Jump to content

Հայրենի լեռներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայրենի լեռներ

         

Հայրենի լեռներ


Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի, անմահական դըշխոներ`
Որոնց արփին կը դնէ թագ եւ մըշուշն ալ պատմուճան.
Լեռներ, սառէ ծոցերով, գըլուխներով ձիւնահեր`
Զոր կօծանէ լուսնկան:
Ձեր ճակատները կույս են լոկ Աստուծմէ համբուրված,
Թըխակարկառ ուսերնիդ կլվա կապույտն երկնքին.
Վիհերու մէջ ուր լիճեր կքնանան մենակյաց.
Աստղերը սոսկ կծաղկին:
Քարայրներեն` որոնց հովը գայլի պես կոռնա
Գետեր բխած գարնան դեմ կգահվիժին փըրփրահեր,
Եւ կերթան ձեր ոտքերուն սըփռել գորգեր միշտ ծաղկյա՝
Ուր կնըստին հովիվներ:
Կսողա շանթն օձի պես ձեր գըլխուն շուրջ կրանիտե,
Որմե բռնկած կմխան եղեւնիներ օրերով.
Արծիվն այդտեղ աստղերեն միայն իր կուտը կուտե,
Կխմե ջուրն ամպեն զով:
Օրհնյա՜լ ըլլաք, ո՛վ լեռներ, օրօրոցներ ադամանդ,
Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքերը բացին,
Եւ վագրի մորթ մուսերնուն իջան դաշտերն արգաւանդ,
Կրթեցին եզը` լուծին:
Փայլակնաբիբ ամպրոպին մեջե երկնի գոռ գազան -
Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ.
Իրենց ձիուն խըրխինջէն՝ անդունդներուն մեջ սուզան
Ժայռին մրափող վիշապներ:
Օրհնյա՜լ ըլլաք դո՛ւք` որ տվիք գրկերը ձեր շաղածին
Անակորդվույն, Տրդատի պատըսպարան եւ անդույր,
Որոնք քաշված այրերու մեջ՝ լուսնին տակ կարդացին
Ժամագըրքեր խնկաբույր:
Դո՛ւք որ տեսաք փապարի մեջ կույսերու ոսկըրներ`
Զոր հետո լույս մ’երկնային փոխակերպեց շուշանի,
Դո՛ւք որոնց մեջ ճըգնազգեստ քուրձերով են վախճաներ
Արքաներ նման տիտանի:
Արծաթն, ոսկի՛ն կ’եռան ձեր արգանդներուն մեջ հրագանձ,
Որոնցմով հայ տիկիններն իրենց զարդեր շինեցին,
Հայրապետներն ըսկիհներ, եւ ասպետներն հերապանծ
Նետերն իրենց մահածին:
Ձեր մայրենի ծոցին մեջ կաթը մարմարն է առատ`
Զոր կթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաջան,
Ու կերտեցին աստուածներն ու բագիններն անարատ,
Ուր տատրակներ մորթվեցան:
Կառույց Երվանդն իր քաղաքն ու Երվազն ալ իր մեհեանն.
Հսկա սյուներ խոյագլուխ Մասիսի պես շողացին,
Ու ձեր մարմարն արփացոլ հագաւ ձեւերը տիտան
Մեր պապերուն հանճարին:
Արշակ կապեց կամուրջներ Եփրատին վրա դիւաձայն`
Որոնք այդ խեռ դիցուհվույն ճապուկ մեջքը պարուրող
Եղան գոտի ալեսանձ` որոնցմե վար կախվեցան
Մորմենիներ աղամող:
Քանդակվեցան ձեր կուճով դամբարաններն Անիի
Եւ սափորները լեցուն Արշակունի աճյունով՝
Որոնց մէջե ծըլեցաւ իբրեւ ընձյուղ կաղնիի
Բագրատունին մարտախռով:
Լեռնե՜ր, լեռնե՜ր, սե՜ւ լեռներ, այլեւս աւա՜ղ թափուր եք
Շողապսակ փառքերեն, հերոսներեն հինօրյա.
Դիոսի տեղ ամպ մ’այսօր` զերդ քողն այրի կընոջ մ’հէգ`
Կնըստի ձեր գլխուն վրայ:
Թող ձե՛զ դառնա նոր Սերունդն, ըլլա դրացի արեւուն.
Իրեն դըղյալ թող ընե իր հայրերուն օրօրանն.
Արծվի թեւերն իր վըրա՛, իր վրա՛յ երկինքը անհուն.
Թող շանթերո՛վ զինվի ան:
Փըրկությունն ա՛լ ձեր մեջ է, ձեր փապերուն մեջ մըթին,
Սեպերուն վրա՛ է` ուր այծն ելած վիհին կնայի
Հոդ ջըրվեժներն` որոնց քով վարդենիներ կծաղկին`
Կու տան հրավեր պայքարի:
Թող ձե՜զ դառնա նոր Սերունդն, աստղահամարզ ըլլա զորք,
Թըշնամվույն դեմ բերդ եք դուք, դյուցազուններոյ` ապարանք.
Լոկ քաջերո՛ւն համար ձեր ժայռերը լալ, ջրողորկ,
Կըլլան գահեր ոսկեզանգ:
Եւ թող տրոփեն վեհօրէն լոկ քաջերո՛ւն ոտքի տակ
Հըրաբուխներն ըսքողուած, ձեր սըրտերն այդ ծըծմբաեռ.
Եւ վաղը թող շինուին ձեր մարմարներէն ըսպիտակ
Հերոսներու արձաններ: