Jump to content

Հալալ մարդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԼԱԼ ՄԱՐԴ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել, և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում: Երիտասարդն առավ և խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջ. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմն է, հալալ քեզ, և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան քեզ կին առ, որ հալալ անեմ»:

Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան: Եվ նա ասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»: