Հայացքների թակարդում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայացքների թակարդում

Եղիշե Չարենց

Հայացքների թակարդում


Ո՞վ է անցնում բուլվարում
— Նա՛: —
Նայում են, շատ են նայում:
Ահա՜, —
Սո՛ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով —
Անհագ, ծարավ — պահանջում:
Թափում են նուրբ մի կրակ —
Աչքերով:
Մերկացնում են արագ —
Հրով —
Բո՛րբ աչքերի կրակով
Հրկիզում են վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:
Լցնում են սիրտը սիրով
Այրող.
Լցնում են սիրտը սիրո
Բույրով:
Ու դառնում է ողջը — հուր,
Ու կարոտ, ու փայլ:
Ու դառնում է կյանքը — նոր,
Այլ:
Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ —
Ու նա`
Շե՛կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում —
Հանձնվում է ամեն մի
Մարդու...
Անկարելի՛ է կյանքում
Այսքան սեր:
Ցերե՞կ է, թե — մի անքուն
Գիշեր:
Տվե՛ք, էլի՛ ու էլի՛ —
Անվերջ.
— Քա՛ղցր է կյանքը, սիրելի՜ս,
Այնպե՛ս...