Jump to content

Հայրը և որդին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայրը և որդին

Սուրեն Սպանդարյանի մահվան 10-ամյակի առթիվ կուզեի համառոտակի մի զուգահեռ քաշել նրա և իր հոր — Սպանդար Սպանդարյանի միջև, իբրև պատմական երկու անվանի անձնավորությունների, որոնցից յուրաքանչյուրն իր հասարակական ուրույն դերը խաղաց մեր կովկասյան և մասնավորապես հայկական իրականության մեջ։

Սպանդար և Սուրեն Սպանդարյաններ։ Հայր և որդի — երկու անտիպոդ, երկու հակառակ բևեռ, երկու տարամերժ անձնավորություն, մեկը մյուսին ժխտող։ Մեկը թունդ ազգայնական, մյուսը մոլեռանդ միջազգայնական։ Հայրը որդու, որդին հոր դեմ։

Հայրերի և որդիների մշտնջենական պատմությունը...

Սուրենը պայքարում էր իր խմբագիր հոր գաղափարների և առհասարակ նրա թերթի ուղղության դեմ ոչ միայն հասուն հասակում, երբ նա իր աշխարհայացքով և բնույթով արդեն կազմակերպված բոլշևիկ էր՝ աներեր իր գաղափարներով, այլև դեռևս պատանի ժամանակ, երբ տակավին նոր էին բացվում նրա գիտակցության աչքերը, երբ նա նոր էր սկսում դիտել իր շրջապատն իրեն հատուկ սուր քննադատական հայացքով, երբ նոր էր սկսում իր բնածին խելքով ինքնուրույնաբար դատել ժամանակակից հարցերի և երևույթների մասին։

Քիչ թե շատ մոտիկ լինելով Սպանդարյանների ընտանեկան կյանքին, երկար տարիներ շփվելով նրանց հետ, շատ անգամ է պատահել, որ ես ներկա եմ եղել բուռն ու համառ, երբեմն պարզապես կրքոտ վիճաբանությունների՝ խմբագիր հոր և գիմնազիստ որդու միջև՝ ժամանակակից հրատապ խնդիրների մասին, վիճաբանությսւններ, որոնց ժամանակ հայրը երբեմն զայրացած շպրտում էր որդու երեսին՝ «Սո՛ւս արա, ոչինչ չես հասկանում» բառերը։ Բայց Սուրենը սուս անողը չէր, համառության կողմից իր հոր զավակն էր։ Այդ վիճաբանություններին երբեմն մասնակցաւմ էին Սուրենի երկու ավագ եղբայրները, իբրև իրենց հոր գաղափարի պաշտպաններ, և, չնայեյով երեքի (հոր և երկու մեծ որդիների) միասնական գրոհին, փոքրիկ Սուրենն իր ճարտար լեզվով և արգումենտացիայով եթե չէր հաղթում, չէր էլ հաղթվում։ Ու երկու կողմերն էլ ժեռ քարի պես մնում էին անսասան կանգնած իրենց տեսակետների վրա։

Պետք է ասեմ, որ Սուրենը, բացի բնածին ուշիմությունից և աչքաբացությունից, հորից ժառանգել էր և նրա անզիջողականությունը հակառակորդի դեմ, իր հայացքներին հաստատուն մնալը, համառ դիմումը դեպի իր նպատակակետին։ Հասարակական ջիղ, խիզախ, բողոքող, ըմբոստ ոգի, սակայն այդ բոլորը միանգամայն այլ ուղղությամբ, քան հայրը։

Սրան պետք է ավելացնել և նրա ծայր աստիճան ընթերցասիրությունը, որը նկատվում էր նրա մեջ դեռևս մանուկ հասակից։ Գրքերը լափում էր ուղղակի մի շնչում։ Հարյուրավոր երեսանոց որևէ հաստափոր մի գիրք նրա համար մի երկու օրվա պաշար էր։ Եվ հազիվ թե ռուս ժամանակակից գրականության մեջ նշանավոր մի աշխատություն լիներ — գեղարվեստական թե գիտական,— որ նա կարդացած չլիներ։ Այդ գրքերի մեջ մարքսիստական աշխատությունները, անշուշտ, հետին տեղ չէին բռնում։ Եվ, հարկավ, վերջիններիս ազդեցության տակ էր մեծ մասամբ, որ Սուրենը դեռևս պատանի հասակից կամաց կամաց մշակում, ձևավորում, միս ու արյուն էր դարձնում իր ինտերնացիոնալ գաղափարները, որոնց նա այնուհետև, հասուն հասակում, այնպես մոլեռանդաբար կառչած մնաց, հակառակ այն թունդ ազգայնական մթնոլորտին, որ տիրում էր իր շուրջը և ընտանիքում՝ իր հրապարակախոս հոր շնորհիվ։

Երկու հակադիր բևեռներ, տարիների ընթացքում, քանի գնում՝ այնքան հեռանում էին իրարից, նրանց բաժանող վիհը քանի գնում՝ խորանում էր, մինչ այն աստիճան, որ ես կասկածում եմ, թե վերջը, երբ գաղափարական անտագոնիզմն արդեն կատարյալ էր և երբ ես կորցրի նրանց իմ տեսողությունից, պահպանվե՞լ էր արդյոք հոր և որդու մեջ նույնիսկ հայրական ու որդիական հարազատության բնական զգացումը։

Թերևս այդ անբնական և տարօրինակ չլիներ, մանավանդ այն պատճառով, որ գաղափարապես իրար հակոտնյա լինելով հանդերձ՝ պատմական կյանքի գոռ ալիքներն եկան իրենց հերթին ֆիզիկապես էլ անջատելու նրանց իրարից, հորը շպրտելով արտասահման՝ սովամահ լինելու այնտեղ տաքուկ անկյուններում նստած հայ «ազգասեր» հարուստների աչքի առջև, որոնց իդեոլոգն էր նա և որոնց սեղանի փշրանքներով էր պահպանում իր թերթը, իսկ որդուն նետելով դաժան Սիբիրի խորքերը՝ կամաց կամաց հյուծվելու ֆիզիկապես և մեռնելու այնտեղ մուրազին չհասած...

Մինչդեռ շատ ժամանակ չէր մնում, որ նա հասներ իր մուրազին։

Սուրենը մեռավ 1916 թվականի սեպտեմբերին, իսկ 1916 թվականի սեպտեմբերն արդեն ծեծում էր 1917 թվականի Հոկտեմբերի դուռը, երբ այնուհետև նա իրականացած պիտի տեսներ իր փափագած երազները։

1926 թ. սեպտեմբերի 28, Թիֆլիս: