Հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն
- Քննության առարկա.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին:
Հարգարժա՛ն ներկաներ,
Ընթացող քննարկումները ճիշտ ուղով տանելու համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի հանգամանք.
Հանգամանք 1. Քննարկումները չեն վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես: Քննարկումները վերաբերում են բացառապես սեղանին դրված երկու նախաստորագրված փաստաթղթի՝ ՀՀ և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և ՀՀ և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններին: Միմիայն: Հետևաբար, ցանկացած հուզախառն հայտարարություն՝ 21-րդ դարին վայել բաց սահմանների, հարևանների հետ հավերժական թշնամիներ չմնալու, ՀՀ տնտեսության նոր հնարավորությունների և նման բառախեղդ արված մտազեղումների շուրջ, հաստատապես կապ չունեն մեր այսօրվա քննարկումների հետ և հանգիստ խղճով կարելի է այն որակել որպես հարցը նենգափոխելու միջոցով քննարկումները ձախողելու փորձ:
Հանգամանք 2. Նշյալ արձանագրություններն առաջին հերթին միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը մտադիր են փոխադարձաբար ստանձնել որոշակի իրավունքներ ու պարտավորություններ: Հետևաբար, արձանագրությունները կարող են գործել միմիայն որպես ամբողջական փաստաթղթեր: Այսինքն՝, եթե այդ փաստաթղթերում առկա է գեթ մեկ մերժելի կետ, ուրեմն մերժելի է փաստաթուղթն ամբողջությամբ: Արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք միայն մեր քիմքին հաճելի խորտիկները:
Հանգամանք 3. Նշյալ երկու արձանագրություններում առկա են խաչաձև հղումներ, ինչպես նաև երկու արձանագրությունները նույն օրն ուժի մեջ մտնելու նախապայման: Հետևաբար, դրանք երկմիասնության մեջ են, այսինքն, եթե արձանագրություններից թեկուզև մեկում առկա է անընդունելի գեթ մի կետ, ուրեմն անընդունելի են երկու արձանագրություններն էլ ամբողջությամբ: Չի կարող լինել «ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց կան մասնավոր մտահոգություններ» և նման ձևակերպումներ: Միջազգային փաստաթուղթը կուսակցական որոշում չէ:
Հանգամանք 4. Նշյալ արձանագրությունները նախաստորագրված են: Այսինքն՝ դրանց տեքստերը, համաձայն Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի, վերջնականապես հաստատված են (authenticated) և ենթակա չեն փոփոխության (authentic and definitive): Հետևաբար, արձանագրությունները կարելի է կա՛մ ընդունել, կա՛մ մերժել՝ ամբողջությամբ: Եկե՛ք իզուր ժամանակ չվատնենք զանազան առաջարկների վրա, և թող յուրաքանչյուրս իր հերթին հստակ արտահայտի իր դիրքորոշումը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:
Ես միանգամից ասեմ հետևյալը. հաշվի առնելով, որ ներկայացված արձանագրությունները՝
- խախտում են ՀՀ de jure տարածքային ամբողջականությունը, ոտնահարում են միջազգային իրավունքի մի շարք հիմնադրույթներ, հակասում են ՀՀ սահմանադրությանը և գործող օրենսդրությանը,
- սակարկության առարկա են դարձնում ՀՀ և հայ ժողովրդի շահերը, իրավունքներն ու ազգային մեծագույն ողբերգությունը, խիստ կասկածելի, միայն ենթադրյալ տնտեսական շահի համար մեզ զրկում են ապագայում մեր զարգացման հնարավոր միջոցներից և վտանգի են ենթարկում ՀՀ բուն իսկ գոյությունը,
- չեն ապահովում բանակցությունների նպատակ հայտարարված լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի երաշխավորված բացումն ու բաց մնալը, ուստի ես կտրականապես դեմ եմ այս արձանագրությունները ստորագրելուն:
Եւ քանի որ վերջին 30 օրվա ընթացքում քննարկվող հարցի շուրջ գրել և հրապարակել եմ մոտ 30 հաղորդում և հոդված, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ միայն մեկական պարբերությամբ կանդրադառնամ արձանագրությունները մերժելու հիմքերին:
Կան նախաստորագրված արձանագրությունները մերժելու քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական և այլ հիմքեր: Հաշվի առնելով, որ իրավական առումը հարցի համեմատաբար քիչ շոշափվող կողմն է՝ այստեղ ես կթվեմ արձանագրությունները մերժելու ընդամենը մի քանի իրավական հիմք.
- 1. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև հակասում են միջազգային օրենքին: Կողմերը չեն կարող երկկողմ համաձայնությամբ բեկանել կամ փոփոխության ենթարկել, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանի վերաբերյալ բազմակողմ իրավական փաստաթուղթը, այն է՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Իրավարար վճիռները վերջնական են և ենթակա չեն բեկանման: Կողմերը չեն կարող սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը «հաստատել» որպես երկու երկրների սահման՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր (void), այսպես կոչված, «համապատասխան պայմանագրեր»:
- 2. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև հակասում են ՀՀ սահմանադրությանը: Հայաստանը չի կարող ստանձնել պարտավորություններ, որոնք սահմանափակում են նրա միջազգային գործունեությունը և հակասության մեջ են մտնում սահմանադրորեն ամրագրված պարտավորությանը, այն է. «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» սատար կանգնելուն:
- 3. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, քանզի դրանց մեջ առկա են մի շարք իրավական թերություններ: Մասնավորապես, միջազգային իրավունքի՝ «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման» առաջնային սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում, անտեսված է, փոխարենը, չգիտես՝ ինչի հիման վրա, որպես սկզբունքներ են հայտարարվել «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» և «սահմանների անձեռնմխելիության» մասին դատողությունները: Նման սկզբունքներ, ընդհանրապես, կրկնո՛ւմ եմ, ընդհանրապես չկան ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Դրանք բացակայում են նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ամրագրած «Պետությունների միջև՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, բարեկամական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. հռչակագրում»: Ինչ վերաբերում է Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ հիշատակված «տարածքային ամբողջականության» սկզբունքին, ապա անհրաժեշտ է նշել, որ նման բացարձակ և անվերապահ սկզբունք չկա միջազգային իրավունքի մեջ: ՄԱԿ-ի կանոնադրությունը (հոդված 2, կետ 4) կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին ձեռնպահ մնալ «տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից»: Այսինքն՝ խոսվում է արտաքին ուժի բացառման մասին և բնավ կապ չունի առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն՝ սեփական տարածքով անջատվելու հետ:
- 4. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև նշյալ փաստաթղթերում կամայական մոտեցում է ցուցաբերված միջազգային փաստաթղթերի ընտրության, ինչպես նաև դրանցում առկա դրույթների վկայակոչման հարցում: Այսպես, Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության մեջ վկայակոչված է Հելսինկիի եզրափակիչ ակտը: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ: Այդ ակտն ունի խիստ սահմանափակ իրավական ընդգրկում. այն վերաբերում է Երկրորդ աշխարհամարտից հետո, Երկրորդ աշխարհամարտի հետևանքով Եվրոպայում առաջացած իրավիճակին և սահմաններին:[1] Այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը Երկրորդ աշխարհամարտից հետո չի առաջացել, հետևաբար, այն դուրս է վերոհիշյալ փաստաթղթի և՛ ընդգրկման, և՛ լիազորությունների շրջանակից: Բացի այդ, Ակտն ընդհանրապես պայմանագիր չէ, հետևաբար այն չունի կատարման համար պարտադիր իրավական ուժ:[2]
- 5. Այսուհանդերձ, քանի որ Հելսինկիի եզրափակիչ ակտի որոշ սկզբունքներ վկայակոչված են Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության մեջ, անդրադառնանք Եզրափակիչ ակտի սկզբունքներին: Նշյալ փաստաթղթի առաջին գլուխը՝ որպես մասնակից պետությունների միջև հարաբերությունների ուղենշային սկզբունքներ (Principles Guiding Relations between Participating States), շեշտում եմ, ոչ թե միջազգային իրավունքի սկզբունքներ, այլ միայն միջպետական վարքականոնային սկզբունքներ, առանձնանշում է 10 սկզբունք: Այս 10 սկզբունքներից նշյալ արձանագրության մեջ, չգիտես ինչո՞ւ, հիշատակված են միայն երեքը.
- ա) սահմանների անձեռնմխելիությունը,
- բ) պետությունների տարածքային ամբողջականությունը և
- գ) ներքին գործերին չմիջամտելը:
- Դուրս են թողնված, հիմա ուշադիր հետևե՛ք, հետևյալները.
- դ) ինքնիշխան իրավահավասարությունը,
- ե) ուժի սպառնալիքից կամ կիրառումից ձեռնպահ մնալը,
- զ) վեճերի խաղաղ կարգավորումը,
- է) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների՝ ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի նկատմամբ հարգանքը,
- ը) պետությունների միջև համագործակցությունը,
- թ) բարի կամեցողությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, և վերջապես,
- ժ) ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը:
- Հելսինկիի եզրափակիչ ակտի այս 10 ուղենշային սկզբունքներից 7-ը ձեռնտու են մեզ և բոլորն էլ դուրս են թողնված, 3-ը ձեռնտու են թուրքերին, բոլորն էլ ներառված են: Միայն վերոհիշյալ բացթողումը բավական է խոտանելու ողջ բանակցային գործընթացը:
- 6. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև հակասում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը: Նշյալ ռազմավարության մեջ, որն օրենքի կարգավիճակ ունի, միանշանակորեն ամրագրված է «Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին»: Իսկ առկա արձանագրությունների մեջ պարտավորությունների տեսքով ներառված է առնվազն մեկ տասնյակ անընդունելի նախապայման: Պնդումը, թե նախապայմաններ չկան, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև վիրավորական է:
- 7. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, քանզի եթե դրանք ընդունում ենք որպես միջազգային պայմանագրեր, պատրաստվել և նախաստորագրվել են Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ նշյալ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ «միջազգային պայմանագրի կնքումը …. նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունն է»: Հիշյալ օրենքով սահմանված ընթացակարգը պահանջում է, որ մինչ պայմանագրի նախաստորագրումը, պայմանագիրը պետք է անցնի պաշտոնական նախաձեռնման, ծանուցման, ներպետական համաձայնեցման, այն է՝ շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերամշակման և լրամշակման փուլերի միջով: Որքան ինձ հայտնի է, օրենքի այս պահանջը չի պահպանվել կամ պահպանվել է մասամբ և խիստ թերություններով:
Հարգարժա՛ն ներկաներ,
Ասում են՝ ժամանակին Նադիր շահը մի կարգ էր սահմանել. ամեն քաղաք մտնելիս քաղաքի կայազորը պարտավոր էր թնդանոթային համազարկով դիմավորել նրան: Երբ մի քաղաքում նրան համազարկով չեն դիմավորում, նա կանչում է կայազորի պետին և հարցնում պատճառը: Զինվորականը պատասխանում է. – Թագավորն ապրած կենա, հազար ու մի պատճառ կա, բայց առաջինն այն է, որ թնդանոթ չունենք: – Այդ մի պատճառն էլ բավական է, – լինում է շահի պատասխանը:
Հիմա մերն է: Կարելի է ևս մի քանի տասնյակ քաղաքական, բարոյական, տնտեսական, ապահովական, մշակութային, ռազմական և այլ բնույթի պատճառներ բերել, թե ինչո՞ւ պետք է հրաժարվել խնդրո առարկա արձանագրություններից և սկսել նոր գործընթաց: Սակայն կարծում եմ, որ վերոհիշյալ պատճառներից յուրաքանչյուրը բավական է՝ չստորագրելու ներկայացված արձանագրությունները:
Չստորագրելու պարագայում հնարավոր է, որ խնդիրներ ունենանք, սակայն դրանք կլինեն կարճաժամկետ և, ամենակարևորը, անցողիկ: Ստորագրելու պարագայում մենք դարձյալ խնդիրներ կունենանք, սակայն դրանք կլինեն մնայուն և ճակատագրական:
Շնորհակալություն:
Ծանոթագրություն
[խմբագրել]- ↑ Massimo Coccia, Helsinki Conference and Final Act, Encyclopedia of Public International Law, v. 2, Amsterdam, 1995, p. 693.
- ↑ Նույն տեղում, էջ 694-695:
1 հոկտեմբերի, 2009թ.