի ձեն ա ընկնում անկաջը։

— Էս ի՞նչ նվոցի ձեն ա,— հարցնում ա բեզրգյանը նոքարներին,— մի գնացեք տեհեք էդ ձենը ո՞րդիան ա գալի։

Նոքարներն էթում են դե՛ս ընկնում, դե՛ն ընկնում, է՛ս գիհը ման գալի, է՛ն գիհը ման գալի, անկաջ դնում, մախլասի՝ ո՛ր շատ ման են գալի, տենում են հրեսիկ մի քառասուն գազանոց ֆոր. էդ ֆորի միջիցը մի նվոց ա գալի։ Ֆորի բերնի քարը եդ են քցում:

— Էգ ո՞վ ես,– հարցնում են նոքարները։

— Ասսո՜ւ սիրուն,– ձեն ա տալի կնիկը ֆորիցը,– ինձ ըստիան ազատեք։

Ալբիալը բերում են պարան կախ անում ֆորը, կնիկը կապում ա մեջքը, քաշում են, հանում։ Հանում են ի՛նչ տենում՝ մի սի՜րուն, նաշխուն կնիկ։ Աղաք են անում դրան, բերում բեզրգյանի կուշտը, բեզրգյանին նաղլ անում թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան:

— Ի՞նչ կնիկ ես,— հարցնում ա բեզրգյանը,— ըստերանք ի՞նչ ես շինում։

Կնիկը նստում ա ըստե մին մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի:

— Ինձ չե՞ս առնի,— հարցնում ա բեզրգյանը,— դու ինձ կնիկ, ես քե մարդ։

— Չէ՛, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա կնիկը,— ես մարդ ունեմ, իմ հալալը ո՞նց հարամեմ։

Էս խոսքի վրեն բեզրգյանը սրտի հերսիցը չի իմանում ի՞նչ անի: Նոքարներին հրամայում ա էդ կնկանը դնեն մի ղութկի մեջ, ղութկի բերանը կալնեն, տանեն քցեն ծովը։ Նոքարները բերում են մի ղութիկ շինում, դրան դնում մեջը, ղութկի բերանը ղայիմ կալնում, տանում քցում ծովը, թողում գալի։

Էդ ղութիկը ջրի էրեսին տըմբտըմբալոն էթում ա։ Էթում ա, էթում, մի օր, էրկու օր, մախլասի՝ իրեք օր, քամին քշում ա, հանում ջրի ղրաղը։ Ըտե ծովի ղրաղին մի թոռչի էր կենում. ինքն էր, մի պառավ մեր, էլ զադ չուներ. էրկսով էդ անվիրի-վիրի տեղը տուն ին շինե, գլխները դինջ իրանց հմար ապրում ին։

Էս թոռչին ջրի էրեսին ղութիկը որ տեհավ, ուրախացավ, աշխարով մին էլավ. հենց իմացավ միջինը փող ա, յա ապրանք, յա մի ուրիշ զադ, ասեց.— Կտանեմ, կհարստանամ,— թոռը քցեց, հանեց։

Ճըռընչալոն էդ ղութիկը դրեց շալակը ու դո՜ւզ դպա տուն: Որ հասավ տուն, բերին ղութկի բերանը բաց արին, բաց արին, ի՜նչ տենան՝ միջին մի թրջված, տըմըսկված կնիկ, որ սովածությունիցը լղարե, դառել ա չոր չոփ, պինչը բռնես ֆոգին կտա։

— Փա՜ռք քեզ, աստո՛ծ,— ասեցին,— փառքդ շա՜տ ըլնի, հալբաթ էս էր մեր ղսմաթը։

Թոռչու մերը բերում ա էդ կնկանը տաք ջրով չին-չին լեղացնում, իրա հին շորերիցը հագցնում, եննա հացի թադարեք ա տենում. մի քանի ձուկն ա խաշում, կիրակուր էփում, մախլաս՝ ի՛նչ որ աստոծ տվել էր՝ բերում ա դնում աղաքը, որ ուտի։ Խեղճ կնիկը ղաթի սոված, նխտից ընկած՝ հացը որ տեհավ, գիլի նման վրա պրծավ հացին։ Կերավ, կշտացավ, ասսուն փառք տվեց, թոռչուցը, նրա մորիցը շնորհակալ էլավ, ղրաղ քաշվեց։

— Հմի ա՛սա տենանք,— հարցրեց թոռչին,— էս ի՞նչ բաս ա, քեզ ո՞վ բերեց քցեց ծովը։

— Բա չե՞ս ասի,— ասեց էդ կնիկը,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Նո՛ր նստեց ըստե մին-մին նաղլ արեց նրանց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ չե՞ս առնի,— հարցրեց թոռչին,— զաթի ես էլ ազապ, մարդ ու կնիկ ըլնենք, ըստե իրար հեննա ապրենք։

— Չէ՛,– ասեց էդ կնիկը,— ես մարդ ունեմ, իմ հալալը ո՞նց հարամեմ: Ուզում ես,— ասեց,— ա՛րի քիր ու աղպեր ըլնենք։

— Ըլնե՛նք,— ասեց թոռչին,— թող քու ասածն ըլնի։

Ըսօրվանից դենը թոռչին քանի էթում էր ձկան, ասսու հրամանով, ամեն թոռի անհեսաբ ակն ու մարգարիտ էր հանում ծովիցը. համա խեղճը չէր իմանում ըտոնք թանգ բաներ ա, որ տանի ծախի, բոլ փող կտան։ Ըսենց էնքամ ակն ու մարգարիտ հանեց ծովիցը, որ տանը էլ դնելու տեղ չկար՝ էնքա՜մ շատ էր։

Օրեն մի օրը միտք արեց, ասեց՝ արի մի քանի հատ տանեմ քաղաք, շանց տամ, տենամ կա՞ռնեն։ Քաղաք հասավ թե չէ, գնաց մի զարգյարի դուքան, ակն ու մարգարտները հանեց, շանց տվեց։

— Հատին հիսուն մանեթ տա՞մ,— ասեց զարգյարը:

Թոռչին ծիծաղաց, հենց իմացավ տնազ ա անում։

— Դե՛ լավ, հարիր մանեթ տամ,— վրա բերեց զարգյարը։

Թոռչին էլի ծիծաղաց: Մախլաս՝ գլխներդ ինչ ցավացնեմ, զարգյարը ինչ գին ասում էր, թոռչին ծիծաղում էր։ Էնքամ արեց, որ հատը հինգ հարիր մանեթով ծախեց։

— Ա՛յ ուստա,— ասեց թոռչին,— սրանցից որ էլ բերեմ՝ կա՞ռնես։

— Կառնեմ, խի՛ չեմ առնի,— ասեց զարգյարը։

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց,— կբերեմ։

Թոռչին ուրախ-ուրախ փողերը դրեց ջեբը, եդ դառավ, էկավ Էդ կնիկը սրանց տենալու բաշտան ճանանչեց, համա լիս չընկավ, ասեց.— Տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։

Նրանք հո, որ ասես, չճանանչեցին։ Ախար ո՜րդիան որդե. ում մտքովը կանցկենար, թե էդ կնիկը սաղ կմնա, մի օր նրա էրեսը սրանց էրեսին կառնի։

Էդ Հալալը չհարամող կնիկը մի օր բերեց ղոնաղլըղ սարքեց, իրա մարդին ու էդ էրկու բեզրգյանին կանչեց իրա կուշտը ղոնաղ։ Նրանք էլ վե կացան էկան։ Էդ կնիկը նրանց ընենց մի քե՜ֆ շանց տվեց, ընենց մի ուրախությո՜ւն շանց տվեց, որ էլ չեմ կարա ասի։ Քոմմքով էլ որ լուլ ու կուլ հարբեցին, էդ կնիկը վե կալավ թե.— Է՛կեք.— ասեց,— ամեն մարդ իրա գլխով անցկացածը նաղլ անի, անկաջ անենք։

— Լա վ,— ասեցին էն էրկու բեզրգյանը ու էդ կնկա մարդը,– Է՛կեք։

Էդ կնիկը աղաք մի բեզրգյանին հարցրեց:

