Jump to content

Հայրենասերի կոչը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայրենասէրի կոչը (Ով որ քաջ է)
Հրապարկվում է ըստ «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» ժողովածուի (Եր., 1989) ծանոթագրություններում տեղ գտած բնագրի, էջ 307-308




ՀԱՅՐԵՆԱՍԷՐԻ ԿՈՉԸ


Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ,
Արդէն ժամանակն է, թող գայ,
Մահ պատերազմի օրհաս է,
Ով որ անվախ քաջ է, թող գայ:

Թափենք գնդակ ինչպէս տարափ,
Թշնամին լինի յուսախաբ,
Տարածենք մահ-ահ ու սարսափ,
Ով որ տղամարդ է, թող գայ:

Մերթ Սասուն, մերթ սարէ Սիփան,
Կռիւ կ'ունենանք անխափան,
Մինչեւ որ փրկենք Հայաստան,
Այս յոյս ունեցողը թող գայ:

Կամ կռուենք, պարպինք, վերջանանք,
Կամ զէնքով փրկութիւն ստանանք,
Բաւական է գերի մնանք,
Ազնիւ մտածողը թող գայ:

Երկաթէ մարդ, քարի որդի,
Վրէժխնդիր լինի թուրքի,
Աշխուժով քարի տակ չոքի,
Անսխալ խըփողը թող գայ:

Սուրը մէջքին, հրացանն ուսին,
Համարձակ դիմէ օրհասին,
Մահուան պատանքը միասին -
Մահն արհամարհողը թող գայ:

Հինգ դար է, որ մեզ կը սպանեն,
Բռնի կրօնից կը հանեն,
Կին ու աղջիկներս կը տանեն,
Նամուս ունեցողը թող գայ:

Բոլոր ազգեր մեզ ատել են,
Քանզի չունինք իրար հետ սեր,
Չունենալ Եւրոպից յոյսեր,
Այսպէս հասկացողը թող գայ:

Վերջապէս մենք ունինք կռիւ,
Զէնքով պիտի մաքրել հաշիւ,
Յարգել զէնքը, տալ մեծ պատիւ,
Սերոբ փաշին սիրողը թող գայ: