Jump to content

Հայաստանի բոլոր զիջումներն անշրջելի են, իսկ Թուրքիայի պարտավորությունները՝ պայմանական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի բոլոր զիջումներն անշրջելի են, իսկ Թուրքիայի պարտավորությունները՝ պայմանական /հարցազրույց Armenia Today-ին – www.armtoday.info/

A.T. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների նախաստորագրումը:

Ա.Պ. Չեմ կարծում, որ արձանագրությունները կարգավորում են հայ-թուրքական հարաբերությունները: Դրանք պարզապես բավարարում են թուրքական կողմի նկրտումները, դիմացը Հայաստանին տալով ապաշրջափակման խոստում, միմիայն՝ խոստում: Իհարկե արձանագրության մեջ ապաշրջափակումը նրբորեն կոչված է «համատեղ սահմանի բացում»: Ցավն այն է, որ Հայաստանի բոլոր զիջումներն անշրջելի են, իսկ Թուրքիայի պարտավորությունները՝ պայմանական: Թուրքիան ցանկացած պահի, ցանկացած պատրվակով կրկին կարող է փակել սահմանը: Դա չեն անի միանգամից, այլ կսպասեն հարմար պահի, որ ավելի ցավագին լինի: Նման հնարավորություն արձանագրությունները տալիս են:

Միջազգային իրավունքի մեջ փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ: Այսինքն՝ փաստաթղթի կետերից մեկի դրժումը կողմերից մեկի կողմից, մյուսին ազատում է տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից: Թուրքերը կսպասեն, որ հայ-վրացական հարաբերություններում առաջանա լարվածություն, ինչպես նաև թուլանան կայացած տնտեսական կապերը Վրաստանի ենթակառույցների հետ, ապա կպահանջեն հայկական զորքերի դուրս բերումն Արցախից: Հայաստանը, բնականաբար, դա կմերժի: Թուրքիան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման արձանագրության նախաբանի 6-րդ կետը, որը նախատեսում է «տարածաշրջանային և միջազգային վեճերի խաղաղ լուծում», Հայաստանին կմեղադրի այդ կետի ոտնահարման մեջ, հետևաբար՝ իրեն ազատված տվյալ փաստաթղթով սահմանը բացելու պարտավորությունից և նորից կփակի սահմանը: Կարծում եմ, որ դա տեղի կունենա սահմանը բացելուց 12-18 ամսվա ընթացքում:


A.T. Ըստ Ձեզ, այս արձանագրություններն ինչպե՞ս կանդրադառնան թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ա.Պ. Կարծում եմ՝ սկզբում Ադրբեջանում մի փոքր թատերական աղմուկ կբարձրացնեն այս հարցի շուրջ, սակայն շատ արագ ամեն ինչ իր տեղը կընկնի: Վստահ եմ՝ մինչև հանրությանը ներկայացնելը, արձանագրությունները քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ և հաշվի են առնվել նրանց դիտողությունները: Հայաստանի տնտեսական կախվածության մեծացումը Թուրքիայից լծակ է, որ աշխատելու է Ադրբեջանի օգտին, և դա հասկանում են նաև Ադրբեջանում:


A.T. Որքա՞ն է իրատեսական 6-շաբաթյա ընթացքում այս արձանագրությունների իրականացումն այն ժամանակ, երբ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ կլինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան խնդրի մեջ լինի առաջընթաց:

Ա.Պ. Կարծում եմ, որ ոչ էական փոփոխություններով արձանագրությունները կստորագրվեն: Դա ահավոր կերպով կլարի ներքին իրավիճակը Հայաստանում, սեպ կխրի Հայաստանի և սփյուռքի միջև, կսկսվի արտագաղթի նոր ալիք, քաղաքական պայքարում առաջ կգան ծայրահեղական խմբեր: Քանի որ արձանագրությունները ուժի մեջ են մտնելու միայն «վավերացման գործիքների փոխանակումից հետո», հետևաբար խորհրդարանների հավանության անհրաժեշտություն կառաջանա, այսինքն՝ թուրքերը հնարավորություն կստանան առավելապես ձգձգելու գործընթացը: Նման հնարավորություն առկա է փաստաթղթերի մեջ, քանի որ սահմանված չէ վավերացման գործիքների փոխանակման որևէ ժամկետ: Այդ ժամանակահատվածում Թուրքիան միջև վերջին կաթիլը օգուտ կքամի ստորագրված արձանագրություններից:

Ճիշտ է, առանց վավերացման արձանագրությունները չեն դառնա իրավական փաստաթղթեր, սակայն դրանք կլինեն Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշման արտահայտություն, ուստի Թուրքիան լրիվ հնարավորություն կստանա փակել Հայոց ցեղասպանության մասին ցանկացած խոսողի բերանը, էլ չեմ ասում՝ սպանել ճանաչման գործընթացը: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը համաձայնում է ստեղծել ենթահանձնաժողով, որը երկխոսության մեջ պիտի մտնի պատմության հարցերով (dimension) և «գիտական անաչառ ուսումնասիրության ենթարկի» առկա խնդիրները: Բոլորը գիտեն, թե որոնք են այդ առկա խնդիրները:


A.T. Որքանո՞վ են հիմնավորված ընդդիմության հայտարարությունները, որ միջազգային հանրությունը շտապում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի արագ տեմպերով լուծի Արցախի հակամարտությունը:

Ա.Պ. Միանգամայն: Մեր տարածաշրջանն ինքնին կարևոր չէ: Մեր տարածաշրջանը կարևորվում է, եթե այն հանդես է գալիս որպես օղակ՝ Արևմուտք-Կենտրոնական Ասիա շղթայի մեջ: Ուստի հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորումը անիմաստ է առանց Ղարաբաղի հարցի լուծման: Լուծում անպայմանորեն չի նշանակում արդարության հաստատում կամ կողմերի լիակատար բավարարվածություն: Պարզապես պետք է ստեղծել համեմատաբար կայուն, կանխատեսելի և լիակատար վերահսկելի մի իրավիճակ: Ոստիկանապետի պաշտոնը վերապահված է Թուրքիային, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կտան դրուժինիկի թևկապը և ներպետական գործողություններում որոշակի ազատություն:


A.T. Ինչպե՞ս եք դիտարկում Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները չեն կարող հատուցման համար դիմել Նյու Յորքի ապահովագրական ընկերություններին: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայոց ցեղասպանության ճանաչման հետագա ընթացքի վրա:

Ա.Պ. Այս հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապ չունի: Այն մի խումբ մարդկանց քաղաքացիական հայցն է ընդդեմ մասնավոր՝ ոչ ամերիկյան, ընկերության: Հարցի մանրամասներին ծանոթ չեմ, չի հետաքրքրում, ուստի չեմ կարող պատասխանել: Ցեղասպանությունը հանցագործություն է՝ ըստ միջազգային իրավունքի, ուստի նրա մասին վճիռներ կարող են կայացնել միայն համապատասխան ատյանները, տվյալ դեպքում՝ Արդարության միջազգային դատարանը:



05 սեպտեմբերի, 2009թ.