Jump to content

Հայաստանի հանրապետությունների իրավահաջորդության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի հանրապետությունների իրավահաջորդության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից


Վերջին հարյուրամյակում եղել է հայկական 3 տարածքային միավոր (territorial entity), որոնց անվանման մեջ եղել է «հանրապետություն» բառը: Այս միավորների իրավահաջորդության հարցը, թեև առաջին հայացքից զուտ իրավագիտական բնույթի է, սակայն խորքի մեջ ունի էական դեր ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունների շրջանակն հստակեցնելու գործում:

Հարցն ունի 2 ընդգրկում՝ ՀՀ իրավահաջորդության հարցը.

  1. Հայաստանի Խորհրդային (սովետական) Սոցիալիստական Հանրապետության նկատմամբ, և
  2. Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) նկատմամբ:

Նախ ընդհանրապես պետությունների իրավահաջորդության մասին: Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: (State succession is based on legal possession of the territory.) Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունը ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները: Պայմանագրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978թ. կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983թ. կոնվենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ #(2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը (state succession) սահմանել են որպես.

«մի պետության փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով» (“the replacement of one State by another in the responsibility for the international relations of territory”):[1]

Այսինքն, իրավահաջորդության հիմքը տարածքն է, և իրավահաջորդության մասին հռչակագիրը կամ այլ համահունչ փաստաթուղթը բնավ պարտադիր պայման չէ իրավահաջորդության փաստի առկայության համար: Ավելին, անգամ հակառակի պնդումը, այսինքն, առ այն որ նորաստեղծ պետությունը չի հանդիսանում նախորդ պետության իրավահաջորդը, բնավ չի ազատում տարածքի հաջորդ իրավատեր երկրին տարածքի նախորդ իրավատիրոջ պարտավորություններից: Այսպես, ՌՍՖՍՀ (հետագայում նաև ՍՍՀՄ-ը) կամ Թուրքիան ամեն կերպ ժխտում էին համապատասխանաբար Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելը, սակայն, քանի որ նրանք երկուսն էլ ժառանգել էին իրենց նախորդող երկրների տարածքների հիմնական մասը, միջազգային հանրության կողմից համարվում էին նշյալ երկրների իրավահաջորդ երկրներ, և դա բազմիցս ամրագրված է միջպետական փաստաթղթերով, դատական վճիռներով ու միջազգային պրակտիկայով: Օրինակ, 2 երկրներն էլ տեր կանգնեցին իրենց նախորդների անշարժ գույքին արտասահմանում կամ ստանձնեցին և վճարեցին նախորդների պարտքերը:

Հիմա անդրադառնանք հարցի առաջին մասին՝ ՀՍՍՀ նկատմամբ ներկայիս ՀՀ իրավահաջորդությանը:

Հայաստանի ներկայիս Հանարապետությունը չի հանդիսանում ՀՍՍՀ իրավահաջորդը, ինչն անհիմն կերպով պնդում են ոմանք, այն պարզ պատճառով, որ.

«[պետությունների] իրավահաջորդություն կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի առնվազն երկու սուբյեկտների (ենթակաների) միջև:» ([State] succession can only take place between at least two subjects of international law.)[1]

Ակնհայտ է, որ ՀՍՍՀ երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ այն երբևէ ճանաչված չի եղել արդեն օրինական ճանաչում ունեցող որևէ այլ պետության կողմից, այլև որովհետև երբևէ չի բավարարել պետականության 4 չափորոշիչներից և ոչ մեկին, որոնք ամրագրված են Մոնտեվիդեոյի (1933թ.) կոնվենցիայի մեջ:[2] Այն է.

ա) ՀՍՍՀ չի ունեցել բնակչություն (ՀՍՍՀ-ում բնակվողները եղել են ՍՍՀՄ քաղաքացիներ),
բ) ՀՍՍՀ չի ունեցել տարածք (եղածը ՍՍՀՄ տարածք էր),
գ) ՀՍՍՀ չի ունեցել կառավարություն (եղածը ՍՍՀՄ կառավարության ստորաբաժանում էր) և
դ) ՀՍՍՀ չի ունեցել օտար պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն, քանի որ չի ունեցել այդ երկրներում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ:

ՍՍՀՄ-ը եղել է դաշնակցային (ֆեդերատիվ) պետություն, այսինքն՝ բաղկացած որոշակի ներքին ինքնավարությամբ օժտված մի շարք վարչատարածքային միավորներից (տվյալ պարագայում՝ քառաստիճան), իսկ դաշնակցային պետությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ունի ընդամենը մեկ ինքնություն:[3]

Անդրադառնանք հարցի 2-րդ մասին՝ Հայաստանի առաջին և ներկա հանրապետությունների իրավահարաբերություններին:

Ինչպես նշել էինք վերը, իրավահաջորդությունն իրավական գործողություն է միջազգային իրավունքի սուբյեկտների (ենթակաների) միջև, այն է.

«իրավահաջորդությունը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի մի սուբյեկտ (ենթակա) ստանձնում է մյուսի իրավունքները» (A case of succession arises only when one subject of international law enters into the rights of another.)[1]

Հաշվի առնելով, որ իրավահաջորդությունը պայմանավորված է տարածքի օրինական իրավատիրությամբ, [իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կայացել է այն որոշակի տարածքի (կամ դրա մի մասի) վրա, որի վրա վերջին պետականությունը (միջազգային իրավունքի վերջին սուբյեկտը) եղել է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը,] ապա ներկայիս ՀՀ-ն ինքնին իր գոյությամբ կարող էր ստանձնել և ստանձնել է իր տարածքի վրա իրեն նախորդած պետականության իրավունքները:

Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ն ինչ իրավական դիրքորոշում է որդեգրել կամ ինչ հայտարարություն է արել իրավահաջորդության հարցի առնչությամբ, տարածքը ժառանգելու պատճառով և հենց դրա հիման վրա, այն հանդիսանում է առաջին հանրապետության իրավահաջորդը:

Այս անվիճելի դրույթն ունի լրացուցիչ փաստարկներ ևս: Խնդրո առարկա իրավահաջորդությունն ամրագրված է նաև ՀՀ հիմնարար փաստաթղթերում: Հայոց ներկա պետականության հիմնարար փաստաթղթերը երկուսն են՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը և ՀՀ Սահմանադրությունը: Թեև սրանք առանձին փաստաթղթեր են, այսուհանդերձ գտնվում են երկմիասնության մեջ: Ըստ այդմ, երբ ՀՀ Սահմանադրությունը որպես հիմք է ընդունել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» (տե՛ս՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը), ապա դրանով իսկ Հռչակագրի մեջ ամրագրված դրույթներին տրվել է հիմնական օրենքի կարգավիճակ:

Հայաստանի Անկախության մասին հռչակագրի (23.08.90թ.) 5-րդ կետով, իսկ հղման միջոցով նաև ՀՀ Սահմադրությամբ, ամրագրված է հետևյալը. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը … զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները … հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:»

Այսինքն, հայոց նորանկախ պետությունն իրեն հռչակում է «1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված» պետականության շարունակությունը, քանի որ «զարգացնել» հայերեն առաջին հերթին նշանակում է՝ շարունակել:[4]

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթները, ինչպես նաև ՀՀ Անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ (տե՛ս՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման [12 հունվարի, 2010թ.] 5-րդ կետը):


Այսպիսով՝

  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չի հանդիսանում ՀՍՍՀ իրավահաջորդը:
  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:


Հղումներ և ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 Wilfried Fiedler, State Succession, p. 641. [Encyclopedia of Public International Law, (ed. by R. Berhardt) v.4, Amsterdam, 2000, p. 641-656].
  2. Montevideo Convention, Article 1: The state as a person of international law should possess the following qualifications: a ) a permanent population; b ) a defined territory; c ) government; and d) capacity to enter into relations with the other states.
  3. Montevideo Convention, Article 2, The federal state shall constitute a sole person in the eyes of international law.
  4. Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976, հ. 1, էջ 364:



22 հոկտեմբերի, 2011թ.