Հայաստանի նախագահը պետք է Լեռնային Ղարաբաղը ՀՀ մարզ հայտարարի
Երբ 1988թ. Լեռնային Ղարաբաղում սկսվեց համազգային շարժումը, այն ընթանում էր Արցախի և Հայաստանի վերամիավորման կարգախոսի ներքո: Հարցը կայանում էր Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության խախտման մեջ նրա որոշ տարածքների առնչությամբ և, հետևաբար, ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ իրավունքները պետք է վերականգնվեին: Ցավոք, որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում, որպես դիվանագիտական զորավարժություն, ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչն իրական և զգալի արդյունքների չհանգեցրեց: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան, դիվանագետ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ես համոզված եմ, որ հայկական կողմի համար գերադասելի և միջազգային իրավունքի տեսակետից ավելի հիմնավորված կլինի վերադառնալ ղարաբաղյան շարժման նախկին կարգախոսին՝ վերականգնել ՀՀ խախտված տարածքային իրավունքները», – նշել է պատմաբանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը երբեք Սովետական Ադրբեջանի՝ որպես առանձին հանրապետության մասը չեն եղել և չեն մտել նրա կազմի մեջ, իսկ միջազգային նորմերի լուրջ խախտումների արդյունքում փոխանցվել են Ադրբեջանի իրավասությանը:
«Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո, բայց մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ, քանի որ այն ժամանակ Ադրբեջանի անկախ պետություն չկար: Բացի այդ, Հարավային Կովկասի պետական սահմանների մասին վերջին փաստաթուղթը Ազգերի Լիգայի զեկույցի առաջարկն է, որը 1920թ. փետրվարի 24-ին ստորագրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Իտալիայի ներկայացուցիչների կողմից: Դրանում ներկայացված են Հարավային Կովկասի պետական սահմանների հաստատման սկզբունքները, որոնց համաձայն պետական սահմանների հաստատումը պետք է իրականացվի ազգային հայտանիշով բնակչության բնակեցման սկզբունքի հիման վրա: Այսինքն, այն տարածքը, որտեղ ապրում են հայերը, հանդիսանում է Հայաստանի տարածքը», – ընդգծել է Արա Պապյանը և հաղորդել, որ այդ փաստաթուղթը հանդիսանում է մինչ այժմ ընդունված միակ միջազգային սկզբունքը տարածաշրջանում սահմանների հաստատման համար:
Ելնելով վերոհիշյալից՝ Արա Պապյանը հանդես եկավ մի առաջարկով, որի համաձայն ՀՀ Ազգային Ժողովը պետք է դիմի երկրի նախագահին, որն իր հերթին, հանդիսանալով տարածքային ամբողջականության երաշխավոր, պետք է հստակ քայլեր ձեռնարկի ՀՀ ինքնուրույնության վերականգնման համար՝ Լեռնային Ղարաբաղը հայտարարելով Հայաստանի մարզ:
25 նոյեմբերի, 2008թ.