Jump to content

Հայաստան հանրագիտարան/Կենդանական աշխարհ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ՀՀ-ն, չնայած փոքր տարածքին, աչքի է ընկնում կենդ․ աշխարհի հարուստ բազմազանությամբ և բնաշխարհիկ, մնացորդային (ռելիկտային) ու հազվագյուտ տեսակների առատությամբ, կենդանատեսակների բազմազանությամբ Կովկասի առավել ուշագրավ շրջաններից է։

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ։ Ողնաշարավորների ֆաունան լավ է ուսումնասիրված և ներկայացված է 536 տեսակներով. 83-ը կաթնասուններ են, 353-ը՝ թռչուններ, 53-ը՝ սողուններ, 8-ը՝ երկկենցաղներ, 39-ը՝ ձկներ։ Անողնաշարներն անհամեմատ վատ և անհավասարաչափ են ուսումնասիրված (միայն 30 %-ը), որը բացատրվում է նրանց խիստ առատությամբ և բազմազանությամբ։ Անողնաշարների 90 %-ը կազմում են միջատները (Insecta), որոնցից առավել լավ են ուսումնասիրված ուղղաթևները (Orthoptera), ճպուռները (Odonata), բզեզները (Coleoptera), թիթեռները (Lepidoptera), թաղանթաթևները (Hymenoptera) և երկթևները (Diptera)։ Միջատների մի շարք խմբեր (Ephemeroptera, Embiodea, Neuroptera ևն) ուսումնասիրված չեն։

Անողնաշարների մյուս խմբերից ՀՀ-ում ուսումնասիրվել են բույսերի և կենդանիների հելմինթները (Plathelmintes, Nemathelmintes), փափկամարմինները (Mollusca), հոդվածոտանիներից (Arthropoda)՝ սարդակերպները (Aranei), խեցգետնակերպները (Crustacea)։

Անողնաշարների ֆաունայի շուրջ 2 %-ը (ավելի քան 300 տեսակ) բնաշխարհիկ է, 100-ից ավելին՝ հազվագյուտ և անհետացող։

ՀՀ բնաշխարհիկ կենդանատեսակները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մարեհավ ևն), Փոքր Կովկասի (Դարևսկու իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը ևն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), Ատրպատականաարևելահայկ. (հայկական լեռնատափաստանային իժ, հայկ. էյրենիս, Ռադդեի իժ, Դալի ավազամուկ ևն) և Հայկական լ-աշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, վայրի հնդկահավ, հայկական որոր ևն) բնաշխարհիկ խմբերին։

Հանրապետության մնացորդային կենդանատեսակներից են փափկամարմինների 6 տեսակ՝ Տրոշելի խխունջը (Bithynia trosheli), կատարավոր խխունջը (Planorbis carinatus), սյունաձև խխունջը (Columella columella), նեղ խխունջը (Vertigo angustior), բուլղ. խխունջը (Orculella bulgarica), սեղմված խխունջը (Musculium strictum), երկկենցաղներից՝ սովորական տրիտոնը (Triturus vulgaris), թռչուններից՝ տուրպանը (Melanitta fusca), թավշաոտ բուն (Aegolius funereus) ևն։

«Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (2010) գրանցված է 308 կենդանատեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են (ոսկրային ձկներ՝ 7, երկկենցաղներ՝ 2, սողուններ՝ 19, թռչուններ՝ 96, կաթնասուններ՝ 29), 155-ը՝ անողնաշար (փափկամարմիններ՝ 16, միջատներ՝ 139)։ Հայաստանի կենդ․ աշխարհը ձևավորվել է նրա բարենպաստ աշխարհագր. դիրքի և երկրբ. ու լեռնագր. բարդ կառուցվածքի հիմքի վրա։ ՀՀ-ն՝ որպես Հայկական լ-աշխարհի մի մաս, տարածաշրջանի բուս․ և կենդ․ աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում է։ ՀՀ տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաաշխարհագր. տարածաշրջանի Իրան., Փոքրասիական ու Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը հանրապետության կենդ․ աշխարհի տեսակային կազմի վրա։

Իրան․ մարզին բնորոշ ներկայացուցիչներից են պարսկ. կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը (սողուններ), շիկապոչ քարաթռչնակը, իրան․ ճոճահավը (թռչուններ), Դալի ավազամուկը, մուֆլոնը (կաթնասուններ) և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են փոքրասիական տրիտոնն ու գորտը (երկկենցաղներ), փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը (սողուններ) և այլ տեսակներ։ Պոնտոս-Կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը (սողուններ), սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը (թռչուններ)։ ՀՀ կենդ, աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև Եվրասիբիր. ծագման մի շարք տեսակներ։

Կենդանիների բազմազանության տարածական տեղաբաշխվածությունը հիմնականում կախված է երկրի կլիմ. պայմաններից ու լանդշաֆտային բազմազանությունից։ Հայաստանը, որպես տիպիկ լեռն. երկիր, օժտված է յուրահատուկ բազմաբնույթ լանդշաֆտային տիպերով։ Հանրապետության տարածքը, որին բնորոշ են վերընթաց-գոտիական մեծ տատանումները (375-4095 մ), հարուստ է լանդշաֆտակլիմ. գոտիների բազմազանությամբ՝ անապատային-կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, մերձալպյան և ալպյան՝ իրենց յուրահատուկ բուս. ծածկույթով և կենդ. աշխարհով։ ՀՀ ֆաունայի գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին։

Հայաստանը քոչող կենդանիների և չվող թռչունների համար տարանցիկ ճանապարհների խաչմերուկ է։ Լեռն. ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազմազանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավազաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների տեղաշարժերին, որոնք իրենց հերթին նպաստում են կենդ. բազմազանության զարգացմանը։ Չվող տեսակներից են ծիծեռնակները, կռունկները։ Սեզոնային տեղաշարժեր են կատարում մուֆլոնն ու հովազը։

Կենդանական աշխարհի բաշխումը ըստ լանդշաֆտների

Անապատային-կիսաանապատային գոտի։ ՀՀ տարածքում իսկական անապատներն զբաղեցնում են ոչ մեծ մակերեսներ՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարզում, և մի քանի փոքր տարածքներ՝ այլ մարզերում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձր-ներում։ Ամենաբնորոշը Գորովան գյուղի մերձակա ավազային անապատի հատվածն է, որի անողնաշարների ֆաունան աչքի է ընկնում իր յուրահատկությամբ. ընդգրկում է աշխարհում միայն այստեղ հայտնի մի շարք բզեզների բնաշխարհիկ տեսակներ՝ կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus), արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola), Խնձորյանի ոսկեբզեզը (Sphenoptera khnzoriani) ևն։

Անապատային բուսականությանն իրենց կառուցվածքով և տեսակային կազմով շատ մոտ են Արարատյան հարթավայրի աղասեր համակեցությունները, որով պայմանավորված է բնաշխարհիկ արարատյան որդան կարմիրի (Por-phirophora hammelii) գոյությունը։

Կիսաանապատային գոտին նույնպես հիմնականում ներկայացված է Արարատյան հարթավայրում, Վայոց ձորում, մասամբ՝ հանրապետության հս-ում՝ Աղստև-Տավուշում (առանձին կղզյակների ձևով), իսկ հվ-ում՝ Զանգեզուրում։

Այս գոտիներին բնորոշ անողնաշարների ֆաունան ուշագրավ է նաև գիտական տեսանկյունից. ընդգրկում է հիմնականում հնագույն միջերկրածովային և իրանաթուրան. ծագման տարրեր։ Տարածված են առավել ջերմասեր ու չորադիմացկուն կենդանիները, որոշ տեսակներ հանդիպում են նաև լ-տափաստանային գոտում։

Միջատներից տարածված են կրծողների բներում ապրող եգիպտ. խավարասերը, աղոթարարները։ Բազմաթիվ են ուղղաթև միջատները (հատկապես՝ դերիկորուսը, կալիպտամուսը, անապատային մորեխը, ցիկադներից՝ կանաչ ցիկադատրան ևն), կիսակարծրաթևները (բուսակեր կրիայիկները, վառ զոլավոր գրաֆոսոմները, տրիգոնոսոմները, չոր փշեր հիշեցնող ֆիլոմորֆները, գունավոր խոշոր գիշատիչ ռեդավիրուսները)։ Շատ հարուստ է բզեզների ֆաունան, հատկապես՝ գիշատիչ ցիցինդելներ, բրոսկուս, սկարիտ, խոշոր, անթև կալիստենես ցեղերի տեսակները, սապրոֆագներից շատ են գոմաղբում զարգացող սկարաբեյները, կոպրերը և այլ տեսակներ։ Բազմաթիվ են բուսակեր (վառ գլաֆիրուսներ, հացաբզեզներ, ոսկեբզեզներ, երկարակնճիթ կլիոններ և այլն), ինչպես նաև մակաբույծ թարախահաններ, կլերիդներ, Շելկովնիկովի արաֆիպտերուս բզեզները։ Հանդիպում են ցանցաթև նեմոպտերան և լերտան, ասկալաֆուսները, խոշոր մրջնառյուծ-պալպարիսները։

Թիթեռներից բնորոշ են խոշոր առագաստաթիթեռները, սադափաթիթեռները, ճերմակաթիթեռները, գիշերային թիթեռներից՝ սատիրներն ու սֆինքսները (իշակաթնուկի և պատատուկի), բվիկները, արջաթիթեռներից՝ վառ արկտիա Հերա տեսակը, բույսերի վնասատու օկնոգինան, խոշոր կարմրասև ակսիոպենան։ Բազմաթիվ են ձիաստացները, կրետ-որսորդները, մենակյաց մեղուների մակաբույծ՝ խրիզիդիդ տեսակները։ Բազմազան են մրջյունները (մեսսոր, կատագլիֆիս ևն) և մուտիլիդները։ Երկթևներից տարածված են ճանճերի առանձին տեսակներ. հանդիպում են բոմբիլիդ ընտանիքի մակաբույծ ճանճերը (անաստեխուս, տոքսոֆորա), հեմիպենդես ցեղերի տեսակները), գիշաճանճերից՝ խոշոր շիկադեղին լաֆրիան, մոխրագույն հայկ․ կտենոտան, պալեարկտիկայի ամենախոշոր երկթև միջատը՝ հսկա գիշաճանճ սատանասը։ Մյուս անողնաշարներից հանդիպում է խայտաբղետ կարիճը, հազվադեպ՝ խիստ թունավոր սև կարիճը։ Բազմաթիվ են մորմերը՝ սև ռագոդեսները, խոշոր գալեոդները, փոքր կարշիաները։ Սովորական են սարդերը, հատկապես՝ ամենախոշորները։ Ցածրադիր վայրերում փափկամարմիններից բնորոշ են Էշերի (Levantina esheriana) և Դերբենտի (Xeropicta derbentina), սրաբերան (Xerosecta crenimargo) խխունջները։

Մեղրու տարածքի ֆրիգանային բնորոշ են ձողամիջատները (գրատիդիաներ), ՀՀ-ում միայն այստեղ են հանդիպում տերմիտների գաղութներ։ Աղոթարարներից տարածված է կարճաթև բոլիվարիան, այգիներում՝ կանաչ խիրոֆրեան։ Բազմաթիվ են սագա ծղրիդները, հազվադեպ՝ երկարաոտ ֆիտոդրիմադուզան, շալան, Շելկովնիկովի կանաչ ծղրիդը, բազմազան ու բազմաթիվ են մորեխները։ Բզեզներից բնորոշ են ասիական ցիցինդելը և գերմանական փոքր ցիցինդելը, գնայուկ բզեզներ ացինոպուսները, խոշոր սկարաբեյները և գիմնոպլևրները, պոտոզիաները, ոսկեբզեզներից՝ մեծ թվով սֆենոպտերաները, նշենու բզեզը։ Հանդիպում են մեծ պտղակեր բեղիկավորը, վառ կապտականաչ խրիզոխարիսը։ Բավական տարածված են երկարակնճիթները, սևաբզեզները, կլերիդները և թարախահանները։ Թաղանթաթևներից հայտնի են արլ. ձիաստացները, սկոլիաները ևն։ Ցերեկային թիթեռներից կան սատիրներ, զիգեններ և ճերմակաթիթեռներ։ Քարերի տակ հանդիպում է խայտաբղետ կարիճը։

Այս գոտու անողնաշարների ֆաունան հարուստ է բնաշխարհիկ տեսակներով, մասնավորապես՝ հայկ. ֆիտոդրիմադուզա (Phytodrymadusa armeniaca) ծղրիդը, Nocarodes armenus մորեխը, Dictyla subdola, Geotomus punctulatus փայտոջիլները, Glaphyrus superbus, Amphicoma eichleri, Cantharis araxicola, Acmaeodera obscura, Sphenoptera tschitscherini բզեզները, Tomomyza araxana, Bombilius schelkovnikovi երկթևները, Shadinia akramowskii, Gabiella araxena, Pupilla bipapulata, Orculella ruderalis փափկամարմինները, Zodarion petrobium սարդը ևն։

Կիսաանապատային գոտում հանդիպող սողուններից են Ռադդեի ժայռային (Darevskia radde) և շերտավոր (Lacerta stri- gata) մողեսները, դեղնափորիկը (Pseudopus adopus), երկարաոտ սցինկը (Eumeces shneider), ոսկեգույն տրախիլեպիսը (Trachylepis aurata), անդրկովկասյան մագլցող սահնօձը (Zamenis hohenacker), կովկասյան կատվաօձը (Telescopus fallaxs), գյուրզան (Vipera lebetina), օձերի այլ տեսակներ, սովորական մողեսօձը (Malpolon monspessulanus), վզնոցավոր էյրենիսը (Eirenis collaris), հայկական էյրենիսը (Eirenis modestus), որդանման կույրօձը (Typlops vermicularis), միջերկրածովային կրիան (Testudo graeca)։

Զանգեզուրի, Վայքի լ-զանգվածի և այլ շրջանների կիսաանապատային և տափաստանային գոտիներում սահմանափակ տարածքներ են զբաղեցնում անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), թուրաջը (Francolinus francolinus), շիկապոչ քարաթռչնակը (Oenanthe xanthoprymna) և թռչունների շուրջ 50 այլ տեսակներ։ Այստեղ բնադրում են քարակաքավը (Alectoris chukar), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus), սպիտակափող սոխակը (Irania gutturalis), կարմրակատար շամփրուկը (Lanius senator), վարսակտցարը (Lymnocryptes minimus)։ Տարածված է կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys sanguinea), հանդիպում նաև կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), կաթնասուններից՝ սովորական դաշտամուկը (Microtus arvalis), փոքրասիական (Meriones blackleri) և պարսկ. (Meriones persicus) ավազամկները, կզաքիսը (Martes martes), սովորական աղվեսը (Vulpes vulpes), սպիտակատամ սրնչակը, լայնականջ [Erinaceus (Hemie- chinus) auritus] և սպիտակափոր [Erinaceus (E.) concolor] ոզնիները, շիկակարմիր իրիկնաչղջիկը (Nyctalus noctula), Օգնևի մաշկեղ չղջիկը (Vespertilio ognevi), ականջեղ չղջիկը (Plecotus auritus) ևն։

Տափաստանային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի առավել մեծ մասը և հասնում է մինչև 1200-2800 մ բարձր-ներ, ընդգրկում է Արարատյան գոգավորության գրեթե ամբողջ լեռն, մասը, Շիրակի մարզի զգալի մասը, Սևանի ավազանի տարածքը, զգալի տարածքներ Լոռի-Փամբակում, Աղստևում և Զանգեզուրում։

Շիրակում լ-տափաստանային գոտին գրավում է այդ տարածքի զգալի մասը (34 %-ը)։ Բուսականությունը ներկայացված է հիմնականում հացահատիկային խոտաբույսերով։ Շատ տեղերում տափաստանները վերածվել են մարգագետինների։ Որոշ հատվածներում նախնական ֆաունան անհետացել է՝ այդ տարածքները որպես վարելահողեր օգտագործելու պատճառով։ Կենդ. աշխարհի տեսակային կազմը ընդհանուր առմամբ աղքատ է և միատեսակ, որի պատճառը ոչ միայն մարդահարույց ազդեցությունն է, այլև նրա ձևավորման երիտասարդ հասակը։ Մորեխներից գերակշռում է իտալ. մորեխը, բնորոշ են ձիուկները, մթնաթևները, բրադիպորուս հսկա ծղրիդը, խոշոր ճռիկ լիոգրիլլոաը, աղոթարար իրիսը։ Բզեզներից հանդիպում են անթև կալիստենեսը, կարաբուսները, խոշոր, սև ու կարմիր բծերով գերեզմանափորները։ Բազմաթիվ են գոմաղբաբզեզները, բրոնզաբզեզները, մայիսյան բզեզները, գլաֆիրուսները, ամֆիկոմները, մելոենները ևն։ Թիթեռներից շատ են մախաոնները, ճերմակաթիթեռները, վանեսաները, սատիրները, զիգենները, կապտաթիթեռները։ Գիշերային թիթեռներից հանդիպում են երեքնուկի մետաքսագործը, բվիկներ, երկրաչափներ, արջաթիթեռներ ևն։ Շիրակի մարզում ցերեկային թիթեռներից սովորական են շաղգամի և կաղամբի ճերմակաթիթեռները, ավրորինա դեղնաթիթեռը ևն։ Հանդիպում են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող տեսակներ՝ լայնացած բրադիպորուս (Bradyporus dilatatus), հայկական ցատկող (Montana armeniaca) ծղրիդները, Bruchidius armeniacus, Cryptocephalus moravi բզեզները, երկթևներից՝ Eumerus socdianus-ը, ինչպես նաև փափկամարմինների 4 բնաշխարհիկ տեսակներ։ Լոռու մարզում մորեխներից տարածված են անատոլիական ակրիդան, ձիուկներ, ծղրիդներից՝ կովկասյան իզոֆիան, պարադրիմադուզան, թևավոր գորշ ծղրիդը, իրիս աղոթարարը, առագաստավորների եվրոպ. տեսակներ (օր.՝ մնեմոզինա), դեղնաթիթեռները, կապտաթիթեռները, սատիրները, հաստագլխիկները, գիգենները, բվիկները։

Աղստև-Տավուշում լ-տափաստանային գոտին ձգվում է հանրապետության պետական սահմանի երկայնքով և ներկայացված է չոր տափաստաններով, կիսաանապատային առանձին կղզյակներով։ Ֆաունան կազմավորման փուլում է։

Լ-տափաստանային գոտին ընդգրկում է Սևանի ավագանի շրջանների հիմն, մասը։ Այն հարուստ է բազմաթիվ ստացիաներով։ Ցերեկային թիթեռներից հանդիպում են մախաոնը, ապոլլոնը, ավրորինա դեղնաթիթեռը, վանեսան, սադափաթիթեռները, կապտաթիթեռները, գիշերայիններից՝ բոժոժահյուսները, երկրաչափները և արջաթիթեռները։ Թաղանթաթևն երից բազմաթիվ են մենակյաց մեղուները, կրետորսորդները և այլն։ Շատ հարուտ է սարդակերպների ֆաունան, հանդիպում են խայտաբղետ կարիճը և կարշիա մորմը։ Տարածված են վերտիգո և էուքսինա սեռի փափկամարմինները։

Վայքում լ-տափաստանային գոտին բնորոշվում է չորային (քսերոֆիլ) բուսականությամբ, որը նման է Արարատյան դաշտի բուսականությանը։ Այստեղ հանդիպում են նաև կիսաանապատային և անտառային տեսակներ՝ Tridactylus variegates եռամատը, Acheta burdigalensis ծղրիդը, Melanotus brunneipes չրխկանը, Bruchidius gilvoides, Dicronychus equiseti ընդակեր բզեզները, Turanena scalaris փափկամարմինը։ Կան բնաշխարհիկ տեսակներ՝Trechus dzermukensis, Cardio- phorus pseudogramineus բզեզները, Cne- pha hajotsdzorensis երկթևները, Eumer hoferi transcaucasica թեփուկաթևները, Armenica disjuncta, Vertigo substriata, Euxina somchetica փափկամարմինները։

Լ-տափաստաններ կան նաև Զանգեզուրի հյուսիս-արևմուտքում։ Ֆաունան աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ և բնաշխարհիկ տեսակներով, ազգակցական կապեր ունի Արաքսի հովտի բնաշխարհիկ ֆաունայի հետ։ Անողնաշար կենդանիներից այստեղ հանդիպում են Incertana persica ծղրիդը, Chorthippus mistshenkoi մորեխը, երկթև Eusimulium quiltense megrichaense տեսակները, Euxina valen- tini, Euxina akramowskii խխունջները։

Տափաստանային գոտում հատկապես նվազում է երկկենցաղների և սողունների տեսակային կազմը։ Այստեղ պակաս վտանգավոր են թունավոր օձերը, օր.՝ տափաստանային իժը։ Սողուններից սովորական են հայկական ժայռային մողեսը (Darevskia armeniaca), Դալի ժայռային մողեսը (D. dahli), Վալենտինի ժայռային մողեսը (Լ. valentini), Նաիրյան ժայռային մողեսը (D. nairensis), զոլավոր մողեսը (Lacerta strigata), նրբագեղ օձաչք մողեսը (Ophisops elegans), հայկական լ-տափաստանային վահանագլուխիժը (Vipera erivanensis), Ռադդեի լեռն, իժը (V. raddei), ավստրիական պսակաօձը (Coronella austriaca), իսկ գետերի և ջրամբարների շրջակայքում հանդիպում են ջրային լորտուն (Natrix tessellata) և սովորական լորտուն (N. natrix)։

Թռչնաշխարհը ներկայացված է ավելի քան 30 տեսակներով, առավել տարածված են ճնճղուկանմանները (Passeriformes), ճուռականմանները (Falconiformes)։ Թռչուններից սովորական են լորը (Cotumix coturnix) և մոխրագույն կաքավը (Perdix perdix)։ Գիշատիչ թռչուններից բնադրում են տափաստանային արծիվը (Aquila nipalensis), մկնաճուռակը և մեծ ճուռակը (Buteo buteo)։ Թփերի վրա բնադրում են կորեկնուկը (Miniaria calandra), կանեփնուկը (Carduelis cannabina) և ոսպնուկը (Carpodacus erytrinus), գետնի վրա՝ երկբծավոր (Melanocorypha bimaculata) ու դաշտային (Alauda arven- sis) արտույտները, դաշտային ձիաթռչնակը (Anthus campestris)։

Այս գոտին բարենպաստ է կաթնասունների մի շարք ներկայացուցիչների համար։ Մանր կաթնասուններից բնորոշ են փոքր (Crocidura suaveolens), սպիտակափոր սպիտակատամ (C. leucodon) սրնչակները, սրականջ (Myotis blythi), բեղավոր, ականջեղ և այլ չղջիկները, թփուտային դաշտամուկը (Mus terra- neus), Հայաստանի ֆաունայի ամենավնասակար կրծողը՝ սովորական դաշատամուկը (Microtus arvalis)։ Բարդ բներ են պատրաստում անդրկովկասյան կուրամկնիկը (Ellobius lutescens), փոքրասիական ճագարամուկը [Allactaga (P.) euphratica]։ Տարածված են նաև կուսարան (N. schelkovnikovi), սովորական աղվեսի (Vulpes vulpes) հայկական ենթատեսակը, կզաքիսը (Maries foina), խայտաքիսը (Vormela peregusna), աքիսի 2 ենթատեսակ, գայլը (Canis lupus) և այլն։ Շիրակի լ-տափաստաններում հանդիպում են սարահարթային դաշտամուկը (Microtus guentheri), կուրամուկը (Spalax leucodon) և փոքրասիական գետնասկյուռը (Citellus xanthoprymnus)։

Խոսրովի արգելոցում և ՀՀ հվ. շրջաններում հանդիպում են վայրի ոչխարը՝ մուֆլոնը (Ovis (orientalis) Gmelinii], ժայռերում՝ բեզոարյան այծը (Capra aegagrus) և հովազը (Panthera pardus)։

Մերձալպյան և ալպյան գոտիները մարգագետինների ձևով հանդիպում են գրեթե բոլոր լեռնաշղթաներում՝ սկսած 2000 մ բարձրից. զբաղեցնում են ջրբաժանների գագաթնային շրջանները, բարձրավանդակները և գոգավորությունները։

Արարատյան հատվածի մերձալպյան և ալպյան գոտիներում տափաստանային տեսակների հետ տարածված են կովկասյան ստենոբոտրուսը, զնոյկիանա, պարանոկարակրիս, նոկարակրիս հայկական մորեխները, հանդիպում է բարձրլեռն. պսորոդոնոտուս անթև ծղրիդը։ Բզեզներից Արարատյան շրջանի բարձրլեռն. գոտուն հատկապես բնորոշ են գնայուկները (հայկ. կառաբուսը, փոսիկավոր կառաբուսը), Deltomerus khnzoriani տեսակը։ Ցերեկային թիթեռներից բնորոշ են խոշոր, սպիտակ-կարմիր բծերով ապոլլոնները, սատիրները, կապտաթիթեռները և այլն, գիշերային թիթեռներից՝ բարձրլեռն. սատուռնիան, թաղանթաթևներից՝ ձիաստացները։ Բնաշխարհիկ են դեղնաթիթեռ կոլիասը և իզոխլորա սեռի բվիկը։

Շիրակի ալպյան և մերձալպյան գոտիների ֆլորան մեծ չափով նման է եվրոպականին, որն անդրադարձել է նաև ֆաունայի վրա։ Տիպիկ ալպյան են և ՀՀ-ում միայն այստեղ են հանդիպում Athous vulpeculus, Carabus victor, Dorcadion nitidum բզեզները, Torymus auratus թաղանթաթևները։

Լոռի-Փամբակի և Աղստև-Տավուշի բարձրադիր մարգագետինների ֆաունան չափազանց աղքատ է։ Լոռու բարձունքներում հանդիպում է Պուշկինի կառաբուս բզեզը։

Սևանի ջրավազանի շրջաններում հայտնաբերված են տիպիկ ալպյան և մերձալպյան տեսակներ՝ Dorcadion semilucens, Coccinelia alpigrada բզեզները, Trichia armeniaca խխունջը։

Վայքում ալպյան տարրերը կազմում են ֆաունայի 15 %-ը, իսկ Սյունիքում՝ 9 %-ը։

Հայաստանի ալպյան և մերձալպյան լանդշաֆտների տիպիկ և լայնորեն տարածված անողնաշար կենդանիներից են Carabus stjernvalli, C. tamsi, Trechus ar- menus, T. dzermukensis, Deltomerus khnzoriani, Dorcadion սեռի բզեզների ավելի քան 15 տեսակ, ինչպես նաև թաղանթա- թևներից՝ Bombus spp-ը, Torymus auratus-ը, Զախարովի պոլիսարկուսը, փափկամարմիններից՝ Trichia armenica-ն և այլն։ Ընդհանուր առմամբ անողնաշարների ֆաունան բավական յուրահատուկ է և ընդգրկում է բազմաթիվ հայկ. և կովկասյան բնաշխարհիկներ։

Այս գոտում սողունների ֆաունան համեմատաբար աղքատ է։ Ալպյան մարգագետինների ցածրադիր մասերում երկկենցաղներից ապրում են փոքրասիական գորտը (Rana macrocnemis), լճագորտը (R. ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis), կոտրտվող իլիկամողեսը (Anguis fragilis), Վալենտինի ժայռային (Darevskia valentinae) մողեսները, լորտուներ, Coronella austriaca, Vipera darevskii, V. erivanensis օձերը։

Թռչունների ֆաունան բազմազանությամբ զիջում է մյուս գոտիներին, սակայն աչքի է ընկնում հազվագյուտ և փոքրաքանակ տեսակներով, որոնք գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Դրանցից են ալպյան արոտներին բնորոշ ՀՀ ամենամեծ հավազգին՝ վայրի հնդկահավը կամ կասպիական ուլարը (Tetraogallus caspius), ալպիական ճայը (Pyrrocorax graculus), կարմրակտուց ճայը (Pyrrocorax pyrrocorax), գառնանգղը (Gypaetus barbatus), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), կարմրաթև մագլցողը (Tichodroma murana), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis) ևն։ Բազմաթիվ են աղավնիները: Ճնճղուկանմաններից բնադրում են մի շարք ալպյան տեսակներ (օր.՝ եղջերավոր արտույտը)։ Գիշատիչ թռչուններից տարածված են ցիները և գառնանգղները, հաճախ են հանդիպում բազեները։

Կաթնասուններից այս գոտում հիմնականում հանդիպում են կրծողների լայնորեն տարածված տեսակներ, մասնավորապես՝ մկնանմանների ընտանիքի (Muri-dae) ներկայացուցիչներ՝ սովորական (Microtus arvalis) և ձնային (Chionomys nivalis) դաշտամկները, երբեմն՝ անտառային մուկը (Sylvaemus sylvaticus)։

Անտառները ՀՀ-ում մեծ տարածք չեն զբաղեցնում, լայնատերև ծառատեսակներից գերակշռում են կաղնին, հաճարենին, բոխին, տեղ-տեղ հանդիպում են փշատերևներ՝ հիմնականում Լոռի-Փամբակում, Աղստև-Տավուշում, Վայքում, Զանգեզուրում։ Այս լանդշաֆտային գոտու անողնաշարների ֆաունան ընդհանուր առմամբ բավական հարուստ է։ Շատ են ծղրիդները, այդ թվում՝ ծառերի վրա ապրող տերիտոնիաները։ Ճռիկներից բնորոշ են բաց կանաչ, տափակ էկանտուսները։ Հանդիպում են սովոր. աղոթարարը, ֆորֆիկուլա ականջմտուկը, կիսակարծրաթևներից՝ զոլավոր կարմիր գրաֆոզոմները, դոլիկորիսները. էվրիդեմները, կարպոկորիսները, կամտոպուսները, խոշոր ցիկադներից՝ տիբիցինները, փոքրերից՝ ցերկոպիսը, դիկտիոֆորան, խոշոր գնայուկ բզեզներից՝ կառաբուս տեսակները, գնայուկներից՝ հսկա կապույտ պրոցերուսը, լուսատտիկները, բազմաթիվ են բրոնզաբզեզները, երկարակնճիթների անտառային խմբերը, կեղևակերները, ոսկեբզեզները, երկարաբեղիկները, հազվադեպ՝ ալպիական ռոզալիան։ Բնորոշ են պիրոխրոա և լիտտա տեսակները։ Ցերեկային թիթեռներից տարածված են եղնջաթիթեռը, սգաթիթեռը, սադափաթիթեռները, սատիրները, կապտաթիթեռները, գիշերային թիթեռներից՝ ծառերի վրա ապրող բոժոժահյուսները և երկրաչափները, սովորական է ոսկետուտը։ Բացատներում հանդիպում են նեոիտամուս, խոշոր կոնոսիրֆուս (կովկասյան բնաշխարհիկ է) գիշաճանճերը և այլն։ Բազմաթիվ են ֆագիա սեռի տախինները։ Հանդիպում են խայտաբղետ կարիճը, փափկամարմիններից՝ վերտիգոն, ցիրկասիան, արմենիկան։

Անտառային գոտում հանդիպում են նաև միջատներ, որոնք բնորոշ են նաև լ-տափաստանային և ֆրիգանային գոտիներին (օր.՝ շալա ծղրիդը)։ Զանգեզուրի անտառներում հանդիպող որոշ տեսակներ բնորոշ են Փոքր Կովկասին կամ Անդրկովկասի հվ-արլ. շրջաններին (օր.՝ հիրկանոլեստես, կոլումելա և արմենիկա փափկամարմինները)։ Հս. անտառների անողնաշար կենդնիների ֆաունան կարևոր նշանակություն ունի էկոհամակարգում։ Ծագումով այն զգալի չափով նման է եվրոպ., կովկասյան, պալեարկտիկայի անտառային ֆաունաներին։ Լավ են ուսումնասիրված Լոռի-Փամբակի անտառների միջատները։ Բացատներում բազմաթիվ են մորեխները, փոքրիկ ձիուկները, վառ կարմիր թևերով ճթթանները։ Սոճուտներում հանդիպում են Cidaria firmata, Bupalus piniarus թիթեռները, Salpingus casta- neus, Hypophleus pini բզեզները։

Աղստև-Տավուշում անտառներն զբաղեցում են հս և հս-արմ. հիմն. մասը։ Ֆաունան գլխավորապես կազմված է միջերկրածովային, կովկասյան, եվրոպ., եվրո-սիբիր., արևելամիջերկրածովային կենդանատեսակներից։ Առավել ուշագրավ է Աղստև գետի միջին հոսանքի և նրա վտակների ֆաունան։ Հայտնաբերված են հազվագյուտ և քիչ հայտնի տեսակներ՝ Isophya bivittata ծղրիդները, Cardiophorus somcheticus, Stenagostus probosus, Otiorrynchus nemorosus, Phyllodrepa alutacae բզեզները, Eusimulium murvanidzei երկթևները, Torymus macropterus թաղանթաթևները, Phenococcus mespili կոկցիդները, Vertigo pusilla, Chondrina elienta caucasica, Armenica griseofusca փափկամարմինները։

Սևանի ավազանում հանդիպում են չոր անտառների կղզյակներ, սակայն դրանց բնորոշ ֆաունան բավարար ուսումնասիրված չէ։ Տարածքը հարուստ է արհեստական անտառային տնկարկներով։ Ֆաունան հիմնականում կազմված է լայնորեն տարածված տեսակներից։

Վայքում հանդիպող որոշ անտառային տեսակներ տարածված են նաև լ-տափաստանային գոտում։

Զանգեզուրում անտառային գոտին զբաղեցնում է հվ-արևելքը. բնութագրվում է հարուստ ֆաունայով։ Տեսակային կազմով այն խիստ տարբերվում է Լոռի-Փամբակի և Աղստև-Տավուշի անտառային ֆաունայից։ Այստեղ գերակշռում են հնագույն Միջերկրածովային, Իրանա-Թուրանական, Ղրիմ-Կովկասյան և Կովկասյան ծագում ունեցող տարրերը։ Ֆաունան ինքնատիպ է, սակայն բավարար չափով ուսումնասիրված չէ։

Անտառային գոտում հանդիպող երկկենցաղներից և սողուններից են Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea schelkovnikovi), կանաչ (Lacerta viridis), ճարպիկ (L agilis) և միջին (L.media) մողեսները, կոտրտվող իլիկամողեսը (Anguis fragilis), ավստր. պսակաօձը (Coronella austriaca), քառաշերտ սահնօձը (Elaphe quatorlineata), ջրային (Natrix tessellata) և սովորական (N. natrix) լորտուները։ Առանձին՝ մեկուսացած հատվածներում հանդիպում են նաև հայկական իժը (Vipera raddei), մարգագետնային մողեսը (Lacerta praticola), Դալի (Darevskia dahli) և հայկ. (D. armeniaca) կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը (Elaphe hohenackeri), Խոսրովի արգելոցում սովորական է անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։

Լայնորեն տարածված է ճնճղուկանմանների կարգի 42 տեսակ, նաև անտառային աղավնին (Columba palumbus), երկարակտուց խոշոր անտառակտցարը (Scolopax rusticola), ճնճղուկազգիներից՝ ճայը (Corvus monedula), պիրոլը (Oriolus oriolus), կեռնեխների մի քանի տեսակներ՝ կանաչ սերինոսը (Carduelis chloris), ճանճորսը (շատ տեսակներ) և այլն, գիշատիչ թռչուններից՝ ցախաքլորաորսը (Accipiter gentilis), կրետակերը (Pernis apivorus), գաճաճ արծիվը (Hieraaetus pennatus), կովկասյան լորաճուռակը (Accipiter nisus), խոշոր լեշակերներից՝ սև անգղը (Aegypius monachus) և գառնանգղը (Gypaetus barbatus)։ Գիշերները որս են անում անտառաբուն (Strix aluco), ականջավոր բուն (Asio otus) ևն:

Առավել բնորոշ կաթնասուններից են այծյամը (Capreolus capreolus), վարազը (Տատ scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամոլը (Dyromys nitedula), անտառային մուկը (Apodemus sylvaticus) ևն, սրընչակների մի քանի տեսակներ, օր.՝ Շելկովնիկովի կուտորան (Neomys schelkovnikovi), սպիտակափոր ոզնին (Erinaceus concolor), շիկակարմիր իրիկնաչղջիկը (Nictalus noctula), ուշաթռիչք մաշկեղ չղջիկը (Eptesicus serotinus)։ Սմբակավորներից հանդիպում են այծյամը, վարազը, ժայռերի մեջ՝ բեզոարյան այծը։ Գիշատիչներից տարածված են գորշուկները (Meles meles), քարակզաքիսը (Martes foina) և գորշ արջը (Ursus arctos syriacus), կրծողերից՝ անտառային քնամոլը (Dryomys nitedula), անտառային մուկը (Sylvaemus sylvaticus)։ Թռչուններից միայն այստեղ է հանդիպում կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiezi)։ Լոռու մարզի անտառներում հանդիպում են պարսկ. սկյուռը (Sciuris anomalus) և երկարապոչ հայկ. մկնիկը (Sicista armenica), Զանգեզուրում՝ մացառախոզը (Histrix indica hirsutirostris), շնագայլը (Canis aureus) և բորենին (Hyaena hyaena)։

Ջրային, ջրաճահճային և ջրամերձ համակեցություններ։

Հայաստանը հարուստ չէ ջրային պաշարներով և համապատասխան կենսահամակեցություններով։

ՀՀ-ում կանգուն և հոսող ջրերն իրենց շրջապատող ճահճային վայրերի հետ ստեղծում են ուրույն ֆաունա։ ՀՀ-ի ամենամեծ ջրավազաններն են Սևանա և Արփի լճերը։

Հանրապետության ջրահամակարգերում հայտնաբերվել է պլանկտոնային կենդանիների 124 տեսակ, այդ թվում՝ անվակիրների (Rotatoria) դասին պատկանող՝ 46, խեցգետնակերպների (Crustacea)՝ 78, թերթոտանիների (Phillopoda) կարգի՝ 16, թիոտանիների (Copepoda)՝ 16 տեսակ։ Անվաորդերից առավել տարածված են Brachionus ruens, Keratella quadrata, Filinia longiseta, Pedalia fennica v. oxyuris, Conochilus hippocrepis տեսակները։ Մեծ բազմազանությամբ են աչքի ընկնում զոոբենթոսի ներկայացուցիչները՝ տափակ, կլոր և օղակավոր (սակավախոզան) որդերը, տզրուկները, փորոտանի և երկփեղկ փափկամարմինները,տարաոտ խեցգետինները, ճյուղաբերանավորները, թիոտանիները, խեցիավոր խեցգետնակերպները, տզերը և միջատները (ճպուռներ, միօրիկներ, թավաթևներ, ջրամլակներ, երկթևներ ու բզեզներ), նաև հիդրաները՝ 316 տեսակ։ Սևանա լճում տարածված է նաև սպունգների 1 տեսակ՝ Ephidatia fluviatilis։


Ճահիճներում, ճահճացած հատվածներում, ափամերձ գոտում, ինչպես նաև բնական և արհեստ, ջրամբարներում (առվակներ, գետեր, լճեր և այլն) հանդիպում են միջատներ ու փափկամարմիններ։ Շիրակում առավել ուշագրավ են Lestes sponsa, Puella lunulata ճպուռները, Eusimulium djafarovi երկթևները։ Հարուստ է Լոռու անողնաշարների ջրային ֆաունան։ Աղստևում այն նման է եվրոպ. ֆաունային (ճպուռներ՝ Orthetrum cancellatum, բզեզներ՝ Enochrus melanocephalus, երկթևներ՝ Eusimulium murvanidzei)։


Անողնաշարների ջրային ֆաունան հարուստ է Սևանի ավազանում։ Ճպուռներից բնորոշ են լեստես և լիբելուլա տեսակները։ Ջրերի մակերեսին վազվզում են կիսակարծրաթև գեռիսները։ Ճահճային բուսականության վրա սովորաբար ապրում է տիզեոցենտրինուս դորսատուս մորեխը։ Այստեղ հանդիպում են կապույտ գնայուկ խլենիուսը, մեծ սև ջրասերը, Hydrophilus aterrimus, Spercheus emarginatus, Lathelmis latiusculus, Dytiscus marginatus, Coelambus armeniacus, Omophlus nitidicollis, Lithophilus araxis, Lacophilus hyalinus, Hygrotus inaequalis, Deronectes halensis բզեզները, Simulium bergi, Prosimulium frontatum, P. arvernense երկթևները, լճի առափնյա ճահճացած մասերում՝ Lymnaea stagnalis, Planorbis planorbis, Lymnaea (Radix) peregra, L. (Radix) patula, L. (Radix) lagotis, L. (Radix) auricularia, L. (Galba) truncatula, Bathyomphulus contortus, Gyraulus albus փափկամարմինները։ Սևանա լճում ապրում է ջրային կարիճ նեպան։ Գամարուս խեցեմորթները կեր են իշխանի և կարմրախայտի համար։

