Jump to content

Համանախագահներն ընդամենը միջնորդ են կամ Առանձին վերցրած մի տարածաշրջանում ստալինիզմի հարության փորձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Համանախագահներն ընդամենը միջնորդ են կամ Առանձին վերցրած մի տարածաշրջանում ստալինիզմի հարության փորձ

Սեփական լիազորությունների՝ մանդատի, շրջանակում գործելը օրինապահության կարևորագույն հիմնասյուններից է: Սա անվերապահորեն վերաբերում է նաև միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված և միջազգային հարաբերություններում գործող կառույցներին:

Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած «Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններ» (“the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)”) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույցի մեջ գործածելով նման ձևակերպում, վերոհիշյալ խումբը բացահայտորեն գերազանցել է իր լիազորությունները և ոտնահարել իր իսկ մանդատը:

Համանախագահների խմբին որևէ մեկը չի լիազորել որոշելու որևէ տարածքի կարգավիճակ կամ ճակատագիր: Ո՞վ է այդ խմբին իրավունք տվել Լեռնային Ղարաբաղը (տեքստում՝ Nagorno-Karabakh) նույնացնել նախկին ԽՍՀՄ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզին: Դա հակամարտության կողմերի որոշելիքն է: Համանախագահների լիազորությունը սահմանափակվում է միայն միջնորդությամբ, այն է՝ ուժի կիրառման բացառման հիման վրա բանակցային գործընթացին նպաստելով: Դա միանշանակորեն և հստակ ամրագրված է Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ. «քաջալերել հակամարտության առանց ուժի կիրառման լուծումը և ի մասնավորի նպաստել խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին» (“Promoting a resolution of the conflict without the use of force and in particular facilitating negotiations for a peaceful and comprehensive settlement.”) [Mandate of the Co-Chairmen of the Conference on Nagorno-Karabakh under the auspices of OSCE (“Minsk Group”, Vienna, 23 March 1995, DOC.525/95): Հիշյալ մանդատի 15 կետերից և ոչ մեկով Համանախագահներին որոշելու կամ վճիռներ կայացնելու լիազորություն չի տրված:

Առավել տարօրինակ է և կատարելապես հիմնազուրկ նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներն անվանել «Ադրբեջանի տարածքներ» (territories of Azerbaijan): Կարծում եմ, որ Համանախագահները որպես բարձրաստիճան և փորձառու դիվանագետներ ինձանից ավելի լավ գիտեն, որ միջազգային իրավունքի մեջ ցանկացած տարածքի իրավատիրություն (legal possession) որոշվում է տվյալ տարածքի տիտղոսով (title to territory) և ոչ թե՝ վարչական կառավարմամբ: Եթե նրանք, կամ թեկուզև որևէ մեկը, կարողանա վկայակոչել մի որևէ միջազգային օրինական փաստաթուղթ (international legal document), կրկնում եմ՝ միջազգային, կրկնում եմ՝ օրինական փաստաթուղթ, և ոչ թե կուսակցական որոշում, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքի թեկուզև մի թիզ հողակտորի վրա երբևէ ճանաչված է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ իմ անտեղյակության համար: Իսկ եթե դա չարվի, ուրեմն ճիշտը ես եմ և որևէ մեկը, առավել ևս միջնորդ մարմինը, իրավունք չունի գործածելու չհիմնավորված ձևակերպումներ:

Հարց կարող է առաջանալ. իսկ ի՞նչ ձևակերպում պիտի գործածվի: Կարծում եմ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից տարածք»: Առանց «Ադրբեջան» տեղանվանման, քանի որ ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ ինքավար մարզ է եղել, որը միջնորդավորված ենթակայություն է ունեցել երկրի իշխանություններին, այսինքն՝ վարչական կառավարման է ենթարկվել ԽՍՀՄ մեկ այլ վարչատարածքային միավորի միջոցով: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ ունեցել է քառաստիճան վարչատարածքային բաժանում և, անկախ տվյալ վարչատարածքային միավորի աստիճանակարգից, բոլոր միավորներն էլ ունեցել են միևնույն տիտղոսը: Այդ բոլոր միավորների վրա ճանաչված է եղել միայն մի ինքնիշխանություն (sovereignty), այն է՝ ԽՍՀՄ ինքնիշխանությունը:

Շեշտեմ նաև, որ ստալինյան վարչատարածքային բաժանումը չի կարող օրինական հիմք հանդիսանալ պետությունների սահմանազատման (delimitation) համար, քանի որ միջազգային իրավունքը հստակ է. հանցագործությունը չի կարող իրավունքի հիմք հանդիսանալ (Ex injuria jus non oritur): Մոռացկոտներին հիշեցնեմ նաև, որ Համանախագահներին լիազորություններով օժտած նույն ԵԱՀԿ-ն (իր խորհրդարանական վեհաժողովի 2009թ. հուլիսին 3-ի «Պառակտված Եվրոպան միավորվեց» բանաձևով, (Resolution “Divided Europe Reunited”, Vilnius, July 3, 2009), ստալինիզմը հավասարեցրել է նացիզմին: Մի՞թե այսօր Եվրոպայում որևէ մեկը պատրաստ է վերադառնալ Հիտլերի գծած սահմաններին: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ Հարավային Կովկասում կարելի է հարություն տալ ստալինիզմի հանցագործություններին:


24 մարտի, 2011թ.