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— դե՛ նաղլ արա տենանք ի՞նչ ա անցկացե քու գլխովը։

— Սրանից մի քանի տարի աղաք,— ասեց էդ մի բեզրգյանը,— նոքարներիս հեննա ճամփա ի էթում։ Էկանք, էկանք, մի աղբրի կշտի մութը գետինը կոխեց։ Վեր էկանք ըտե, չադիր տվինք, կացանք. վարավուրդ արինք, տեհանք էդ աղբրի կողքին հրենիկ մի կնիկ սըպանած, վե քցած։ Բերինք էդ աղբրի ջրիցը շաղ տվինք կնկա վրեն, ալբիալը սաղացավ, ընդե կաննեց: Ուզեցա հեննեն պսակվի, ղաբուլ չէլավ, ասեց. «Ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի»։ Ես էլ, սրտիս հերսիցը, հրամայեցի նոքարներիս մի քառասուն գազանոց ֆոր փորեն, էդ կնկանը քցեն մեջը, մի քար էլ դնեն ֆորի բերնին։ Եննա շատ էլ փոշմանեցի, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։ Հրես էս ա իմ գլխով անցկացածը, որ ընչանք օրս սրտիս միջին դարտ ա դառե, գշեր, ցերեկ ինձ էրում ա:

Եննա մեկել բեզրգյանին հարցրեց։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց էդ կնիկը,— հմի գորը քունն ա. ասա տենանք քո՞ւ գլխովը ի՛նչ ա անց կացե, քո՞ւ դարտն ի՛նչ ա։

— Իմ դարտը նրանից շատ ա,— ասեց մեկել բեզրգյանը։— Ես էլ հենց էդ կնկանը ռաստ էկա, ֆորիցը հանեցի։ «Ինձ չե՞ս առնի»,– հարցրի. «Չէ՛,— ասեց,– չե՛մ առնի. ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի»: Ես էլ հերսոտեցի էդ կնկա վրեն. նոքարներիս հրամայեցի դրա ձեռ ու ոտը կապեն, դնեն մի ղութկի մեջ, տանեն քցեն ծովը։ Խե՜ղճ կնիկ, ո՛վ գիտա հմի ծովի ձկների փայ ա էլե, պրծե: Եննա ես էլ փոշմանեցի, գլխիս վա՜յ տվի, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։

Դորը գալիս ա իրա մարդին։ Վերջը նրան ա հարցնում։

Նա էլ թե.— Չունքի դուք էրկսով էլ ձեր մեղքը շլնքներդ առաք, ես էլ իմ մեղքն եմ շլինքս առնում, էն կնիկը որ կար՝ իմ հալալ, թագն ու պսակ կնիկն էր. ե՛ս նրան խաբլությունով տարա գեղիցը դուս, ընդե սըպանեցի, հենց իմացա իրա հալալը հարամել ա: Ի՛նչ ասեմ, ես բիրադնիցդ էլ մեղավոր եմ։

— Պրծա՞ք,– հարցրեց էդ կնիկը։

— Հա՛, պրծանք,— ասեցին։

— Դե՛ հմի դորն իմն ա,— ձեն տվեց ընդիան կնիկը։— Էդ Հալալը չհարամող կնիկը ես եմ, որ կամ։ Աստոծ ինձ ամեն փորձանքից ազատեց, սաղ-սալամաթ էս ծովի ղրաղը հասցրեց, որ մի օր իմ դրստությունը էրևա, թե ես Հալալը հարամող կնիկ չեմ։

Էս որ լսեցին, իրեքով էլ մնացին էշ կտրած, իրար էրեսի մտիկ անելոն։ Ամոթու պապանձվել ին, մնացե. չին կարում մի խոսք էլա ասի։ Էն սհաթը իրեքով էլ էկան, ընկան էդ կնկա ոնները, մեղա էկան: Նա իրեքին էլ բաշխեց։

Սրանք մի քանի օր էլ կացան ըտե. նո՛ր ճամփի թադարեք տեհան, էդ թոռչու ու նրա մոր հեննա մնաս բարով արին, չորսով վե կացան ընկան ճամփա դպա իրանց երկիրը:

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։