Jump to content

Հալածված սեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հալածված սեր
ՀԱԼԱԾՎԱԾ ՍԵՐ

Տխո՜ւր ես, ա՜յ սեր, երբ անհամարձակ
Դու դողդողում ես սիրող սրտերում,
Որպես փոթորկից հալածված թռչնակ,
Որ կուչ է գալիս դալար թփերում։

Եվ որքա՜ն ծանր է զսպել արտասուք,
Երբ մարդ տանջվում է՝ թաքուն սիրելով,
Օ՜, ինչո՞ւ, հոգյա՛կ, բախտը չարաշուք
Կապեց մեր սրտերն այդ տխուր սիրով…

Սրտամաշ մի վիշտ, ծանր քարի պես,
Ճնշում է հոգիս, նազելի՜ ընկեր,
Երբ մտածում եմ, որ այդ սերը մեզ
Ավա՜ղ, չի՛ բերիլ լուսազարդ օրեր…

Սիրել ու տանջվել՝ կյանքում հալածված -
Ահա՛ երկուսիս սև ճակատագիր.
Բայց ես կըտանջվեմ… ես շա՜տ եմ տանջված…
Երանի՜ միայն դու չտանջվեիր…