Jump to content

Հայկական Համառոտ Հանրագիտարան/Հագուստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հագարու Հագուստ

Աղբյուր՝ Հայկական համառոտ հանրագիտարան

Հադամակերտ



ՀԱԳՈՒՍՏ, զ գ ե ս տ, հանդերձ, ագանելիք, մարդու մարմնի արհեստական ծածկոց։ Լայն առումով ընդգրկում է նաև գլխի ծածկոցները, ոտնամանները, ձեռնոցները ևն։

Դեռևս ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնք ծառայել են մորթու մշակմանն ու կարելուն։ Հ-ի համար օգտագործել են նաև տերևներ, խոտեր, ծառի կեղև, ձկան կաշի, փոկի և այլ ծովային կենդանիների աղիներ, թռչնի փետուր։ Նոր քարի դարում, մանածագործության առաջացման հետ, օգտագործվել են վայրի, այնուհետև՝ մշակովի (բամբակ, վուշ ևն) բուսաթելեր և բրդաթել։ Կարված Հ-ի նախատիպերը եղել են նախնադարյան մորթե թիկնոցները, ազդրերի ծածկոցները, տրեխները ևն։ Գլխի ծածկոցները, որոնք դեռևս հնում ծառայել են իբրև սոց․ ծագումն արտահայտող նշաններ (առաջնորդների, քրմերի գլխանոցներ ևն), նախապես ունեցել են կրոնամոգական խորհուրդ։ Հ․ սովորաբար հարմարեցվել է աշխարհագր․ միջավայրին և տնտ․ գործունեությանը։ Հասարակության զարգացման ընթացքում տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների և կանանց Հ-ները, առաջացել առօրյա, տոնական, հարսանեկան, սգո և այլ կարգի Հ-ներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով առաջացել են մասնագիտ․ Հ-ների զանազան ձևեր ու տեսակներ։ Դեռևս հնում Հ․ արտացոլել է էթնիկ (տոհմային, ցեղային), հետագայում՝ նաև ազգ․ առանձնահատկությունները։ Հ-ի ձևը, նյութը, հարդարանքը, որպես կանոն, դրսևորում են տարբեր դասերի պատկանելությունը։

Բավարարելով հասարակության կենս․ պահանջները՝ Հ․ միաժամանակ արտահայտում է նրա գեղագիտ․ պատկերացումները, պատրաստվում տվյալ ժամանակաշրջանի հիմն․ գեղարվեստ․ ոճին համապատասխան և վերջինիս մասնավոր դրսևորումներով։ Հ-ի կառուցվածքը որոշելիս՝ կիրառվում են համաչափության կամ անհամաչափության, նրբերանգների կամ ցայտերանգների սկզբունքները, հաշվի առնվում մարդու տարիքը, արտաքինի առանձին մանրամասներ (մազերի, աչքերի գույնը ևն)։

Հայկ․ լեռնաշխարհում հնագույն Հ-ի վերաբերյալ պատկերացում են տալիս դեռևս միջին քարի դարի ժայռապատկերներում հանդիպող ուրվագծային, բրոնզի և երկաթի դարերի գոտիների ու այլ առարկաների վրայի պատկերները, ուրարտ․ և ասոր․ որմնանկարները, արձանները, գոտիների, սաղավարտների, կապարճների, կնիքների, մեդալիոնների ու այլ առարկաների վրայի պատկերները, միջնադարյան մանրանկարի նոր ժամանակների գեղ․ կտավներն ու լուսանկարները ևն։ Տես նաև Տարազ։