Հայերիս սեփականությունը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Հայերիս սեփականությունը
Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
Ուդրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
Կորչել է հին ձեւը, մեկ նշան չկա։
Պապերս մեկ բանով շատ անգին էին,
Նպատակով տաճարներ կշինեին,
Հին մնացած վանքերը չլինեին,
Օտարք հեշտ կասեր՝ «Հայաստան չկա»։
Մի հատ եկեղեցի ունինք՝ մերն է զուտ,
Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ,
Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
Մեր շարականի պես շարական չկա։
Տեր, պահե Արամյան հոգեւոր գահը,
Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա։
Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
Հայ ապրինք՝ հայության գանձին տիրելով,
Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
Դրանից մեզի լավ ուրիշ բան չկա։