Jump to content

Հայոց իրավունքների ավետարանը կամ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ու ապահով ապագան կերտելու միակ հնարավորությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց իրավունքների ավետարանը կամ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ու ապահով ապագան կերտելու միակ հնարավորությունը /Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակին ընդառաջ/
Հասել է պահը, երբ իր որդիների արյունով օծված Հայաստանը հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում կրած տառապանքների ու փորձությունների դիմաց, դառնա իր սեփական ճակատագրի տերը:
Նիկողայոս Ադոնց, 1919թ.


Բնաբանի այս խոսքերից գրեթե մեկ դար հետո, հայ ժողովրդի ճակատագրի նավը դեռևս խարիսխ չի նետել հատուցման նավահանգստում: Մեր բոլորի միասնական ջանքերի, դարավոր զոհողությունների ու տասնամյակների աննկուն պայքարի գնով մեր ճակատագրի նավը 90 տարի առաջ մի պահ մոտեցավ հատուցման եզերքին, մի պահ մեզ թվաց, թե հատուցման հանգրվանը հասանելի է, սակայն վերջին պահին քաղաքական քամիները կտրուկ փոխեցին իրենց ուղղությունը և մեզ կրկին նետեցին քեմալաբոլշևիկյան քիրվայության հորձանուտը:

Եվ առ այսօր մեր ճակատագրի նավը դեռևս դեգերում է քաղաքական խռովահույզ ծովի մեջ: Ծով, ուր շատ են տեսանելի ու անտես խութերը, ուր վխտում են ծովահենները, ուր մեր նավը դեգերում է աննպատակ, քանզի նավապետը մեր նավը երանելի հանգրվան ուղղելու փոխարեն, ավազակների հափշտակածը օրինականացնելու ճանապարհով փորձում է լեզու գտնել ծովահենների հետ: Միանգամայն սխալ և անհեռանկար գործ:

Ժողովուրդների կյանքում բախտորոշ ժամանակաշրջաններ կան, որ որոշում են տվյալ ժողովրդի հետագա ողջ ճակատագիրը: Հիմա մենք՝ հայերս, այդպիսի մի շրջանի մեջ ենք: Հայ-թուրքական զույգ տխրահռչակ արձանագրությունները խռովել են ողջ հայության հասարակական-քաղաքական կյանքը, ծայրահեղորեն սրել են ազգային կորստի հուշը և ամրապնդել դրանց դեմ համազգային ընդդիմություն ձևավորելու ձգտումը: Այսօր պայքարի վճռորոշ փուլի մեջ ենք, քանզի արձանագրություններն անընդունելի են, անընդունելի են մեր ժողովրդի գերագույն և մնայուն շահերի տեսանկյունից: Չի կարելի ժամանակավոր ու խմբակային շահերի համար զոհաբերել ժողովրդի անցյալը, ազգի անվտանգությունը և պետության ապագան:

90 տարի առաջ, հենց այս օրերին՝ 1920թ. նոյեմբերի 22-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց իր Իրավարար վճիռը: Վիլսոնյան իրավարար վճիռը (Arbitral Award), ինչպես առիթներ ունեցել եմ գրելու և խոսելու, մեր իրավունքների ավետարանն է, մեր պահանջատիրության հիմքը, ՀՀ բարեկեցիկ ու ապահով ապագան կերտելու միակ հնարավորությունը:

Լոկ համառոտակի անդրադառնամ այդ հույժ կարևոր փաստաթղթին և առանձնանշեմ միայն մի շարք հիմնադրույթներ: Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Դաշնակից երկրների Սան Ռեմոյի 1920թ. ապրիլի 26-ի, ինչպես նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ ներառված հայցադիմումների (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, այսինքն 1920թ. նոյեմբերի 22-ից, ուստի հիշյալ վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի որոշում է Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր Դաշնակից երկրների (Allied Powers) [ներկայումս ավելի քան 100 երկիր] և Սևրի պայմանագիրը ստորագրած պետությունների համար [ներկայումս ավելի քան 20 երկիր]: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև ԱՄՆ համար, որովհետև Իրավարար վճիռը կրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Ըստ նախապես տված գրավոր հանձնառության, Վիլսոնի իրավարար վճիռը պարտադիր է նաև առաջին աշխարհամարտում պարտված երկրների համար:

Համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է Հաագայի խորհրդաժողովի (1899թ. և 1907թ.) համապատասխան փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորություն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված, մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր:

Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի ու իրավունքների գոյության առումով անժամանցելի:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր, մեկ բառով՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ:

Կոչ եմ անում ամեն տարի նոյեմբերի 22-ին ըստ արժանվույն՝ ցույցերով, երթերով, հավաքներով, գիտաժողովներով, հրապարակումներով, ելույթներով նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ, քանզի միայն Հայրենատիրության ճանապարհով է հնարավոր կերտել վաղվա Հայաստանը:


19 նոյեմբերի, 2010թ.