Jump to content

Հայաստանն երբեմն եւ այժմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանն երբեմն եւ այժմ
թարգմանությունը Իսահակ Հարությունյանի։

Հայաստանն ու հայերը սովորական մտքով:― Այժմեան դրութեան պատմական պայմանները:― Խալդեր կամ Ուրարտացիներ:― Նախահայկական անցեալի և ներկայի մէջ եղած սերտ կապը:― Հին հայկական տեղեկութիւններ երկրի վաղեմի հնութիւնների մասին:― Ֆր. Էդ. Շուլցի ճանապարհորդութիւններն ու մահը 1828/29:― Վ. Բէլքի առաջին ճանապարհորդութիւնը 1891:― Հայաստանի պատմութեան համառօտ տեսութիւնը:― Դէպի Հայաստան ճանապարհորդելու համար կազմված գերմանական էքսպեդիցիոնի նպատակները, միջոցներն ու արդիւնքները 1898/99:― Ճանապարհորդութեան ընթացքը:― Գրքիս ներածութիւնը:


Հայաստանը քիչ հետազօտված[1] երկիր է, թէև նրա մասին այսօր, ինչպէս նաև անցեալում, շատ է խօսվել: Յայտնի է, որ այդ երկիրն անմարդաբնակ լեռներով կտրատված բարձրաւանդակ է, բայց ընդհանրապէս յայնտի չէ, որ այդ լեռները պարփակում են ընդարձակ, մշակելու յարմար և փոքր խնամքով բարեբեր դարձող հարթավայրեր: Հայերին պատահում են արդի հաղորդակցութեան շատ կենտրոններում― Կօստանդնուպօլսում, Զմիւռնիայում, Եգիպտոսում. լսում և փորձով էլ իմանում են, որ նրանք ճարպիկ, առած դարձած խորամանկութեամբ ու յաճախ էլ համապատասխան անխղճութեամբ օժտված վաճառականներ են. և այս՝ իրանց երկրից դուրս գտնվող՝ ցրված, օտարացած գաղթականներով են հայերի մասին շուտափոյթ գաղափար կազմում ճանապարհորդները, ժուրնալիստները, հանգէտները և, տարաբախտաբար, ոչ միայն նրանք:

Միայն շատ քչերին է յայտնի, որ բուն Հայաստանում գերակշռող թիվ են կազմում երկրագործները, որ հայ գիւղացին զգաստութեամբ, աշխատասիրութեամբ և սակավապետութեամբ իր հողն է մշակում. հայ գեղջուկը՝ սիրելով իր ծննդավայրը՝ կպած է մնում հողին նոյն իսկ այն արտաքոյ կարգի հանգամանքներում, երբ քրդական յափշտակամոլութիւնն և թիւրքական կամայականութիւնն ամեն ինչ խլում են նրանից, երբ նրա կեանքն ամեն րօպէ վտանգի մէջ է: Այս բոլորը գիտեն միայն այն սակավաթիվ անձինք, որոնք լուրջ կերպով և իրապէս ճանապարհորդել են Հայաստանում. սրանց ջանքով պէտք է վերոյիշեալ արմատացած նախապաշարմունքը վերանայ:

Ավելի սակավ ծանօթ են այն պատմական նախընթաց դէպքերն ու պայմանները, որոնց հիման վրայ զարգացել են այժմեան հանգամանքները: Հայերի քրիստոնեայ լինելը յայտնի է դարձել ընդհանրապէս՝ վերջին տասնեհինգ տարվայ ընթացքում տեղի ունեցած, անհուն կերպով ողբալի դէպքերի տխուր տեղեկութիւններով: Բայց շատ քչերը գիտեն, որ բոլոր երկրներից առաջ Հայաստանն է ընդունել քրիստոնէութիւնն իբրև պետական կրօն. այդ տեղի ունեցավ երրորդ դարում, մինչդեռ Հռոմէական պետութեան մէջ միայն չորրորդ դարում, Կոստանդինի ժամանակ, քրիստոնէութիւնը ճանաչվեց իբրև պետութեան կողմից թոյլատրված կրօններից մէկը:

Ամեն մի գիմնազիստի քաջ յայտնի է, որ―ավելի հին ժամանակները յիշելով ― հայոց թագավոր Տիգրանը, իբրև պօնտացի մեծ Միհրդատի դաշնակից, հռովմայեցոց առաջ դժվարութիւններ յարուցեց, որ երեքուկէս դար դրանից առաջ տասն հազար յոյներ Բաբելոնից հայրենիք նահանջելիս՝ Հայաստանի միջով անցան ձմեռ ժամանակ, մինչև որ բազմատեսակ նեղութիւններով Սև ծովի ափերը հասան: Բայց որ Լիդիայի արքայ Ալիատէսի և Մարաստանի թագավոր Կիաքսարի մէջ տեղի ունեցած պատերազմը, որ հին աշխարհի քաղաքական ու քաղակարթական զարգացման համար մեծ նշանակութիւն ունեցավ և Հալիսի ճակատամարտով յօգուտ Մարաստանի վճռվեց (585 թ. Ք. ա.) ― իսկապէս Հայաստանի տիրապետութեան համար էր, հազիվ թե պարզ լինի նոյն իսկ նրանց համար, որոնք լավ գիտեն այդ իրողութիւնները և դրանց հետևանքները:

Գերմանիայում այժմ ընդհանուր հետաքրքրութեան առարկայ դարձած խնդիրների շարքում առաջնակարդ տեղ է բռնում Միջագետքի հին քաղաքակրթութիւնը և նրա նշանակութիւնը մարդկութեան զարգացման համար, որ երկար ժամանակ անպատեհաբար անուշադիր էր թողնված: Իրավացի կերպով կարելի է կասկածել՝ թէ արդեօք իրանց հայեացքը դեպի Բաբելոն ուղղողներից շատե՞րն են հարց տվել՝ թէ արդեօք ի՞նչ վիճակ ունէր այդ քաղաքակրթութեան ծաղկման շրջանում Եփրատի և Տիգրիսի ակունքների շրջակայ երկիրը, որ Հայաստան ենք անվանում։ Եվ քչերի համար պարզ կլինի, թէ ինչպէս հէնց այդտեղ միմեանց հետ հիւսվում են ամենահին աշխարհակալութիւնները և այժմեան ամենանոր ձգտումները։ Բաբելոնը, աշխարհիս առաջվայ ամենաբարեբեր երկրներից մէկը, ցանկալի էր նոր ծաղկման հասցնել։ Այդ նպատակին հասնելու պայմանները պէտք է լինին՝ տեղական ամենահին ջրահանման, ոռոգման և ջրանցքային սիստեմի վերականգնելը, եթէ նոյն իսկ արդի տեխնիկան շուտով հին աշխարհում յայտնի եղածին գերազանց է։ Սակայն այնտեղ, ինչպէս արդէն Հերօդօտը ճիշտ նկատել է, գետերի հոսանքների մեծանալը գարնան ժամանակ պայմանավորվում է հայկական լեռների ձիւնի հալչելով. այդ պատճառով անհրաժեշտ է գետերի վերին հոսանքները կանոնավորել։ Այստեղ առաջադրված մեծ խնդիրների իրագործման համար, իբրև սքանչելի նախատիպ, կարող են պէտք գալ այն լեռնային ջրմուղները, ջրանցքները և ջրաբաշխումները, որ հնարել էին հայերից առաջ Հայաստանում բնակվող խալդերը կամ թէ, ինչպէս ասորեստանցիներն անվանում են իրանց քաղաքական հակառաակորդներին — ըստ քաղաքակրթութեան՝ մասամբ իրանց ուսուցիչներին, մասամբ նաև աշակերտներին — Ուրարտացիները, որոնց պետութիւնը ծաղկման ամենաբարձր շրջանումն էր գտնվում 800 տարի Ք․ա․։

Խալդերի թողած հետքերով Հայաստանի մէկ ծայրից մինչև միւսը ճանապարհորդողը ― ինչպէս ինձ վիճակվեց ― առանց որոնելու և կամենալու կտեսնի այն մեծ կապը, որ գոյութիւն ունի ամենահին անցեալի և նորագույն ներկայի մէջ։ Այնտեղ կարիք չկայ, որ ամենահին ժամանակները վերակենդանանան, քանի որ դրանք կենդանի կերպով շարունակվում են և մեր օրերում։ Միջագետքում հին ջրանցքները վաղուց արդէն ծածկվել են ավազով ու տղմով, իսկ խալդերի շինածները դեռ այսօր էլ ծառայում են իրանց սկզբնական նպատակին, այսինքն ոռոգում են բարեբեր դաշտերը և դրանց կենտրոնն ու պատվարը կազմող քաղաքներին խմելու ջուր են մատակարարում։ Քաղաքներն էլ այնպէս ավերակ, քարուքանդ չեն և անապատի ավազով ու տափաստանի խոտերով ծածկված փլատակների բլուրներ չեն ներկայացնում, ինչպէս Միջագետքում, այլ դեռ այսօր էլ կանգուն են մեծ մասամբ այնտեղ, որտեղ հիմնվել են նախահայկական զօրեղ տիրապետողների ձեռքով։ Խալդերի ժայռաբերդերն էլ իբրև ամրոց են ծառայում—համեմատաբար— արդի պաշտպանողական նպատակներին։ Նոյն իսկ նրանց արքաների սեպագրերը բացառապէս միայն՝ մեռած, անհասկանալի հնութիուններ չեն, այլ դեր են խաղում այժմեան բնակիչների կեանքում և հավատի հարցերում։ Ժայռերի վրայ փորագրված սեպագրերն և այն խորշերը, որտեղ յաճախ պահված են լինում արձանագրութիւնները, համարվում են նվիրված հին, ժողովրդի հավատից դեռ ևս չանյայտացած, աստվածներին, կամ թէ դրանց մէջ պահված են կախարդված գանձեր։ Իսկ խալդական սիւնաձև կոթողները, որոնք նման են մեր, վերևից կլոր ձև ունեցող գերեզմանաքարերին, շատ յաճախ պատահում են քրիստոնէական եկեղեցիներում․ դրանք իբրև սեամք, դարավանդներ (simse), անկիւնաքարեր կամ թէ բեմի առաջը պատի մէջ դրված՝ կազմում են այժմեան հայերի եկեղեցիների նշանավոր բաղկացուցիչ մասը։ Առանձին ձև ունեցող մեծ խաչերի ունեցած (խաչերի մեծութիւնը յաճախ ի վնաս դրանց շուրջն եղած դրվածքի է լինում. խաչերը հայերի համար Քրիստոսի ազդանշանն են դարձել) հմայքը փոխվել է օրհնութեան, երբ դրվել են պատերի մէջ։ Եվ եթէ դրանք այդպիսով իմաց են տալիս մեզ, որ այժմեան քրիստոնէական տաճարի տեղը կամ անմիջական շրջակայքում երբեմն եղել է խալդական պաշտամունքի վայր, որտեղ և դրված էր կոթողը, ապա հաստատվում է այդպիսով Հայաստանի վերաբերմամբ եղած այն ընդհանուր դիտողութիւնը, որ կրօնական պաշտաման տեղերը, մինչև անդամ առարկաները կամ արտաքին նշանները մնում են նույնը, եթէ կրօնը նոյն իսկ մի քանի անգամ փոխվում է։ Թէ հին և թէ նոր նախապաշարմունքով է հիւսված ամենահին ժամանակի վկայ հետևեալ իրողոլթիւնը, որ պարզ գեղջուկի համար անհասկանալի է. քրդերի ավերածութիւնների ժամանակ քարուքանդ եղած մի եկեղեցու սեամքի տեղ ծառայող հին կոթողն այժմ համարվում է գիւղի հացն ապահովող թալիսմասնը։

Ամենահին ժամանակների ներկայի հետ կապակցվելը, որ դիտված և ընդունված է ուրիշ երկրների նկատմամբ ևս տեղի է ունեցել մեծ մասամբ շնորհիվ այն կենդանի, թէև անգիտակից, հասկացողութեան, որ ունեցել են սկզբնական հայ եկվորները տեղական քաղաքակրթութեան մասին, որ գոյութիւն է ունեցել իրանցից առաջ և որի առաջացնողներին իրենք ընկճել են (600 թ. Ք․ա․)։ Հայկական ավանդութիւնը, ― որ հասել է մեր ձեռքը՝ վաղագոյնը վեցերորդ դարի (Ք. յետոյ) գրվածքներով, սակայն բնականաբար շատ ավելի հեռավոր ժամանակներից է ծագում, խալդերի արածներն ու գործերը իր նախնիքներին է վերագրում։ Հարկավ դրա հետ միասին դերեր են տրվում ասորեստանցիների առասպելական անձնավորութիւներին՝ Բելին ու Շամիրամին. երկրի և նրա հնագոյն բնակիչների ասորեստանցիների հետ ունեցած պատերազմական և քաղաքակրթական շփումների յիշողութիւնները մոռացութեան չէին տրվել։ Այդ յիշողութիւնները մինչև Տիգրան «մեծ»-ի ժամանակները կենդանի էին։

Այստեղ ևս, ինչպէս և հետազօտութեան այլ շրջաններում, ապացուցվում է նորից, որ հին արևելեան և կլասիկ պատմական ժամանակաշրջանների միմեանցից բաժանելը ո՛չ կարելի է և ո՛չ էլ ցանկալի։ Եւ այսպիսով թող թոյլ տրվի ինձ ևս նախօրօք շեշտելու. ընդհանրապէս այն ինչ որ յnյu ունիմ, գրքիս բովանդակութիւը կհաստատէ մանրամասն։ Ես ճանապարհորդել եմ ոչ իբրև արևելագիտական շբջանի մասնագէտ այլ իբրև պատմաբան որի հետազոտութեան շրջանն է յատկապէս ամբողջ հին պատմութեան մեր մինչև հոոմէական վերջին և բիւզանդական սկզբի ժամանակները այդ պատճառով ես չեմ կարող ավելի պակաս ուշադրութիւն դարձնել կլասիկ հին պաամութեան ժամանակաշրջանների վրայ, քան ավելի հնագոյնների. ևս աշխատում եմ ներկան ըմբռնել իբրև հետևանք պատմական անցեալի և այդպիսով ոչ կարող եմ և ոչ էլ կամենում եմ հրաժարվել նաև միջին և նոր դարերի, դէպքերն ու հանգամանքները, կշռադատելուց։

Միւս կողմից չէ կարելի ժխտել այն ճշմարտությունը, որ քանի յետ ենք գնում, այնքան ավելի նշանավոր է հանդիսանում Հայաստանի համաշխարհային պատմական դերը՝ արտաքին քաղաքականութեան ընդհանուր զարգացման պատմական շրջանակում կարելի չէ ժխտել նաև այն իրողութիւնը, որ այստեղ նկարագրված գիտական ճանապարհորդութիւնը վերաբերում է գլխավորապէս խալդական ժամանակի լուսաբանութեանը և որ խալդերի պատմական կեանքը տեղի է ունեցել հայկական հողի վրայ։

Եվրոպական գիտութեան հետաքրքրութիւնը «հայկական» հնագոյն ժամանակի վերաբերմամբ համեմատաբար շուտ է առաջացել, սակայն հետազօտութիւնը, խոստմնալի սկզբնավորութիւնից յետոյ, երկար ժամանակ ընդհատվել է, որպէս մեր օրերում նորից ընթացք ստանայ։ Իրանց ազգի պատմութեամբ զբաղվող հնագոյն հայկական հեղինակները ամենահին ժամանակների արարչագործութիւնները շարունակ այնպէս են յիշատակում, որ յայտնապէս իրանց են աչքի առաջ ունեցել և նկարագրել են իրանց սեփական տեսութեամբ։ Այդպիսի հատւածներից ամենանշանաւորը առաջ եմ բերում «Հայոց պատմութեան» առաջին գրքի տասն և վեցերորդ գլխից։ «Հայոց պատմութիւնը» կրում է հինգերորդ դարում ապրող Մովսէս Խերենացու անունը, սակայն՝ հավանականաբար մի քանի դար յետոյ է հեղինակվել. ահա այդ հատվածն ազատ թարգմանութեամբ։

«Աղի ծովակի (Վանայ լիճը, որտեղ իրապէս գտնվում է այժմեան Վան քաղաքը, խալդական պետութեան երբեմնեայ մայրաքաղաքը, իր հրաշալի, լերան առանձնացած թիկունքի կենդանի հրաշալի ապառաժի մէջ կոփված կճակրեայ ժայռաշէնքերով) արևելեան կողմը Շամիրամը հիմնել է մի քաղաք և քաղաքի համար ջրանցք է շինել․ «նա հրամայում է նախ շինել գետի ամբարտակը ապառաժներով և խշոր քարերով մեծ լայնութեամբ և բարձրութեամբ, որ, ինչպէս ասում են, հաստատ կայ մինչև այսօր։ Եւ այն ամբարտակի ճեղքերի մէջ այժմ, ինչպէս լսում ենք, փախչում ամրանում են այն աշխարհի բնակիչները ավազակներից ու հէներից, որպէս թէ ամրացած լինէին սարերի քարանձավների մէջ։ Եթէ մէկը փորձելու լինի այն ամբարտակի շինութիւնից պարսատկի մի քար անգամ հանել՝ չի կարողանայ, որչափ մեծ աշխատանք էլ գործ դնէ: Քարերն այնպիսի ճարտարութեամբ են միմեանց հետ կապակցված, որ նայողը կկարծէ, թէ մոմով են միմեանց հետ կցված: Եւ այսպէս շատ ասպարէզներ երկարութիւն ունեցող ամբարտակը հասցնում է մինչև քաղաքի համար նշանակված տեղը»:

Մենք կտեսնենք որ այս հնագոյն տեխնիկայի հրաշալի ջրանցքը դեռ այսօր էլ գոյութիւն ունի և ծառայելով իր սկզբնական նպատակին՝ ոռոգում է Վանի հարթավայրը:— Նման կապակցութեամբ նկարագրում է Վանի մօտ եղած լերան առանձնացած թիկունքը՝ ընդհանրապէս ճշտօրէն, թէև մասամբ փոքր ինչ մութ կերպով։ Ժայռն «այնքան պինդ է, որ ոչ ոք չէ կարող երկաթով մի գիծ քաշել վրան։ Այստեղ Շամիրամը շինել տվեց տաճարներ, օթևաններ, գանձատներ և երկար վիհեր. ոչ ոք չգիտէ՛, թէ ի՜նչպէս կարելի է եղել այսպիսի հրաշալի գործեր կերտել։ Քարի ամբողջ երեսի վրայ, իբր գրչով հարթ մոմի վրայ, գրել տվեց շատ գրեր, որոնց միայն տեսքը զարմացնում է ամենքին։ Դրանով չբավականանալով, Շամիրամը հայոց աշխարհի ուրիշ շատ տեղերում ևս արձաններ շինել տալով՝ հրամայում է նոյն գրով եղածի մասին յիշաաակել. շատ տեղերում էլ սահմանաքարեր դնել տվեց նոյն գրով»։ —Ինչպէս այժմ գիտենք, այս նկարագրութիւնը ճշտիվ համապատասխանում է իսկական իրողությանը, եթէ մի կողմը թողնենք այդ բոլորը Շամիրամին վերագրելու հանգամանքը։

Հին հայկական գրականութեան մեջ եղած այս և ուրիշ նման հատվածներն առիթ տվին մտածելու արդի պատմական աշխարհագրութեան հիմնադիր Կարլ Րիտտէրին, որ մասնավորապես Հայաստանի համար աոանձին հետաքրքրութիւն ունէր— նոյն հետաքրքրութիւն ցույց տվեց նաև նրա աշակերտ և յաջորդ Հայնրիխ Կիպէրտը— որ այս ժայռագրերը, ժայռ օթևանները և ամրապինդ որմերը կարող են դեռ ևս իրանց գոյութիւնը պահպանած շինել մինչև այժմ, նա էր, որ երիտասարդ պրօֆ. Ֆրիդրիխ էդուարդ Շուլցի ուշադրութիւնը հրավիրեց հետազօտութիան այդ շրջանի և նրանից սպասված արդիւնքի վրայ։ Ֆրանսիացի արևելագէտ և հայագէտ Սէն Մարտէնի կողմից ևս խրախուսվելով, որին Րիտտէրն էր իր կողմից համոզել, և Ֆրանսիայի տված միջոցնե րով ապահովված՝ Շուլցը 1828 և 1829 թ. երկու անգամ ճանապարհորդեց Հայաստանում։ Այսպիսով գերմանական թելադրութեամբ և գերմանացի գիտնականի շնորհիվ ձեռք բերվեց նախահայկական բևեռագրերի մի ճոխ ժողովածու․ և այդ տեղի ունեցավ շատ ավելի առաջ, քան Բօտտան ու Լայարդը Խորասարթում և Կոյունջիկում հայտնագործեցին ասորական արքաների պալատների ավերակները, նոյն իսկ ավելի առաջ, քան Բիւրնուֆն ու Լասսէնը՝ հիմնվելով Գրօտեֆէնդի առաջին ընթերցանութեան փորձերի վրայ՝ լիակատար հասկացողութիւն կազմեցին հին պարսկական բևեռագիր արձանագրութիւնների մասին, որոնք Եվրոպայում իսկապես հայտնի դարձան Կարստէն Նիբուրի ճանապարհորդութիւններից հետո։ Այս յաջողութիւնը տարաբաղդաբար շատ թանգ նստեց երիտասարդ գիտնականին 1829 թ. Նիբուրը սպանվեց Ջուլամերկի կողմերում՝ զոհվելով մի քրդական ցեղապետի ավազակամոլութեանը։

Շուլցի, 1828 թ. յունիսին, Պարիզ ուղարկած մի աշխատութիունը Իւլիուս Մօլը հրատարակեց ժուրնալ Ազիատիք-ում 1840 թ. այն բևեռագիր արձանագրութիւնների բնագիրների հետ, որոնց պատճէնները գտնվել էին դժբախտ երիտասարդ գիտնականին սպանող ավազակի ձեռքից խլած թղթերի մէջ։ Մօլը յայտարարեց որ միևնոյն ժամանակ, որ Շուլցի նկարած քարտէզը տպագրել է տվել լիտօգրաֆիկայով Société Asiatique-ը, սակայն քարտէզը կհրատարակվի ճանապարհորդութեան նկարագրութեան հետ։ Իմ գիտցածով՝ այդ քարտէզն ու ճանապարհորդութեան նկարագրութիւնն երբէք լույս չտեսան։ Ֆրանսիացիների և գերմանացիների ընդհանուր պատվի պարտքը պէտք է լինի այդ հրատարակութեան իրականացումը։ Նոյն իսկ այն երկրների համար, որոնց յետոյ որրիշ ճանապարհորդներ այցելել ու հետազօտել են, Շուլցի տված տեղեկութիւներն էական նշանակութիւն կունենան և կընդարձական յետոյ տեղի ունեցած հետազօտութիւնները․ իսկ այն երկրների համար, որոնք այսօր էլ դեռ չեն հետազօտված, այդ տեղեկութիւնները հիմնական պէտք է համարել։

Ավելի ուշ՝ 1850 թ․ Հայաստան ճանապարհորդեց Հ․ Ա․ Լայարդը և Վանում Շուլցի գտած արձանագրութիւնների պատճէները նորից վերցրեց ու բավական թվով նոր արձանագրութիւններ էլ գտավ, սակայն նրա բերածների բնագիրներն էլ երբեք չհրատարակվեցին։

Բացի վերոյիշեալներից՝ այդ արձանագրութիւնների նիւթերը շատացել են տասնեակ տարիների ընթացքում պատահական և առանձնակի գիւտերով։ Առանձին ուշադրութեան արժանի են այն երկու արձանագրութիւնները, որոնք գտնվել են Հայաստանի արևմտեան ծայրում․ դրանցից մէկը գտան 1840 թ․ տաճկական ծառայութեան մէջ գտնվող Միւլբախ և Մօլտկէ սպաները Իզօլիի մօտերքը, որ գտնվում է Եփրատի՝ Մալաթիայի մօտ առաջացած ծոցից մի փոքր վերև․ միւսը գտավ Լայարդը մի փոքր հեռու դէպի արևելք։ Պալուի ամրոցում, Մուրադչայի—Եփրատի երկու ակունքներից հարավայինի— վրայ։ Սակայն այդ առանձնակի գիւտերի մեծ մասը տեղի է ունեցել բուն Հայաստանում։

Այդ արձանագրութիւնները կարդալու փորձերը կարող էին սկսվել միայն Նինվէի բևեռագիր արձանագրութիւնների հետազօտութիւնից յետոյ։ Վանի արձանագրութիւնների գրերն ամենամօտ, և լիակատար նոյնութիւնից միայն մի փոքր շեղվող, նմանութիւն ունեն Նինվէի արձանագրութիւնների գրերի հետ։ Սակայն Վանի արձանագրութիւնների լեզուն, ինչպես որ հաստատվեց մանավանդ Սէյսի և Գիւարդի աշխատութիւններով, ազգակից չէ ոչ սեմական— ասորականին, ոչ առհասարակ սեմական և ոչ էլ հնդեվրոպական լեզուներին։ Այդ լեզուն պատկանում է՝ նոր գիւտերի շնորհիվ մեզ համար շարունակ բազմացող, Առաջավոր Ասիայի հին բնիկ լեզուների (idiom) թվին, որոնք համեմատաբար ամենամեծ նմանութիւն են ցոյց տալիս ուրալ-ալտայական լեզուների կազմութեանը, թէև չէ կարելի հաստատել, որ Վանի արձանագրութիւնների լեզուն այդ լեզուների ընտանիքին է պատկանում։

Այս հանգամանքներն ի նկատի ունենալով՝ հին հայկական արձանագրութիւնների ընթերցման համար հիմք ընդունվեց ամենից առաջ այն իրողութիւները, որ դրանց մէջ ևս գտնվում են որոշ գրերի խմբեր,—իդիօգրամ կոչվածները,― որոնք բաբելա-ասորական արձանագրութիւնների, ինչպէս նաև այժմեան չինական գրերի մէջ, առարկան ոչ թէ ըստ հնչական նշանների են ներկայացնում, այլ ավելի ըստ գաղափարի և պատկերացման։ Այսպիսով կարելի եղավ ճանաչել գրերի զուտ արտաքին կերպարանքով, թէ որտեղ խօսքը վերաբերում է որ և է աստուծուն կամ թագավորին, և այսպիսով կարդացվեցին աստվածների ու արքաների անունները՝ առանց գիտենալու, թէ խալդերի լեզվով ինչպէս են կոչվում «աստուած», «արքայ» բառերը։ Այդպիսով պարզվեց նոյնպէս, որ պետութեան մայրաքաղաքը, այժմեան Վանը—որին հայերը հաճախ անվանում են Շամիրամակերտ, «Շամիրամի» քաղաք—այդ արձանագրութիւնների մէջ Տուշպա անունն էր կրում. այս անունը յոյն աշխարհագիր Պտղոմեոսի գրվածքում գտնվում է Թօսպիա ձևով, իսկ այժմեան հայերը երբեմն Վանտօսպ կապակցութեամբ հասկանում են Վանի արգավանդ հարթավայրը՝ մասնավորապէս նրա արևմտեան՝ լճի կողմը գտնվող՝ մասը։ Ընդհակառակն անյայտ մնաց—պատճառները յետոյ կբացատրեմ, — որ արքաներն իրանց հպատակներին անվանում են խալդիս՝ իրանց պաշտած գլխավոր աստծու անունով, և որ մենք այդ անունով պէտք է հասկանանք հիւսիսային լեռնաբնակներին, որոնց յոյն հեղինակները խալդեր կոչումն են տալիս, սակայն յաճախ էլ սխալմամբ—ինչպէս յետոյ կտեսնենք անվանում են նրանց քաղդէացի՝ հարավային Բարելոնում բնակվող սեմական յայտնի ժողովրդի անունով։

Յետոյ Գիւարդի եւ Սէյսի սրամատութեամբ յաջողվեց ապապացուցանել, սկզբում նոյնպէս արձանազրութիւնների մէջ պատահող իդէօգրամներով, որ որոշ նախադասութիւններ, որոնք կանոնավորապէս գտնվում են խալդական երկար արձանագրութիւնների վերջում, իրանց բովանդակութեամբ համապատասխանում են այն անէծքի ձևերին, որոնցով վերջանում են ասորական արքաների արձանագրութիւնները. այդ անէծքն ուղղված էր լինում արձանագրութիւնը փչացնողների կամ այդ արքաներին վերագրված շէնքերը վնասողների դէմ։ Այդպիսով հարթվեց այն ուղին, որով կարելի էր ծանоթանալ խալդական լեզվի կազմութեանն ու բառագիտութեանը։ Սէյսը կարողացավ մի, հարկավ թերի, փորձ անել՝ մինչև այն ժամանակ յայտնի եղած «Վանայ» արձանագրութիւնները թարգմանելու և բացատրելու:

Նախահայկական բևեռագիր արձանագրութիւնների նիւթի սիստեմատիկ ժողովածու կազմելու ճանապարհը հարթվեց Դր. Վալդեմար Բելքի 1891 թ. Հայաստանում կատարած գիտական ճանապարհորդութեան շնորհիվ: Բելքը մասնագէտ քիմիկոս լինելով՝ երեք տարի էլէքտրօտեխնիկի պաշտօն վարեց Անդրկովկասի Գետաբէկ - Ղալաքէնդում գտնվող Սիմէնսի պղնձահանքում և այդ միջոցին Րուդօլֆ Վիրխօվի համար նա բազմաթիվ նախապատմական գերեզմաններ հետազօտեց Ղալաքէնդի մօտակայքում և նրանց մէջ գտավ մի կենտրոնացած և նշանավոր քաղաքակրթութեան մնացորդներ, որոնց ամենանշանավոր արդիւնքներն էին այն մետաղեայ գօտեկապերը, որոնց հրատարակութեան հետ կապակցեց յետոյ (1895թ.) Րուդօլֆ Վիրխովն իր նշանավոր ակադէմիական աշխատութիւնը՝ Կովկասի քաղաքակրթական-պատմական դիրքի վերաբերմամբ։ Այս հոյակապ քաղաքակրթութեան առաջացնողները, Բէլքի ենթադրութեամբ, պէտք է լինէին Հայաստանի հնագոյն բնակիչները։ Եվ որովհետև Վիրխօվն էլ այդ խնդրի լուսաբանութեան համար առանձին հետաքրքրութիւն ցյոց տվեց, Բէլքը որոշեց լուծել այդ խնդիրը՝ «որոնելով այն վայրերը, որոնք ըստ ավանդութեան համարվում էին հայկական ամենահին ժողովրդի հնագոյն բնակավայրերը, որպէս զի այնտեղ գտնվող նախապատմական գերեզմանները բանալով և գտած իրերի համեմատութեամբ իր ենթադրութիւնը ստուգէ»։ Այդպիսի ամենահին տեղերը համարվում էին ամենից առաջ Վանայ լճի շրջակայքը, Վան քաղաքը, յետոյ Երևանի կողմերը՝ ռուսական Հայաստանում, մանավանդ «հայկական ամենահին արքայանիստ Արմավիր քաղաքը»։

Այդ ճանապարհորդութիւնն սկսելիս՝ Բէլքը դեռ ևս չէր շօշափել բևեռագիր արձանագրութիւնների հետազօտութիւնը և այդ պատճառով ոչ մի տեղեկութիւն չունէր նախահայկական բևեռագիր արձանագրութիւնների գոյութեան մասին. նա անտեղեակ լինելով Սէյսի այդ արձանագրութիւնների մշակման նիւթին վերաբերյալ աշխատութիւններին՝ անծանօթ էր նաև Ուրարտուի պետութեան և պատմութեան նկատմամբ եղած այն գիտական արդիւնքներին, որոնք ստացվել էին վերոյիշեալ և ասորական արձանագրութիւնների լուսաբանութիւնից: Նա արտագրեց բազմաթիվ խալդական բևեռագիր արձանագրութիւններ, որոնց մի մասը Շուլցի գտածներն էին, իսկ մեծ մասը բոլորովին նոր հանդիսացավ։ Սակայն նոյն իսկ արդէն յայտնի եղած արձանագրութիւնների պատճէնները արժէք ունէին, որովհետև դրանք ավելի ճիշտ դուրս եկան, քան Շուլցի պատճէնները։ Նրան յաջսղվել էր նոյնպէս՝ այնպիսի արձանագրութիւնների պէտքական պատճէններ վերցնել, որ Շուլցը անընթեռնլի էր համարել։ Այդ միջոցին արդէն Բէլքը Հայաստանում սկսել էր նախահայկական արձանագրութիւնների ընթերցման արդիւնքներին ծանօթանալ և երբ ես Րուդօլֆ Վիրխօվի շնորհիվ նրան ընկերացայ, նա արդէն կարողանում էր իր արտադրած արձանագրութիւնների մէջ եղած արքաների անունները ճշտութեամբ կարդալ։ Ավելի էականն այն էր, որ Բէլքը իր արտագրած արձանագրութիւնների տեղն ու դիրքը մեծ ճշտութեամբ դիտել և նշանակել էր: Եթէ դրանք, ինչպէս յաճախ պատահում էր, իրանց սկզբնական տեղերումն էին մնացել զետեղված կամ կանգնած, հեշտ էր լինում աձանագրութիւնների պարունակութեան և մօտերքը գտնված շէնքերի մէջ եղած մասին ցուցմունքներ մատ նանշել և գրվածքի միտքը հասկանալ։ Այս տեսակէտից հիմնական նշանակութիւն ունեցան մանավանդ Շամիրամի ջրանցքի (Շամիրամ սուի) և Րուզասի կոթողի արձանագրութիւնները։ Այդ հոյակապ ջրանցքի, որ առաջին անգամ մանրամասն նկարագրեց Բէլքը, դիմադիր պատի վրայ՝— և միայն այդ պատի վրայ՝— կան շատ արձանագրութիւններ, որոնց գլխավոր իմաստն է․ «Մենուասը»— հնագոյն խալդերի արքաներից ամենանշանավորը, որ ապրում էր 800 տարի Ք. առաջ— «հիմնարկեց այս պիլին». «Մենուաս պիլի է սրա անունը». այստեղից անհրաժեշտ կերպով պէտք էր եզրակացնել, որ պիլի նշանակում է ջրանցք կամ գուցէ դեռ այսօր էլ գոյութիւն ունեցող ջրանցքի պատը, որ իրապէս գլխավոր գործն է և որին յատկապէս հայոց մատենագիրները հիանալով «գետի ամբարտակ» են անվանում։

Երբէք չէր յաջողվի հասկանալ խալդերի թագավոր Րուզաս I-ի (վախճանվել է 714 թ. Ք. ա.) կոթողի արձանագրութեան—որ գտավ Բէլքը այս ճանապարհորդութեան միջոցին ― միտքը, եթէ Բէլքն առանձնապէս շեշտած չլինէր այն իրողութիւնը, որ այդ կոթողը գտնվում է մի արհեստական լճի մօտերքը, որ կոչվում է «Քեշիշ-գեօլ» (քահանայի լիճ). հավանականօրէն այդ լճի հիմնարկութեանն է վերաբերում արձանագրութիւնը: Բէլքի արձանագրութիւնները հրատարակելիս՝ այդ տեղեկութիւնների շնորհիվ ինձ յաջողվեց կարդալ վերոյիշեալ ջրանցքի և մանավանդ Րուզասի կոթողի արձանագրութիւնների գլխավոր կէտերը: Վերջին արձանագրութիւն-հրովարտակից երևաց, որ Րուզաս I ութերորդ դարում նորից հիմնարկել է խալդերի պետութեան մայրաքաղաք Տուսպա-Վանը, որ ավերել էր սուրբ Գրքի մէջ յիշված Տիգլատպիլեզէրը (IV) 735թ. Ք. ա.: Առաջավոր ասիական-եվրոպական քաղաքակրութեան շրջանին պատկանող և այժմ դեռ ևս մարդաբնակ մի ուրիշ քաղաք հազիվ թէ կարողանայ պարծենալ, որ ունի այդպիսի մի հին, Հռոմի ավանդական հիմնարկութեան թվին (754 թ. Ք. ա.) հասնող, արձանագրած բնագրող պահպանված՝ հիմնակէքի հրովարտակ:

Րուզասի կոթողի արձանագրութեան իմ ընթերցումն եղավ գլխավոր առիթն այն ճանապարհորդութեան ծրագրի, որի ընթացքն ու արդիւնքը նկարագրված է այս գրքում՝ անտարակոյս որոշ սահմանափակումներով:

Արդէն 1893 թ. դր. Բէլքն առաջարկեց ինձ, որ միասին ճանապարհորդենք Հայաստանում և սիստեմատիկ կերպով հետազօտելով՝ նախկին խալդերի պետութեան մաբողջ շրջանը, նոր արձանագրութիւններ որոնենք, իսկ առաջվայ գտածները տեղն ու տեղը համեմատենք: Ապագայ ուղեկիցս իր առաջին ճանապրհորդութեան ժամանակ զանազան տեղեկութիւններ էր ստացել սեպագիր արձանարգութիւնների գոյութեան մասին, բայց չէր որոշնել, որովհետև Եվրօպայից նրան սխալ տեղեկութիւն էին տվել՝ իբր թէ նախահայկական բոլոր բևեռագիր արձանագրութիւնները յայտնի էն արդէն:

Այսպիսով նոր արձանագրութիւններ գտնելու համար ապահով հիմք ունէինք. իսկ այդ հանգամանքը բավական էր՝ այսպիսի մի ձեռնարկութիւն արդարացնելու: Մնում էր միայն գտնել այն 29,000 մարկը, որ պէտք է ծախսվէր ութ ամսվայ ընթացքում տեղի ունենալիք էքսպեդիցիօնի ընթացքում: Այդ էլ յաջողվեց՝ գլխավորապէս Րուդօլֆ Վիրխովի ազդու հետաքրքրութեան և եռանդուն հոգացողութեան շնորհիվ. նա տվեց առաջին շօշափելի դրամական նպաստը. «Րուդօլֆ Վիրխով» - հիմնարկութեան գումարներից: Բացի բազմաթիվ մասնավոր անհատներից և իմ անձնական բարեկամներից՝ նպաստ տվին և հետևեալ գիտական ընկերությունները.― պրուսական գիտութեանց ճեմարանը, Գեօթինգէնի գիտոթեանց ընկերութիւնը, Համբուրգի աշխարհագրական ընկերութիւնը Համբուրգի Ավերհօֆ և Կէլլինգհուզէն հիմնարկութիւնները և վերջապէս նորին մեծութիւն գերմանական կայսրն՝ իր տրամադրութեան ներքոյ եղած ֆօնդից նվիրեց 6,000 մարկ:

Գիտութեանց ճեմարանի որոշած նպաստի մասին ինձ տեղեկութիւն տվող Թէօդօր Մոմզենը ի միջի այլոց գրում էր ինձ, որ այժմ կարող ենք ճանապարհ ընկնել «եթե պարոնայք քրդերը թույլ տան»:

Եվ իսկապէս մեր ձեռնարկութիւնը տարիներով ուշացավ՝ Հայաստանում տեղի ունեցող խռովութիւնների շնորհիվ և երբ ես 1898 թ. մայիսի 8-ին ճանապարհ ընկայ Բերլինից, դեռ ևս հաստատ չգիտէինք՝ թէ կարո՞ղ ենք մուտք գործել Տաճկահայաստան, որ մեր հետազօտութեան գլխավոր շրջանը պէտք է լինէր։ Այն ժամանակ չէր կարելի նոյնպէս նախատեսնել, որ ութ ամսվայ համար նախագծված ճանապարհորդութիւնը տարի ու կէս կտևէ՝ գտնված բևեռագիր արձանագրութիւնների շատութեան և աշխատանքի շրջանն ընդարձակվելու պատճառով։

Հայաստանում ճանապարհորդելու նպատակը չէր կարող լինել միմիայն՝ խալդական նոր արձանագրութիւննևր ժողովելը և արդէն յայտնի եղածների համեմատութիւնը։ Հայաստանի և սահմանակից երկրների մեծ մասի աշխարհագրութիւնը համարեա թէ հետազօտված չէր. բացի դրանից անհրաժեշտ էր տեղն ու տեղը հետազօտելով լուսաբանել մի ամբողջ շարք պատմական և պատմա-աշխարհագրական խնդիրներ։

Այս ճանապարհորդութեան նպատակն ամբողջովին գնահատելու և նկարագրութեան միջոցին կրկնութիւններից խուսափելու համար նպատակայարմար է այստեղ նախապէս մի համառoտ ակնարկ ձգել Հայաստան ի այժմեան դրութևան և պատմական զարգացման վրայ:

Հայաստանն այսօր մի միութիւն կազմող քաղաքական, գաղափար չէ. այդ երկրի մեծագոյն մասը պատկանում է ասիական Տաճկաստանին, իսկ փոքր մասերը՝ Ռուսաստանին և Պարսկաստանին։ Բնորոշ է, որ այս երեք հատվածներից իւրաքանչիւրն ունի մի նշանավոր ալպեան լիճ. ռուսական Հայաստանումն է Գեղումայ լիճը, պարսկական Հայաստանում՝ իր մեծութեամբ և խոշոր քանակութեամբ աղ պարունակող նշանավոր Ուրմիոյ լիճը, իսկ տաճկական Հայաստանում՝ նոյնպէս աղ պարունակող Վանայ լիճը, որ ամբողջ Տաճկաստանի արևելեան մասին բնորոշ կերպարանք է տալիս։ Վանայ լճի ջուրը, ինչպէս և Ուրմիոյ լճինը, չէ խմվում։ Այս երեք լճերի մակե- րևոյթները փոփոխութեան են ենթարկվում, այդ պատճաոով անհրաժեշտ էր հետազօտութիւնը:

Վանայ լճի արտաքին կերպարանքը Սիցիլիա կղզու նման է։ Լճի արևելեան ափի ոչ անմիջապէս հարավային մասումն է այժմեան Վան քաղաքը, մօտավորապէս Սիրակուզայի համապատասխան դիրքով։ Վանը մի Ժամանակ եղել է խալդերի պետութեան մայրաքաղաքը և յետոյ, ավելի ուշ, բուն հայկական թագավորների աթոռանիստը։

Ըստ նահանգների բաժանման՝ ռուսական Հայաստանը պատկանում է Կովկասի գեներալ նահանգապետութեան[2]) և յատկապէս Անդրկովկասեան Գանձակի նահանգին և մասամբ Թիֆլիսի[3]), մինչդեռ Կարսի, մեծ մասամբ նոյնպէս հայկական, շրջանը, որ 1877 թ. ռուս-տաճկական պատերազմից յետոյ Տաճկաստանից անցավ Ռուսաստանի ձեռքը, դեռ ևս զինվորական վարչութեան է ենթարկվում։

Պարսկական Հայաստանը կազմում է Ադերբէյջան — Հին (Մարաստան) Ատրպատականը—մեծ նահանգի արևելեան մասը:

Ասիական Տաճկաստանի նահանգներից ամբողջովին կամ մեծ մասամբ Հայաստանին են պատկանում Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Մամիւրէտ էլ Ազիզի (Խարբերդ) վիլայէթները։ Դրանց վրայ ավելանում են նաև Դիարբէքիրի և Մօսուլի մասերը։ Իւրաքանչիւր այսպիսի տաճկական նահանգ կառավարում է մի վալի (գեներալ նահանգապետ): Ամեն մի վիլայէթ բաժանվում է շատ լիվաների կամ սանջակների, որոնց կառավարիչներն են միւթէսարիֆները, լիվաներն էլ իրանց կարգին բաժանվում են կազաների և կառավարվում գայմա-գամների ձեռքով։ Սակայն կան և այնպիսի կազաներ, որ անմիջապէս վալիի իշխանութեան ներքոյ են գտնվում։ Բացի դրանից այն կազան, որտեղ գտնվում է վիլայէթի կամ լիվայի գլխավոր քաղաքը, սովորաբար կառավարում է անմիջապէս վալին կամ միւթէսարիֆը։ Կազայի ստորաբաժանումներն են նահիէները (շրջանները), որոնց գլուխ են կանգնած միւդիրները։ Տաճկական քաղաքներն ունին մի մի քաղաքագլուխ և բաժանվում են աոանձին-առանձին թաղամասերի—մահալ կոչվածները—իսկ գիւղական համայնքների գլուխ են կանգնած, իբրև գիւղական տանուտէրեր, մուխտարները։

Մեզ համար սովորական դարձած «Արմենիէն» (Հայաստան) անունը աոաջին անգամ պատահում ենք վեցերորդ (Ք. ա.) դարում՝ Դարեհ Վշտասպի հին պարսկական բևեռագիր արձանագրութիւնների մէջ։ Գլխավորապէս հնդգերմանական, բայց արդէն ոչ արիական, փոքրասիական, տարրերով խառնված հայ ժողովուրդը գաղթել է՝ այնուհետև իր անունով կոչվող երկիրը, ամենավաղը ևօթներորդ, բայց հաւանականօրէն վեցերորդ, դարի ընթացքում Քրիստոսից առաջ։ Հայերն իրանց արմենիէր չեն անվանում, այլ հայեր (եզակի հայ)։

Մեզ յայտնի, հին ասորական արքայական արձանագրութիւնների շնորհիվ աղօտ կերպով լուսաբանված հնագոյն ժամանակի ընթացքում՝ վերջը Հայաստան անունը ստացող երկրում գտնվում էին Նայիրի ազգերը, որոնք բնակվում էին իրար կողքի և թոյլ կապերով մի պետութիւն էին կազմում։ Այդ ազգերի հետ ամենից առաջ, ըստ մեր գիտութեան, պատերազմեցին՝ Սալմանասար I 1320 թ. Ք. ա. և դրա որդի Թուկուլտի-Նինիբ I — երկուսն էլ Ասորեստանի զօրեղագոյն թագավորներից են։—Միևնոյնը կարելի է ասել Թկլատպիլեզէր I (1000 թ. քիչ առաջ, իսկ ըստ ոմանց՝ մի դար առաջ) վերաբերմամբ։ Նայիրի ազգերը հավանօրէն սերտ կապով միանալով՝ մի պետութիւն կազմեցին Լուտիպրիսի որդի Սարդուր I-ի իշխանութեան ժամանակ, որ ի միջի այլոց թողել է նաև Վանում իր՝ դեռ ևս ասորական լեզվով կազմված արձանագրութիւնները, որոնք յայտնի դարձան Շուլցի և Լայարդի շնոր հիվ։ Այս Նայիրի պետութիւնը ծաղկման շրջանին էր հասել, ըստ երևոյթին, Ասորեստանի արքայ Ասուրնասիրբալ III-ի ժամանակ (885 թ. մինչև 860 թ. Ք. ա.), որի տարեգրութիւնները, չնայելով իրանց մէջ պարունակած անձնագովութիւններին, ցոյց են տալիս, որ Նայիրի ազզերը, մասամբ միանալով արևմուտքից Միջագետք դիմող սեմական ուրիշ ցեղերի հետ, զգալի կերպով առաջ էին գնացել դէպի հարավ, նվաճելով նախկին ասորական երկիրները ո՛չ թէ միայն Սալմանասար I ժամանակները, այլ և նոյն իսկ Ասուրնասիրբալ III-ի թագավորութեան օրերում։ Հիւսիսի հետ ունեցած յարաբերութեան և այնտեղ ձեռնարկած պատերազմական արշավանքների վերաբերմամբ բազմաթիվ էական և լասաբանութեան կարօտ կէտեր են պարունակում հէնց Ասուրնասիրբալ III-ի տարեգրււթիւնները։

Ասուրնասիրաբալ III-ի որդի Սալմանար II-ի թագավորութեան ժամանակ 860 թ․ մինչև 826թ․ Ք․ ա․ խալդերի կամ Ուրարտացիների ցեղը իշխող հանդիսացավ՝ Արամի առաջներդութեամբ, որին հայոց առասպելական ավանդութիւնը համարում է հնագոյն հերոսներից և տիրապետողներից մէկը։ Մեր էքսպեդիցիօնի ձեռնարկութեան սկզբում դեռ ևս Խալդերի Հայաստան գաղթելու ելակէտը չէր պարզված ու հասունացած՝ որոշ վճիռ կայացնելու համար։ Ասուրնասիրբալ III-ի ցուցամոլ արձանագրութիւններից մի վարիանտի մէջ մէկ անգամ արամայեցիների հետ յիշվում է Ուրարտուն։

Սալմանասարի վարած պատերազմները Արամի և նրա որդի Սեդուր-Սարդուրի դէմ՝ շատ քիչ յաջողութիւն ունեցան։ Թէ արդէօք այս Սարդուրը Արամի որդին է, թէ նոյն անձնավորութիւնը, որ Լուտիպրիսի որդին է հանդիսանում,— որ ավելի քիչ հավանականութիւն ունի—մինչև այսօր անորոշ է մնացել։ Արամի յաջորդ Սարդուրի որդի Իսպուինիսի ժամանակ խալդերը հաստատվում են Վանում և Իսպուինիսը ժամանակից առաջ իրան գահակից է դարձնում իր հզօր որդի Մէնուասին, որ պէտք է նկատվի խալդական պետութեան իսկական հիմնադիրը։ Մէնուասը, որ թէ պատերազմի և թէ խաղաղութեան միջոցին շատ նշանավոր տիրապետող հանդիսացավ, Ասորեստանի Ադադ-Նիրարիս IV արքայի ժամանակակիցն ու հակառակորդն էր։ Ադադ-Նիրարիսն ամուսնանալով բաբելական իշխանուհիներից մեկի, պատմական Շամիրամի հետ՝ իր ասորական թագավորութեանը միացրեց նաև Բաբելաստանի իշխանութիւնը։

Մէնուասի և Սամուրամատի ամուսնու իշխանութեան ժամանակ՝ Ասորեստանն և Ուրարտու-Խալդիան հավասարակշռութիւն էին պահպանում։ Մէնուասի որդի Արգիստիս I-ի ժամանակ խալդերը գերակշռութիուն ձեռք բերին առաջավոր Ասիայում։ Արգիստիսի իշխանութիւնը ժառանգեց նրա որդի Սարդուր II (III), որին յաղթեց սբ․ գրքի Տիգլատպիելեզէր IV-ը (745-727 թ․ Ք․ ա․)։ Ասորեստանցիները ներս խուժեցին մինչը Վանի ամրոցի ոտորոտը և կործանեցին ամրոցաժայռից 5 կիլօմետր հեռու գտնվող Մէնուասի հիմնած և Շամիրամ սուի շնորհիւ ոռոգվող Վան քաղաքը։ Այդ դէպքից յետոյ աստուծու և արքայի աթոռանիստը դարձավ Վանի մօտ եղած Թոփրաքկալէ բլուրը, որի ստորոտին անմիջաէս կից, լավ պաշտանելու նպատակով, Տուսպա նոր քաղաքը հիմնեց, ինչպէս արդէն յիշել ենք, Սարդուրի որդի Ռոզաս I-ը, որ Ասորեստանի Սարգոն II արքայի (722—708 թ. Ք. ա.) անխոնջ ախոյեանն էր։ Ռուզաս I մեռավ 714 թ. Ք. ա։ Ըստ Սարգոնի տեղեկութիւնների՝ Ռուզասն անձնասպան եղավ։ Ռուզասի որդի Արգիստիս II-ի անունը յիշում է Ասորեստանի արքայ Սանհէրիբը (705—681 թ. Ք. ա.)։

Խալդիայի վերջին տիրապետողների անձնավորութեան ու ժամանակագրութեան, ինչպէս նաև այդ պետութեան վախճանի հանգամանքները դեո ևս մութն էին և լուսաբանութեան կարօտ։ Ասորեստանի Ասուրարհադոն (681—668 թ. Ք. ա.) և Ասուրբանաբալ (668— 626 թ. Ք. ա.) արքաների արձանագրութիւններից մասամբ յայտնի էին Ռուզաս անունը կրող երկու թագավորներ, որոնցից մէկը Էրիմենասի որդին է, միւսը Սարդուր III-ի (VI), բայց յայտնի չէր դրանց յաջորդականութիւնը և ժամանակագրական կապակցութիւնը։ Հնդ֊գերմանական գաղթականութեան փոթորիկների միջոցին կործանվեցին՝ ինչպէս Նենուէի (607 թ. Ք․ ա․), այնպէս էլ խալդական պետութիւնները։ Այդ գործում էական դեր խաղացին կիմէրները, որոնք հավանօրէն Թրակիայից էին կամ թէ թրակիացիներին և իրանացիներին կապակցող մի ժողովուրդ, որ Կովկասի վրայով ներս խուժեց Ասիա։ Լուսաբանութեան կարօտ էին―և դեռ այսօր էլ կարոտ են―լիդիացիների և մարաստանցիների իրար դէմ մղած կռիւները՝ Ուրարտու երկրի համար և համարեա նոյնաժամանակ տեղի ունեցած հայերի գաղթի հանգամանքները։

Այնուհետև Հայաստանը պատկանելով պարսից Աքիմենեան պետութեանը՝ կազմում էր երկու սատրապութեան բաղկացուցիչ մասը և Կունաքսայի ճակատամարտից յետոյ (401 թ. Ք. ա. աշնանը) դարձավ՝ տասը հազար յոյն վարձկան զորքերի նահանջի միջոցին տեղի ունեցած կռիվների գլխավոր հանդիսավայրը։ Յոյն վարձկան զորքերը, Սպարտայի թոյլտվութեամբ, օգնեցին Կիւրոս Կրտսերին ապստամբելու և կռիվ մղելու իր եղբայր Արտաքսէրքսէս II մեծ արքայի դէմ։ Տասնեակ տարիների ընթացքում յաճախ փորձեր են եղել ճշտութեամբ որոշելու այդ նահանջի ճանապարհը, ինչպէս որ նկարագրել է Քսենօֆօնը «Անաբազիս»֊ում, սակայն բավարար լուծումն չէ ստացել այդ խնդիրը՝ ճանապարհի մի շարք գլխավոր կէտերի վերաբերմամբ։ Երբ պարսից պետութիւնը կործանվեց Աղէքսանդր Մեծի ձեռքով, Հայաստանը մնաց անկախ և դիադոքների ու էպիգոնների կռիվների մէջ էլ, ինչպէս երևում է, միայն երկրորդական դեր է խաղացել։ Ասորիքը և համարեա ամբողջ Առաջավոր-Ասիան տիրապետող Սելևկեաններից էլ Հայաստանը միայն անվանական կախումն ունէր, որ արտայայտվում էր հարկատվութեամբ։

Միայն Անտիոքոս III-ի իշխանութեան ժամանակ Քսէրքսէս անունով մի բնիկ տեղացի իշխանի յաղթվելով՝ Հայաստանը դարձավ հպատակ երկիր, բաժանվեց երկու մասի և բնիկ տեղացի իշխանները ստորագրվեցին՝ կարգուելով իբրև սատրապ կամ ստրատէգ։ Արևելեան մեծագոյն մասը, իսկական Հայաստանը, ստացավ Արտաքսիասը[4], իսկ Եփրատից դէպի արևմուտք գտնվող շրջանը, Սօֆևնէն[5] և շրջակայ երկրները ստացավ Զարիագրէսը։ Սակայն երբ Անտիոքոս III յաղթվելով հռոմայեցիներից՝ ստիպվեց խաղաղութիւն կնքել (188 թ. Ք․ա․), այդ երկու սատրապներն էլ իրանց անկախ յայտարարեցին. այնուհետև գոյութիւն են ստանում երկու ինքնուրոյն պետությիւններ՝ Հայաստան և Սոֆենէ , որ կառավարվում են Արտաքսիասի և Զարիագրէսի սերունդների ձեռքով։

Արտաքսիասը իր պետութեան հիւսիսային մասում, Կասպից ծովը թափվող Արաքս մեծ գետի շրջանում, հիմնեց Արտաքսատա[6] մայրաքաղաքը, որի տեղը առանձնապէս բարեյաջող համարելով մատնացոյց է արել, ինչպէս ասում են, հռոմայեցիներից փախուստ տվող Կարթագէնի մեծ զորավար Հաննիբալը։

Հայաստանի և Սօֆենէի անջատման միջոցին կարող էր ազդեցութիւն ունենալ Պարթևների օրինակը, որոնք արդէն Անտիոքոս III-ի թագավորութեան սկզբում Սելևկեան պետութիւնից անջատվել և մի նոր իրանական պետութիւն էին հիմնել՝ Արշակունեաց թագավորական տոհմի առաջնորդութեամբ։ Պարթևների պետութեան գոյութիւնը Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական զարգացման համար՝ մեծ և ճակատագրական նշանակութիւն ունեցավ։

Այնուհետև դէպքերն այնպէս տարօրինակ կերպով դասավորվեցին, որ Սելևկեան տիրապետութեան քայքայման ժամանակ՝ Արտաքսիասի ընտանիքին պատկանող մի հայ իշխան Սելևկեան տիրապետութեան ժառանգը դարձավ Առաջավոր Ասիայում. դա Տիգրանն էր, որի թագավորութիւնը Հայաստանի ազգային ծաղկման գագաթնակէտը կազմեց:

Տիգրանն իր պատանեկութեան օրերում իբրև պատանդ պարթևների գերին լինելով, յետոյ ոչ միայն խլեց նրանց ձեռքն ընկած Հայաստանի մասերը, այլև յաջող պատերազմներից յետոյ տիրապետեց նաև Սօֆենէն, Կապադովկիան և հպատակեցրեց այն փոքրիկ պետութիւնները, որոնք կազմվել էին Հայաստանի և Պարթևների պետութեան սահմանների միջև—Կորդիենէն[7], Ադիաբենէն, Ատրօպատտենէն[8]։― Վերջապէս Տիգրանը, Հռոմայեցիների զօրեղ թշնամի Միհրդատ Պօնտացու կնոջ եղբայրը, տիրեց (83 թ. Ք. ա.) այն բոլոր երկիրները, որոնց մինչ այդ ժամանակ պատկանում էին Սելևկեաններին, որոնց վերջին իշխանները միմեանց ոչնչացնում էին՝ անհաշտ, մի քանի սերունդ տևող, եղբայրասպան պատերազմներով։ Այդ միջոցին Հրէաստանը նոյնպէս գտնվում էր հայերի գերիշխանութեան ներքոյ։ Այսպիսով Տիգրանի ժամանակ Հայաստանը նորից ձեռք բերեց այն ընդարձակութիւնն ու հզօրութիւնը, որ երբեմն ունեցել էր ուրարտեան խալդերի տիրապետութեան ժամանակ և գերազանցեց։

Սակայն այդ փառքը կարճատև եղավ։ Տիգրանը 69 թ, Ք. ա. իբրև հռոմայեցիներից հալածված և իր մօտ ապավինած ՄիՀրդատի դաշնակից՝ յարձակման ենթարկվեց հռոմայեցիների կողմից և մեծ ջարդ կրեց նրանց զօրավար Լուկուլլոսից՝ իր նոր հիմնած Տիգրանակերտ քաղաքի մօտ։ Թէև Լուկուլլոսին չյաջողվեց Արտաքսատան էլ գրավել, րայց իրերի զարգացման ընթացքն այն հետևանքն ունեցավ, որ Տիգրանը երկու տարի յետոյ ստիպված եղավ իր անձն ու պետութիւնը հռոմայեցի Պոմպէոս զորավարի տրամադրութեան տակ դնել։ Թէև Հայաստանը Տիգրանի ձեռքը մնաց, սակայն նա ստիպվեց իր գրաված բոլոր երկիրները վերադարձնել և հսկայական պատերազմական տուգանք վճարել։ Այնուհետև Տիգրանը թէև «Հռոմէական ազգի բարեկամն ու դաշնակիցն» էր կոչվում, բայց իրապէս ոչ այլ ինչ էր, եթէ ոչ հռոմայեցիների վասսալը։ Այդ օրից սկսած Հայաստանը, ամբողջ հին դարերի ընթացքում, մնաց իբրեվ հռոմայացիների եվ պարթեվների վեճի առարկայ եղած, պաշտպանված պետութիւն։ Հոոմայեցիների ու պարթևների միմեանց դէմ վարած անընդհատ պատերազմների միջոցին Տիգրանի անունը կրող Տիգրանակերտ քաղաքը շատ անգամ մեծ դեր է խաղացել:

Հին դարերի պատմական աշխարհագրութեան ամենավիճելի խնդիրներից մէկն էր Տիգրանակերտի տեղի որոշումը, այդ պատճառով էլ մեր էքսպեդիցիոնի համար շատ գրավիչ բան էր այդ խնդրի լուծմանը նպաստելու ցանկութիւնը, սակայն հարկավ չէինք կարող նախատեսել, որ այդ խնդրի վերջնական լուծումը պէտք է մեզ վիճակվէր։

Եփրատից դէպի արևմուտք գտնվող և Փոքր Հայք կոչված երկիրն արդէն Պոմպէոսը― փոքրասիական յարաբերութիւնները կանոնավորելու ժամանակ—համարում է Հռոմից կախումն ունեցող պաշտանված պետութիւն և Վեսպասիանի իշխանութեան միջոցին միացել է հռոմէական պետութեանը, իբրև Կապադովկիա գավառի բաղկացուցիչ մասը։

Մեծ Հայաստանի հետագայ պատմութեան համար շատ մեծ նշանակութիւն ունեցավ Ներոն կայսրի ժամանակ տեղի ունեցած դինաստիայի փոփոխութիւնը։ Այդ ժամանակ հռոմայեցիներից հովանավորված և Արտաքսիասի տոհմից սերած Տիգրանը յաղթվեց պարթևների Արշակունի թագավոր Վոլոգեղէսից: Թեև հռոմայեցի զորավար Կորբուլօն յաղթեց պարթևներին, բայց և այնպէս հռոմայեցիները ձեռք վերցրին Տիգրանից և Վոլոգեղէսի եղբայր Տրդատին կարգեցին Հայաստանի թագավոր՝ Հռոմայեցոց գերիշխանութեան ներքոյ։

Այսպիսով Հայաստանի տիրապետութիւնն անցավ Արշակունեաց տոհմին, որ շատ ավելի երկարատև եղավ, քան պարսկական Արշակունիների իշխանութիւնը: Երբ 226 թ. Ք. յ. Պարսկաստանում Արշակունիները գահազուրկ լինելով տեղի տվին Սասանեան նոր իշխանական տոհմին, Հայաստանում շարունակվեց Արշակունիների տիրապետութիւնը. հայ Արշակունիներն իբրև ազգակից պարսից գահազուրկ, իշխողների՝ բնականապես մահացու թշնամի էին Սասանեան մեծ արքաներին։ Արդէն 238 թ. հայոց Արշակունի Խոսրով թագավորը սպանվեց պարսիկների դրդմամբ։ Այդ դէպքից հետո տեղի ունեցած խառնաշփոթութեան միջոցին պարսիկներին յաջողվեց տիրել Հայաստանը ժամանակավորապէս և հայերին ստիպել ընդունելու նրանց ատած Որմզդի կրօնը, մինչդեռ հայերը մինչև այն ժամանակ իրանց սեփական հեթանոսական կրօնն ունէին― թէև այդ կրօնն էլ ազատ չէր իրանական խառնուրդից։ Սակայն պարսիկները կարճ ժամանակից յետոյ ջարդ կրեցին Պալմիրայի տիրապետող ոՀռդնաանՕիաւեոա իմշցնկդտոսից և Խոսրովի որդի Տրդատին, որ հռոմայեցոց երկիրն էր փախել, յաջողվեց վերականգնել իր թագավորութիւնը։ Այնուհետև Տրդատը կանգուն պահեց իր պետութիւնը, հռոմայեցոց հետ սերտ բարեկամական կապ հաստատելով, և անընդհատ կռիվ մղեց պարսիկների դէմ։

Հայաստանում ազգային շարժումից ավելի նշանավոր հանդիսացավ կրօնականը, երբ քրիստոնէութիւնը տարածվեց Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և դարձավ պետական կրօն այդ երկրում։

Ըստ ավանդութեան՝ Գրիգորն եղել է Խոսրովին սպանող Անակի որդին. թէ որքան ճիշտ է այդ՝ մի կողմն ենք թողնում։ «Յամենայն դէպս նա, ինչպէս և բազմաթիվ հայ իշխաններն ու մեծամեծները, պարսիկների տիրապետութեան ժամանակ Հայաստանից փախել է հռոմայեցոց երկիրը և Կեսարիայում՝ Կապադովկիայում գտնվող այս քաղաքը առանձին նշանակութիւն ունի հայոց պատմութեան համար՝ հայերի Հայաստան գաղթելու խնդրի նկատմամբ) քրիստոնէական ու յունական կրթութիւն ստացել. այս հանգամանքը շատ մեծ նշանակութիւն ունեցավ Հայաստանի ամբողջ կրօնական և քաղաքակրթական զարգացման համար»։

Հայոց պետութիւնը կրկին գրավելու և վերանորոգելու գործում Գրիգորը եռանդուն օժանդակութիւն ցոյց տվեց Տրդատ թագավորին։ Սակայն պետութեան վերակազմութեան հետ կապակցված էր նաև հայոց ազգային կրօնի վերականգնելը, որ յետ էր մղվել պարսից կրակապաշտութեան ստիպմունքից։ Տրդատի կարգադրութեամբ մեծ շքով կատարվող ազգային տօնի ժամանակ՝ Գրիգորը մերժեց ծաղկեայ պսակներ զոհել մեծ դիցուհի Անահտի խորանի առաջ և յայտնեց իր քրիստոնեա լինելը։

Զայրացած թագավորը, ինչպէս ասում են, սարսափելի տանջանքների երթարկեց նրան, ըստ ավանդութեան՝ Գրիգորն իբրև թէ 13 տարի մնացել է մի վիրապի մէջ և ապրել՝ ծածուկ քրիստոնէութիւն դավանող մի կնոջ տված կերակրի շնորհիվ։ Վերջապէս թագավորը մի հրաշքով քրիստոնեայ է մկրտվում և այնուհետև Գրիգորի հետ միատեղ ձեռնարկում ամբողջ երկրի քրիստոնէացման գործը։

Այսպիսով Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ քրիստոնէութիւնը պետական կրօն դարձավ. մի մարդու կեանքի չափ տարիներ անցնելուց յետոյ միայն՝ Կոնստանդին Մեծը, Մաքսէնտիոսին յաղթելուց յետոյ, քրիստոնէութիւնը դասեց հռոմէական տէրութեան մէջ ընդունված պետական պաշտամունքների շարքը։ Հայաստանում, ընդհակառակը, քրիստոնէութիւնն իբրև ազգային կրօն՝ պէտք է փախարինէր մինչև այդ միաժամանակ պաշտած կրօնին։ Այս, իշխանութիւնից ստիպողաբար հրամայված, դարձի միջոցին—ինչպէս որ առհասարակ լինում է կրօնների այդպիսի փոփոխութեան ժամանակ—ժողովրդին պէտք էր դիւրութիւններ տալ՝ պահպանելով նախկին պաշտաման վայրերը և սիրելի դարձած հին սովորույթները։ Հայաստանում, առանց որոնելու, շատ անգամ եմ նկատել այդ երևույթի ազդեցութեան հետևանքները։

Հայաստանի ամենամեծ շքով տօնվող սրբութիւնը գտնվում էր Տարօնի Աշտիշատում—Տակիտոսի՝ regio Tauranitiun—այժմեան Մուշի գավառում և նվիրված էր Վահագն, Անահիտ ու Աստղիկ աստվածներին։ Դրանց երեք տաճարները կործանվեցին, սակայն դրանց տեղը կառուցվեց քրիստոնէական եկեղեցի—բոլոր հայոց եկեղեցիների մայր տաճարը—հավանօրեն հէնց այն վայրում, որտեղ այժմ կանգնած է սուրբ Կարապետ հռչակավոր վանքը։

Աշտիշատում էր գտնվում նաև հայոց եկեղեցու հոգևոր պետի, կաթողիկոսի, գահը․ առաջին կաթողիկոսն եղավ Գրիգորը՝ Կեսարիայի արքեպիսկոպոսի ձեռքով օծումն ստանալուց յետոյ, իսկ այնուհետև կաթողիկոսութիւնը մնաց Գրիգորի ընտանիքի ժառանգութիւնը։

Հայոց կաթողիկոսութիւնը—որ կարելի է համեմատել (ըստ․ պրօֆ․ Գելցէրի) հրէական քահանայապետութեան հետ ավելի զօրեղ և հաստատուն հանդիսացավ, քան թագավորութիւնը և հէնց այսօր էլ միայն դրանով է արտահայտվում հայ ազգի նախկին միութիւնը։ Սակայն կաթողիկոսն այլ ևս Աշտիշատում չէ գահակալում, այլ Էջմիածնում, որ այժմ գտնվում է ռուսական Հայաստանում։ Անտօնիոս Պիոսի ժամանակ, 163թ․ Ք․ յ․, երբ Հռոմայեցի զօրավար Պրիսկոսը կործանեց հայոց մայրաքաղաք Արտաշատը։ Արաքսի հարթավայրում հիմնեց մի նոր քաղաք, որ սկզբում կոչվում էր հէնց նոր-քաղաք, յետոյ մեծ մասամբ Վաղարշապատ, իսկ այսօր՝ Էջմիածին։ Այս նոր մայրաքաղաքը և արքայանիստը չորրորդ դարից սկսած նաև եկեղեցական ասպարէզում յետ մղեց Աշտիշատը։ Վաղարշապատում կայացավ նոյնպէս հայոց եկեղեցու առանձնացման համար վճռական նշանակութիւն ունեցած եկեղեցական ժողովը (491 թ․ Ք․ յ․) որով հայերը վերջնականապէս ընդունեցին Քրիստոսի բնութեան լիակատար միութեան դավանանքը և այդպիսով հակասեցին յոյն եկեղեցու համար կանոն դարձած Քաղկեդոնի հայրապետական ժողովի (451 թ. Ք. յ.) դավանանքին, որով Քրիստոսի մէջ անբաժան կերպով միացած էին համարվում երկու բնութիւն՝ մարդկային և աստվածային։ Այժմ Վաղարշապատ-Էջմիածինն իր եկեղեցիներով ու վանքերով, իբրև կաթողիկոսի աթոռանիստ, հայոց ազգի մտավոր մայրաքաղաքն է. այդտեղ է գտնվում Հայաստանի բարձրագոյն դպրոց―ճեմարանը։ Տրդատը պարսից կրօնի դէմ քրիստոնէութեան վարած կովով՝ մի նոր հիմք և զօրեղ ազդանշան (լօզունգ) ստեղծեց Արշակունեաց տոհմի համար, որ Պարսկաստանում տեղի ունեցած դինաստիայի փոփոխութեան շնորհիվ՝ զրկվել էր իր նեցուկից։ Հռոմայեցիների օգնութեամբ տեղի ունեցած հայոց ազգային թագավորաթեան վերակազմվելը առիթ տվեց Պարսկաստանի Սասունեան տոհմի արքայ Նարզէհին պատերազմ հրատարակելու Հռոմի դէմ. սակայն Դիոկղետիանոս ցեզար Գալերիոսից յաղթվելով, Նարզէհը ստիպվեց հաղթութիւն խնդրել, որի հետևանքը վերին աստիճանի նպաստավոր եղավ Հռոմի համար։ Հայաստանը դրվեց Հռոմի պաշտպանութեան ներքոյ։ Տիգրիսի վերին հոսանքը պէտք է կազմէր այնուհետև պարսից սահմանը, բայց այն պայմանով, որ հռոմայեցիների ձեռքը պէտք է անցնէին դրանից դուրս գտնվող մի քանի հայկական և պարսկական սահմանաշրջանները արևմտեան կողմից Ինգիլենէն[9] և Սօֆենէն, արևելեան կողմից՝ Արսանենէն[10], Կորդվաց և Մոկաց երկրները, ինչպէս նաև Միջագետքի դաշտավայր Զաբդիկենէն[11]․ «այդ մասը մի լեռնոտ առաջավոր երկիր է, որ լեզվակի ձևով տարածված էր Հայաստանի և Միջադետքի միջև մինչև Ասորեստան և այն յատկութիւն ունէր, որ կարող էր՝ թէ սպառնալ Պարսկաստանին և թէ հռոմէական սահմանը պաշտպանել»։

Սակայն այս սահմանակից երկիրները հռոմայեցիների օրինական գավառական վարչությիւներին չստորագրվեցին, այլ թույլ տրվեց, որ դրանք կառավարվեն արդէն եղած, բնիկների համար սովորական դարձած, վարչական ձևով։ Այդ երկիրներն, իբրև հոոմէական պետութեան սատրապութիւններ, հռոմայեցիների վարչութեան մի ինքնուրոյն և տարօրինակ ձևը կազմեցին: Հայաստանը հէնց սկզբից շատ թոյլ կերպով կապակցված ավատական պետութեան պատկեր էր ներկայացնում, որ կարելի է համեմատել շօտական տոհմական պետական կազմի հետ։ Երկիրը բարձր լեռներով պարփակված, յաճախ վերին աստիճանի արգավանդ, բազմաթիւ հարթավայրերից բազ կացած լինելով, իր բնութեան համապատասխան՝ բաժանված էր մեծ և փոքր, ցեղական տարբերութիւններով և բարբառներով միմեանցից անջատված, շատ գավառների։ Այդ գավառների գլխավորներն էին հնաբնակ, ընդարձակ կալվածների տէր, զօրեղ ժառանգական տոհմական իշխանները և ցեղապետները, որոնք իրանց շրջաններում իշխում էին համարեա անկախ և անսահմանափակ կերպով։ Քաղաքական իշխանութիւնն իրապէս ավելի այս մեծ ազնվական տոհմերի ձեռքումն էր, քան թէ մեծ մասամբ դրանցից կախումն ունեցող թագավորի, խնայելով որ հայ թագավորները պարսից տիրապետողներին նմանվելով՝ իրանց մեծ արքայ էին կոչում։ Հայաստանի արտաքին թուլութիւնը և ներքին յաճախակի խառնաշփոթութիւնները բացատրվում են ահա այդ տոհմական վարչութեամբ, ինչպէս որ ճիշտ նկատել է Կ. Գիւտէրբօկը, որից և օգտվում ենք այստեղ։ Պէտք է ենթադրել, որ խալդերի ժամանակն էլ նոյնը պիտի լինէր, միայն թէ այդ միջոցին պետութեան կայունութիւնը պահպանվել է, ըստ երևոյթին, աստվածապետական կենտրոնացման և իշխողների եռանդի շնորհիվ։ Վերոյիշեալ տոհմական իշխանների տեղական զանազան անունները յոյներն ու հռոմայեցիք արտայայտել են սատրապ բառով․ ահա այդպիսի սատրապների ձեռքը մնացին, 297 թ. կնքված հաշտութեամր, հռոմայեցիներին զիջած երկիրները։ Դէոկղեռեան խաղաղութիւնը տևեց քառասուն տարի։ Սակայն Նարզէհի թոռը, զօրեղ Շապուր[12] II (306―379 թ. Ք. յ.) աշխատեց իր նախնիքների՝ հռոմայեցիներից կրած նախատինքը ջնջել։ Շապուրի սկսած պատերազմն անընդհատ շարունակվեց Կոնստանդին Մեծի որդոց կառավարութեան ժամանակ և Յուլիանոս Ուրացող կայսրի փայլուն կերպով սկսած պատերազմը, շատ դժբախտ ընթացք ստացավ, որովհետև հակառակ կողմի ոյժը բանի տեղ չդրվեց և ըստ երևոյթին ռազմական սխալմունքներ տեղի ունեցան. կռիվներից մէկում Յուլիանոսը սպանվեց և այդպիսով պատերազմը ճակատագրական ընթացք ունեցավ հռոմայեցիների համար։ Պատերազմից նահանջող հռոմէական գօրքերի նեղ գրութիւնը ստիպեց Յուլիանոսի յաջորդ Յովիանոս կայսրին մի արտաքոյ կարգի անպատվաբեր հաշտութիւն կնքել պարսիկների հետ։ Պարսիկներին յետ պէտք է տրվէր Գիոկղետիանոսի ժամանակ հոոմայեցիների ձեռք բերած սահմանակից երկիրների մեծ մասը,― մինչև իսկ Ինգիլենէն և Սօֆենէն։ Հրամայեցիք ստիպված էին նաև ձեռք վերցնել Հայաստանից և նրա թագավոր Արշակ Ш֊ից, որ թէև իրանց գահակիցն էր, սակայն նրա հավատարմութիւնը յամենայն դէպս շատ կասկածելի բնավորութիւն ունէր։ Արշակին կուրացրին, արծաթեայ կապանքներով շղթայեցին և «Մոռացութեան-ամրոցում» բանտարկեցին, որտեղ նա մի յանի տարի յետոյ, իր որդի Պապի թագավորութեան ժամանակ, ինքնասպան եղավ։ Շապուրը կատաղութեամբ կրակի ու սրի մատնեց Հայաստանը և բազմաթիվ քրիստոնեաներ չկամենալով նրա կարգագրութեան համաձայն զրադաշտական կրոնն ընդունել՝ մարտիրոսական մահով մեռան։ Արքայազն Պապը, որ Հոոմի հովանավորութեան տակ էր գտնվում, Վաղէս կայսրի համաձայնութեամբ՝ հայոց մեծամեծներից թագավոր ընտրվեց մօտ 369 թ. Ք․ յ․ (Ամիանոս Մարկելինոս XXVII, 12, 9)։ Վաղէսն ուզում էը, Յուլիանոսի կնքած հաշտութեան ծանր սխալները կրկին ուղղեր Հայաստանում Արշակունեաց տոհմի այս կրկին վերականգման խնդրում մեծ մասնակցութիւն ունեցավ Ներսէս կաթողիկոսը, հայոց ևրկրի քրիստոնէութեան երկրորդ մեծ պաշտպանը։ Սա էր Պապին քրիստոնէական օծումն տվողը։ Բայց որովհետև Պապը ամեն տեսակէտից անվայել կեանք էր վարում, շուտով տարաձայնութիւններ սկսվեցին այդ երկուսի մէջ, որի հետևանքն այն եղավ, որ Պապ թագավորը կաթողիկոսին անձամբ սպանեց։ Նա իր ձեռքով, ըստ երևոյթին իբրև հաշտութեան նշան, առաջարկեց կաթողիկոսին թունավորված ըմպելիք, որից անմիջապէս մահացավ Ներսէս Մեծը։

«Պետութեան վերջին լավ շրջանն եղավ ազնվականների պարագլուխ կղերական Մանուէլ Մամիկոնեանի իշխանապետութիւնը», որովհետև 387 թ. Ք. յ. Թէոդոս Մեծ կայսրը Հայաստանը բաժանելով երկու մասի՝ մէկ մասին ինքը տիրացավ, իսկ միւս մասը տվեց պարսից թագավոր Շապուր III-ին։ Երկրի արևելեան մեծ բաժինը, որ ամբողջի համարեա չորս հինգերորդական մասն էր կազմում, պարսից գերիշխանութեան տակ ընկավ, այն ինչ արևմտեան փոքր բաժինը, Կարին (Թէոդոսուպօլիս, այժմեան Էրզրումը) գլխավոր քաղաքով ճանաչվեց իբրև հռոմէական ազդեցութեան տակ գտնվող երկիր: Այս բոլորը տեղի ունեցավ, երբ արդէն պարսիկներն ու հռոմայեցիք ուղղակի գրավել էին Հայաստանի որոշ մասերը:

Երկու մասերումն էլ սկզբում Արշկունի անվանական թագավորներ կարգվեցան. Արևելեան մասում, որ այնուհետև Պարսկա-Հայասաան կոչվեց, դրանց տեղը բռնեցին, 428 թ. սկսած, պարսից սահմանների նահանգապետները (մարզպանները), որոնք յաճախ բնիկ տեղական ազնվականներն էին լինում. առհասարակ այդ միջոցին պարսիկներն արտաքոյ կարգի մեծ ակնածութեամբ էին վերաբերվում Հայաստանին։ Հռոմէական բաժնում Արշակունի անվանական թագավորութիւնը վերջացավ արդէն` Թէոդոսից կարգված Արշակ IV-ի մահից յետոյ։

Հռոմէական Մեծ Հայաստանը (Armenia magna) անմիջապէս կայսրի իշխանութեանը ենթարկվեց, այդ պատաճառով էլ վերջինս կրում էր Comes Armeniae անունը: Թէոդոս կայսրը Փոքր Հայքն էլ, որ Դէոկղետիանոսի Ժամանակ Մելիտինէ գլխավոր քաղաքով —այժմեան Մալաթիան—առանձին ինքնուրույն նահանգ էր կազմում, երկու մասի բաժանեց․ այս մասերը կոչվեցան Առաջին և Երկրորդ Հայք։ Առաջինը Սեբաստիա (այժմ Սվազ) և Սատալա (Շատաղ) գլխավոր քաղաքներով` կազմվեց հին նահանգի հիւսիսային մասից, իսկ երկրորդը` Մելիտինէ քաղաքով` կազմվեց նրա հարավային մասից—ավելացնելով նաև Կապադովկիայի մի քանի շրջանները: Իսկ «սատրապութիւնները» պարփակում էին Սօֆենէն և Ինգիլենէն, որոնք Յովիանոսի խաղաղութեան շնորհիվ հռոմայեցիներին էին մնացել և ապա այն չորս շրջանները, որ Թէոդոսն առանձնացրել էր Մեծ Հայաստանի բաժանման միջոցին, դրանք էին Անզիտենէ[13], Աստիանենէ[14], Սօֆանենէ-Մարտիրոպօլիս[15] (այժմեան Մուֆարղին) գլխավոր քաղաքով և Բալաբիտաենէ[16] գավառները:

Սօֆանենէ, Սօֆենէ գավառների և Մարտիրոպօլիս քաղաքի մասին հետագայում ավելի մանրամասն կխօսենք:

Հայկական յարաբերութիւնների նոր կարգավորութեանը ձեռնարկեց կայսր Յուստինիանը. այդ մասին մենք ավելի ճիշտ տեղեկութիւններ ունենք Corpus juris-ի շնորհիւ: Ամենից առսջ Մեծ Հայաստանը բացառիկ դրութիւնից հանվելով՝ դարձավ հռոմէական նահանգ: Յետոյ 536 թ. մարտ ամսին 31 նովէլայով վերացվեց սատրապութիւնների վարչութիւնը և նախկին սատրապութիւնները իբրև նահանգ՝ կազմեցին «չորրորդ Հայքը». միւս երեք «Հայք»-երի անուններն էլ փոփոխութեան ենթարկվեցին: Այնուհետև Մեծ Հայաստանը կորվեց «Առաջին Հայք», իսկ «Առաջին» և «Երկրորդ» Հայքը, որ Փոքր Հայքի նահանգներն էին, կոչվեցին «Երկրորդ» և «Երրորդ» Հայք: Միաժամանակ մասամբ փոփոխութեան ենթարկվեց նաև այդ նահանգների նախկին բաժանմունքը։

Ամբողջ Հայաստանի երկու մասի բաժանումը―բիւզանդական-արևելեան հռոմէական և պարսկական-ընդհանրապէս պահպանվեց, թէև պարսից բաժնում յաճախակի տեղի էին ունենում ապստամբութիւններ՝ յօգուտ բիւզանդացիների: Միայն երբ վտարված Սասանեան Խոսրով Պարվէ արքան, Մօրից կայսրի շնորհիվ, իր պետութեան ղեկը կրկին ձեռքն առավ, իր խոստման համաձայն՝ խաղաղ կերպով իր հովանավորին զիջեց պարսից Հայաստանի մի մեծ մասը։ Մօրից կայսրի մահից յետոյ, 602 թ., թէև Խոսրովը կրկին յետ գրավեց իր զիջած երկիրը, սակայն Հերակլ կայսրը (610—641) շատ պատերազմներում յաղթեց պարսիկներին, յետ խլեց նրանց գրաված երկրները և 630 թ. խաղաղութիւն կնքելով նրանց հետ՝ վերականգնեց 591 թ. սահմանները։

Երբ 641 թ. մեռավ Հերակլ կայսրը, արաբացիները պարսիկներին յաղթելուց յետոյ, սկսեցին յաճախակի արշավել Հայաստանի վրայ և վերջապէս― մասամբ նոյն իսկ հայերի հրավէրով տիրեցին ամբողջ երկիրը 654 թ․ և յոյների հետ երկար պատերազմներից յետոյ Հայաստանի լիակատար տէրը դարձան։ «Խալիֆների տիրապետութեան առաջին դարը, չնայելով ավերիչ պատերազմներին, հանդիսացավ Հայաստանի ազգային և գրականական ծաղկման մի ժամանակաշրջան։ Սակայն Աբասիդների ժամանակ երկիրը սաստիկ ճնշված էր արաբական կուսակալների ձեռքով»։ Այս ճնշումն առաջացրեց հակաշարժում, որի հետևանքն եղավ Հայաստանի պետական և քաղաքակրթական վերջին ծաղկման շրջանը: Բագրատունեաց (որոնք անճշտութեամբ իրենց հրէական ծագումից առաջացած էին համարում) նշանավոր տոհմից սերած մի հայ իշխանի յաջողվեց 855 թ. Ք. յ. դառնալ «իշխանաց իշխան» և 885 թ. խալիֆից արքայական թագ ստանալ։ Նոր հիմնած թագավորութիւնը Հայաստանի սահմաններից անցնելով՝ պարփակեց նաև Արաքսի և Կովկասի միջև գտնվող երկիրը (Աղվանից երկիրը՝ ավելի արևելեան կողմը՝ մինչև Կասպից ծովը) և Վիրքը (վրացիների երկիրը Արևմուտքում)։ Բագրատունիների իշխանութեան և փառքի ճարտարախօս վկաներն են հանդիսանում դեռ այսօր ևս արքայանիստ Անի քաղաքի ավերակները, որ այցելեց դր. Բէլքն իր առաջին ճանապարհորդութեան միջոցին և որի ճշգրիտ նկարագրութիւնն է տալիս Լինջը նորերս Հայաստանի մասին հրատարակած իր գեղեցիկ, ամբողջովին իր անձնական դիտողութիւնների վրայ հիմնված` երկհատոր աշխատութեան մէջ: Սակայն Հայաստանի միութիւնը բագրատունեաց իշխանութեան ներքոյ՝ երկար չտևեց։ Երկրի լեռներով կտրտված լինելու բնութիւնը և նշանավոր ազնվական տոհմերի անկախութեան ձգտումը նորից պատճառ եղավ―հէնց այն միջոցին, երբ Բագրատունիները 913 թ. խալիֆատից ձեռք բերին երկրի լիակատար անկախութիւնը՝ հարկատվութիւնից ազատվելով—որ Հայաստանում Բագրատունեաց թագավորութեան հետ զուգընթացաբար առաջացան ինքնուրոյն և անկախ մասնակի պետութիւններ. դրանց մէջ նշանավոր հանդիսացան Վասպուրականի Արծրունիները, որոնց արքայանիստն էր Վանը. այսպիսով այդ քաղաքն երկրորդ անգամ դարձավ պետութեան մայրաքաղաք և այս անգամ հայոց ազգային թագավորութեան։

Սակայն արևելքից ներս խուժող սելջուկների երկիւղից, տասն և մէկերորդ դարում, իրենց երկիրները թողին արևելեան հռոմայեցիներին՝ նախ Արծրունիների վերջին թագավոր՝ Սենեքերիմը 1021 թ. Ք. յ. և յետոյ՝ Բագրատունեաց վերջին արքայ Գագիկը 1045 թ.։ Սակայն արևելեան հռոմայեցիներն ևս չկարողացան դիմադրել սարսափելի վտանգին։ Սելջուկեան հօրդաների գործած սիստեմատիկ և դաժան ավերմունքները Հայաստանում վերջ դրին հայերի քաղաքական և քաղաքակրթական կեանքին՝ իրենց բուն հայրենիքում։ Իսկ ինչ որ անվնաս թողին սելջուկները, ոչնչացրին մօնղօլները։

Սելջուկեան պատերազմների ժամանակ բազմաթիւ հայեր ապաստանեցին Տավրոսի և Կիլիկիայի կողմերը։ Այդտեղ 1080 թ. Ռուբէնը, որ հավանականօրէն Բագրատունի էր, հիմնեց մի փոքրիկ իշխանութիւն, որի մայրաքաղաքն էր Սիսը: Ռուբինեան հարստութեան այս ազգային պետութիւնը, որ Հայաստանից դուրս էր գտնվում և 1198 թ. Լևոն ll-ի թագադրութեամբ դարձաւ թագավորութիւն, որոշ դեր խաղաց խաչակրաց պատերազմների ընթացքում և խաչակիրների հիմնած պետութիւնների հետ ունեցած սերտ միութեամբ։ Ռուբինեան թագավորութիւնը, որ իր ներքին կազմակերպութեամբ մի կիսա-ֆրանսիական ավատական պետութիւն էր։ 1342 թ. անցավ Կիպրոսի, Ռուբինեանների հետ խնամիացած Լուսինեան տոհմի ձեռքը բայց տապալվեց եգիպտական մամելուկների ձեռքով։ Կիլիկիացի Լուսինեան վերջին թագավոր Լեոն VI մեռավ Փարիզում 1321 թ․։ Այնուհետև այլ ևս Հայաստանն երբէք ինքնուրոյն պետութեուն չեղավ։ Էապէս հայկական միութիունը դեռևս շարունակվում է միայն եկեղեցական շրջանում։ Հայոց եկեղեցին դավանաբանական տեսակէտից բաժանված լինելով օրթօդօքս յոյն եկեղեցուց որոշ և միշտ վիճաբանութեան առարկայ եղած կէտերով—ամենից առաջ Քրիստոսի բնութեան լիակատար միութեան ուսմունքով—իր կազմակերպութեամբ մի բոլորովին ինքնուրոյն պատկեր է ներկայացնում։

Զանց ենք առնում հոոմէական-կաթոլիկ դավանութիւնն ընդունած հայերին․ կաթոլիկ հայեր են նաև Մխիթարեանները, որոնք մեծ ծառայութիւն են արել հայերին՝ նպաստելով նրանց զարգացմանը և հրատակելով նրանց գրականութիւնը։ Վենետկի մօտ եղած Ս. Ղազարի հրաշագեղ կղզու վրա է գտնվում Մխիթարեանների մայր վանքր, որտեղ հայերէն սովորեց Լօրդ Բայրօնը։ Սակայն բոլոր «գրիգորեան» հայերը իբրև իրանց եկեղեցական պետ են ճանաչում Ռուսա-Հայաստանի Էջմիածնում գահակալող կաթողիկոսին։ Եթէ մակերեվութապէս գիտենք, այստեղ ևս պէտք է ժխտենք միութիւնը, որովհետև թէ Կիլիկիայի Սիս քաղաքում և թէ Վանայ լճի Աղթամար կղզու վրայ այսօր ևս գոյութիւն ունին մի մի անվանական կաթողիոսությիւններ։ Առաջինը ծագում է յայտնապէս Ռուբինեանների ժամանակներից, մինչդեռ Աղթամարի կաթողիկոսութիւնը, որ իբրև թէ 1113 թվից անընդհատ յաջորդութեամբ միևնոյն տոհմի ժառանգութիւնն է մնացել, հոգևոր շրջանում արտացոլում է Վասպուրականի նախկին ինքնուրոյնութեան ժամանակները՝ Արծրունիների իշխանութեան ներքոյ։ Սակայն իսկապէս այս երկու կաթողիկոսութիւնները ոչ այլ ինչ են, եթէ ոչ գավառական արքեպիսկոպոսական թեմեր՝ կաթողիկոսական տիտղոսով. դրանց միակ առավելութիւնն այն է, որ Էջմիածնի կաթողիկոսի նման կարող են նոյնպէս մեռոն օրհնել։ Էջմիածնի կաթողիկոսին, իբրև հայոց միութիւն կազմող եկեղեցու պետին, անմիջապէս ենթարկվում է միայն Ռուսա-և Պարսկա-Հայաստանի հայ հոգևորականութիւնը, մինչդեռ Տաճկա-Հայաստանի համար իբրև միջնորդ ինստանցիա է հանդիսանում Կոստանդնուպօլսի պատրիարքը— որ մեր էքսպեդիցիօնի յաջողութեանը նպաստեց Տաճկաստանում։ ―Պատրիարքը, հայոց եկեղեցու տեսակէտով, կաթողիկոսի ստորադրեալն է. նորերս ընտրված կաթողիկոս Իզմիրլեանը առաջ պատրիարք էր։ Բայց որովհետև կաթողիկոսի հաստատութիւնը կախումն ունի ռուսաց կառավարութիլնից, մինչդեռ պատրիարքը բարձրագոյն դրանը հաճելի և որոշ տեսակետով պատասխանատու պաշտօնեայ պետք է լինի, այդ պատճառով և իրապէս պատրիարքը նշանավոր չափով ինքնուրոյնութիւն ունի։ Միւս կողմից էլ երբ 1903 թ. ռուսաց կառավարութիւնը խլեց հայոց եկեղեցական գոյքերը, վրդովվեց ոչ միայն Ռուսա-Հայաստանի հայ ժողովուրդը ու հոգևորականութիւնը, այլ որովհետև Էջմիածինը կենտրոնական նշանակություն ունի, որ բնականաբար ֆինանսական հանգամանքների վրայ ևս ազդում է, բոլոր հայերի ազգային զգացմունքը խորապես յուզվեց. այդ կարգադրութիւնը ռուսաց կառավարութիւնը յետ վերցրեց կարճ ժամանակից յետոյ, 1905 թ․ ռուս-ճապոնական խաղաղութիւնը կնքված միջոցին։


Մեր էքսպեդիցիօնին յաջողվեց լուծել այն հարուստ բովանդակութիւն ունեցող խնդիրների մեծ մասը, որոնք, ինչպէս ցոյց է տալիս մեր ներկայացրած համառոտ տեսութիւնը, հայկական հողի վրայ սպասում են պատմական և պատմա աշխարհագրական հետազօտութեան:

Ամենից առաջ շատ բավարար հետևանք ունեցավ մեր գլխավոր նպատակի իրագործումը։

Համարեա բոլոր խալդական բևեռագիր արձանագրությունները, որոնք առաջուց արդէն յայտնի էին―շատ չնչին բացառությամբ—նորից համեմատվեցին և ավելի լավ ու որոշ կարդացվեցին այս հանգամանքը էապէս նպաստեց արձանացրութիւնների բովանդակութիլնը ճիշտ հասկանալուն։ Նոր գտնված արձանագրութիւնների—մասամբ պատմական մեծ կարևորութիւն ունեցող—թիվն այնքան մեծ էր, որ այդպիսով հավարված նյութն ավելի քան կրկնապատկվեց: Բացի գրավոր պատճէններից վերցրինք նաև այդ արձանագրութիւնների թղթէ դրոշմները և կարևոր դեպքերում նոյն իսկ լուսանկարները։ Խալդերի նշանավոր ժայռաշենքերը հետազօտեցինք, լուսանկարեցինք և չափերը վերցրինք. պեղումներով երևան հանեցինք խալդական քաղաքակրթութեան մի գլխավոր վայրը, Թօպրաք կալեի արքայանիստը Վանի մօտ, որի մեծ մասամբ հսյրենի երկրում պահված արդիւնքները բազմակողմանի կերպով պարզաբանեցին Խալդերի քաղաքակրթութիւններ ու ծագումը։

Նոյնպէս ասորական, յունական և սեմիտական էական նշանակութիւն ունեցող արձանագրութիւններ գտանք. ըստ կարելոյն պարզաբանեցինք մեր ճանապարհորդած ամբողջ շրջանը՝ աշխարհագրական տեսակետից, որ համապատասխանում էր պրուսական թագավորական գիտութեանց ճեմարանի և Համբուգի աշխարհագրական ընկերութեան առանձին ցանկութիւններին:

Տասը հազար յոյների դարձի ճանապարհի հետազօտութեան արդիւնքը էապէս տարբերվում է ցայժմ տիրող հայեացքներից, բայց ավելի ճշտութեամբ համապատասխանում է Քսենօֆօնի տված տեղեկութիւններին։ Տիգրանակերտի տեղի խնդրի լուծումը գտնվեց՝ համեմատելով այն վայրի հետ, որի օգտին արդէն Մօլտկէն, հարկավ միայն անցողակի այցելութեան միջոցին, կարծիք էր յայտնել։ Տարի ու կէս մնալով Հայաստանում՝ ինքն ըստ ինքեան հասկանալի է, որ մենք պէտք է բազմաթիվ տպավորութիւններ ստանայինք այդ երկրի այժմեան հանգամանքների մասին, եթէ նոյն-իսկ հնագոյն ժամանակներն ու ներկան միմեանց հետ այնպէս սերտ կերպով կապված չլինեին Հայաստանում:

Ներքին և արտաքին պատճառներից ստիպված չենք կարող մեր ճանապարհորդութեան հետևեալ նկարագրութեան միջոցին հետևել ամեն մի առանձին ուղևորութեան պատահական դիպվածմներին և զանազան հանգամանքների պատճառով անկանոն կազմակերպված ընթացքին։ Առանձնապէս պէտք է շեշտեմ, որ չեմ տալիս ամբողջ ճանապարհորդութեան նկարագրութիւնը, այլ միայն այն ուղևորութիւններինը, որոնց ես մասնակից եմ եղել կամ միայն ինքս եմ կատարել. չեմ նկարագրել ուղեկցիս առանձին ճանապարհորդութիւնները։ Իմ և ուղեկցիս հիմնական ըմբռնումների տարբերութեան պատճառով՝ մեր ճանապարհորդութեան հետևանքների և գիտական արժէքի մասին այստեղ արտայայտված մտքերն ու դիտողութիւնները միմիայն ինձ պէտք է վերագրել։

Սակայն, որպէս զի ընթերցողի համար պարզ լինի մեր ամբողջ ճանապարհորդութեան կարևոր անհրաժեշտ պատկերը թէ ըստ ժամանակի և թէ ըստ բովանդակութեան կենդրոնացման—նախապէս մի համառօտ ժամանակագրական ակնարկ ձգենք մեր ուղևորութեան ամրողջ ընթացքի վրայ: Մեր Էքսպեդիցիօնը Ռուսա-Հայասաանում ճանապարհորդելուց և Ուրմիոյ լճի չորս կողմը շրջագայելուց յետոյ— ինչպէս որ մանրամասն նկարագրված է այս հատորի մէջ—անցավ պարսկա-տաճկական սահմանը՝ Բաշկալայի վրայով և հասավ Վան 1898 թ. հոկտեմբերի 12-ին։ Վանում մենք ամերիկական միսիօնի գլխավոր դր. Ռայնօլդի և իր ամուսնու սիրալիր աջակցութիւնն ու ցանկալի հիւրասիրութիւնը գտանք։ Թէև մենք Ռայնօլդի վերին աստիճանի մարդասէր գործուն էութեան մասին՝ մանավանդ իննսնական թվերին այնպէս թշվառ կերպով կենազրավ եղած հայերի այրիների ու որբերի նկատմամբ՝ ավելի մանրամասն կխօսենք երկրորդ հատորում, բայց և այնպէս այստեղ ևս պէտք է շեշտենք այդ՝ ի նկատի ունենալով, որ նորերս գերմանական մի նշանավոր լրագրում տարաբախտաբար բոլորովին անճիշտ նկարագրութիւն լոյս տեսավ — երևի անբավարար և կարճ ժամանակի ընթացքում հավաքած տեղեկութիւնների հիման վրայ—այս անշահասէր, բազմարդիւն և ինքնազոհութեան արիութիւն ունեցող մարդու մասին։ Միսիօնների կրօնա-քաղաքական գործունէութեան մասին տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց որ դր. Ռայնօլդը ամեն տեսակէտից իմաստուն չափավորութեան է հետևում, որ նա հասարակական շրջանում անբավ բարիքներ է առաջացրել և դեռ այսօր էլ նոյնն է շարունակում, — այդ կարող են վկայել գործին տեղեակ բոլոր մարդիկ՝ թէ թուրքերն ու հայերը, թէ գերմանացիներն ու ամերիկացիները միաբան:

Վանից մենք յաճախ ավելի մեծ ուղևորութիւններ էինք կատարում հետազօտութեան նպատակով: Մինչդեռ իմ ուղեկիցը հիւսիսային կողմից մի պտոյտ ձեռնարկեց Վանայ լճի շուրջը, որ հարկավ շուտով ընդհատվեց, որովհետև նա ենթարկվեց քրդերի յարձակման Սիփան Դաղի վրայ և քիչ էր մնում, որ կեանքն էլ կորցնէր: Ես դիմեցի դէպի արևելք, դէպէ Քեշիշ գեօլ և Էրչէկ լիճը (հոկտեմբերի 9—17)։

Քրդերի վերոյիշեալ յարձակման հետևանքն այն եղավ, որ այնուհետև մեր ուղևորութիւնների միջոցին թիւրք կառավարութեան կողմից, բացի սովորական ոստիկան զինվորներից (զապտիէ), մեզ ուղեկցում էին կանոնավոր հեծելազօրքի զինվորներ։ Առաջին անգամ հետազօտեցինք արևելեան Տիգրիսի (Բօհտան-սու) ակունքների շրջանը և Վանայ լճից դէպի հարավ գտնվող, վայրենի հերտօշի-քրդերով բնակված Նօրդուզ, Շատախ և մոկք լևռնագավառները. վերադարձին հետազօտեցինք Մենուաս-ջրանցքը՝ ակունքից սկսած մինչև Վան (հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 15): Մեր վերադարձից յետոյ մեր ծառայ և թարգման Ֆարաջին ուղարկեցինք Վանայ լճի հիւսիսային կողմերը, որպէս զի գտնի և թղթէ դրոշմով վերցնէ այնտեղ եղած արձանագրութիւնները (հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 19), իսկ մենք զբաղվեցինք Վանի մօտ գտնված Խալդերի ամրոց Թոփրաքկալէի պեղումներով՝ Ռուդօլֆ Վիրխով-հաստատութեան աոանձին նիւթական միջոցների օժանդակութեամբ։

1889 թ․ յունվարին պէտք է լրանար մեր ճանապարհորդութեան համար հաշված ութ ամիսը և նիւթական միջոցներն էլ պէտք է սպառվէին, մինչդեռ մենք հաստատ հիմք ունէինք կարծելու, որ շատ կարևոր է ճանապարհորդութեան շարունակութիւնը դէպի հարավ և արևմուտք։ Այդ պատճառով Ռուդօլֆ Վիրխովը յունվարի 9 ին հրատարակեց մի կոչ, որի մէջ ասված էր. «հետազոտութեան այդ տեսակի համար առանձնապէս նախապատրաստված երկու, գիտնականներին հայրենիքը պէտք է օժանդակէ, որպէս զի դարձեալ մի հինգ-վեց ամսվայ աշխատանքի ծախքերը հոզացուեն». այս կոչը հասավ իր նպատակին և հավաքվեց 15,125 մարկ։

Վիրխովի այս առաջին կոչին յաջորդեց երկրորդը, յուլիսի 22-ին, որ նոյնպէս յաջող հետևանք ունեցավ։ Սակայն դրանից յետոյ ևս դեռ պէտք է բավականին մեծ գումար ճարէինք, որովհետև մեր ճանապարհորդութեան ժամանակ գտնված ու գնված հնութիւնները և արձանագրութիւնների դրոշմերն Եվրոպա ուղարկելը՝ մեր ճանապարհածախքի հետ միասին (մօտավորապէս 200 արձանագրութիւնների երկ-երկու դրոշմերը) նստում էր մօտ 80,000 մարկ: Մնացած գումարը ճարելուն էապէս օժանդակեց, մեր էքսպեդիցիօնի վերադարձից յետոյ, 1900 թ. փետր. 28-ին, Ռուդօլֆ Վիրխովի՝ երկու ճանպարհորդհերիս հետ միատեղ «մտերմաբար» հրատարակած շրջաբերական գրութիւնը: Այդ գրութեան մէջ յիշատակված և մեր հրատարակութիւնների համար ընդհանուր աշխատանքով կազմած ծրագիրը՝ վերջը չիրագործվեց։

Ռուդօլֆ Վիրխովի հրատարակած առաջին կոչից յետոյ արդէն միջոց ունենալով մեր ճանապարհորդութեան ծրագիրն ընդարձակելու: 1899 թ, փետրվարի 15-ին ճանապարհ ընկանք դէպի Միջադետք հեծելազօրքի ուղեկցութեամբ (լէյաընանտ Ջեմալ էֆէնդու առաջնորդութեամբ 16 զինվոր և մի ֆելդվեբէլ):

Մեծ ջանք գործ դնելով հարթեցինք մեր ուղին ամբողջովին ձիւնով ծածկված լեռնաշավիղների ու անցքերի միջով Տադվանի և Սօրպի վրայով դէպի Բիթլիս (փետրվարի 22-ին), այդտեղից (փետրվարի 28-ին) դէպի Սեօօրտ, որ առաջին արաբական քաղաքն է իսկական Միջագետքում (մարտի 2)։ Սեօօրտից, որտեղ ես հիվանդ պառկած էի, ուղեվորութիւններ կատարեց իմ ուղեկիցը դէպի Րեդվան և Հասան-կէֆ, արևմտեան Տիգրիսի վրայ։ Այնուհետև Տիլ-Ֆինիկի վրայով անցանք դէպի Ջեզիրէհ (մարտի 16) և արձանագրութիւններով նշանավոր Բաբիլ քրդական գիւղը. յետոյ Պեշխաբուրի մօտ Տիգրիսն անցնելով, Սիմէլի վրայով և Ցախօ լեռների մօտով դէպի Նինուէ և Մоսուլ (մարտի 24)։ Ապա Ջարիմջայի վրայով դէպի Նիմրուդ, հին Կալախի տեղը, (մարտի 31), յետոյ դէպի մեծ Ցաբ և «Նգուբ»-լեռնանցքը—մի հին ասորական շինութիւն, որի շնորհիվ գետից ջրանցք անցկացրին դէպի Կալախ—և Գվէրի վրայով անցնելով մեծ Ցաբը, Տէլ գազիր բլրի մօտով, որ իր մէջ պարունակում է ասորական Կակցի բանակետղի ավերակները, դէպի Արբէլա (ապրիլի 2)։ Այդտեղից Ռովանդուզի և Սիդիկանի վրայով դէպի դեռ այսօր էլ իր սկզբնական տեղում գտնվող, Տօպցաուէ գիւղի մօտ եղած խալդերի թագավոր Ռուզաս I-ի երկլեզվեան կոթողը, որի արձանագրութիւնը Տաճկական հողի վրայ գտնված խալդական արձանագրութիւններից ամենահարավայինն է։ Պարսկաստանում ճանապարհորդելու միջոցին Քելիշին լեռնանցքի վրայ (1898 թ. սեպտեմբերին) գտնվելով՝ մենք միայն երեք ժամվայ ճանապարհ հեռու էինք այս կոթողից, սակայն քրդերի պատճառով չէինք կարող Պարսկաստանից Տաճկաց սահմանն անցնել և տեսնել կոթողը։

Մինչ մենք Տօպցաուէ գիւղում սաստիկ զբաղված էինք կոթողի խալդական և ասորական արձանագրութիւնների բնագիրների ընթերցանութեամբ և մնացինք այդտեղ ապրիլի 8-ից մինչև 19-ը, ուղեկիցս հեռագիր ստացավ Վանայ Վալիից, որով կանչվում էր՝ Սիփան Դաղի վրայ իր վրայ յարձակվող քրդերի դէմ դատ վարելու համար. դրանից յետոյ մեր էքսպեդիցիօնի երկու ուղեկիցներս բավական երկար ժամանակ միմեանցից բաժանված մնացինք։ Ուղեկիցս վերադարձավ Վան Դիցէի, Նեերիի, Բաշկալայի վրայով։

Նախագծված ճանապարհորդութեան շարունակութիւնն ինձ վիճակվեց: Տօպցաուէի կոթողը կրկին անգամ դիտողութեան ենթարկելուց (1892 թ. ապրիլի 20—23) յետոյ ես վերադարձայ Մօսուլ, որտեղ Վանից մեզ ուղեկցող հեծելազօրը, սուլթանի առանձին կարգադրութեամբ, նորից իմ տրամադրութեան ներքոյ դրվեց։ Այնուհետև ես անցայ (մայիսի 6) Խորասաբադ—Էլկօշ—Պեշխաբուր—Բաբիլ—Միդիատ—Հասան—Կէֆ—Ալմադին—Մուֆարզին—Լիֆէ—Տիգրիսի լեռնանցք—Բալոր—Խարբերդ—Մալաթիա—Կեմախ—Երզնկա—Բաբերդ—Էրզրում—Հասանկալա և Ալաշկերտի Թոփրաքկալէ, որտեղ կրկին միացավ մեր էքսպեդիցիօնը 1892 թ. օգոստոսի 3-ին: Այնուհետև մենք միասին Կաղզվանի և Ղարսի վրայով վերադարձանք կրկին Թիֆլիս, որտեղից իմ ուղեկիցը նորից Վան վերադարձավ։ Վրաստանում ևս շարունակելով իմ գործը, թողի Թիֆլիսը սեպտեմբերի 26-ին և Բաթումից նավով Տրապիզօնի ու Կոստանդնուպօլսի վրայով ուղևովեցի դէպի հայրենիք և 1897 թ. հոկտեմբերի 20-ին հասայ կրկին Բերլին՝ համարեա տարիուկէսվայ բացակայութիւնից յետոյ։ Բերլին եկավ նաև իմ ուղեկիցը դեկտեմբերի 23-ին. նա Վանից գնացել էր Ֆարկին և Լիջայի մօտ դիտողութեան էր ենթարկել Տիգրիսի լեռնանցքը, յետոյ Մուշի, Կարաքիլիսայի Դելիբաբայի, Էրզրումի, Բաբերդի, Գիւմիւշխանայի վրայով հասել էր Տրապիզոն։

Ինչպէս տեսնում է ընթերցողը, տաճկական-արևելեան Հայաստանի հետազօտութիւնը,— որ իբրև խալդական պետութեան կենդրոն ամենից առաջ ի նկատի առնվեցավ խալդական արձանագրութիւններ գտնելու համար, տեղի ունեցավ երբեմն մայրաքաղաք Վանից, իբրև մշտական կայանից․ մինչդեռ շրջանաձև ուղիով կատարված հետազօտութիւնները համարեա թէ անընդհատ շարունակվում էին։ Այդ երկուսի համար պահանջվում է հիմնովին տարբեր նկարագրութիւն, մանավանդ որական դէպքերի և հետազօտութեան արդիւնքի վերաբերմամբ։ Սակայն միայն այս տեսակէտը չընդունեցինք իբրև նիւթի բաժանման սկզբունք։ Ավելի յարմար էր տաճկական արևելեան Հայաստանի հետ—Վանի ու Բիթլիսի վիլայէթները և Էրզրումի վիլայէթի արևմտեան մասերը—միացնել նաև տաճկական արևելեան Տիգրիսի երկիրը Ասորեստանն իր նեղ և ընդար- ձակ իմաստով վերցրած—և հիւսիսից դրան սահմանակցող տաճկական երկրի գավառները։ Այդպիսով թէ պատմականորէն և՛ մեծ մասամբ նաև աշխարհագրա-պատմականоրէն մի ամբողջութիւն կստացվի. խալդական պետութեան միջուկին պէտք է միացնել այն երկրների հետազօտութիւնն ու ճանապարհորդութիւնը, որտեղ խալդական արքաների զօրեղ ախոյեաններ էին գահակալում և որտեղից անընդհատ պատերազմներ էին մղում ասորեստանցիները Ուրարտուի դէմ. այդ երկրումն են տեղի ունեցել յաղթական և դէպի հարավ առաջ ընթացող խալդական տիրապետողների և Ասորեստանի թագավորների ամենավճռական և ամենակատաղի կռիվները։ Որովհետև մենք Վան ու Տաճկա-Հայաստան հասանք ռուսական և պարսկական այն երկրներում ճանապարհորդելուց յետոյ, որոնք երբեմնեայ խալդական և ապա Հայկական պետութեան շրջաններն էին կազմում և որովհետև ճանապարհորդութեան առաջին և ընդհանուր փորձառութեամբ հարուստ ամիսները լինելով՝ պէտք է նկարագրութեան առաջին տեղը բռնէին, այդ պատճառով տաճկական արևելեան Հայատանի և արևելեան Տիգրիսի երերի նկարագրութիունը մնաց երկրորդ հատորին։ Յօգուտ այսպիսի բաժանման էր նաև այն հանգամանքը, որ հէնց այդ հատվածները պատմական և արձանագրական տեսակէտից առաջընթաց հրատարակութիւնների մէջ առանձնապէս մանրամասն են մշակվել, մինչդեռ վերջնական նշանակութիուն ունեցող արդիւնքի համար պէտք է օգտվել խալդական արձանագրութիունների ամբողջական վերամշակութիւնից, որ նոր է ձեռնարկված: Երկար ժամանակ մնալով Վանում, բնականաբար մենք ձեռք բերինք բազմատեսակ և համեմատաբար ամենահիմնական հայացքներ Հայաստանի այժմեան դրութեան մասին: Երկրորդ հատորը, բացի ճանապարհորդութիւնից և ճշգրիտ ցանկից, կունենայ նաև Հայաստանի ամենալավ—որքան կարելի է ձեռք բերել―քարտէզը:

Անգլիացի հետազօտող Հ. Լինչը հրատարակել է Հայաստանում կատարած իր երկու ճանապարհորդութիւնների արդիւնքը․ առաջին ճանապարհորդութիւնը նա կատարել 1893 թ. օգոստոսից մինչև 1894 թ. մարտ ամիսը, մինչդեռ երկրորդը, թէև մենք այդ մասին տեղեկութիւն չունէինք, տեղի է ունեցել մեր ճանապարհորդութեան առաջին հինգ ամիսների ընթացքում մեզ հետ միաժամանակ (1898 թ. մայիսից մինչև սեպտեմբեր)․ Լինչի արդէն յիշված և գեղեցիկ երկհատոր աշխատութիւնը՝ «Armenia, Travels and Studies» լոյս տեսավ 1901 թվին։ Այս գրքին կցված է մի հիանալի քարտէզ, որ օգտվելով նախկին աշխարհագրական տեղեկութիւններից, էապես հիմնվում է հեղինակի սեպհական և նրա ուղեկից երկրաբան Ֆ. Օսվալդի հետազօտութինների վրայ․ վերջինս նորերս հրատարակել է նաև Հայաստանի մասնագիտական-երկրաբանական քարտէզը: Պարոն Լինչը, քարտէզի հրատարակիչ պ. Ստանֆօրդի համաձայնութեամբ, սիրաւիր կերպով թույլ է տվել ինձ, որ այդ քարտէզը կցվի իմ գրքին այն պայմանով, որ մէջը նշանակվին նաև մեր էքսպեդէցիօնի ուղեգծերը և մեր ձեռք բերած աշխարհագրական նոր տեղեկութիւնները։ Թոյլ եմ տալիս ինձ այստեղ վերոյիշեալ երկու պարոններին յայտնել իմ սրտագին շնորհակալութիւնը այդ արտասովոր բարեկամական շնորհի առթիվ։

Աշխատութեանս այս առաջին հատորը պարունակում է էապէս խալդական մեծ պետութեան և Հայաստանի ընդարձակագոյն շրջանում տեղի ունեցած ճանապարհորդութիւններն ու հետազօտութիւնները. առաջին գրքի բովանդակութիւնն է ռուսական և պարսկական Հայաստանը, երկրորդ գրքինը՝ այն երկիրները, որոնք աշխարհագրական և պատմական սահմանագծերն էին կազմում Հայաստանի և Միջագետքի միջև և թէ հնագոյն և թէ ավելի ուշ ժամանակներում―ինչպէս Խալդերի և ասորեստանցիների, նոյնպէս և հռոմայեցիների և պարթևների միջև—բուռն կռվի առարկայ են եղել․ այդ շրջանին կապակցված են Հայաստանի Արևմտեան և հիւսիս արևմտեան կողմերը։ Խալդական երկրում ռուսաց ձեռքով գտնված արձանագրութիւնների բավարարութիւն տվող ամբողջ ժողովածուն հրատարակել է Նիկոլսկին։ Այդ երկրներում անցեալի վկաներն ու պրօբլէմները առավելապէս նախախալդական ասորական և կլասիկական ժամանակաշրջաններին են վերաբերում։ Հարկավ Ռուսաստանը ավելի մեծ թվով խալդական սեպագիր արձանագրութիւններ ունի, որ շատ լավ մշակել և հրատարակել է Նիկոլսկին։ Սակայն և այնպէս այստեղ միայն շատ քիչ, թէև կարևոր խալդական արձանագրութիւններ են նկատողութեան առնվում, մինչդեռ ասորական բևեռագիր արձանագրութիւնները գիտնականօրէն մշակվել և հրատարակվել են իմ «Նիւթեր Հայաստանի և Միջագետքի հնագոյն պատմութեան» աշխատութեան մէջ (տպված Abhandlungen der königlichen Gesellschaft der Wissenschaften za Göttingeu IX No. 3, 1907)։

Կլասիկական ժամանակաշրջանի համար տասհազար յոյների նահանջի որոշ հատվածների հետ միասին ամենից հետաքրքրականն է Տիգրանակերտի տեղի որոշումը։ Այդ է պատճառը, որ այս հատորի երկրորդ վերնագիրն է՝ «Կովկասից―Տիգրիս և Տիգրանակերտ»:



Ծանոթագրություններ
  1. ծանօթ․ Արտատպուած լինելով «Արօրից»։ Վ-ի ուղղագրութիւնը մնում է նոյնը․ ես գրում եմ «ու»։
    Իս․ Յ․։
  2. Լէման Հաուպաի ճանասպարհորդութեան միջոցին Կովկասի փոխարքայութիւնը վերացուած էր։ Ծ. Թ.
  3. Լէման-Հաուպտի այս բաժանումը պատահական սխալի կամ թիւրիմացութեան արդիւնք պէտքէ համարել. մոռացված է Երեվանի ընդարձակ և ամենահայաշատ նահանգը։ Ծ. Թ.
  4. Արտաշէս։ Ծ․Թ․
  5. Ծոփք կամ Ծոփաց աշխարհ։ Ծ․Թ․
  6. Արտաշատ։ Ծ․Թ․
  7. Կորդուաց երկիր: Ծ. Թ.
  8. Ատրպատական։ Ծ . Թ.
  9. Անգեղ տուն ? Ծ․Թ․
  10. Աղձնիք։ Ծ․Թ․
  11. Ծավդէայք ? Ծ․Թ․
  12. Շապուհ։ Ծ․Թ․
  13. Հանձիթ։ Ծ․ Թ․։
  14. Հաշտեանք կամ Հաշտենից գավառ։ Ծ․ Թ․։
  15. Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ։ Ծ․ Թ․։
  16. Բալահովիտ, Բալու։ Ծ․ Թ․։