Հայաստան հանրագիտարան/ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
1828-ին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։
Արևելյան Հայաստանում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ Արլ. Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։ Սակայն թուրք-հայկական պատերազմի (28.09-18.12.1920), սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։
Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում: 1920-91-ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբայան պատերազմի (1991-94), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-94-ին։
Ըստ 2011-ի մարդահամարի՝ ՀՀ մշտ. բնակչությունը 3,213 մլն էր։
Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ բնակչությունը 1920-2010-ի ընթացքում ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։
1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտ. բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։
Բնակչության բնական շարժը
Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմն, միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստի ճան. նվազումը։
Բնակչության բնական շարժի ընդհա նուր պատկերը 1915-2010-ին ներկայացված է աղ. 2-ում։ 1920-ական թթ-ի կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Հայրեն, մեծ պատերազմի սկիզբը (1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Պատերազմի տարիներին բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։
1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալինվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6 %։ Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագր. բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնցշնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։
1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-94), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։
2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։
Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ փոփոխություններ: Եթե 1926-ին 15-49 տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝ 49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։
2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։ Եթե 1925-26-ին հանրապետությունում բնակչության պարզ վերարտադրությունն ապահովվում էր կանանց մինչև 20, իսկ ընդլայնվածը՝ 25 և բարձր տարիքային խմբերի ծնելիության հաշվին, ապա մինչև 1989-90-ը այն ապահովել են կանանց՝ համապատասխանաբար՝ 30 և 35 տարիքային խմբերը։ 1990-ական թթ-ից ծնելիության գումարային ցուցանիշի մեծությունները չեն ապահովում նույնիսկ պարզ վերարտադրությունը։ Բնակչության վերարտադրության գործընթացի էական տարրերից է մահացությունը: Եթե 1921-25-ին մահացությունների թիվը 1000 բնակչի հաշվով կազմում էր 18,2 մարդ, ապա, աստիճանաբար նվազելով, 1971-75-ին այն հասել է իր ամենացածր ցուցանիշին՝ 5,1 մարդ, հետագա տարիներին դարձյալ ու նեցել է աճի միտում և 2006-10-ին կազմել է միջինը 8,5 մարդ. (51,7 %-ը՝ արական, 48,3 %-ը՝ իգական սեռի)։
Անկախացումից հետո հանրապետությունում ժողովրդագրական իրադրության դրական միտումներից էր մինչև 1 տարեկան բնակչության բնական երեխաների մահացության մակարդակի նվազումը, եթե 1940-ին այդ ցուցանիշը 1000 կենդանի ծնվածների հաշվով եղել է 119,1 երեխա, ապա 2010-ին՝ 11,4 երեխա, կամ կրճատվել է շուրջ 10 անգամ։
ՀՀ-ում մահացության, հատկապես մանկամահացության նվազման շնորհիվ բնակչության կյանքի միջին տևողությունն աճել է և իր ամենաբարձր ցուցանիշին հասել 2009-10-ին՝ կազմելով 74,1 տարի (տղամարդկանցը՝ 70,6, կանանցը՝ 77)։ ՀՀ-ն այդ ցուցանիշով աշխարհում առաջատարներից է։
Բնակչության բնական շարժը բնութագրող հիմն. ցուցանիշներից մեկը բնակչության բնական հավելաճն է, որը որոշվում է 1 տարում ծնունդների և մահվան դեպքերի թվաքանակների տարբերությամբ։ Եթե բնակչության բնական հավելաճը 1940-ին կազմել է 36,7 հազար, 1960-ին՝ 62,1 հազար (առավելագույնն է), ապա, հաջորդ տարիներին նվազելով, 1991-ին կազմել է 54,4 հազար, իսկ 2010-ին՝ 16,9 հազար։ 1000 բնակչի հաշվով 1960-ին այն կազմել է 33,3 մարդ, 1991-ին՝ 16.3, 2010-ին՝ 5,2։
Հանրապետությունում 1970-80-ական թթ-ին գրանցվել է ամուսնությունների թվի աճ, իսկ 1985-ից՝ նվազում։ Հակառակ դրան՝ մեծացել է ամուսնալուծությունների թիվը։ 1990-ին նոր կազմավորված 28 հազար ամուսն. զույգերից ամուսնալուծվել է ավելի քան 4 հազարը (14,5 %), ապա 2010-ին այդ ցուցանիշները կազմել են՝ համապատասխանաբար՝ 17.984 և 2997 (16,7%)։ Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29 տարի է, կանանցը՝ 25,2։
Բնակչության միգրացիան
Միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դդ-ում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմեն, ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հս. Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։
1604-ին Իրանի Շահ Աբբաս l-ն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։
Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828-ի Թուրքմենչայի և 1829-ի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, Երբ Արևելյան Հայաստան են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։
Խորհրդ․ տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-30-ական թթ., 1946-50-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։
1959-79-ին հանրապետության բնակչության թիվն ավելացել է 1,7 անգամ։ Բայց 1980-ական թթ-ին ծայր առած տնտեսական դժվարությունների պատճառով ոչ միայն ներգաղթն է կրճատվել, այլև սկսվել է աշխատանքային արտագնացություն՝ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ 1980-88-ին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 114,8 հազար մարդ՝ հիմնականում արական սեռի, տնտեսապես ակտիվ տարիքի, որի մոտ 20 %-ն այդ ժամանակ երկրում անգործ էր։
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո անօթևան մոտ 200 հազար հայ տեղափոխվել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ Մեկնողների մոտ 20 %-ը չի վերադարձել։
Ադրբեջանում էթնիկ զտումներ են կատարվել Արցախյան ազատագր. շարժման տարիներին (1988-92), որի հետևանքով այդ երկրի ողջ հայ բնակչությունը՝ մոտ 350 հազար մարդ, բռնի տեղահանվել և հիմնականում ապաստանել է Հայաստանում, որտեղից նույն շրջանում արտագաղթել է 150 հազար ադրբեջանցի։ 1991-ին 6 հազար աբխազահայեր վրաց-աբխազ. հակամարտության հետևանքով ստիպված լքել են իրենց բնակավայրերը և ապաստանել ՀՀ-ում։ 1988-91–ին հանրապետությունն ընդունել է մոտ 420 հազար հայ փախստականների։
1992-94-ին սոցիալ․ և այլ դժվարությունների պատճառով սկսվել է ՀՀ բնակչության զանգվածային արտագաղթ։ 1991-96-ին ՀՀ միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 677 հազար մարդ, առավելագույնը՝ 1993-ին՝ 250 հազար։ Ընդ որում, արտագաղթել է հիմնականում բնակչության միջին ապահովվածություն ունեցող շերտը։ 2009-ին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 4,4 հազար (այլ տվյալներով՝ 25-30 հազար), 2010-ին՝ 2,15 հազար։ Արտագաղթի պատճառները տարբեր են՝ աշխատանքի բացակայությունը (26 %), կենսամակարդակի անբավարարությունը (25,9 %), ոչ նորմալ կենցաղային պայմանները (13 %), հեռանկարի բացակայությունը (11,8 %) և այլն։ 1990-95-ին հանրապետությունը կորցրել է մասնագետների ընդհանուր թվի 1/3-ը, փաստաբանների, տնտեսագետների, մանկավարժների կորուստը կազմել է 12 %։
Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 մլն մարդ՝ բնակչության 18 %-ը։
ՀՀ-ում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ․ գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են ՀՀ այլ մարզեր և Երևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն․ ու նախալեռն․ շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։
2010-ին ՀՀ բնակչության ներքին տեղաշարժերում ներգրավված է եղել 7 հազար մարդ։ Քաղաքից քաղաք է տեղափոխվել 2,3 հազար, քաղաքից գյուղ ՝ 2,2 հազար, գյուղից քաղաք՝ 1,5 հազար, գյուղից գյուղ՝ 0,9 հազար մարդ։
ՀՀ-ում փախստականների, ապաստան հայցողների, ներքին տեղափոխվածների, արտաքին աշխատանքային միգրացիայի, վերաբնակեցման հարցերը կարգավորելու և այդ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով 1999-ին ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն, 2005-ից՝ միգրացիոն գործակալություն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում (պետ՝ Գագիկ Եգանյան) ՀՀ բնակչության սեռատարիքային կազմը
Մինչև Հայրեն․ մեծ պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959-ին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970-ին՝ 51,2 %-ը, 1979-ին՝ 51,3 %-ը, 1989-ին՝ 51 %-ը, 2001–ին՝ 52 %-ը, 2010-ին՝ 51,5 %-ը։
ՀՀ մշտ․ բնակչության բաշխումը, ըստ տարիքային խմբերի, ներկայացված է աղ․ 3-ում: 2010-ին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 32,2%), աշխատանուկ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 68,7% (1990-ին՝ 59,7%), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5% (1990-ին 8,1%): Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվող հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010):
ՀՀ ժողովրդագր. իրավիճակի ընդհանուր պատկերում նկատվում է բնակչության ժողովրդագր. ծերացման խորացում: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագր. ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7%-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: ՀՀ-ում այդ ցուցանիշը 2010-ին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել:
Բնակչության տեղաբաշխումը և խտությունը
ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ² է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռն․ և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարդ/կմ²), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց Ձորի (24 մարդ/կմ²) մարզերը։
ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17%-ը, 1500-2000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 30 %-ը)՝ 22 %-ը, 200-2500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր․գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։ Քաղաքային և գյուղական բնակչություն
ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հզ. ընդհանուր բնակչությամբ։
Խորհրդ. շրջանում, արդ-յան զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ. բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։
1989-ին ՀԽՍՀ-ում կային 58 քաղաքային բնակավայրեր՝ 2,24 մլն բնակչությամբ (ՀՀ բնակչության 68 %-ը)։ Ներկայումս ՀՀ-ում կա 49 քաղաք. քաղաքաբնակ է բնակչության 64 %-ը։ Ամենամեծը մայրաքաղաք Երևանն է, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության մոտ 34,4 %-ը՝ 1.121,9 հզ. մարդ (2011)։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին է (146,2 հզ.), ապա՝ Վանաձորը (104,8 հզ.), Վաղարշապատը (57,5 հզ.), Հրազդանը (53,2 հզ.), Աբովյանը (46,5 հզ.), Կապանը (45,5 հզ.), Արմավիրը (33,8 հզ) և այլն։
ՀՀ-ում գյուղ. բնակավայրերը 949-ն են, գյուղ. համայնքները՝ 866 (2011)։ Գյուղ. առավել խոշոր բնակավայրերը տեղաբաշխված են հիմնականում Արարատյան դաշտում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։
ՀՀ բնակչության ազգային կազմը
Հայեր
Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին անցման ժամանակաշրջանում (մ. թ. ա. V-IV հազարամյակներ) հնդեվրոպ. ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկ. լ-աշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել է Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկ., հուն. և իրան. ցեղերը) մնացել է նախահայրենիքի տարածքում։
Հայկ. էթնոսի ձևավորման տնտ. նախադրյալներն ստեղծվել են էնեոլիթի դարաշրջանից։ Վաղ անասնապահ. և երկրագործ. մշակույթՆերի (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ, պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և դրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լ-աշխարհում, որտեղ գերիշխող են եղել հայկ. ցեղերը։ Բրոնզի դարաշրջանում (մ. թ. ա. III-II հազարամյակ) մշակել են անագի հանքեր: Մ. թ. ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպագիր արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, ունեցել են պետ-քաղ. կազմավորումներ։ Հայերի՝ որպես ժողովրդի, կազմավորման ընթացքն ավարտվել է Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX-VI դդ.), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածաքաղաքական միասնության։ Արդեն մ. թ. ա. VII դ-ի վերջի և VI դ-ի սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքեր, աքեմենյան արձանագրություններ, հին հույն հեղինակների երկեր) Հայկական լ-աշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։
Հայ ժողովրդի կազմավորման գործընթացին մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ. առաջատար դեր են խաղացել հնդեվրոպ. լեզվաընտանիքին պատկանող ցեղերը։ Հայկական լ-աշխարհի հս-արևմ-ումում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունից է ծագել հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց անվանադիր նախնին Հայկ դյուցազն է, որի անունով էլ հայոց նահապետական տոհմը և արքայատոհմը կոչվել են Հայկազունք կամ Հայկյան։
Մ. թ. ա. XXIV-XXIII դդ-ից հիշատակվում է օտարների՝ հայերին տված ամենատարածված անվան նախաձևը՝ արման(ում), որից առաջացել է ներկայիս «Արմենիա» անվանումը։
Հայերի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 հազար կմ2 է (ներկայիս ՀՀ, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի պետական սահմաններում)։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխ. ջրհեղեղից հետո Արարատ լեռն է դարձել մարդկության փրկության ու վերածննդի սկզբնավայրը։
Հին դարերում Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններից էր (գիտ. գնահատմամբ՝ մ. թ. ա. I դ-ում աշխարհում բնակվող շուրջ 130 մլն մարդուց 3,5 մլն-ը բնակվել են այստեղ և, հույն հեղինակների վկայությամբ, «խոսել են մեկ լեզվով՝ հայերեն»)։ Ըստ գրավոր աղբյուրների՝ Հայաստանի բնակչության թվաքանակը կայուն կերպով աճել է մինչև XII դ. (առնվազն՝ 7 մլն, որից շուրջ 6 մլն-ը եղել են հայեր, «Հայաստանի ազգային ատլաս», 2007, էջ 96)։ Հաջորդ դարերում պետականության կորստի և արտաքին ծայրահեղ աննպաստ գործոնների ազդեցությամբ հայ բնակչության թիվն սկսել է նվազել։ Զանգվածային է դարձել արտագաղթը՝ պայմանավորված ասպատակություններով ու տնտեսական դժվարություններով, կրոն, հալածանքներով, բնական աղետներով, հաճախ նաև օտար նվաճողների բռնի տեղահանումներով։
301-ին հայերը, աշխարհում առաջինը, քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն։ Հայերի եկեղեցին Հայաստանյաց առաքել. եկեղեցին է, կան նաև կաթոլիկության, բողոքականության և այլ ուղղությունների հետևորդներ։
Հայ բնակչության զանգվածային տեղաշարժերը նոր ուժով դրսևորվել են XIX դ-ում, երբ, 1801-ից սկսած, Ռուս. կայսրության սահմաններում են հայտնվել Կովկասը և ապա Հայաստանի արլ. շրջանները, որոնք մինչ այդ Պարսկաստանի և Օսմ. կայսրության կազմում էին։
Սկսած XVII—XVIII դդ-ից և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին Օսմ. կայսրությունում շատ հայեր բռնի մահմեդականացվել են. նրանց ժառանգներն այսօր Արմ. Հայաստանում զգալի թիվ են կազմում (մոտ 2 մլն)։
1914-ին օսմ. Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արմ. Հայաստանում բնակվել է 2,1 մլն հայ։ Թուրքիայում 1915-22-ին սրի է քաշվել շուրջ 1,5 մլն հայ, հարյուրհազարավորներ բռնի տեղահանվել են։ XX դ-ի առաջին ցեղասպանության հետևանքով Հայկական լ-աշխարհի գրեթե 4/5-ը կազմող Արմ. Հայաստանը զրկվել է իր արմատական (բնիկ) բնակչությունից։ Տասնյակհազարավոր հայեր հայրենազրկվել են և արտագաղթել Արլ. Հայաստան, Ռուսաստան, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, ձևավորվել է հայկական Սփյուռքը։ Սփյուռքի հայկական գաղթավայրերը տարբեր ժամանակներում որոշակի պատմ. իրադարձությունների հետևանքով նվազել են կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժը ողջ աշխարհում։
Հայերենը հնդեվրոպ. լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից է, հայ ժողովրդի ազգ., ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն։