Jump to content

Հայ գրողներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայ գրողներին
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 286
ծ. ― էջ 617

1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի։ Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի։ Դա հայ գրողների այն պատկառելի համախումբն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ։ Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով։

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը։ Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությանը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքները, իրար ոգևորենք ու միասին, զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը։

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի։

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ։ Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է, նա մեր երեսին է նայում ու սպասում։ Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով։ Մխիթարվում է, որ տաղանդավոր