Jump to content

Հայասերի ողբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայասերի ողբ

Քանի տարի է, Հայրենիք սիրուն,
Դառն ցավերովդ եղել եմ ջունուն.
Սար ու ձոր ընկած իբր խենթ մաջնուն.
Վեր առ զքնարդ մուսայդ դյուցազուն.
Ողբամք Հայաստան, ափսո՛ս Հայաստան:
Մըթնեցավ հայոց պայծառ լուսատուն,
Խեթիվ հայեցավ Ակըն գերաբուն.
Միշտ այդպես ձմեռ, ե՞րբ հապա գարուն.
Արի նըստեմք լամք, ո՜վ Հայ իմաստուն: Ողբամք Հայաս.:
Վախում եմ մի օր անտեր՝ անպաշտպան,
Մեռնի այս հիվանդը, ո՜չ դեղ, ո՜չ դարման,
Ու այնպես կորչի ազգըն աննըման,
Մեզ մնում է սուգ ո՜վ Հայ գիտնական: Ողբամք Հայաս.:
Եկեք ի հանդես, սգավոր տեսարան.
Ո՜վ մեծըդ Ներսես, Սահակ Պարթևյան,
Մեսրովպ և Մովսես արփիք Թորգոմյան.
Եկեք երջանիկ Հարքրդ սրրբազան: Ողբամք Հայաս.:
Չը կան ազգասեր նախնի իշխաններ,
Ցըրված է հոտը, չկան ժողովներ,
Հավատն է միայն, ոչ միություն, ոչ սեր,
Լեր դու ողբակից, ով Խորենյան ծեր: Ողբամք Հայաս.:
Հայաստանի մեջ զանազան ազգեր,
Յուր խեղճ որդիքը պանդուխտ ու անտեր,
Քաղաքք ու ավանք անբընակ, ավեր,
Ավերակ ու անշեն են հայոց տներ: Որբամք Հայաս.:
Ինչո՜ւ դու այդպես ո՜վ վերին տնտես,
Հայոց խեղճ ազգը արեցիր անտես.
Ե՜րբ արդյոք մեզ դու լույս պիտի ծագես,
Ե՜րբ բարի իշխան մեզ պիտի կարգես: Կանգնյա Հայաս.:
Մի՜ թողուր, մի՜ թողուր ավեր Հայաստան,
Հարո՜ դու կրկին զազգըն անկենդան.
Լուր մեզ դու, լուր մեզ փըրկիչ բարեխնամ,
Փայլեցո՜ կըրկին փառքն Արարատյան,
Կանգնյա զՀայաստան, ափսո՜ս Հայաստան: