Հայաստանն ու Թուրքիան իրավասու չեն «հաստատելու» սահմանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանն ու Թուրքիան իրավասու չեն «հաստատելու» սահմանը

Արա Պապյան

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետով կողմերը ստանձնում են գոյություն ունեցող սահմանն հաստատելու պարտավորություն:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է անդրադառնալ մի հույժ կարևոր, թեև առաջին հայացքից տարօրինակ, հարցի.

– Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավասու են «հաստատել գոյություն ունեցող սահմանը»:

Հստակեցնեմ հարցադրման էությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից ցանկացած միջազգային բազմակողմ պայմանավորվածություն, անկախ նրա դրսևորման ձևից՝ պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն և այլն, կարող է փոփոխության ենթարկվել, դադարեցվել կամ չեղյալ հայտարարվել միմիայն տվյալ փաստաթղթին մաս կազմող բոլոր կողմերի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այս սկզբունքը՝ պայմանագրերի մասով, ամրագրված է Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի (1969թ.) 39-41 հոդվածներում:

Նախկին ԽՍՀՄ սահմանի հայաստանյան հատվածի «հաստատումը»՝ որպես Հայաստանի և Թուրքիայի սահման, իրավական տեսանկյունից նշանակում է սահմանի փոփոխություն,[1] քանի որ Հայաստան-Թուրքիա de jure սահմանը էապես տարբերվում է սովետաթուրքական սահմանից: Նշյալ իրավական (de jure), այսու՝ միակ օրինական սահմանը «հաստատվել է» բազմակողմ փաստաթղթով, հետևաբար, «գոյություն ունեցող սահմանի հաստատումը» ըստ էության սահմանի փոփոխություն է նշանակում և տվյալ դեպքում դուրս է երկկողմ հարաբերությունների շրջանակից վերոնշյալ պատճառով:

1918թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը, առաջին աշխարհամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո, ստորագրում է Մուդրոսի զինադադարը: Իրավական տեսանկյունից այս զինադադարը անվերապահ կապիտուլյացիա էր, հետևաբար Թուրքիայի ողջ ինքնիշխանությունը (sovereignty), մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, փոխանցվում է հաղթանակած ուժերին: Այսինքն՝ այդուհետ հաղթանակած Դաշնակից ուժերին[2] էր վերապահված որոշելու, թե Օսմանյան կայսրության որ մասում և ինչ աստիճանի է վերականգնվելու թուրքական պետության ինքնիշխանությունը:

1919-1920թթ. խաղաղության պայմանագրերի պայմանները քննարկելու համար Փարիզում գումարվում է խաղաղության վեհաժողովը: 1920թ. ապրիլին Փարիզի խաղաղության վեհաժողովի Սան Ռեմոյի նիստն անդրադառնում է Օսմանյան կայսրության ճակատագրին: Բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը Հայաստանի ապագայի հարցն էր: Ուստի, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ իրավարար վճռով որոշելու Հայաստանի Հանրապետության սահմանը (to arbitrate the frontiers of Armenia):[3]

Վերջին պարբերության մեջ առկա է 2 հանգամանք, որոնք արժանի են լրացուցիչ պարզաբանման:

ա) Փարիզի վեհաժողովի Գերագույն խորհուրդը լիազորված էր և գործում էր Դաշնակից բոլոր ուժերի անունից: Այսինքն՝ իրավարարությամբ Հայաստանի սահմանը որոշելու հայցադիմումը (compromis), հետևաբար և դրա հիման վրա կայացվելիք վճռի անվերապահ ընդունման պարտավորությունն արված էր բոլոր Դաշնակից ուժերի անունից: Առաջին աշխարհամարտի տարիներին Դաշնակից ուժերի (Allied Powers) մեջ ուղղակիորեն ընդգրկված էին ավելի քան երեք տասնյակ երկրներ, իսկ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի երրորդ հանրապետության, Ճապոնիայի և Իտալիայի թագավորությունների կախյալ տարածքներով (dependent territories) հանդերձ՝ գրեթե հարյուր (100) երկիր:
բ) ՀՀ սահմանը, ի տարբերություն Թուրքիայի մյուս սահմանների, որոշվելու էր ոչ թե խաղաղության պայմանագրով, այլ իրավարարությամբ (arbitration): Իրավական տեսանկյունից սա խիստ կարևոր առանձնահատկություն է, քանի որ պայմանագրերը միշտ էլ կարող են կողմերի համաձայնությամբ փոփոխվել, կասեցվել, չեղյալ հայտարարվել, իսկ իրավարար վճիռներնը «վերջնական և անբեկանելի» են (final and without appeal), ինչպես նաև կայացման պահից կատարման համար «պարտադիր» են (binding):[4] Այսինքն՝ իրավարարությունը, ի տարբերություն պայմանագրի, ենթակա չէ վերանայման: Բացի այդ, իրավարարությունը և պայմանագիրն ունեն հակառակ ընթացակարգեր: Եթե պայմանագրի դեպքում նախ համաձայնությունն է ձեռք բերվում, հետո միայն այն ստանում է համապատասխան իրավական ձևակերպում, ապա իրավարարության դեպքում նախ ստորագրվում է ապագա համաձայնությունն անվերապահ ընդունելու հայցադիմումը (compromis), հետո նոր միայն կայացվում է վճիռը (award):

Այսու, ի հետևանք վերոհիշյալ ապրիլի 26-ի հայցադիմումի, 1920թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը պաշտոնական գրությամբ ստանձնում է հայ-թուրքական սահմանի իրավարարությունը և ձեռնամուխ է լինում համապատասխան աշխատանքներին: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ սա Սևրի պայմանագրի ստորագրումից (10.08.1920թ.) գրեթե 3 ամիս առաջ էր, ըստ այդմ, իրավարարության գործընթացը սկսվել է խաղաղության պայմանագրի ստորագրումից և նրա մեջ որպես 89-րդ հոդված ներառված հայցադիմումից, անկախաբար:

Ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ հստակ եզրակացությունները.

  1. Թուրքիայի հետ ՀՀ սահմանը որոշվել է երկու՝ իրարից անկախ հայցադիմումների (Սան Ռեմո՝ 26.04.1920թ. և Սևր՝ 10.08.1920թ.) հիման վրա կայացված իրավարար վճռով:
  2. Վճիռն օրինապես կայացվել է 1920թ. նոյեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել նույն օրը: Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվել է Փարիզ:
  3. Վճիռը երբեք չի բողոքարկվել, այն ուժի մեջ է առ այսօր:
  4. Վճիռն իրավական է և օրինական (legal and lawful):
  5. Այն գործում է Սևրի պայմանագրից անկախաբար:
  6. Սևրի պայմանագրի մեջ ներառված հայցադիմումը՝ հոդված 89 եղել և մնում է հավելյալ, բայց ոչ հիմնական հայցադիմումը:

Այսու, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը հաստատվել է միջազգային իրավունքի բազմակողմ փաստաթղթով (multilateral instrument of international law)՝ Իրավարար վճռով (Arbitral Award), որին այսօր կողմ է հանդես գալիս գրեթե հարյուր երկիր:

Այժմ վերադառնանք բուն հարցին.

– Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունները միջազգային իրավունքի ո՞ր հիմնավորմամբ են ուզում անտեսել իրենց իսկ միջազգային պարտավորությունները և երկկողմ արձանագրությամբ բեկանել բազմակողմ միջազգային անբեկանելի որոշումը՝ Իրավարար վճիռը:

Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքում սկզբունքորեն բացակայում է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռի փոփոխման, կասեցման կամ բեկանման ընթացակարգ կամ նախադեպ:


Հ.Գ. Մենք ականջակախ այնքան չխոսեցինք Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության, շեշտում եմ՝ Հանրապետության, տարածքների մեծ մասի բռնազավթման մասին, որ այսօր Դավութօղլուն իրեն իրավունք է վերապահում ասելու. «Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները, դա հակասում է միջազգային բոլոր նորմերին»:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. Ի դեպ, թուրքական կողմի պնդումը, որպեսզի արձանագրությունները ենթարկվեն խորհրդարանական վավերացման, պայմանավորված չէ միայն գործընթացը ձգձգելու ցանկությամբ: Դրա համար շատ ավելի պարզ հնարներ կան: Վավերացման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ սահմանների փոփոխությունները, ըստ զույգ երկրների սահմանադրությունների, ենթակա են խորհրդարանական վավերացման:
  2. Հայալեզու պատմագիտության և քաղաքագիտության մեջ Դաշնակից ուժերն առավել հայտնի են Անտանտի երկրներ անվանումով:
  3. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
  4. Schlochauer H.-S. Arbitration, In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.


20 սեպտեմբերի, 2009թ.