Jump to content

Հայոց ազգային կենտրոնական գրադարան Թիֆլիսում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց ազգային կենտրոնական գրադարան Թիֆլիսում
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 157
ծ. ― էջ 597

Թիֆլիսը ռուսահայերի մտավոր կենտրոնն է, Թիֆլիսումն է հայ գրողների, բանասերների, հրապարակախոսների և առհասարակ ինտելիգենցիայի մեծ մասը, և Թիֆլիսում չկա մի կանոնավոր գրադարան, որից, հարկավոր եղած ժամանակ, կարողանային օգտվել այդ մարդիկ։ Այնինչ շատ ու շատ մեծ է դրա կարիքը այս մտավոր կենտրոն Թիֆլիսում։ Ամեն մի ինտելիգենտ մարդ չի կարող իրեն համար կազմել այնպիսի գրադարան, որ միշտ պատասխաներ նրա հարցերին, բայց մի հասարակություն կարող է այդ անել, և այդ հասարակությունը պետք է լինի Թիֆլիսի հայությունը։ Նա կարող է և պետք է Թիֆլիսում ունենա մի ազգային գրադարան, ուր հավաքված լինին հայոց բոլոր հին մատենագիրները, ամբողջ՝ նոր գրականությունը, Արևելքին, Կովկասին և հայ ժողովրդին վերաբերյալ ամեն տեսակ ուսումնասիրություններ։ Ինչքան կարևոր է այդ հաստատությունը, ես կարծում եմ, նույնքան պատեհ է և ժամանակը։

Հանգ<ուցյալ> Մ. Թամամշյանը թողել է մի գրադարան, որ հարուստ է Արևելքին և կովկասագիտությանը վերաբերյալ հազվագյուտ գրքերով։ Այս գրադարանի մի մասը, ինչպես լսում ենք, արդեն գնել է պ. Դ. Յուզբաշյանը և նվիրելու է Էջմիածնին։ Եթե ձեռագիրներ կան, թող ուղարկվեն Էջմիածնին, բայց տպագրված գրքերը լավ կլիներ մնային Թիֆլիս։ Մեր գրողներից երկուսն էլ, որ հայոց հին ու նոր գրականությամբ հարուստ գրադարաններ ունին, նույնպես մտադիր են ծախելու։ Այս երեք գրադարանը միացած կկազմեն մի պատկառելի

գրադարան, հարուստ հայկական և կովկասագիտական բաժիններով, որ առանձնապես թանկ են մեզ համար։

Արդ, ո՞վ կառնի իր վրա այս մեծ ու անհրաժեշտ գործի նախաձեռնությունն ու հոգսը։

Կովկասի հայոց Բարեգործական ընկերությո՞ւնը, որ այս օրերս էլ պ. Տիգրան Էնֆիաճյանից նվեր ստացավ նրա հանգուցյալ հոր՝ նույնպես հայկական բաժնով ճոխ գրադարանը. Ներսիսյան դպրո՞ցը, որ արդեն ունի մի հին գրադարան, թե՞ մի ուրիշ մարմին։

Ահա այս հարցը դնում ենք Թիֆլիսի հայ ինտելիգենտ հասարակության առջև։