Հայրիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հայրիկ

Հովհաննես Հովհաննիսյան


Փոթորիկն անցավ. տեսնում եմ ահա
Պայծառ արևի ծագումն հրաշափառ.
Ավետյաց հրեշտակն իջավ մեզ վրա,
Եվ նոր առավոտ բաց է մեզ համար։

Երկար տանջվեցանք. որպես սև գիշեր
Խավար էր պատել մոր բիրտ սրտերին.
Վայելե՛նք նոր օր - ահա՛ ջինջ եթեր
Լցված է բուրմամբ մի եթերային։

Վարդերն ինձ այսօր ժպտում են անուշ,
Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ․․․
Ախ, այսինչ հույզ է, որ այսպես քնքուշ,
Շոյում է հոգիս, ― հույս չնաշխարհիկ։

Մարած է սև կիրք, լռել է նախանձ.
Եղբայր ― ձայնում եմ ես իմ թշնամուն․․․
Ոհ թե երկնային այս զգացումն անանց
Տեր մընար հավետ ամենուս հոգուն։

Մի անուն միայն, մի քաղցրի՛կ անուն
Թող մեզ բոլորիս շաղկապե սիրով―
Հայրիկ․․․ նազելի և թովիչ հնչյուն,
Համակ անհուն սեր և համակ գորով։