Jump to content

Հայրական տան մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՄԱՍԻՆ


Չգիտեմ՝ ո՞նց է պատահում, հանկարծ
գրիչս թողնում սեղանի վրա,
խոսքերս՝ կիսատ,
մտքերս՝ պռատ,
ես իմ սենյակի դուռը փակում եմ
                        աշխատատեղում,
չհետաձգվող գործ կա, ասում եմ
ու ելնում-գնում տունն իմ հայրական։

... Որ մայրս կանգնի տան դռան շեմին,
ասի՝ եկե՞լ ես, մաման քեզ մատաղ,
անցնի իր գործին,
օրվա իր հոգսին,
որ ես պատերին փարվեմ հայացքով,
մեր տան մայրանուշ օդը շնչեմ ես,
տեսնեմ հայրիկիս խինդը անբարբառ,
փոքրիկ եղբորս «բոթելով» ասեմ.
-Ախպերիկ, ո՞նց ես...
...Որ մայրս անխոս նայի աչքերիս,
անբառ հարցնի՝
խոխեքը լա՞վ են,
իսկ հետո հացը սեղանին դնի,
մոտ արի, ասի,
ձեր տանը հիմա հո ցուրտ չի՞ լինում,
ձեզ լավ նայեցեք...
Այսքանը միայն, ուրիշ՝ ոչ մի բառ...

... Որ դուրս ելնելիս, մայրս նայի ինձ,
աչքերում կարդամ
բա՞ն կար ասելու...
Ասելու այնքան բան ունեմ, մայրիկ,
ոչ մեկը սակայն ասելու բան չէ...
                        Եվ ես լռում եմ,
ժպիտ-կատակով,
խոսք ու խրատով ինձ վերագտած՝
վերադառնում եմ...
Թող ներեն անուշ բալիկներս ինձ
եւ մայրը նրանց, որ սիրված հարս է,
թող ների տունն իմ,
ուր ես ապրում եմ արդեն առանձին,
                        իմ ձագուկներով,
երբ իմ մայրիկը մեզ հետ չի ապրում
(ես նախանձում եմ եղբորս այնքան),
երբ տուն մտնելիս՝ չի ելնում իմ դեմ,
ինձ թվում է, թե ես տուն չեմ հասել,
դեռ տեղ չեմ հասել, ճանապարհին եմ...
Իսկ ես ուզում եմ, ես շատ եմ ուզում,
այնպես եմ ուզում տուն հասնել, մայրիկ...