Jump to content

Հայաստանը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅԱՍՏԱՆԸ


Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ ուզում եմ
        բացվել խոսքերով,
բառեր չեմ գտնում
եւ լուռ եմ մնում ծաղկած ծիրանու
        հնազանդությամբ,
եւ անզուսպ ու խիտ իմ ծաղիկները
չեն թողնում ճյուղքս հեռվից երեւա,
արեւափունջ է տեսնում նայողը։
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ հալվում լեռան
         քարոտ լանջերին,
իջնում եմ հոսքով,
եւ կարկաչներս բառեր են, անշուշտ,
         դեռ չարտաբերված,
կանաչող քարը պիտի վերըզգա
ու իր մայրենի լեզվով թարգմանի,
ճաճանչող քարը պիտի վերըզգա...
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ թե կրծքիս տակ
թեւեր էլ դնեն լույս-ծիծեռնակի,
սուրբ սիրով նրանք պիտի բաբախեն,
         փոթորկվեն պիտի.
եւ թե բաց թողնեն սիրտս էլ հեռվում,
աղավնու նման կվերադառնա
եւ հայրենի տան կտուրին կիջնի...
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ խոտերն էլ
        իմ շունչն առնում են,
ելնում-բարձրանում
եւ ծաղիկ-ծաղիկ բացվում են երկնին
        արեւաքնար.
սիրավարդիս էլ թե մեղուն իջնի,
մի ուրիշ, ուրիշ նեկտար կտանի,
կարարի միայն ոգու մեղրահաց...
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ նայում եմ
անգամ ծառին էլ,
քարին էլ անխոս,
թվում է, նրանք իմ ճամփան պահող
          բալիկներն եմ իմ,
եւ ես ձեռքերս տարածում եմ, որ
մոտ գան վազելով ու գիրկս ընկնեն,
որ ես աշխարհով մեկ դառնամ, լցվեմ։

Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ բույն հյուսող
         ձեռքեր եմ տեսնում,
վեհանում եմ ես
եւ ամենալավ խոսքերն եմ ուզում
         ասել ես նրանց,
եւ ճանապարհ եմ դարձնում ես ինձ՝
յոթ լեռներ կապող իր յոթ կամրջով,
լեռներ էլ անցնեն՝ ճոճվել չիմանամ։
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ երկնքում
        ամպ է երեւում՝
մութ ու սեւակնած,
նրան շնչովս կարող եմ քշել,
        ցրել անխնա։
Բառեր չգիտեմ, բայց ինձնից, ինձնով
կարող եմ անգամ արեւներ հյուսել,
որ միշտ պարզ լինեն սերն ու սիրելը...
Ես Հայաստանը սիրում եմ այնպես,
որ երբ կանգնում եմ
        մայր հողի վրա,
թվում է՝ լույս եմ,
վեհ, հավերժական վարդանություն եմ՝
        բուսած մայր հողից.
սերս բարձր է մատուռի նման,
դռան կամարը՝ հյուսված հողին մոտ,
որ այնտեղ մտնեն միայն... խոնարհված...
Ես Հայաստանը սիրում եմ այսպես...