Արարատյան հարթավայրում ջրային և ափամերձ ֆաունայում բավաքանակ են ճպուռները։ Ջրային և առափնյա բույսերի վրա սովորական են ճպուռների ագրիոն, էպալագե, սիմպետրում սեռերի տեսակները։ Արաքսի հովտի եղեգնուտներում հանդիպում է ասիական մորեխը։ Աղբյուրներին և գետակներին հատուկ են վելիա կիսակարծրաթևը և նուրբ ու բարակ ջրաչափը։ Գետակների ափերին ապրում են ցինցիդել սեռի բզեզներ, կանգնած ջրամբարներին բնորոշ են կուլիցիդե ընտանիքի մոծակները։ Արագահոս քաղցրահամ ջրերում հանդիպում է մեծ գետային խաչափառը։ Այղր լճում ապրում է խոշոր անատամի (Anodonta piscinalis) ռելիկտային տեսակը։ Փափկամարմիններից կարելի է նշել Լ. auricularia, Shadinia terpoghassiani, Sh. akramowskii, Gabbiella araxena, Planorbis planorbis, P. sieversi տեսակները։ Հանդիպում են նաև տզրուկներ։

Կայքում ջրային ֆաունան ավելի աղքատ է։ Բնորոշ տեսակներից են Sympetrum sanguineum, snychogomphus assimilis ճպուռները, Cnepha hajotsdzorensis, Eusimulium griletense alisadei, Eu. vitile երկթևները։ Վայքի ջրերի միջատներից հայտնի են կիսակարծրաթև ջրաչափ գեռիսը, սիմպետրում, օնիխոգոմֆուս, օրտետրում ճպուռները, գետերում սովորական է Potamion potamion խաչափառը։

Զանգեզուրի լեռն․ գետերի և վտակների ափերին սովորական են ցինցիդել բզեզները և կապույտ խլենիուսները, ջրային միջատներից՝ գեռիս ջրաչափը։ Բազմաթիվ են ճպուռները։ Քարերի տակ ապրում է գետային խաչափառը։

Կլիմայավարժեցվել և տարածվել է Pontastacus leptodactylus գետի երկարաչանչ խեցգետինը։

ՀՀ-ի տարածքում հանդիպող ձկների 39 տեսակներն ընդգրկված են 5 կարգում։ Բնաշխարհիկ են Սևանի իշխանը՝ իր 4 ենթատեսակով, հայկական կարմրակնը, հայկական տառեխիկը, Սևանի կոդակը, Սևանի բեղլուն, հայկական գուստերան։ ՀՀ գրեթե բոլոր գետերի (բացառությամբ Սևանի ավագանի) վերին և միջին հոսանքներում հանդիպում է կարմրախայտը, միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում՝ բեղլուն, Հրազդանի ստորին հոսանքում՝ նաև ծածանը և սովորական լոքոն։

Արաքսի վտակներում սողուններից ապրում է կասպիական կրիան, Աղստևում՝ ճահճային կրիան։ Սևանի ավազանում և բոլոր գետերում տարածված են ջրային և սովորական լորտուները։

Թռչուններից բնորոշ են կարմիր բադը (Tadorna ferruginea) և տուրպանը, որոնք բնադրում են ժայռերում։ Հայկական որորը (Larus armenicus) ՀՀ-ում միակ թռչնատեսակն է, որը կազմում է աշխարհում ամենախոշոր բնադրագաղութը (գաղութում՝ 5-8 հազար թռչուն)՝ Սևանա և Արփի լճերում։

ՀՀ մեծ գետերում և լճակներում ջրային կաթնասուններից հանդիպում է ջրասամույրը (Lutra lutra), որը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Արաքսի հովտի առափնյա մացառուտներում հաճախ են հանդիպում եղեգնակատուները (Felis chaus)։

Արտազոնայական լանդշաֆտները կապված են ազոնալ գոտու բուսականության հետ, որը ներկայացված է հիմնականում ճահճային, ջրային և ժայռային բույսերով։ Անողնաշարներից այստեղ սովորական են Lestes sponsa, Puella lunulata, Orthetrum cancellatum, Enochrus melanocephalus, Lymnaea stagnalis, Planorbis planorbis և այլ տեսակներ։ Ողնաշարավոր կենդանիներից հանդիպում են երկկենցաղներ, սողունների մի շարք տեսակներ (մասնավորապես՝ ջրային լորտուներ), կաթնասուններից՝ ջրասամույրը (Miocastor coupus), կուտորան, ջրային առնետը (Arvicola terrestris)։

Մշակվող լանդշաֆտներում հայտնաբերվում են հիմնականում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ՝ տզեր, լվիճներ, բզեզներ, թեփուկաթևներ, կոկցիդներ և այլն։ Շիրակում այս լանդշաֆտները ձևավորման վաղ փուլում են, իսկ Լոռիում կազմում են 6 %։ Մարդահարույց մեծ ճնշման տակ է Արարատյան հարթավայրի ֆաունան, որը ներկայացված է սովոր., կիսաանապատային, տափաստանային, անտառային լայնորեն տարածված տեսակներով։ Հարուստ և բազմազան է Մեղրու մարդահարույց ֆաունան։

Հողերի սեփականաշնորհման լայնածավալ աշխատանքները, բնական համակեցությունների յուրացման ու կրճատման, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդահարույց գործոններ զգալիորեն անդրադառնում են կենդանիների ֆաունայի կենսաբազմազանության և առաջին հերթին նրա օգտակար տարրերի (փոշոտիչներ, էնտոմոֆագեր), ինչպես նաև բնաշխարհիկ ձևերի վրա։

ՀՀ կենդ․ աշխարհն ազգային մեծ արժեք է և Երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի կարևոր նշանակություն։ Այն նպաստում է նաև հասարակության ներդաշնակ զարգացմանը՝ կատարելով մեծ գիտական, գեղագիտական, ճանաչող, դաստիարակչական դեր։

Երկրի տնտեսության և բնակչության համար առանձնահատուկ նշանակություն ունեն անտառային լանդշաֆտները, որոնք թեև կազմում են տարածքի մոտ 10 %-ը, բայց կարևոր են կլիմայի, ջրային ու ջերմային ռեժիմների կարգավորման, հողի էրոզիայի դեմ պայքարում, նաև արդյունաբերական, գյուղատնտեսական և սննդի պաշարների կարևոր աղբյուր են։

Բոլոր կենդանատեսակները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հազվագյուտ ու անհետացող տեսակները, կարգավիճակի պարբեր. որոշման արդյունքում, գրանցվում են «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում»։

Հասմիկ Խաչատրյան