Հայ երիտասարդությունը
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մտադրված լինելով նկարել մի փոքր ի շատե ամբողջ պատկեր մեր ժողովրդի կյանքից, ես հարկավոր եմ համարում «Հայ կինը» հոդվածից հետո հետազոտել հայ երիտասարդությունը: Եթե ընդունում ենք, թե երիտասարդությունը է այն թարմ ուժը — այն մանուկ և աճող զորությունը, որից կախված է ժողովրդի առաջադիմությունը և հատկապես նրա ապագան, պետք է լավ ուսումնասիրենք այդ տարրը: Իմ հետազոտության մեջ ես հետևելու եմ միևնույն եղանակին, որպես էր «Հայ կինը», այսինքն անցնելով մասնավորից դեպի ընդհանուրը, և գյուղական ազգաբնակությունից բարձրանալով դեպի քաղաքացիները, ես կաշխատեմ ներկայացնել մեր երիտասարդությունը ժողովրդի ամեն մի դասակարգի մեջ առանձնապես: Ես պիտի վեր առնեմ Ռուսաստանի, և գլխավորապես Կովկասի հայ երիտասարդությունը:
Ա
[խմբագրել]ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Սկսում եմ ծնունդից:
Գյուղացի ծնողները միշտ ուրախությամբ են հանդիպում տղա մանուկի աշխարհ գալուն. ծնվում է նոր ուժ, ընտանիքի մեջ ավելանում են նոր աշխատող ձեռքեր: Եթե հայրը տանը չէր, եթե նա գործում էր դաշտում, բարեկամները վազում են նրա մոտ, «ավետիք» են տանում, և ականջներիցը բռնելով, «մուշտուլուղ»90 են պահանջում: Տերտերն իր մաշտոցով իսկույն դիմում է մոր մոտ, օրհնում է նրան և նորածնին, և «փարատում է» տունը: Պառավ կնիկները դնում են մոր անկողնի մոտ մի սուր կամ պողվատի կտորներ, որ չար ոգիները չվնասեին նրան: Կրոնը և սնահավատությունը միացած, գործ են դնում իրանց բոլոր զորությունը, որ պահպանվի նոր սկսվող կյանքը:
Երբ մայրը երկար ժամանակ տղա չէ բերում, դա համարվում է աստուծո մի առանձին պատիժը. ծնողները դիմում են սրբերի բարեխոսությանը, իսկ երբ այդ էլ չէ օգնում, դիմում են կախարդներին: Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել տղաներ չկտրված երկար մազերով, որ աղջիկների նման հյուսած գիսակներ ունեին. դրանք ուխտյալ, կամ այս և այն տաճարին նվիրված մանուկներ են, որովհետև աշխարհ էին եկել սրբերի շնորհիվ: Ամեն մի սրբից շնորհված մանուկը համարվում է նրա «ղուլը» (ճորտ) և կրում է նույն սրբի անունը: Բայց պետք էր ճորտին թափել իր ճորտությունից, և այս մտքով նվիրված մանուկին մինչև յոթ տարի ուխտ են տանում բարերար սրբի տաճարը նրա տոնախմբության օրում, և ամեն անգամ տղայի փոխարեն զոհում են մի ոչխար: Երբ տարիների խորհրդավոր թիվը լրանում է, մանուկի մազերը կտրում են: Տղաների տաճարներին ընծայումը հայտնի է մեր պատմության մեջ նրա միֆական ժամանակներից, երբ Անուշավանը նվիրվեցավ Արմավիրի սոսիներին:
Երբ նորածինը տկար էր երևում, նրան եկեղեցի չեն տանում մկրտելու համար, այլ այդ խորհուրդը կատարում են տանը օջախի (թոնրի) մոտ, խմոր հունցելու տաշտի մեջ, և մկրտության ջրով սրսկում են ամբողջ տունը: Նրա վզից քաշ են տալիս մի փոքրիկ խաչ, իսկ գդակի վրա շատ անգամ կարելի է տեսնել կարած արծաթյա մահիկ (կիսալուսին), որ ազատ էր պահում նրա անձը չար աչքից և չար ոգիներից: Հուլունքներով զարդարած բազբանդները (բազկակապ), որ կապում են տղայի թևքերի վրա, նույնպես կախարդական նշանակություն ունեն: Գինտերը տղա մանուկների համար միևնույն զարդն են համարվում, որպես աղջիկների համար: Բայց գնտեր արևելքում կրում են կնիկները և ստրուկները միայն, — երկու արարածներ, որոնց վիճակը շատ չէ տարբերվում միմյանցից... Երեխան փոքր հասակից սկսում է տեսնել նյութական և շոշափելի առարկաների մեջ աներևույթ զորության ներկայությունը, մինչև արծաթյա մահիկից նա հասնում է ամենաբարձրյալի գաղափարին: Նրա կյանքի մեջ կատարվում է այն, ինչ որ կատարվում է ամբողջ մարդկության կյանքի մեջ — տղայության պերիոդի նյութապաշտությունից անցնել զարգացած պերիոդի ոգեպաշտությանը:
Երբ մանուկը դառնում է 3-4 տարեկան, երբ սկսում է խոսել, մտածել, վազվզել և փոքրիկ չարություններ գործել, այն ժամանակից սկսվում է նրա ընտանեկան դաստիարակությունը: Երկու գլխավոր ուժեր ներգործում են մանուկին չափի և պատշաճի մեջ պահելու համար, մեկը` ֆիզիքական կոպիտ ուժը` ծեծը, իսկ մյուսը` բարոյական ուժը, որ արտահայտվում է երկյուղի և խոստման մեջ: Պատիժ և խոստում — ահա՛ երկու գործիչներ, որ իշխում են մարդու բարոյականության վրա, սկսյալ երեխայությունից մինչև նրա մահը: Ծեծել, պատժել երեխային, որ չարություն չգործե, կամ խոստանալ նրան զանազան հրապուրիչ բաներ, որ իրան կարգին պահե — դրանք գլխավոր միջոցներ են հոգատար ծնողների կողմից երեխային խրատելու համար: Բայց միևնույն միջոցները գործ են դրվում և ոգիների անուններով: Երկյուղ տալ երեխային դևի, չար սատանայի, ալքերի, խլվլիկի, մարդագայլի, դերվիշի և այլ սարսափելի անուններով, և միևնույն ժամանակ հրապուրել նրան աստուծո, հրեշտակների և սրբերի խոստումներով — այդ բոլորն ավելի նուրբ միջոցներ են երեխային կրթելու համար: Այս տպավորությունները մնում են մանուկի մեջ մինչև նա իր հասակը առնում է, ծերանում է, և նրա հետ գերեզման են մտնում: Երեխան սովորում է վատ բան չգործել, ոչ թե նրա համար, որ վատը վատ է, այլ նրա համար, որ ծնողները կպատժեն նրան` կամ ծեծելով, և կամ զրկելով մի լավ բանից: Նրա ամբողջ կյանքում այդ մտքերն իշխում են նրա վրա: Նա սովորում է չար բան չգործել, ոչ թե նրա համար, որ իբրև մարդ, և իբրև մարդկային ընկերության անդամ պարտավոր էր բարի լինել, այլ վախենում է իշխանությունից` երկնքի և աշխարհի իշխանությունից, վախենում է այն տանջանքներից, որ սպառնում են այդ երկու իշխանությունները, և վախենում է զրկվել այն խոստումներից, որ արել էին նրան:
Դաստիարակության այդ բթացնող սպանիչ եղանակն այն հետևանքն է ունենում, որ ոչ միայն խլում է մանուկից նրա ինքնուրույն, ազատ զարգացումը, և ոչ միայն բարոյապես մեռցնում է նրան, այլ նա իր ամբողջ կյանքում մնում է երկչոտ, թուլասիրտ, խոնարհվող և գլուխը ծռող ամեն մի զորության առջև: Նա դառնում է մի բարոյական մեքենա, որ բարի է նրա համար միայն, որ վախենում է չպատժվել չար լինելուց: Իսկ երբ այդ վախը, այդ երկյուղն անհետանում են նրա սրտից, էլ ոչինչ չէ մնում նրան օրինավորության մեջ պահելու համար և նա դառնում է ամենասարսափելի անբարոյական:
Ինչ որ ավելի ցավալին է, դա է գյուղական մանուկների սաստիկ մահացությունը: Թեև այդ մասին չունենք վիճակագրական տեղեկություններ, բայց կարելի է ասել, որ նրանց մեծ մասը մեռնում են մոտավորապես դեռ հինգ տարեկանին չհասած, այնուհետև, որպես ինքը գյուղացին ասում է` «երեխան շապիկը պատռում է», այսինքն` աճում է, մեծանում է, և կարող է դիմանալ կյանքի խիստ պայմաններին: Երեխաների բազմաթիվ մահացության գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց վատ պահպանության մեջ: Մեր գյուղացիներն ավելի հոգ են տանում իրանց փոքրիկ անասուններին, քան թե որդիներին: Անասունների վիճակն իրանցից կախում ունի, բայց որդիների հոգսը թողնում են աստուծո վրա: Որպեսզի կարողանամ մի փոքրիկ գաղափար տալ, թե որպիսի շրջանի և պայմանների մեջ է սկսվում մանուկի կյանքը, հարկավոր եմ համարում մի քանի մանրամասնությունների մեջ մտնել: Երևակայեցեք ձեզ մի խոնավ և գետնափոր խրճիթ, առանց օդի և առանց լույսի, որ ինքնըստինքյան սպանիչ ազդեցություն ունի երեխայի դեռ տկար կազմվածքի վրա, որը տակավին չէր սորված կեցության վնասակար խստություններին: Մահճակալ կոչված կարասին բոլորովին անծանոթ բան է այս խրճիթներում. մի տախտակի կտոր անգամ չեք տեսնի, որ ձգած լիներ հատակի վրա. երեխան պառկում է սառն, խոնավ և մերկ գետնի վրա, փաթաթված ցնցոտիների մեջ: Չսորված մարդը կարող էր իսկույն ռևմատիզմ ստանալ: Ավելացրեք դրանց վրա վատ կերակրելը. սովորություն չէ երեխային սեղան նստեցնել: Նա ուտում է ոտքի վրա ինչ որ ձեռքն ընկնում է: Ավելացրեք վատ հագուստը, տարվա բոլոր եղանակներում կարելի է տեսնել նրան միևնույն հագուստով, որ հազիվ ծածկում է մարմինը: Այդ լինում է ոչ թե աղքատների մեջ միայն, այլ հարուստներն անգամ խիստ փոքր հոգ են տանում որդիներին լավ կերակրելու և եղանակների համեմատ հագցնելու մասին: Իսկ ինչ վերաբերում է կեղտոտության, այդ արդեն չափն անցնում է: Դրա մեջ մեղավոր են գլխավորապես մայրերը, որ իրանք էլ, քիչ է պատահում, որ ամեն առավոտ իրանց ձեռները և երեսները լվանային: Բայց երեխան ամբողջ օրը նրանց աչքի առջև թավալվում է ցեխերի մեջ, «վնաս չունի, թող ջանը պնդանա», ասում են, և ուշադրություն չեն դարձնում: Բայց կա և մի գլխավոր պատճառ, որ ավելի մեծ դեր է խաղում գյուղական երեխաների մահացության մեջ: Մեզանում ոչ մի գյուղ չեք գտնի, որ բժիշկ ունենար: Վիճակային բժիշկներն այցելություն են գործում մի գյուղ այն ժամանակ միայն, երբ պատահել էր մի սպանություն և պետք էր պաշտոնական քննություն անել: Նրանք հիվանդների հետ գործ չունեն: Պատահում է, որ գյուղացու երեխան հիվանդանում է. ծնողները նրա վրա ուշադրություն չեն դարձնում, և անմիջական օգնության չեն դիմում, քանի որ նա ոտքի վրա էր, բայց երբ ուժերը թուլացան, երբ պառկեց, այն ժամանակ միայն համարում են նրան հիվանդ: Սովորական միջոցները, որ գործ են դնում բժշկության մեջ, են ֆալչիների և գրբացների կախարդությունները, կամ մի քանի տնային դարմաններ, որ անխտիր ամեն հիվանդության համար բանեցնում են. այժմ հիվանդի բախտիցն էր կախված, թե որքան գործ դրած հնարները կօգնեին նրան: Ահա այսպիսի փորձությունների միջից է անցնում գյուղացի մանուկը. բայց երբ մի անգամ ազատվեցավ նա, երբ տարիքը առեց, այնուհետև նրա կազմվածքը կարողանում է պատերազմել սարսափելի խստությունների դեմ:
Ընտանիքի ճնշումն ամենափոքր հասակից պատրաստում է մանուկին լինել ճկուն, ծալվող և համբերող: Ամոթխածությունը, միամտությունը և մինչև խուլումունջության հասցրած լռությունը համարվում են նրա մեջ պարկեշտության նշաններ: Նա դառնում է դանդաղկոտ, աշխույժը և եռանդը խեղդվում են նրա մեջ, և դեռ չմանկացած, ծերանում է նա: Չեք տեսնի գյուղացի մանուկի մեջ այն մշտազվարճ կենդանությունն, այն ուրախ, մշտածիծաղ դեմքը, որ հատուկ է նրա հասակին. նա միշտ տխուր է, և միշտ, կարծես, մի բանի վրա մտածում է: Դանդաղկոտությունը տիրում է նրա ամբողջ գոյության վրա. նրա քայլերի, նրա ամեն մի շարժվածքի մեջ չէ նկատվում ոչ մի համարձակություն, և նա զուրկ է մնում այն սատանայական ճարպիկ չարաճճիությունից, որ տալիս է մանուկի բնավորությանն ավելի կենդանություն:
Ոչինչ այնպես չեն արգելում երեխային, որպես խաղը, մինչև անգամ ամենահամեստ խաղը: Խաղամոլ երեխան ոչ սակավ անգամ պատժվում է իր անմեղ զվարճությունների համար: Բայց մանկական բնավորությունը երբեմն ելք է գտնում խոտորվելու ծնողների խստությունից և իր պարապ ժամերը նվիրելու զանազան խաղերի: Ես մեջ կբերեմ մի քանի տեսակ խաղերի նկարագիրը, ցույց տալու համար, թե այդ խաղերը նոր հնարված չեն, այլ մնացել են հայերի հոյակապ անցյալից, երբ մեր նախնիքն մի առանձին հոգ էին տանում իրանց զավակներին կրթելու մարմնամարզական վարժությունների մեջ: Մուշտեկռիվն այն պատմական խաղերից մեկն է , երբ զենքերը տակավին կատարելագործված չէին, և մարդը ստիպված էր իր զորավոր բազուկները կրթելու, որ հարկադրված ժամանակում գործ դներ իր թշնամու դեմ: Երեխաները երկու խմբերի բաժանված, հարձակվում են միմյանց դեմ, և մուշտիների (բռունցքների) հարվածներով աշխատում են հետ մղել հակառակորդին, և երբ մի խումբը նահանջում էր մյուսին իր բռնած դիրքից, հաղթությունը տարած էր համարում:
Գոտելախտին նույն պատերազմական բնավորությունն ունի, որպես մուշտեկռիվը, այն զանազանությամբ միայն, որ մանուկները մուշտիների փոխարեն գործ են դնում իրանց գոտիներից ոլորած լախտերը:
Արթուրման (ոստնուլ) և վազը (վազ տալը) այն մարզությունների տեսակներիցն են, որոնց մեջ մի ժամանակ վարժվում էին և սպարտացոց մանուկները: Արթուրման կատարվում է թռչելով մի որոշյալ բարձրության վրայից. մանուկներից մեկը կռացած դիրք է ընդունում և բոլոր մնացածները նրա վրայից թռչում են. հետո բարձրությունը փոքր առ փոքր ավելանում է, այսինքն` կռացած մանուկը հետզհետե ուղիղ դիրք բռնելով, վերջը բոլորովին կանգնած ձև է տալիս իրան. այն ժամանակ թռչում են նրա գլխի վրայից: Բայց խաղի գլխավոր պայմանը նրա մեջն է, որ թռչելու միջոցին թռչողը չպիտի դիպչի այն առարկային, որի վրայից թռչում է:
Վազը կամ վազ տալն այն ձևով, որ կատարվում է մեր մանուկների մեջ, մի դժվարին վարժություն է թոքերը զարգացնելու և ոտներին արագաշարժություն տալու համար: Որոշվում է մի ասպարեզ, որի ծայրին դրած էր մի նշան, և մինչև նշանակած կետն ասպարեզի բոլոր տարածությունը, սաստիկ վազելով, պիտի անցնե մրցողն այն պայմանով, որ ամենևին շունչ չպիտի առնե. և որպեսզի մյուսներին հայտնի լինի, թե նա շունչ չէ առնում, պետք է վազելու միջոցին անընդհատ կերպով արձակե մի տեսակ ձայն: Մականախաղը (հոլ) խաղում էին մեր նախարարների որդիքն անգամ. երեխաները երկու խումբ բաժանված, յուրաքանչյուրն ունի ձեռքին բռնած մի երկայն փայտ (վարոց), որը կեռ ծայր ունի, և փայտի կեռ ծայրովն ամեն մեկն աշխատում է հափշտակել իր հակառակորդից նույնպես փայտից շինած մի գնդակ, որ ձգած է գետնի վրա, և այնպես, մինը մյուսից խլելով, գնդակը քշում են դեպի հակառակ կողմը, մինչև հասցնում են նշանակված տեղը: Այս խաղը հին ժամանակներում խաղում էին ձիու վրա նստած, և նույնպես մականներով, որ նշանակում է կեռ ծայր ունեցող փայտ կամ գավազան: Գնդախաղի տեսակները զանազան են, որոնցից նշանավոր է մազուն91. դա իսկապես բիլիարդի խաղն է, միայն դեռ իր նահապետական ձևի մեջ մնացած: Մազուի գնդակները շինված են լինում գունավոր գրանիտից, և ձեռքով գլորում են հարթ գետնի վրա, աշխատելով գնդակները միմյանց դիպցնել, և ձգել գետնի վրա փորած փոքրիկ փոսերի մեջ: Տուշը (չիլիկաջոխին) առաջին փորձն է նետաձգություն սովորելու: Փայտից շինված նետեր և աղեղներ մինչև այսօր գործ են ածում մեր երեխաները: Պարսաքարով (շուլդուր) նրանք խիստ ճարպիկ կերպով դիպցնում են նպատակին: Ջիրիդը92 դեռևս հիշեցնում է հին նիզակախաղը. զարգացած պատանիներն այդ խաղը խաղում են ձիու վրա նստած: Մնացած խաղերի մեջ նշանավոր են ճանը (վեգ) և դաման (շարուքար). վերջինը շախմատի խաղի նմանություն ունի և խաղում են ավելի զարգացած տղաները:
Խաղերի տեսակներն այնքան զանազան են հայ մանուկների մոտ, որ առանձին ուսումնասիրության արժանի են, բայց ես մի փոքրիկ գաղափար տալու համար բավականանում եմ այդքանով միայն: Պետք է նկատել, որ ինչպես վերևում հիշեցի, ծնողները սաստիկ արգելում են խաղը, և եթե մանուկները ժամանակ են գտնում խաղալու, դա կատարվում է որպես կոնտրաբանդա: Գյուղացին այնքան պետք ունի օգնականի, որ ամենափոքր հասակից սովորեցնում է իր մանուկին աշխատության, որ նա գնահատե ժամանակը և հեռու մնա դատարկությունից: Պետք է օգուտ քաղել փոքրիկ ուժից, և աշխատությունների ծանրությունը համեմատաբար աճում է նրա տարիների հետ: 5-6 տարեկան հասակում նրան սովորեցնում են կատարել տնային թեթև ծառայություններ. 8-10 տարեկան հասակում նրան կարելի է տեսնել կալի մեջ, նստած կամնասայլի վրա, քշում է եզները: 12 տարեկան հասակում նա արածացնում է հորթերը, գառները կամ նստած լծան վրա, օգնում է իր հորը գութանը վարելիս. իսկ 15 տարեկան հասակում նա իր ձեռքն է առնում բահը և մանգաղը: Ոչինչ այնքան չէ կարող զարմացնել ժողովրդի ստոր դասի վիճակով հետաքրքրվողներին, որպես գյուղացի մանուկի աշխատասիրությունը: Նա ամբողջ տարին անգործ չէ մնում, տարվա ամեն մի եղանակում նրա հասակի և ուժի համեմատ գործեր կան: Տղայությունից սնվելով և աճելով խիստ պայմանների մեջ, նա հեռու է մնում փափկությունից և թուլացնող քնքշություններից. անձրևը, կարկուտը, ձյունը, ամառվա տոթը, ձմեռվա ցուրտը միօրինակ այրում են նրան, թրծում են, մխում են և տալիս են նրա կազմվածքին ուժ և երկաթի ամրություն: Ամեն պայմանները պատրաստում են նրան վշտալի կյանքին դիմանալու համար:
Ֆիզիքական կրթության հետ լծորդաբար տարվում է մանուկի և բարոյական կրթությունը, որ պայմանավորվում է գլխավորապես խոնարհության, համբերության և միամտության մեջ: Ամենափոքր հասակից նա գիտե, թե պետք էր տերտերի աջը համբուրել, հասակավոր մարդերին գլուխ տալ և պառավ տատին ու ծերունի պապին չբարկացնել: Նա գիտե, թե տանը հյուր եկած ժամանակ պետք էր սեղանի մոտ սպասավորել, կամ ձեռքերը սրտին դրած և կանգնած սպասել հոր հրամաններին, մինչև հյուրերը ուտեին, խմեին, հետո նրանց ձեռքերի վրա պետք էր ջուր ածել, որ նրանք լվացվեին և այլն: Ընտանիքի մեջ ամենի առջև խոնարհվում է նա բացի իր քույրերից: Ծնողների գործ դրած խտրությունն աղջիկ զավակի և տղա մանուկի մեջ շատ վաղ զգալ է տալիս վերջինին իր գերազանցությունը. նա սկսում է բռնանալ քրոջ վրա և երբեմն ծեծել նրան: Ծեծելով քրոջը, նա սովորում է ծեծել և իր կնոջը: Տղամարդի բռնակալությունը տկար սեռի վրա սկսվում է երեխայությունից:
Գյուղացի մանուկը խիստ փոքր հասակից անձնատուր է լինում ցնորամտության: Նախապաշարմունքներով և սնահավատությամբ լի ընտանիքն ազդում է նրա մեջ ֆանտազիայի սաստիկ զարգանալուն: Ամեն մի հասարակ երևույթ բացատրվում է նրան առասպելական առեղծվածներով: Երազը, կայծակը, ամպի որոտը, ցոլացող աստղը, արեգակի և լուսնի խավարումը, թաթառը, և մինչև անգամ կատվի մռնչյունը, բուի կռնչյունը նրա համար ունեն խորհրդավոր և գերբնական նշանակություններ: Պառավ մամիկի հրաշալի հեքիաթները վառում են, բորբոքում են նրա երևակայությունը շարժական դրախտների, կաթնի աղբյուրների, խոսող տունկերի, յոթն գլխանի դիվերի93, վիշապների, հուրիների և փերիների պատմություններով: Ես բախտ եմ ունեցել երկու տարի մի մեծ գյուղում վարժապետ լինելու. շարադրության առաջին դասերը ես տալիս էի, որ աշակերտները և աշակերտուհիները գրեին իրանց լսած առածները և առակները. երբ մի փոքր զարգանում էին, ես գրել էի տալիս իրանց գիտցած հեքիաթները: Որքա՛ն շատ հեքիաթներ իմանում էին նրանք: Ամենահմուտ վիպասանը չէր կարող այնպես պարզ, այնպես բնական խոսքերով շարադրել մի հեքիաթ, որպես գրում է մանուկը. նրա տղա հասակին խիստ հատուկ է մարդկության տղայամտության ստեղծագործությունը:
Եվ զարմանալի չէ տեսնել, որ բացի կլիմայական պայմաններից, կան և ուրիշ շարժառիթներ, որոնք նպաստում են մանուկի շուտ հասունությանը: 15-16 տարեկան հասակում նրա մեջ արդեն զարթնում են կրքերը. սիրուն աղջիկ տեսնելիս նրա սիրտը բաբախում է, և սկսում է իր ընկերների հետ գաղտնի խոսել կնիկների վրա: Բայց ընտանեկան խիստ օրենքները, գյուղացի կնիկների անմատչելիությունը դեռևս երկար պահում են նրա նոր բորբոքվող սիրտը մանկական անմեղ ողջախոհության մեջ:
Կյանքը ոչ բոլորովին զուրկ է մեր գյուղացի մանուկների համար հոգեկան և մտավոր սնունդից, որ մատակարարում է նրան ժողովրդական բանաստեղծությունը, որ դեռևս պահպանված է իր մաքուր, լուսապայծառ պարզության մեջ: Գողթանի հին երգիչներին, հայոց հին վիպասաններին այժմ փոխարինում են աշղները: Նա իր սազով շրջում է գյուղից գյուղ, երգում է և վեպեր է պատմում: Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել աշղին, ամառային լուսնկա գիշերների պահուն, հրապարակի վրա, արձակ, աստղալից երկնքի տակ, սազը ձեռին, խորին ոգևորության մեջ երգում է, ածում է և պատմում է մի վեպ լի հերոսական և սիրահարական արկածներով: Գյուղացիները նրա շուրջը հավաքված, նստել են մերկ գետնի վրա և ուշադրությամբ լսում են սիրելի երգչին:
Գյուղական կյանքում շատ բաներ նպաստում են մանուկներին, որ նրանք չլինեին անզգա, անսիրտ, դարտակ և զուրկ մարդկային ազնիվ կրքերից: Ամեն գյուղերում գտնվում են մի տեսակ տեղեր, որ ուրիշ խոսքով կարելի է կոչել գյուղական կլուբներ, իսկ գյուղացիներն անվանում են օդա94: Օդան ախոռատան մի բաժանված մասն է, որ ունի իր մեջ վառարան, հատակը ծածկված է հարդով, որի վրա սփռված են հասիրներ (փսիաթ) և որը ձմեռը խիստ տաք է լինում անասունների շնչառությունից և խիստ հարմար ժողովարան է գյուղացիների համար: Ամենամաքուր օդա ունենում են գյուղի տանուտերը կամ փոքր ի շատե կարողություն ունեցող գյուղացիները: Բայց գլխավոր կենտրոն լինում է տանուտերի օդան. այստեղ հավաքվում են գյուղացիները և անց են կացնում ձմեռվա երկար գիշերները: Այստեղ լինում են ամեն տեսակ խոսակցություններ, դատում են իրանց հասարակական գործերի վրա, պատմում են իրանց կյանքում պատահած զանազան արկածներ, կատակներ և սրախոսություններ են անում, առակներ և առածներ են ասում, և երբեմն գյուղական տերտերը կամ տիրացուն իրանց խելքին զոռ են տալիս և սկսում են խոսել սրբերի, հրեշտակների, սատանաների, դժոխքի, արքայության վերջին դատաստանի մասին այնպիսի առասպելական ավանդություններ, որ ոչ մեկ գրքի մեջ չեք գտնի: Մանուկ սերունդը, թեև չէ մասնակցում ծերունիների զրույցներին, բայց հավաքված նրանց շուրջը, լսում է նրանց իմաստալից խոսակցությունները:
Օդաներն ավելի կյանք են ստանում, երբ այնտեղ հայտնվում են աշղները: Այդ կույր Հոմերոսները, որ մի ժամանակ իրանց երգերով զմայլեցնում էին մեր թագավորների և նախարարների պալատները, այժմ զվարճացնում են գյուղացու ձմեռային օդան: Աշուղը գիտե հարյուրավոր բերանացի վեպեր, որոնք դեռ ոչ թղթի վրա են գրվել և ոչ տպագրության մամուլի տակ են ճնշվել: Նրա վեպերը երգախառն են լինում, և որպես արևելյան բորբոքված ֆանտազիայի ծնունդ, բովանդակում են իրանց մեջ սեր և հրաշալի արկածներ: Նա միանգամ սկսած վեպը հազիվ կարողանում է վերջացնել մի քանի գիշերվա մեջ: Գյուղացի մանուկները գտնում են աշղի վեպերի մեջ այն կենսատու աղբյուրը, որ կազդուրում է նրանց ոգին, ազնվացնում է սիրտը, և վառում է նրանց զգացմունքները մի սրբազան ջերմությամբ: Գյուղացի մանուկն այնքան անգամ լսել է աշղի վեպերը, որ մեծ մասն ինքն էլ գիտե: Նա գիտե արկածախնդիր Քյորօղլիի արշավանքները, գիտե Քարամի և Ասլիի սիրահարությունները, Աշղ Ղարիբի և Շահսանամի վառված սերը, Լեյլիի և Մաջնումի անձնազոհությունները. Շահ Սմայիլի քաջագործությունները, Ֆարհադի անբախտ սերը — հարյուրավոր այսպիսի րոմաններ գիտե նա: Այժմյան աշղների երգերը մի բերանացի հավաքածու են իրանցից առաջ եղած երգիչների, և ամեն մի երգ կրում է իր վերջում հեղինակի անունը և այս պատճառով ամեն մի երգ զանազանվում է իր բնավորությամբ. մի մասը քնարերգություն (լիրիկա) է, մի մասը փիլիսոփայական և ըստ մեծի մասին միստիքական հայեցվածներ է բովանդակում, մի մասը խրատական կամ բարոյագիտական բնավորություն ունի, իսկ պարսավաբանական, հեգնական, ծաղրական երգերը կրում են իրանց մեջ թեև կոշտ, բայց խիստ կենդանի սրամտություններ, թե որպես կծել և կատակել գիտե արևելքցին: Այս բոլորն ազդում են մանուկների սրտի վրա և թողնում են նրանց մեջ անջնջելի տպավորություններ: Աշղն ավելի մեծ պաշտոն է կատարում ժողովրդի ստոր դասի կրթության, մտավոր և բարոյական ուղղության մեջ, քան թե տերտերը, որի չոր ու ցամաք քարոզները միայն սառցնում են, քարացնում են սրտերը:
Զարմանալի է, թե ո՛րպիսի եռանդով մեր գյուղացիներն աշխատում են, որ իրանց զավակներն ուսում ստանային: Մի անբացատրելի զորություն մղում է նրանց դեպի այդ ցանկությունը: Մեզ մոտ գյուղ չեք գտնի, որ եկեղեցուն կից մի փոքրիկ դպրոց չունենար, և ուր որ այդ չկար, մանուկները հավաքվում են գյուղի քահանայի կամ տիրացուի մոտ: Տարվա երեք եղանակներում — գարունը, ամառը և աշունը — մանուկները զբաղված են լինում գյուղատնտեսական գործերով, և ժամանակ չեն գտնում դպրոց գնալու, իսկ ձմեռը նրանք ավելի ազատ են տնտեսական հոգսերից և սկսում են սովորել: Բայց կան այնպիսի գյուղեր, որոնց թիվը սակավ չէ, որ ունեն կանոնավոր դպրոցներ, որոնց մեջ մանուկները սովորում են ամբողջ տարին, բացի ամառվա երկու տաք ամիսներից: Մեր գյուղացիները, մանավանդ վերջին տասն տարվա ընթացքում, այն աստիճան հասկացել են ուսման կարևորությունը, որ ամեն զոհաբերություն հանձն են առնում, որ որքան կարելի է, իրանց դպրոցները կանոնավոր վիճակի մեջ դնեին: Շատերը, որոնց նյութական դրությունը ներում է, չեն բավականանում գյուղական դպրոցներով և ուղարկում են իրանց զավակներին մերձավոր քաղաքները, կամ Թիֆլիս, Մոսկվա, Ս. Պետերբուրգ և մինչև անգամ արտասահման, բարձր, համալսարանական կրթություն ստանալու: Եվ մեր գյուղացիներից կարելի է տեսնել բազմաթիվ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտության ամեն մեկ ճյուղի մեջ ավարտածներ, և մինչև անգամ պրոֆեսորներ և բարձրաստիճան եկեղեցականներ: Առհասարակ խոսելով, պետք է ասած, որ մեր գյուղացին բոլորովին ազատ է այն նախապաշարմունքից, թե որդին պետք է լինի հոր կյանքի շարունակությունը, և բնավ չպիտի շեղվեր այն ճանապարհից, որով ապրել էին նրա պապերը: Նա, կարծես, բնազդումով զգում է իր վիճակի դաժանությունը և ցանկանում է որդու համար մի ավելի լավ վիճակ: Այդ վիճակը նրա կարծիքով կարելի է գտնել միմիայն ուսման և կրթության մեջ: Վերջին աղքատն անգամ այսպես է մտածում: Ինձ շատ է պատահել, երբ ցանկացել եմ գյուղացի մանուկներից սպասավոր վարձել, տեսնում ես, մի հեռու և անհայտ գյուղից հայրը բերում է իր որդին, երբ հարցնում ես, թե ո՞րքան պետք է վճարել, նա պատասխանում է. «աղա, ոչինչ չեմ ուզում, թող ձրի ծառայե, միայն դուք սովորեցրեք որդուս գրել և կարդալ»:
Խոսելով առհասարակ գյուղական մանուկների կրթության վրա, ես ստիպված եմ փոքր-ինչ շեղվել իմ հետազոտության նպատակից և ցույց տալ, թե ինչ են դուրս բերում մանուկները գյուղական բազմաթիվ դպրոցներից: Եթե ընդունում ենք, թե ուսումը և կրթությունը պետք է համապատասխանե յուրաքանչյուր դասի իրական պահանջներին, և պետք է լրացնե այն, ինչ որ պակաս է նրան — այս կետից նայելով, մեր գյուղական դպրոցները բոլորովին ապարդյուն և մինչև անգամ վնասակար կգտնենք: Գյուղացին գործ ունի հողի և անասունների հետ: Արդյոք դպրոցը տալի՞ս է նրա որդուն փոքր-ինչ տեղեկություն, թե՜ որպես պետք էր խնամել անասուններին, որ նրանք աճեին, բազմանային և ազնվացնեին իրանց ցեղը: Արդյոք դպրոցը ծանոթացնո՞ւմ է նրա որդուն հողի որպիսության հետ և բույսերի լավ մշակելու պայմանների հետ: Դրանցից ոչ մեկը չէ անում դպրոցը: Նա սովորեցնում է մանուկներին գրել, կարդալ, հաշվել, կրոն և այլն, որոնց մեջ մեծ պետք չունի գյուղացու զավակը: Այբուբենը սոված փորին հաց չէ տալիս: Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ խոսքը կանոնավոր գյուղատնտեսական դպրոցների մասին չէ, որ շատ ցանկալի էր, եթե մի խումբ գյուղերի կենտրոնում գոնե մի հատ գտնվեր, ես խոսում եմ գյուղատնտեսական բոլորովին մասնավոր և տարրական հմտությունների մասին, որ ամենահասարակ վարժապետը կարող էր քաղել զանազան գրքերից և հաղորդեր իր աշակերտներին: Գուցե ինձ կնկատեն, թե մենք այսպիսի վարժապետներ չունենք: Մենք իսկապես ոչ մի առարկայի համար պատրաստված գյուղական վարժապետներ չունենք, նրանք իրանք իրանց պատրաստում են, իսկ եթե կպահանջվի նրանցից կարող են սովորել և շատ բան գյուղատնտեսության մասին: Այն ևս պետք է ի նկատի ունենալ, որ մեր գյուղերում վճարում են վարժապետին ավելի շատ, քան թե մի վարժապետ ստանում է, օրինակ, Գերմանիայի մի գյուղում: Ուրեմն կարելի է լավ ընտրություն անել ուսուցիչների մեջ:
Այլ է, եթե գյուղական դպրոցներն այն աստիճան զարգացնեին մանուկներին, որ նրանք ավարտելուց հետո կարողանային ամեն գրքեր կարդալ, հասկանալ. կարողանային ինքնակրթությամբ իրանց տնտեսության վերաբերությամբ հմտություններ ստանալ: Այդ անել անկարող են նրանք, որովհետև դպրոցներից խիստ փոքր գիտություն են դուրս բերում: Բայց այդ փոքր գիտությունն ավելի խանգարում է նրանց օրինավոր գյուղացիներ լինել, քան թե նպաստում է: Կիսակատար և թերի կրթությունը միշտ հպարտացնում է ուսանողներին: Մանուկները մի բան սովորելով, լավ ևս է ասել` ոչինչ չսովորելով, սկսում են այնուհետև արհամարհանքով նայել իրանց ծնողների պարապմունքի վրա. նրանք դառնում են մի տեսակ թշվառ արարածներ, որ կորցնում են իրանց հակումը դեպի ծնողների ապրուստի ավանդական եղանակը, և մի նոր ձև, մի նոր եղանակ էլ չեն սովորում, և այսպիսով մնում են «ավարա»` այսինքն` մոլորված — ոչ այս և ոչ այն: Գյուղը սկսում է անտանելի լինել նրանց, և միակ ելքը, որ գտնում են իրանց դժվար դրությունից դուրս գալու համար, այն է, որ դիմում են դեպի օտար երկրներ նոր ապրուստ գտնելու: Ահա ինչով է բացատրվում գյուղացի մանուկների սաստիկ գաղթականությունը դեպի քաղաքները: Այս դեպքում մեծ ազդեցություն է գործում օրինակը: Այս ինչ գյուղացու որդին, ուսում ստանալով, դարձավ աստիճանավոր, բժիշկ, վարժապետ, բարձրաստիճան եկեղեցական, կամ հարուստ վաճառական — մյուսներն աշխատում են, որ իրանք էլ միևնույն բախտավորությանը հասնեին: Այստեղից առաջ է գալիս գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի մերձավոր և հեռավոր քաղաքները: Մի գաղտնի և մանուկի համար անհասկանալի դրություն քաշում է նրան դեպի քաղաքը. նա դիմում է այնտեղ լի անորոշ հույսերով, ինքնավստահ, և միանգամայն հանձնված իր բախտին: Տարակույս չկա, որ այսպիսի անփորձ և անմեղ բախտախնդիրներից ոմանք անտարբերությունից, ոմանք խնամակալ չունենալով, ընկնում են քաղաքների մոլորությունների մեջ և դառնում են թշվառ արարածներ, բայց մեծ մասը հասնում են իրանց նպատակին:
Գալով քաղաքը, գյուղացի մանուկն անպատճառ ունի մի նպատակ: Եթե ցանկանում է նա վաճառական դառնալ, մտնում է մի վաճառականի մոտ որպես «դուքնի աշակերտ». նա ոչինչ վարձ չէ պահանջում, միայն թե տային նրան հաց և հագուստ: Երբեմն մինչև տասն տարի անտանելի նեղությունների համբերելով, վերջապես նա փոքրիկ գումարի տեր է դառնում և սկսում է իր համար մի առանձին առևտուր անել: Նա բացի սովորելուց առևտրական եղանակները, միևնույն ժամանակ ստանում է վարպետից նրա բարոյականության լավ կամ վատ հատկություններ: Միևնույն կերպով են սկսում իրանց ասպարեզը և այն մանուկները, որոնք ցանկանում են որևիցե արհեստ սովորել. աշկերտությունից անհնարին նեղությամբ հասնում են վարպետության: Քաղաքների թե վաճառականները, թե արհեստավորները մեծ հոժարությամբ ընդունում են իրանց մոտ գյուղացի մանուկներին, որովհետև նրանք հավատարիմ են լինում, չեն գողանում, և շուտ սովորելով, օգուտ են տալիս իրանց վարպետներին:
Որպես հայ աղջիկներից չէ կարելի գտնել աղախիններ, այնպես էլ հայ մանուկներից չէ կարելի գտնել տան սպասավորներ: Բացառությունները խիստ աննշան են: Եթե հայ մանուկը մտնում է մեկի մոտ ծառայելու, անպատճառ նպատակ ունի մի բան սովորել, որ կազատեր նրան ստոր պարապմունքից:
Ոչ սակավ հետաքրքրության արժանի է, թե որպիսի եռանդով, որպիսի անձնվիրությամբ և առանց բնավ միջոցների գյուղացի մանուկը քաղաքում աշխատում է ուսում ստանալ: Դա մի կատարյալ նահատակություն է, որի մասին կխոսեմ իր տեղում, երբ կնկարագրվի առհասարակ մեր ուսանողների դրությունը:
Գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի քաղաքները զրկում է գյուղական ժողովրդին իր թարմ ուժերից և թուլացնում է նրա աճելությունը: Մանուկը քաղաքում սովորելով որևիցե արհեստ, կամ վաճառականություն, և կամ ուսումնական դառնալով, այլևս սովորելով քաղաքի կյանքին և հեշտություններին, այլևս չի վերադառնում իր հայրենական տունը, որովհետև իր արհեստը, իր գիտությունը գյուղում գործադրություն չեն գտնում: Նա բնակություն է հաստատում քաղաքում, այնտեղ ամուսնանում է, և այնտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը: Երբեմն միայն գնում է տեսնելու իր ծնողներին և ազգականներին, և եթե իր դրությունը ներում էր, ծնողներին, քույրերին, եղբայրներին իր մոտ է բերել տալիս, և այսպես գյուղական հասարակությունը զրկվում է մի ծուխից: Բայց որքան այդպիսի ծուխեր են մարում ամեն տարի:
Գյուղական մանկտու սաստիկ հոսանքը դեպի քաղաքները, թեև, որպես հիշեցի, մի կողմից զրկում է գյուղացուն իր թարմ ուժերից, բայց մյուս կողմից մտցնում է գյուղերի մեջ նոր կյանք, նոր քաղաքակրթված տարր: Քիչ չէ պատահում, այն երիտասարդները, որոնք քաղաքներում զարգացել էին, աչքները բացվել էին, և հասկացել էին կյանքի նպատակը ու պահանջները, կրկին վերադառնում են գյուղը, հորդորում են իրանց հայրենակիցներին կրթության գործի մեջ, դպրոցներ հիմնել տալով, և նրանց հասարակական կյանքի և տնտեսության մեջ նոր ձևեր, նոր բարվոքումներ մտցնելով: Օրինակներ շատ են եղել, որ մի գյուղացի պատանի, մանկության հասակում քաղաքը գնալով, այնտեղ մնալով և հարստանալով, դարձյալ չէ մոռացել իր ծնված տեղը, և հայրենասիրական զգացմունքից դրդված, կամ բոլորովին իր ծախսով, կամ օժանդակություններ հավաքելով, հիմնել է իր հայրենի գյուղում մի դպրոց, և կամ օգնել է իր հայրենակիցներին այս և այն տնտեսական գործի մեջ: Այսպիսով գյուղացիները դուրս են գալիս իրանց անշարժությունից և իրանցից բաժանված ուժերն առաջնորդում են նրանց դեպի առաջադիմություն:
Գյուղացի մանկտին չափազանց առաձգական և դյուրաթեք բնավորություն ունի. նա շատ չէ ենթարկվում պապերից մնացած ավանդական սովորություններին ոչ միայն կյանքի մեջ, բայց և պարապմունքների մեջ: Նրա մոտ չէ կարելի տեսնել այն քաստայական ջոկությունը, որ պահում է գյուղացուն իր անփոփոխ, անշարժ և քարացած միակերպության մեջ: Բավական էր մի օրինակ, բավական էր, որ հանգամանքները նպաստեին նրան, նա արդեն փոխում է իր կացության ձևերը: Այս է պատճառը, որ մենք չունենք գյուղական ազգաբնակություն իր նեղ նշանակությամբ վեր առած: Տեսնում ես, նա պարապում է հողի մշակությամբ, այգեպանությամբ, անասնապահությամբ և այլն, իսկ միևնույն ժամանակ վաճառականություն է անում, մտնում է արքունական կապալների մեջ, և հենց որ փողի տեր դարձավ, էլ չես ճանաչի երեկվա կոշտ, գռեհիկ գյուղացուն, նա ոտքից գլուխ փոխվում է, և ցույց է տալիս բոլոր ձևերը փոքր ի շատե կրթված քաղաքացու: Ես կբերեմ մի համեմատություն: Վեր առնենք օրինակի համար ռուս մուժիկին, նա որքան էլ հարստանա, մինչև անգամ միլիոնի տեր դառնա, դարձյալ կմնա նույն մուժիկը, դարձյալ կտեսնես նրան ահագին մորուքով, ուղիղ կտրած երկայն մազերով, կարմիր չթեղեն շապիկով, մինչև ծնկները վեր քաշած կոպիտ կոշիկներով, և ուսերի վրա ձգած տուլուփով. թե քաղաքում և թե գյուղում նա միևնույն հագուստն է կրում, միևնույն ռամկական լեզվով է խոսում, և միևնույն կերպով թեքվում է, մինչև գետին խոնարհվում է և գլուխ է տալիս, երբ գործ ուներ մի դեղին կոճակավոր մունդիրի հետ: Հարստությունը և միջոցները չեն փոխում նրան. բնակվում է սովորական խրճիթի մեջ, ուտում է իր «ըշչին» փայտե ամանի մեջ, փայտե գդալով, խմում է արաղ և «կըվաս», հաստացնում է փորը, օրըստօրե բթանում է, հիմարանում է: Բայց մեր նորահաս գյուղացին այսպես չէ: Նյութական միջոցների համեմատ նա փոխում է և ապրուստի ու կացության ձևերը: Ես տեսել եմ գյուղացի երիտասարդներ ցիլինդրով, գունավոր նուրբ ձեռնոցներով, օսլայած սպիտակ շապիկներով, հագնված որպես մի փարիզյան ֆրանտ, մատին դրած ունի բրիլիանտ մատանի, ոսկի ժամացույցով, խոսում է զանազան լեզուներով, լրագրեր է կարդում, եղել է եվրոպական զանազան քաղաքներում, դատում է պոլիտիկայի վրա, բնակվում է ճաշակով կահավորված տան մեջ, որի լուսամուտները զարդարած են գույնզգույն ծաղիկների թաղարներով: Իհարկե, բացառությունը մեծ է, մանավանդ այն գյուղերի վերաբերությամբ, որ հեռու են քաղաքներից և մեծ ճանապարհներից, որ ընկած են խուլ անտառների, անմատչելի լեռների և անհայտ ձորերի մեջ:
Անցնում եմ դեպի այն երիտասարդությունը, որ գյուղից դուրս չէ եկել, քաղաք չէ տեսել, որ դեռ պահպանել է իր պապերի ընտանեկան և ավանդական հատկանիշները:
Բարոյականությունը մանուկ սերնդի մեջ պահպանելու համար գյուղացի ծնողներն աշխատում են շուտով ամուսնացնել իրանց որդիներին: 15-16 տարեկան հասակում նրանք արդեն կնոջ տեր են, իսկ դեռ քսան տարեկան չեղած, զավակներ ունեն: Սովորած լինելով ամեն պետքերի մեջ ընդունել ծնողների հաճությունը, և՛ կնոջ ընտրության մեջ պատանին խոնարհվում է նրանց կամքին: Նա իր սրտից չէ հարցնում` արդյոք սիրո՞ւմ է աղջկան թե ոչ, և կամա-ակամա հաշտվում է անհրաժեշտության հետ: Եվ ի՞նչով կարող էր նա հասկանալ կնոջ լավ կամ վատ հատկությունները, քանի որ նա երբեք կնոջ հասարակության մեջ չէր գտնվել, չէր փորձել, և չգիտեր, թե ինչպես է լինում կնոջ սերը: Պսակեցին նրան մի աղջկա հետ, լավ թե վատ, միևնույն է նրա համար — այս է, որ կա — մտածում է նա, նրանով գոհանում է և նրա մեջ գտնում է իր բավականությունները: Եթե հայրը գնել էր մի նոր եզ, որդին շուտով կարող էր հասկանալ, թե որքան այդ անասունը կարող էր հարմարվել գործին, որովհետև շատ այդպիսիները փորձել էր նա, բայց կնոջ հետ գործ չէր ունեցել, կինը նրա համար մի անծանոթ առարկա էր:
Կինն առհասարակ խիստ աննշան դեր է խաղում գյուղական երիտասարդության վիճակի մեջ: Նա ապրում է փակված տան չորս պատերի մեջ և պահպանվում է սաստիկ հսկողության ներքո: Եվ եթե պատահում է, որ նա տնից դուրս է գալիս, հարևանի տղան իրավունք չունի մոտենալ նրան կամ խոսել նրա հետ: Եվ ի՞նչ հաճություն կարող էր գտնել երիտասարդությունը կանանց հասարակության մեջ, երբ նրանցից կտրված էր, և երբ ամբողջ գյուղի մեջ չէր կարելի գտնել մի կամ երկու կին, որ թեթև վարքի տեր լինեին: Ես ականատես եմ եղել մի ծիծաղելի հանդեսի, թե որպիսի խայտառակությամբ գյուղական հասարակությունից արտաքսում էին մի կնոջ: Նրան նստեցրել էին էշի վրա դեպի հակառակ կողմը, այսինքն երեսը դարձրած դեպի գավակը, և նոխտայի (երասանակ) փոխարեն ձեռքումը բռնել էին տվել էշի ագին: Կնոջ գլուխը բոլորովին բաց էր և առանց ծածկոցի, ծամերը սափրել էին, իսկ երեսը սևացրած էր մուրով: Մի մարդ քաշում էր էշի նոխտան, իսկ երկու մարդիկ առջևն ընկած, մեկը թմբուկ էր ածում, իսկ մյուսը` զուռնա: Բազմությունն աղաղակներով և կատակներով ճանապարհ էր դնում ողորմելի հանցավորին դեպի գյուղից դուրս:
Պետք է նկատել, որ բարոյականությունը պահպանելու համար գործ դրված այսպիսի խիստ միջոցներն այժմ օրըստօրե թուլանալու վրա են: Բարքերի ապականությունը, որպես ժանտախտ, սկսել է վարակել գյուղական մաքուր պահված ժողովուրդը: Այս ախտից զերծ մնացել են այն գյուղերը միայն, որոնք առանձնացած են և քաղաքների հետ հաղորդակցություն չունեն և որոնք սալդաթի կամ աֆիցերի երես դեռ չեն տեսել:
Պատահում է ավելի զգայուն բնավորություն, որ իսկապես սիրում է, սիրում է մի աղջկա, որին տեսել էր, որի հետ գուցե ունեցել էր մի քանի գաղտնի խոսակցություններ: Բայց որդիների սերը երբեք չէ մտնում ամուսնական հաշիվների մեջ, որոնք միանգամայն կախված են ծնողների կամքից: Որպես որդին չէ կարող ուտել այն կերակուրը, որից ինքը ախորժում է, այլ պետք է ուտե այն, որ մայրը նրա համար պատրաստում է, որպես որդին չէ կարող հագնել այն հագուստը, որ ինքը ցանկանում է, այլ պետք է հագնե այն, որ հայրը նրա համար գնում է — այնպես էլ պատանին չէ կարող կին ունենալ այն աղջկան, որին ինքը սիրում է, այլ նրան, որին ծնողներն ընտրում են: Այս պարագաներիս մեջ խիստ հատկանիշ է այն պսակը, որ տեղի էր ունեցել մի գյուղում. քահանան հարցնում է պատանուց, ցույց տալով նորահարսի վրա, թե «տե՞ր ես, սիրո՞ւմ ես»: «Հայրս գիտե, տերտեր, նրանից հարցրու», — պատասխանում է պատանին:
Առհասարակ սերը գյուղացի պատանիների և աղջիկների մեջ լոկ բանաստեղծական ֆանտազիա է, որ վերջին տարիներում նյութ դարձավ մի քանի անշնորհք և անհամ վեպիկների, բայց կյանքի մեջ նա չկա: Վեր առեք մեր բոլոր ժողովրդական երգերը և աշղների վեպերը, նրանց մեջ չեք գտնի իսկական սեր իր հոգեբանական ճշգրիտ կողմերով: Բանաստեղծը խորին հիացմունքով գովում է կնոջ թուխ մազերը, կարմիր թշերը, սևորակ աչքերը, չինարի պես ձգված հասակը, մարգարտի նման ճերմակ ատամները, և այլն, մի խոսքով, նա հափշտակված է կնոջ արտաքին գեղեցկություններով միայն, բայց նրա հոգու և սրտի մեջ ոչինչ չէ տեսնում, նրա բնավորության, բարքի և վարքի մեջ ոչինչ գրավիչ բան չէ նկատում: Դա շատ բնական է: Ի՞նչպես կարող էր սիրողը թափանցել կնոջ սրտի և հոգու մեջ, երբ նրա հետ հարաբերություն չէր ունեցել, նրա բերնից մի բառ անգամ չէր լսել: Իսկ հարաբերությունները մեր գյուղերում տղաների և աղջիկների մեջ միանգամայն կտրված են: Տղային գրավում է աղջկա արտաքին ֆիգուրան միայն, երբ հեռվից հեռու տեսնում է նրան, ինչպես շատ մարդ կարող է հափշտակվել մի գեղեցիկ արձանի արտաքին կերպարանքով, բայց հոգին և սիրտը քննել չէ կարող, որովհետև նա սիրտ չունի, որովհետև նրա լեզուն չէ խոսում: Բայց հոգու արտահայտություններն արտաքին կերպարանքի վրա տեսնելու համար պետք է ունենալ բավական կրթված ճաշակ և նուրբ դիտողություն, որոնցից զուրկ է գյուղացին:
Տարվա երեք եղանակներում — գարունը, ամառը և աշունը — գյուղացին այնքան զբաղված է իր մշակություններով, որ ամենևին ժամանակ չունի իր սրտի հետ խոսելու. այն ժամանակ գործում են նրա ֆիզիքական ուժերը միայն, իսկ հոգին մնում է անգործ: Բայց ձմեռը մի փոքր հանգստանում է նա, և դատարկության մեջ զարթնում են զգայական կրքերը: Ձմեռը կատարվում են գյուղական հարսանիքները, որ մոտեցնում են տղամարդերին կնիկների հետ: Գյուղական հարսանիքն ամբողջ գյուղի հարսանիքն է. վերջին աղքատը մասնակցում է այդ ընդհանուր ուրախությանը, կերակրվում է նրա սեղանից և խմում է նրա գինին: Գյուղական հարսանիքը մի մեծ մխիթարություն է, մանավանդ ջահիլ աղջիկների և պատանիների համար, որոնք շատ զուրկ են մնում ուրախալի հանդեսներից: Հարսանիքը, նայելով փեսայի հոր կարողությանը, տևում է մի քանի օրեր. առհասարակ երեք օրից պակաս չէ լինում: Ցերեկներն անց են կացնում ուտելով և խմելով, իսկ գիշերները` նվագարաններ ածելով, պար գալով և երգելով: Ձեռնաբռնուկ խաղը (յալլի) այն բարերար խաղերից մեկն է, որ առիթ է տալիս տղամարդերին շոշափել մի կնոջ ձեռք: Բայց այստեղ ևս հայկական պարկեշտությունը դրել է իր խիստ սահմանները: Պարի մեջ տղամարդն իրավունք չունի բռնել մի օտար կնոջ ձեռքը, նա անպատճառ պետք է ընտրե իր մոտ ազգականներից, կամ իր քրոջը, կամ մորաքրոջը և այլն: Ամուսնավոր կնիկները բոլորը դիմակավորված են լինում, այսինքն` երեսները ծածկված է լինում թանձր և անթափանցելի քողով, ոչինչ չէ կարելի տեսնել: Բայց ազապ աղջիկների երեսները բաց են լինում: Կին և տղամարդ, աղջիկ և պատանի միմյանց ձեռքից բռնած, կազմում են մի երկար շղթա, որ զանազան ուղղությամբ պտտվում է ընդարձակ տան մեջ: Սազանդարների ածելու եղանակով շարժվում են պարողները, լուռ ու մունջ կերպով, կարծես, կատարվում է մի բալետ իր խորհրդավոր պոնտոմիմայով: Այն գյուղերում, ուր ժողովուրդը դեռևս գտնվում է նահապետական պարզության մեջ, տղամարդերի հարաբերությունը կնոջ հետ ավելի արձակ է, և հարսանիքների մեջ կամ զանազան տոնական հանդեսներում պարերը և խաղերն ավելի զվարճալի կերպարանք են ստանում:
Հարսանիքի ժամանակ հայկական ավանդությունները երևան են գալիս իրանց նախնական պարզ կերպարանքով. հետաքրքիր աչքը կարող է տեսնել նրանց մեջ ժողովրդական հանճարի շատ ստեղծագործությունները, որ այժմ կորչելու, անհետանալու վրա են: Եթե ունեցել ենք մենք մի ժամանակ թատերական ներկայացումներ, եթե մեր նախնիքներն ևս զվարճացել են իրանց Էսքիլեսների, Սոֆոկլեսների և Էվրիպիդեսների արարչություններով — այժմ նրանցից ոչինչ չէ մնացել, այժմ նրանց նշույլները միայն մնացել են գյուղական ժողովրդի մեջ, որ հայտնվում են զանազան հանդեսներում: Հարսանիքի համար ընտրում են առհասարակ ընդարձակ տներ, որ բավական լիներ բազմության համար: Եթե հարսանիքատիրոջ բնակարանը փոքր էր, դրացին տալիս է նրան իր տունը: Ամեն գիշեր սովորական կերուխումը, ուրախությունները և պարերը վերջանալեն հետո, լինում են մի տեսակ թատերական ներկայացումներ, որ ռամկի լեզվով կոչվում է օյին (խաղ): Դերասանների պաշտոն կատարում են գլխավորապես սազանդարները (նվագածուներ): Ներկայացնում են ժողովրդի կյանքից առած ծիծաղաշարժ պատկերներ, երբեմն առանց բովանդակության և երբեմն իրանց տգեղությամբ անցնում են բարոյականության չափը: Բայց այդ կոշտ, կոպիտ և անմշակ վոդըվիլները սաստիկ ազդում են մանուկ սրտերի վրա: Մանկտին նրանց մեջ տեսնում է այն գաղտնիքները, որոնք իր համար առաջ անորոշ էին, անբացատրելի էին:
Վերջապես պատանին ամուսնանում է: Հարսանիքի ուրախությունները շուտով անցնում են, որպես թե ոչինչ չէր պատահել և մյուս օրը նորափեսան սկսում է իր սովորական պարապմունքը: Կրկին սկսվում է տաժանական կյանքը: Երկու նորապսակ ամուսինների հարաբերությունները հենց առաջին օրից խիստ օտարոտի ձև են ստանում: Գյուղացու ընտանեկան պայմաններին անծանոթ մարդը, տեսնելով նրանց, կկարծե, թե նրանք խռովել են, կամ միմյանց հետ անհաշտ են ապրում: Դրսումը միասին չեն հայտնվում, իսկ տան մեջ միմյանց հետ չեն խոսում: Հարսն իր քողը չէ բարձրացնում և երեսը չէ ցույց տալիս փեսային, եթե այնտեղ ներկա էր ընտանիքի անդամներից մեկը: Միասին չեն ճաշում, ընթրիք չեն ուտում. որդին ուտում է հոր հետ, իսկ հարսը` սկեսրոջ հետ: Գյուղերում կանանց սեռի սեղանը տղամարդերից բաժանված է: Այսպես անցնում են տարիներ և շատ տարիներ. հարսը տեսնվում է իր ամուսնի հետ կամ գաղտնի, կամ գիշերը, երբ բոլորը քնած էին:
Ամուսնությունից հետո երիտասարդի վիճակը փոխվում է ընտանիքի մեջ. հայրը նրա հետ այլևս խստությամբ չէ վարվում, իսկ մայրը հարգում է: Նա այժմ այր է և ոչ տղա: Նրա խոսքերը, նրա կարծիքները բանի տեղ են դնում, և նա սկսում է ձայն տալ ընտանեկան խորհուրդների մեջ: Բայց աստիճանը հարաբերությունների մեջ չէ փոխվում, մնում է միևնույնը: Խորհուրդների մեջ գերակշռում է ավելի հասակավորի կարծիքը: Եթե նոր ամուսնացածը կրտսեր որդի էր, խոնարհվում է երեց եղբորը, իսկ երեց եղբայրը` հորը: Ընտանիքի գլխավորությունը պատկանում է նրան: Հոր մահից հետո նրա տեղը բռնում է անդրանիկ որդին: Որպես կրտսեր եղբայրը հնազանդվում է երեց եղբորը, այնպես էլ կրտսեր եղբոր կինը պետք է հնազանդվի երեց եղբոր կնոջը: Ինձ շատ է պատահել տեսնել գյուղերում, երբ երեց եղբայրն իր հյուրի հետ սեղան էր նստել, կրտսեր եղբայրը ոտքի վրա ծառայում էր նրանց: Փոքր եղբայրն այն աստիճան պատկառում է և հարգում է մեծ եղբորը, որ աստիճան հարգում է և իր հորը: Նրա ներկայությամբ չէ ծխում, գինի կամ արաղ չէ խմում, թեև մեծ եղբայրը գիտե բոլորը, և առհասարակ մատների միջից է նայում իրանից փոքրի այս տեսակ համեստությունների վրա:
Հոր կենդանության ժամանակ որդիների մեջ բաժանում լինել կարող չէ. եթե նրանցից մեկն անհնազանդ էր գտնվում և խանգարում էր ընտանեկան կարգերի ներդաշնակությունն, արտաքսվում է ժառանգությունից զրկված: Հոր մահից հետո եղբայրները երկար շարունակում են դարձյալ միասին ապրել, մինչև նրանք ևս ունենում են որդիներ, որոնց ամուսնացնում են և թոռների տեր են լինում: Տունը լցվում է ահագին բազմությամբ, գերդաստանը ստվարանում է և ընտանիքի կազմակերպությունն ավելի բաղադրյալ ձև է ստանում: Երբ հին սերունդն անցնում է, մնում են ջահիլներն, այդ ժամանակ առաջ է գալիս բաժանմունքը. հանկարծ մեկ մասնատված գերդաստանից կազմվում են 5-6 ընտանիքներ: Բայց նկատողության արժանի է այն, որ գյուղացի հայրերը չափազանց հեռատես են լինում և իրանց կենդանության ժամանակ կարգադրում են այն բոլորը, ինչ որ պետք էր որդիների ապագա տնտեսության և ապրուստի համար: Օրինակ, մեկ հայր ուներ երեք որդի, գիտեր, որ իր մահից հետո, վաղ թե ուշ, նրանք կբաժանվեն, նա աշխատում է շինել յուրաքանչյուրի համար մի առանձին խրճիթ, և եթե իր միջոցները չէին ներում այդ անել, նա գոնե տալիս է իր տան շինությանն այնպիսի ձև, որ կարելի լիներ երեք հավասար մասերի բաժանել, որ հետո երեք որդիների համար հարմար բնակարաններ լինեին: Գյուղերում սովորաբար լսվում է` այն ինչ աղայի յոթը ջրաղացները, յոթը օրավար հողը, յոթը այգիները, յոթը հոտ ոչխարները և այլն. իսկույն կարելի էր եզրակացնել, թե նա ունեցել է յոթը որդի, և ամեն մեկի համար առաջուց տնօրինել է միևնույն կայքերը, որ եղբայրներից յուրաքանչյուրը հավասար չափով ստանար հոր ժառանգությունից իր բաժինը: Բայց եթե հայրն այնքան աղքատ էր, որ իր կենդանության ժամանակ չկարողացավ տնօրինել որդիների համար մի ապահով ապագա, նրանից հետո որդիներն այնքան ժամանակ միմյանց հետ անբաժան ապրում են, միասին աշխատում են, մինչև կարողանում են վաստակել այնքան, որ բավական կլիներ յուրաքանչյուրի կանոնավոր տնտեսության համար, եթե հարկավոր կլիներ բաժանվել միմյանցից:
Այսքանը բավական համարելով երիտասարդների ընտանեկան հարաբերությունների մասին, այժմ դառնում եմ դեպի նրանց հասարակական գործունեությունը:
Այն գյուղերում, ուր նահապետական սովորությունները դեռ տիրում են կյանքի մեջ, երիտասարդությունը չէ մասնակցում հասարակական գործերում: Որպես ընտանիքի մեջ, այնպես էլ հասարակական գործերի մեջ ձայն ունեն աղսախկալները (սպիտակ մորուք ունեցողները) միայն: Օրինակ, պետք էր հարկերը բաժանել ծուխերի կամ կայքերի վրա, պետք էր ջրերին հերթ նշանակել, եկեղեցու երեսփոխանի հաշիվը տեսնել, կամ պետք էր այս և այն հանցավորին պատժել, մի խոսքով բոլոր գյուղական գործերի համար հավաքվում են «սպիտակամորուքները», ժողով են կազմում, խոսում են, դատում են և վճռում են: Բայց նույն օրից, երբ գյուղերում հիմնվեցան կանոնավոր շինական դատարաններ, երբ նրանց տրվեցան որոշյալ օրենքներ, և երբ կանցելարիական ֆորմալիստությունը մերժեց սպիտակամորուքների բերանացի դատավճիռները — այն օրից ծերերի դարն անցավ և ասպարեզը մնաց երիտասարդներին: Որովհետև շինական դատարաններում մասնակցելու համար պետք է փոքր ի շատե գրագետ լինել, պետք է փոքր ի շատե ծանոթ լինել օրենքների հետ, և վերջապես պետք է կանոնավոր խոսել գիտենալ, բայց դրանցից զուրկ են ծերունիները: Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ ներկա լինել շինական դատարաններում ժողովների վիճաբանություններին. նախագահում է տանուտերը, խոսել ցանկացողները ձայն են խնդրում, միմյանց չեն խանգարում, չեն ընդմիջում, վերջապես տեսնում ես մարդիկ, որ հասկանում են իրանց պետքերը, և վիճաբանությունների մեջ տիրում է ավելի առողջ դատողությունը, թեև պարզ և համեստ կերպով, և ոչ սոփեստական պերճախոսությունը, որ շատ անգամ կարելի է նկատել մեր քաղաքների դումաների մեջ:
Այսուամենայնիվ, հին սերունդը դեռ ոչ բոլորովին կորցրել է իր նշանակությունը: Երբ պատահում են գյուղում զանազան հրավերքներ, օրինակ, երբ կնունքաճաշ են տալիս, երբ մի հանգուցյալի համար հոգեհաց են տալիս, երբ մի տան մեջ նավասարդին հարիսա էին եփել, կամ ղավուրմայի համար մորթած ոչխարներից խաշ էին պատրաստել — միշտ հրավիրում են ծերունիներին, իսկ երիտասարդներին չեն կանչում: Եթե հրավերքներում պատահում են երիտասարդներ, նրանք ծերերի հետ սեղան նստելու համարձակություն չունեն, այլ նրանց պատվելու համար ոտքի վրա սպասավորություն են անում: Երիտասարդներն իրանց զվարճությունը գտնում են իրանց շրջանի մեջ. հավաքվում են միասին, գնում են գյուղից դուրս, առանձնանում են մի այգու կամ մի ձորի մեջ և այնտեղ քեֆ են անում, բայց տանը հյուրեր հրավիրելու իրավունք չունեն, քանի որ դեռ կենդանի էր ծերունի հայրը: Հայրերն առհասարակ չեն ներում որդու անձնիշխանությունն ընտանիքի մեջ, իսկ դրսումը, եթե մի լավ բան անում է նա, չեն արգելում, որովհետև որդու փառքը, որդու ստացած գովասանությունները դարձյալ իրանց են վերաբերում: Այս է պատճառը, որ նրանք երբեմն անում են այն մեծ զիջողությունը, երիտասարդ որդիներին թույլ տալով իրանց հաճույքների համեմատ վարվել:
Անցնում եմ դեպի գյուղական երիտասարդության մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունները:
Տեղագրական և կլիմայական պայմանները Հայաստանում, ավելի քան թե ուրիշ տեղ, արտահայտում են իրանց ազդեցությունը ժողովրդի մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունների վրա: Այս կետից նայելով մեր գյուղական ազգաբնակությունը կարելի է երկու որոշ խմբերի բաժանել` լեռնաբնակներ և դաշտաբնակներ: Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:
Լեռնաբնակները, թե հովիտների մեջ, թե ձորերում, թե բարձրավանդակների վրա և թե անտառներում, դեռ ապրում են գետնափոր խրճիթների մեջ, որոնք ավելի գազանների որջի են նման, քան թե մարդկային բնակության: Խրճիթը բաժանված է երկու մասերի, մեկի մեջ կենում են անասունները, մյուսի մեջ տերերը: Մշտավառ խարույկը — տնային օջախը — հարաժամ ծխում է բնակարանի կենտրոնում, որ սփռում է իր շուրջը լույս և ջերմություն: Գլխավոր պարապմունքն անասնապահությունն է: Անասունը մատակարարում է նրանց ամեն ինչ, որ պետք էր ապրուստի համար` կերակուր, հագուստ և վառելիք: Հագուստի համար գործվածներ պատրաստում են կնիկները բուրդից և իր բնական գույնով, որ շատ տեղերում բավական նրբության է հասցրած: Մսակերությունը սովորական եղած չէ, կերակրվում են անասունների կաթով, մածնով, յուղով, պանրով և բանջարեղեններով միայն: Ձմեռը բավական երկարատև լինելով, իսկ տարվա մյուս եղանակները ցուրտ, այս պատճառով երկրագործությունը զարգացած չէ. մշակում են ցորյան, գարի և հաճար միայն: Մշակության համար մեծ աշխատություն պետք չէ, որ զարգացներ մեծ հմտություններ. թեթև արորով փոքր-ինչ խրխրում են լեռների հողով պատած կուրծքը, ցանում են և թողնում են բնության կամքին. անձրևը ինքը ջրում է, և արեգակի անզոր ճառագայթները բուսցնում են: Շատ անգամ վաղահաս ձմեռը ձյունով ծածկում է դեռ չհասունացած հունձքը, և գյուղացին ուտելու հաց չունի: Կյանքը նահապետական է: Մարդը դեռ չէ տաշվել, չէ կոկվել. դեռ պահպանել է իր նախնական կոշտությունը` թե լեզվի, թե մտածության և թե կենցաղավարության մեջ: Կյանքի պահանջները խիստ սակավ են, մարդը բավականանում է փոքրով, և չափավոր կարիքը չէ ստիպում շատ մտածել: Գոհությունը վիճակից տիրում է կյանքի վրա անշարժության հետ միասին:
Երիտասարդությունը լեռնաբնակների մեջ նշանավոր է իր տիպական հատկանիշներով: Նա, որպես բնության ազատ զավակ, դաշտեցիների նման ցած, խորամանկ և տափակ բնավորություն չունի: Լեռնցի երիտասարդությունը նույնպես պարզամիտ, նույնպես կոշտ-կոպիտ, նույնպես անխորտակելի և նույնպես վայրենի է, որպես ինքը լեռը: Նա ծանոթ է զենքերի հետ, որսում է անասուններ, պատերազմում է գազանների հետ, և հարկավորված դեպքում, չէ խնայում իր զենքը գործ դնել և իր նման մարդերի դեմ: Մեր բոլոր նշանավոր ավազակները, որոնց քաջագործությունները հերոսության են հասնում, լեռնցիներ են եղել: Հայոց անկախությունը մինչև մեր մոտ ժամանակները պահպանվեցավ Ղարաբաղի լեռներում: Դավիթ-բեկը, մեր 18-րդ դարու հերոսը, նույն տեղացի էր: Նշանավորն այն է, որ այդ քաջ և կազմվածքով, հոգով, ուղեղով առողջ և զորավոր երիտասարդներից առաջ են գալիս երևելի մարդիկ, երբ դեպքերը գցել էին մեկին կրթության ճանապարհի վրա, և նա համալսարանական բարձր ուսում էր ստացել:
Խոսենք դաշտաբնակների մասին:
Բոլորովին հակառակ պատկեր են ներկայացնում դաշտաբնակները: Նրանք գետնափոր խրճիթներում չեն ապրում, բնակվում են կավաշեն կամ քարաշեն տներում, որոնք բավական բարձր են գետնի մակերևույթից: Անասունների ախոռատունը միացած չէ տերերի բնակարանի հետ: Ուտում են մսեղեն կերակուրներ և հագնում են գունավոր գործվածքներ, որ արդյունաբերվում է ոչ թե իրանց կնիկների աշխատասեր ձեռքով, այլ եվրոպական ֆաբրիկաների շոգիով: Բնավորությամբ, որպես հիշեցի, նման են իրանց բնակած դաշտերի տափարակությանը — նույնպես ցած, նույնպես հարթած և նույնպես տափակ են, բայց կրթությամբ և խելքով` բարձր են, քան թե լեռնաբնակները: Զենք չեն սիրում, վառոդից վախենում են, երկաթը գործ են ածում միայն բահի, մանգաղի և խոփի համար: Երկաթով պատերազմում են հողի հետ: Դաշտեցիքը չտվեցին մեզ ոչ մի ավազակ և ոչ էլ մի քաջ մարդ, միայն հասցրին բարեսիրտ երկրագործներ և խորամանկ վաճառականներ: Գյուղատնտեսական մշակությունների մեջ աշխատության գլխավոր ծանրությունը բառնում է իր վրա երիտասարդությունը: Ալևոր հորը, հասակն առած եղբորը շատ չեն բանեցնում, խնայում են որպես խնայում են երկրագործական ծերացած անասուններին: Հասկանալի է, որ դաշտային տափարակ երկրների վրա, ուր հողն արգավանդ է, ուր ջուրն առատ է, ուր բավական տաք է լինում, ուր ձմեռը երկարատև չէ, գյուղատնտեսական պարապմունքներն ավելի բաղադրյալ ձև են ստանում: Այս է պատճառը, որ մեր դաշտաբնակների ձեռքում երկրագործությունն իր բոլոր ճյուղերի մեջ բավական ծաղկած և զարգացած վիճակի է հասել: Գյուղացին մշակում է ընդեղենների և հացահատիկների բոլոր տեսակները, մշակում է զանազան ագարակային բանջարեղեններ և սեխանոցի պտուղներ: Ջրավետ տեղերում բրնձի մշակությունը կատարելագործության է հասցրած: Բայց բամբակի և մետաքսի մշակությունը գյուղական հարստության ամենամեծ մասն է կազմում: Այգեգործությունը նույնպես ծաղկած վիճակի է հասցրած, մրգեղենների ամեն տեսակները հիանալի են. խաղողը որքան ազնվացրած է, այնքան գինին շատ տեղերում դեռ կատարելագործված չէ: Անասնապահությամբ չեն պարապում, որովհետև երկիրը մշակված լինելով, արոտատեղիներ չկան: Պատահում են այնքան անասուններ, որքան պետք է իրանց վարուցանքի և տնտեսության համար:
Այժմ ինքնըստինքյան հասկանալի է, որ մեր դաշտաբնակ գյուղացիները թե կրթությունով, թե մտավոր զարգացումով և թե նյութական կարողությունով գերազանցում են լեռնաբնակներից, բայց չունեն այս վերջինների ոչ բարքի մաքրությունը, ոչ հոգու ազնվությունը, ոչ մարմնի առողջությունը և ոչ սրտի քաջությունը: Մի սաստիկ բաղձանք հարստանալու և խիստ շուտ հարստանալու թուլացնում է նրանց մեջ բարոյական կողմերը և ամեն ինչ զոհում է ագահության: Նրանք բավական չեն իրանց վիճակով և միշտ բողոքում են, թե սակավ ունեն: Բայց մի փոքր հարստացան թե չէ, թողնում են գյուղը և տեղափոխվում են դեպի քաղաքը: Այնտեղ այլևս չես կարող ճանաչել մեր գյուղացուն: Բայց պետք չէ մոռանալ, որ այս դեպքում մեծ պատճառ է տալիս հողերի անձկությունը: Մեր գյուղերում հողը բնակիչների թվի համեմատ այնքան սահմանափակ է, որ չէ բավականացնում նրանց ընդարձակ գործունեությանը: Շատերն այժմ սկսել են գնել կալվածատեր խաների, բեգերի և վրաց ազնվականների հողերը, որոնք խաղաթղթի և շռայլության մեջ սպառում են իրանց հարստությունը, և կալվածներն անցնում են մի ժամանակ նրանցից ճնշված հայ գյուղացու ձեռքը: Ամեն տեղ նշմարվում է մի տեսակ ձգտում դեպի նյութական հարստություն, որ առհասարակ հայի դարևոր հատկանիշն է եղել:
Ես սկսեցի գյուղացի մարդու երեխայությունից, կվերջացնեմ մի քանի խոսքով նրա ծերության մասին: Երբ հասնում է խորին ծերության, գյուղացի հայրը շատ չէ խառնվում ընտանեկան և տնտեսական գործերի մեջ, նա թողնում է, որ «ջահիլները» անեն, որպես խելքները կտրում է: Երբեմն բարի խրատներ և խորհուրդներ է տալիս, բայց պահանջումներ չէ անում: Այդ հասակում նա հաճախ խոսում է տերտերի հետ, մոտենում է եկեղեցուն և առավոտ ու երեկո ժամից հետ չէ մնում: Տան մեջ նրա վրա նայում են որպես մի հյուրի վրա, որ եթե երկար մնալու լիներ, կարող էր ձանձրացնել: Բայց նա դարձյալ չէ հրաժարվում իր հեղինակությունից, գոնե ազդելով բարոյական կողմից: Գերդաստանի մեջ հարգանք է վայելում, և գյուղի մեջ համարվում է պատկառելի անձնավորություն: Եթե ծերունին փոքր ի շատե կարողության տեր մարդ էր, նա ընդունվում է որպես հասարակության հայր: Երբ նա նստած էր իր տան դռան մոտ «տեր ողորմյա» էր քաշում և սառած անդամները ջերմացնում էր արեգակի ճառագայթներով, գյուղացի կնիկները չեն համարձակվում այն կողմով անց կենալ, որ նրանց չտեսնե ծերունին: Երբ նա նկատում է մանուկներին դրսումը որևիցե անկարգություն անելիս, ում զավակները որ լինեին նրանք, իրան իրավունք է համարում մոտենալ, հանդիմանել և երբեմն ականջներից բռնել ու ձիգ տալ: Փողոցով անցնելիս, նստած երիտասարդները ոտքի են կանգնում նրա առջև: Նրա աջը համբուրվում է, որպես քահանայի ձեռք. ամեն ոք նրան «ափի» կամ «պապի» է կոչում և ցանկանում է լսել նրա խորհուրդները:
Մեր ալևորներն իսկապես այնքան հիմար են լինում, որպես առհասարակ լինում է շատ ազգերի մեջ ծերացած մարդը: Կյանքի մեջ այնքան տանջվել է նա, այնքան մաքառել է դժվարությունների դեմ, որ նրա մտածությունները դարձել են մի տեսակ ճշմարտություններ, որ հետևանք էին դառն փորձերի: Այս հատկություններն ավելի երևում են այն ալևորների մեջ, որ մնացել են պարսկական տիրապետության ժամանակներից: Ես առիթ եմ ունեցել մեծ բավականությամբ խոսակցել շատ գյուղացի ալևորների հետ, որոնք բոլորովին անգրագետ մարդիկ են եղել: Նրանց հայացքները կյանքի պայմանների վրա այն աստիճան ուղիղ են լինում, որ բոլորովին զարմանք են պատճառում: Մի պարզ առածով, մի խորհրդավոր առակով, մի կարճ նախադասությամբ նրանք այնքան խորին միտք են հայտնում, որ հազիվ թե մի փիլիսոփա կարող էր բացատրել իր բոլոր մթին ֆրազների ուժով: Առողջ դատողություն - ահա հատկանիշը մեր գյուղական ծերունիների մտավոր կարողության, իհարկե այն առարկաների վերաբերությամբ, որ ծանոթ էր նրանց:
Համարյա բոլոր գյուղացի հայրերը մեռնում են առանց կտակ թողնելու, իսկ այդ ժառանգներին խռովություն չէ պատճառում: Վաղեմի սովորություններ ընդունված են որպես օրենք. ամեն մեկը ստանում է իր բաժինը:
Բ
[խմբագրել]ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Կյանքը մեր գավառական քաղաքներում շատ նման է միմյանց, բավական է վերցնել մի քաղաքի երիտասարդությունը, և մյուսների մասին կստանանք համանման տեղեկություն:
Այստեղ ավելի պարզ կերպով աչքի է զարկում այն սթափումը, որ նշմարեցինք գյուղերում: Ամեն ինչ մի անհայտ խթանով ձգտում է դեպի նորը, դեպի ավելի վայելուչը: Տարակույս չկա, որ ամեն մի փոփոխություն կյանքի մեջ, որ ինքնուրույնաբար չէ ծագում նույնիսկ կյանքի փոքր առ փոքր և հաջորդաբար քաղաքակրթվելուց, այլ միանգամով ընդունում է ամեն ինչ դրսից և օրինակից — մի այսպիսի կապկությունը շատ անգամ կարող է ձգել և ծուռ ճանապարհի վրա: Այդ դեպքում քաղաքների վիճակի մեջ մեծ դեր է խաղում Թիֆլիսը:
Միայն մի քանի գավառական քաղաքներ ունեն արքունի գիմնազիաներ, մյուսները պրոգիմնազիաներ, իսկ մեծ մասը տարրական միջնակարգ դպրոցներ: Բացի հիշյալներից, համարյա բոլոր քաղաքներում հայերն ունեն իրանց ազգային կամ թեմական կամ ծխական դպրոցները: Վերջինները լցված են լուսավորչական հայերով միայն, օտարազգիներ, կաթոլիկ կամ բողոքական հայեր չեն ընդունվում: Արքունական դպրոցների մեջ նույնպես հայ աշակերտների թիվը մեծամասնություն է կազմում, կարելի է մոտավորապես ասել, որ 10 ուսանողից 9-ը հայ է: Բայց պետք է գիտենալ, որ ռուսական Հայաստանի քաղաքներից շատերի մեջ, որպես են` Հին-Նախիջևանը, Օրդուբադը, Շուշին, Գանձակ, Շամախի, Նուխի, Բաքու, Դերբենդ, մահմեդականները, եթե մեծամասնություն չեն կազմում, գոնե թվով հայերից շատ պակաս չեն, այսուամենայնիվ նրանց զավակները դպրոցների մեջ ամենաչնչին տեղն են բռնում: Կրոնական մոլեռանդությունն առաջնակարգ դեր է խաղում այստեղ: Զարմանալին այն չէ, որ դպրոցները լցված են ըստ մեծի մասին հայ աշակերտներով, այլ այն, թե որպես այդ ողորմելի հիմնարկություններից դուրս են գալիս նշանավոր մարդիկ, որ սովորել էին միայն ռուսերեն գրել, կարդալ և սխալներով խոսել: Ես ճանաչում եմ նահանգական դատարանի նախագահ, հաշտարար դատավորներ, նոտարիուսներ, և այլ բարձր պաշտոնավարներ, որոնք բացի գավառական միջնակարգ դպրոցներից, մի այլ տեղ չեն սովորել: Հասկանալի է, որ դրանք իրանց առաջադիմությունով պարտական են ոչ թե դպրոցներին, այլ իրանց սեփական աշխատությանը, որ սկսելով ստոր ծառայություններից, և գործնականապես վարժվելով, զարգանալով, վերջապես ծերության հասակում հասել են բարձր պաշտոնների:
Դժվար է որոշել, թե ո՛ր դասակարգի մանուկները հաճախում են արքունական և ո՛րը բուն ազգային դպրոցները, բայց այսքանը հայտնի է, որ արքունական դպրոցները մտնում են գլխավորապես որդիները մանր աստիճանավորների, որոնց ծնողները միջոց չունեին նրանց Թիֆլիս ուղարկելու, որ պահանջում է մեծ ծախսեր: Իսկ մեր թեմական և ծխական դպրոցները մտնում են որդիները վաճառականների և արհեստավորների, որոնք շատ պետք ունեն ռուսաց լեզվի մեջ, և կամենում են շարունակել իրանց հորերի պարապմունքները: Բայց լինում են և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէ, որոնք ազգային վարժարաններում պատրաստվելով, մտնում են արքունական դպրոցները:
Բոլոր աշակերտները բնակվում են իրանց ծնողների հետ և բացի հոր տնից և ուսումնարանից մի ուրիշ տեղ չեն ճանաչում, շատ-շատ կարելի է տեսնել նրանց հասարակաց այգում, խումբով նստած իշոտիքի վրա, անշարժ նայում են զբոսնողներին: Մինչև անգամ մերձակա գյուղերից եկած աշակերտները չեն վարձում առանձին սենյակներ բնակության համար, այլ կենում են մի բարեկամի կամ ծանոթի ընտանիքի մեջ: Ծնողները վճարում են, գյուղից ուղարկելով յուղ, պանիր, ալյուր և այլն: Շատ գյուղացի աշակերտներ, որոնց ծնողները բոլորովին աղքատ են, վճարում են իրանց ծառայությամբ: Դա մի զարմանալի միջոց է ուսում առնելու, որով հայտնվում է այն սաստիկ ծարավը, որ քաշում է մեր մանուկներին դեպի դպրոցը: Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ որպես ծառա, առավոտյան վաղ վեր է կենում, տնային գործերը կատարում է, հետո գնում է վարժատուն, այնտեղ մնում է մինչև ճաշ, և վերադառնալով, կրկին շարունակում է իր տնային ծառայությունները. ե՞րբ է պատրաստում նա իր դասերը — դա մի հրաշք է, միայն գոհ է, որ նրան տալիս են մի կտոր հաց, հագցնում են տան հնոտիքներով, թեև պատահած ժամանակը սաստիկ ծեծում են, եթե գտնում են որևիցե զանցառություն իր պարտավորությունների մեջ: Այսպես է սկսում գյուղացի աղքատ ուսանողը, և պատերազմելով ահագին դժվարությունների հետ, հասնում է մինչև համալսարան:
Գավառներում ծնողները սաստիկ խիստ են դեպի ուսանող աշակերտը, նրան պահում են զգույշ հսկողության ներքո, որպես մի աղջիկ, և դրսումը կորցրած ամեն մի ավելորդ րոպեի համար հաշիվ են պահանջում: Միջոց ունեցող հայրերը որդուն առանց սպասավորի դպրոց չեն ուղարկում, և նա երեխայությունից սովորում է այն բանին, որ միշտ մեկը պետք է առաջնորդեր նրան կյանքի մեջ: Այսպես, բարոյականության հետ պահպանվում է և աշակերտի անծանոթությունն աշխարհի հետ: Ամենահարուստ աղայի որդին գրպանում չունի մի կոպեկ ծախսելու համար, և այդ, հոր կարծիքով, կպահեր նրան շռայլությունից, բայց որդին երբեմն խարջելու փող է գտնում... Ո՞րտեղից. աստված գիտե…
Գավառական քաղաքներում նշմարվում է նույնը, ինչ որ տեսանք գյուղերում, այսինքն, թե մանուկների և թե ծնողների մեջ մի սաստիկ բաղձանք դեպի բարձրը և դեպի ավելի կատարյալը: Ավարտելով տեղային տարրական դպրոցում, աշակերտն աշխատում է դիմել Թիֆլիս, ինչ հնարքով և լիներ, մտնել այնտեղի գիմնազիաներից մեկի մեջ, և հետո Մոսկվայում կամ Պետերբուրգում համալսարանական բարձր ուսում ստանալ: Բայց ոչ բոլոր ծնողներն ունեն այնքան նյութական միջոցներ, որ կարողանային հոգալ որդու ծախսերը. այն ժամանակ ապրուստի հոգսն ընկնում է որդու վրա: Ես ծանոթ եմ եղել Թիֆլիսում մի քանի գավառացի աղքատ գիմնազիստների հետ, որոնց աշխատությունները և անձնազրկությունը կատարյալ հերոսության են հասնում: Բնակվում են մի քանի հոգի միասին մի խոնավ և նեղ սենյակում, առանց սպասավորի, կերակրվում են օրը մի անգամ ամենաէժանագին հյուրանոցում, շատ անգամ ամբողջ օրեր անց են կացնում մի կտոր երշիկ ուտելով. բայց դարձյալ միշտ կտեսնեք նրանց ուրախ և գոհունակ դեմքով: Գիմնազիայից տուն դառնալով, նրանք շտապով ճաշում են, հետո տարածվում են քաղաքի մեջ, ընտանիքներում կամ մասնավոր դպրոցներում դասեր տալու: Շատ անգամ նրանց աշակերտները մեկը մյուսից կես վերստ կամ ավելի հեռավորության վրա են գտնվում, բայց այդ հոգ չէ, միայն թե դասեր լինեին: Ամբողջ ճաշից հետո պտտելով քաղաքի մեկ ծայրից մինչև մյուսը, վերադառնում են տուն ուշ-գիշերային պահուն, բոլորովին ուժաթափ: Մի կամ երկու գավաթ թեյը սև հացով կազդուրում է նրանց, այնուհետև սկսում են պատրաստել իրանց սեփական դասերը: Ամառային արձակուրդները մեծ հունձք են ընծայում գավառացի աղքատ գիմնազիստներին: Նրանք պատրաստում են զանազան դպրոցների այս և այն դասատունը մտնելու համար աշակերտներ և փող են ստանում: Այսպես մի կողմից իրանց ապրուստը հայթայթելով, մի կողմից իրանք սովորելով, մյուս կողմից ուրիշներին սոսովորեցնելով, աղքատ գիմնազիստները շարունակում են իրանց ուսումը: Միևնույն ժամանակ նրանք չեն զրկում իրանց մի քանի բավականություններից, որպես են` երբեմն թատրոն գնալ, տեսնել մի լավ պիեսա, լսել մի նշանավոր երաժշտի, հասարակաց գրադարանից գիրք վեր առնել, կամ ընկերությամբ վճարելով, ստանալ մի լրագիր, ամսագիր և այլն: Լինում են և այնպիսի երախտավորներ, որ իրանց վաստակած փողի ավելորդով օգնում են ընկերներին, կամ ուղարկում են իրանց չքավոր ծնողներին, որոնց թողել էին հայրենիքում: Հայտնի բան է, որ միջոց ունեցող գիմնազիստները, որոնք ստանում են ծնողներից ամսական 50-60 ռուբլի, բոլորովին տարբեր պայմանների մեջ են սովորում: Լավ կահավորված սենյակ, լավ ճաշ, զանազան տեսակ զվարճությունները և զբոսանքները նրանցից շատ ժամանակ են խլում, և այս պատճառով նրանք լինում են ավելի թույլ ուսանողներ, քան թե իրանց աղքատ հայրենակիցները:
Ես դառնում եմ դեպի այն աշակերտները, որոնք ուսանելու համար Թիֆլիս կամ ուրիշ քաղաքներ չեն գնում, այլ ավարտելով գավառական միջնակարգ դպրոցներում, մնում են այնտեղ և գործում են իրանց հայրենիքում:
Մեր ժամանակից 20-30 տարի առաջ, և կարելի է ասել այն օրից, երբ ռուսները տիրապետեցին Կովկասը, հայ երիտասարդության առջև բացվեցավ մի ընդարձակ ասպարեզ: Նոր տիրապետողներն անծանոթ լինելով երկրին և տեղային պայմաններին, և որ ավելի կարևորն է, իրանցից պատրաստի մարդիկ չունենալով, որ գիտենային զանազան ցեղերի լեզուները, կարոտ էին տեղային գործիչների` նոր կառավարության բոլոր հիմնարկությունների մեջ: Հայերի մեջ գտան ընդունակ գործիչներ: Փոքր ի շատե ռուսերեն խոսող երիտասարդը, փոքր ի շատե ռուսերեն գրել-կարդալ իմացողը ստացավ տեղ, պաշտոն և ծառայություն: Դատարանները, պոլիցիաները, գանձատները, պոստերը և մաքսատները լցվեցան հայերով: Ժամանակի սաստիկ պահանջը խտրություն չէր դնում ոչ անձերի և ոչ ընդունակությունների մեջ, բավական էր, որ գործը «յոլա էին տանում»: Այսպես շատերը հարստացան, շատերը բարձր աստիճանի հասան:
Բայց հետզհետե պահանջը պակսելով, կառավարության հիմնարկություններն ավելի կանոնավոր ձև ստանալով, ծառայել ցանկացողներից պահանջվեցավ մի որոշ չափով գիտություն: Այժմ կարելի է հասկանալ, թե գավառական դպրոցներից դուրս բերած ողորմելի գիտության համեմատ ստացած պաշտոնն ինչ կլինի: Համարյա բոլոր ավարտողները սկսում են գրագրությունից կամ ստոր պաշտոններից: Սարսափելի բան է ամբողջ կյանքում, թեքված լինել գրասեղանի վրա, գրել և միշտ գրել: Մարդը դառնում է կատարյալ մեքենա, երբ աշխատում է ձեռքը միայն, իսկ գլուխը մնում է անգործ: Այստեղից հասկանալի է այն իդիոտության հասած բթամտությունը մեր ծառայողների, որ իսկույն աչքի է զարկում, երբ նրանց հետ խոսում ես: Մշտապես թեքված լինելով գրասեղանի վրա, նրա իրանը նույնպես ծալված դիրք է ստանում — այդ ներգործությունն անցնում է սրտի, հոգու և ամբողջ բնավորության վրա: Նրա մեջ ուղիղ ոչինչ չէ մնում: Սաստիկ դյուրաթեք է լինում նա. ամեն հողմից շարժվում է և ամեն ճնշման ներքո խոնարհվում է: Այդ հատկությունները նպաստում են նրա առաջադիմությանը, և քիչ է պատահում, որ ծերության հասակում դառնում է ստոլնաչալնիկի օգնական, կամ մի ավելի բարձր պաշտոն է ձեռք գցում:
Դատաստանական բարենորոգումներից հետո` ռուսերեն խոսել և գրել-կարդալ իմացող երիտասարդների համար բացվեցավ մի նոր ասպարեզ ևս, ավելի ազատ և ավելի շահավետ: Բոլորը վարակվեցան փաստաբանության ախտով և սկսեցին սերտել օրենքների ստատուտներ: Շատերն առանց ամենափոքր տեղեկություն ունենալու իրավաբանությունից, ընդունում էին մեծ-մեծ գործեր: Դրանք ավելի թարգմաններ էին իրանց հավատարմատարների կողմից, քան թե փաստաբաններ: Ժողովուրդը չգիտեր դատարանի լեզուն, ստիպված էր խոսող վարձել: Բայց այս տեսակ անկիրթ, անուս փաստաբանների հաջողությունը մի քանի տարի միայն տևեց, երբ սկսեցին նրանցից պահանջել մի որոշ չափով գիտություն և վկայական: Մեծ մասը զրկվեցավ իր պարապմունքից և ասպարեզը մնաց բարձր ուսում ստացածներին:
Գավառական դպրոցներում ավարտող երիտասարդներից ոչ բոլորը մտնում են արքունական ծառայությունների մեջ: Ստոր պաշտոնով, չնչին ռոճիկ ստանալով, դժվար է ամբողջ ընտանիք պահել: Նրանք տեսնում են, որ վաղեմի ժամանակների շահերը չեն մնացել, և ինչպես ասում են` «խերը դուրս է եկել»: Իսկ զինվորական ծառայության մեջ մտնողները բոլորովին աննշան թիվ են կազմում: Շատերը սկսում են վաճառականություն անել, ձեռք են զարկում կապալների, կամ ազգային դպրոցներում վարժապետություն են անում: Սակավ է և այսպիսիների թիվը, որ քահանա դառնային, կամ մտնեին մի վանքի մեջ վարդապետ լինելու համար: Առհասարակ պետք է ասել, որ գավառական դպրոցների պտուղները խիստ փոքր առաջադիմություն են գործում կյանքի մեջ: Այժմ օրըստօրե սահմանափակվում է այն բախտավորների ասպարեզը, որոնք շատ փոքր գիտությամբ, կամ ոչինչ գիտություն չունենալով, կարողանում էին առաջ գնալ: Ես չեմ խոսում մի քանի անհատների մասին, որոնք ինքնակրթությամբ և բնական խելքով իրանց համար ճանապարհ են բաց անում առաջ գնալու:
Այժմ խոսենք գավառացի ուսանողների մասին, որոնք դիմում են Մոսկվա, Պետերբուրգ, արտասահման, և համալսարանական բարձր ուսում ստանալով, վերադառնում են դեպի իրանց հայրենիքը:
Գավառացի ուսանողները գլխավորապես ավարտում են իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում. երկու մասնագիտություններ, որոնց մասին այժմ մեծ պահանջ կա: Վերադառնալով իրանց հայրենիքը, փոքրիկ քաղաքի տժգույն և տխուր կյանքը կարծես շուտով ձանձրացնում է նրանց. մի քանի ամիսներ որպես հյուր մնում են ծնողների մոտ, հետո գնում են Թիֆլիս, ուր կյանքն ավելի վայելուչ պայմանների մեջ է դրված, ուր ասպարեզը լայն է, ուր վերջապես կարող են մի հարուստ աղջկա հետ պսակվել: Կարծես նրանք այնքան մեծ և խոշոր մարդիկ լինեին, որ փոքրիկ քաղաքներում չեն զետեղվում: Խիստ սակավներին միայն պատահում է մնալ գավառներում, բայց նրանք ևս իրանց կնիկները բերում են Թիֆլիսից, հայրենիքում իրանց զույգը չեն գտնում: Իրավաբանները կամ պարապում են փաստաբանությունով, կամ նահանգական դատարանի անդամի պաշտոն են վարում, կամ բաց են անում նոտարիուսի կանտորա և կամ հաշտարար դատավոր են դառնում որևիցե փոքրիկ քաղաքում: Բժիշկները չեն պարապում ազատ պրակտիկայով, այլ արքունական պաշտոնի մեջ են վարում իրանց ծառայությունը:
Բայց ինչ որ ավելի աչքի է զարկում, այն է, որ այդ բարձր ուսում ստացած երիտասարդները գավառներում շուտով ենթարկվում են շրջանին, այն աստիճան փոխում են իրանց գույնը, որ չես կարող ճանաչել, թե մի ժամանակ դրանք ուսանողներ են եղել: Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որոնք իսկապես չեն կորցրել իրանց արժանավորությունները, գործում են, աշխատում են, և ցույց են տալիս կենդանության նշույլներ: Բայց մեծ մասն այն աստիճան վայրենացել և բթամտացել են, որ կարծես թե, ապրում են մի առանձնացած կղզու մեջ, որը բոլորովին կտրված էր ուսումնական աշխարհից: Ոչինչ չեն կարդում, ոչ մի ժամանակակից հարցով չեն հետաքրքրվում, ուտում են, խմում են, քնում են, հաստանում են, և պատահած ժամանակ արհամարհանքով ժպտում են, երբ խոսում ես նրանց հետ մի ազգային կամ հասարակական խնդրի վրա, կարծես, կամենալով ասել, թե «մենք ամեն բան փորձեցինք, այստեղ ոչինչ չէ կարելի շինել»: Մեր դպրոցները, մեր եկեղեցին, մեր նոր լեզուն, մեր լրագրությունը, մեր նոր ծաղկող գրականությունն այն աստիճան բարկացնում են նրանց, որ մինչև անգամ ասել են տալիս, թե «խենթացել եք, ո՞ւմ համար եք աշխատում, ո՞ւմ համար եք գրում, եթե մեզ համար է, մենք ամեն բան գիտենք, իսկ եթե ամբոխի համար է, նա չէ կարդում»: Անցնում են տարիներ, բարձր ուսում ստացած երիտասարդն ալևորվում է, պառավում է, բայց դարձյալ նա իրան երևակայում է նոր մտքի, նոր գաղափարների ներկայացուցիչ, չնայելով, որ նրա շուրջը ամեն ինչ փոխվել էր, իսկ ինքն անշարժ, անփոփոխ մնացել էր իր տեղում, առաջադիմության մի քայլ անգամ չանելով:
Կհաղորդեմ մի քանի գծեր առհասարակ գավառական երիտասարդության կյանքից:
Հասարակական կյանքը գավառական քաղաքներում, եթե չասեմ բոլորովին քարացած է, բայց և չէ արտահայտում այն կենդանությունը, որ կարելի է տեսնել փոքր ի շատե զարգացած հասարակության մեջ: Գավառները դեռ չեն թոթափել իրանցից հին պարսկական փոշին, ասիականությունը դեռ տիրում է իր բոլոր այլանդակ ձևերի մեջ: Ամեն մարդ իր տխրությունը և իր զվարճություններն անց է կացնում իր տան չորս պատերի մեջ: Նա իր զգացմունքները չէ բաժանում հասարակության հետ: Ամեն մարդ իր շահերի համար է աշխատում, իսկ հասարակաց շահերի վրա չէ մտածում: Այստեղից ինքնըստինքյան առաջ է գալիս անհատների առանձնությունը, և մի ընդհանուր կապ չէ ամբողջացնում նրանց այն միության մեջ, որ կոչվում է հասարակական կյանք: Այս բանին փոքր արգելք չէ լինում և այն, որ հասարակությունը կազմված է տարբեր ցեղերից, որոնք բոլորովին բաժանված են միմյանցից թե լեզվով, թե կրոնով, թե սովորություններով և թե իրանց շահերով:
Երիտասարդությունն անց է կացնում իր օրերը կատարյալ դատարկության մեջ, եթե նա իր գործերով զբաղված չէր, ուրիշ մի զվարճություն չկա, որ պարապ ժամանակում զբաղեցներ նրան: Մի քանի քաղաքներում վերջին տարիներում միայն հայտնվեցան հասարակաց պարտեզներ, ուր ծառերը դեռ ստվեր չեն ձգում, և ճեմելիքները ծածկված են խոտերով: Խիստ սակավ երեկոներ կարելի է տեսնել այնտեղ մի ծառայող ռուս զբոսնում է իր կնոջ հետ. տեղացի կնիկները տան մեջ փակված են, նրանց դուրս չեն թողնում: Վաճառական և արհեստավոր մարդիկ չեք տեսնի այդ պարտեզներում, նրանք ամբողջ օրը զբաղված են իրանց գործերով, երեկոյան խանութները կկողպեն, կգնան-կմտնեն իրանց տունը, դռները կփակեն: Ժողովրդի այդ դասերն առողջության վրա չեն մտածում: Պարտեզներում կարելի է տեսնել երբեմն մի քանի ծառայողներ, և մանր աստիճանավորներ միայն, և երբեմն դպրոցների վարդապետներին, երբ մանավանդ ածվում էր զինվորական մուզիկա:
Կաֆեներ և հյուրանոցներ կամ բոլորովին չկան գավառական քաղաքներում, կամ եթե պատահում են այսպիսիները, նրանք ծառայում են անցուդարձ անող օտարականների համար միայն, երբ ցանկանում էին բավական թանկ գնով մի փոքր ի շատե մաքուր տեղ գտնել օթևանելու: Ասիական հին քարվանսարաները դեռ չեն կորցրել իրանց նշանակությունը. նրանք ծառայում են և՛ որպես մթերանոց ապրանքների, և՛ որպես հյուրանոց նույն ապրանքները կրող անասունների և վաճառականների: Վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ այն քաղաքներում, որ ավելի մոտ էին կռվի դաշտին, որպես են` Երևանը, Ալեքսանդրապոլը, հայտնվեցան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք անմիջապես փակվեցան պատերազմը վերջանալուց հետո: Կաֆեն և հյուրանոցը դեռ ժողովրդի պահանջ չեն դարձել գավառներում. բնիկներից ոչ ոք այնտեղ չէ մտնում, չէ ճաշում. ամեն մարդ ունի իր խոհանոցը. իսկ մի քանի ծառայող ռուսներով հյուրանոց պահպանել անկարելի է: Պետք է ասած, որ նրանք էլ ենթարկվում են տեղային սովորություններին: Եվ այսպես, հիշյալ հիմնարկությունները կամ գոյություն չունեն, կամ եթե գտնվում են, երիտասարդությունը նրանց մեջ չէ խմբվում: Միայն Ալեքսանդրապոլում կարելի է տեսնել մի տեսակ կաֆեներ տաճկական ձևով, ուր կարելի է նարգիլե ծխել և փոքրիկ ֆինջաններով դառն սուրճ խմել: Այնտեղ հայտնվում է երբեմն մի թափառական երգիչ, ածում է թամբուրայի վրա և երգում է: Դա տաճկական սրճանոց է, որ բերել էին իրանց հետ այդ քաղաքի գաղթական բնակիչները Թուրքիայի Հայաստանից: Ուրիշ հիմնարկություններ ես չեմ ճանաչում, ուր կարելի լիներ հավաքվել, խոսակցել և ժամանակ անցկացնել, բացի գինետներից: Այդ անբարոյականացնող հիմնարկությունները մեծ դեր են խաղում գավառացիների կյանքի մեջ:
Վերջին տարիներում միայն մի քանի քաղաքներում հիմնվեցան կլուբներ, որոնք միացնում են իրանց մեջ և հյուրանոց, ուր կարելի է կերակուր գտնել, եթե մի ժամ առաջ կպատվիրեիր պատրաստել: Կլուբները դարձյալ բնիկների պահանջներից առաջ չեն եկել, նրանց հիմնողները կամ ինիսիատիվ տվողները եղել են ռուս և օտարազգի ծառայողները, որոնց պետք էր մի կենտրոն հավաքվելու համար: Բայց որովհետև միայն փոքրաթիվ ռուսներով կլուբները պահպանվել կարող չէին, այս պատճառով և հայ ծառայողներն իրանց ռուս մեծավորների «խաթրը չկոտրելու համար», հարկադրված անդամ են գրվել: Թե այսպես և թե այնպես, կլուբները, իրանց որոշյալ պայմանների պատճառով, հասարակաց հիմնարկություն չէ կարելի համարել, որովհետև նրանք մատչելի չեն այս և այն վիճակի մեջ գտնվող երիտասարդներին, եթե անդամակցություն ունենալու միջոցներ չունեին: Այս բոլորից կարելի է եզրակացնել, թե ինչ տեսակ հասարակություն է հավաքվում կլուբներում — միայն զինվորական և քաղաքական ծառայողներ, անգործ ազնվականներ, երբեմն վարժապետներ, բայց ոչ երբեք մի վաճառական կամ արհեստավոր մարդ: Այնտեղ հավաքվում են միմիայն թուղթ և բիլիարդ խաղալու համար: Թեև մի առանձին սենյակում ձևի համար գրասեղանի վրա ածած են մի քանի լրագրներ, բայց նրանց ոչ ոք չէ նայում: Թղթախաղը որպես ժանտախտ տարածված է գավառներում, մանավանդ այն հասարակության մեջ, որ համարվում է ընտրյալ, բարձր հասարակություն: Եվ այդ շատ բնական է, քանի որ ուրիշ զբաղմունք չկա. պետք է մի բանով սպանել ժամանակը: Բայց մեծ մասը ընտրել է թղթախաղը որպես ապրուստի միջոց: Կլուբներում շատ անգամ ամբողջ գիշերները լուսացնում են խաղալով: Շատ անգամ խաղում են առանց գրպանում մի կոպեկ փող ունենալու — պարտքով միայն: Ամսական 15 ռուբլի ստացողը մեկ գիշերվա մեջ տանել է տալիս մի քանի հարյուրներ: Ո՞րտեղից պետք է վճարե: Աստված գիտե: Կլուբներում երբեմն լինում են պարահանդեսներ, ուր պարում են գլխավորապես ռուս կամ օտարազգի աստիճանավորների կանայքը, որոնք այնքան սակավ են թվով, որ հազիվ 10 կավալերին հասնում է մի դամա:
Գավառներում թատրոններ չկան. շատ-շատ ամեն տարի լինում է սիրողների մի կամ երկու ներկայացում բարեգործական նպատակով: Տոմսակները զոռով են ծախվում:
Հասարակաց գրադարան կամ ընթերցարաններ չկան: Ինձ պատահել է տեսնել մի քանի քաղաքներում բուն հայոց ընթերցարաններ, բայց երբեք չեմ տեսել, որ մի մարդ այնտեղ նստած կարդալիս լիներ: Եվ ի՞նչպես կարելի է այդ ողորմելի հիմնարկություններն ընթերցարաններ կոչել, ուր բացի մի քանի հնացած գրքերից, բացի երկու-երեք լրագրից կարդալու համար ուրիշ բան չես գտնի: Գրավաճառանոց ոչ մի քաղաքում չկա, եթե հարկավոր էր մի գիրք, պետք է բերել տալ Թիֆլիսից:
Կինը, որպես գյուղերում, այնպես էլ գավառական քաղաքներում բոլորովին աննշան դեր է խաղում երիտասարդների կյանքի մեջ: Կարելի է կարճապես ասել, որ նրանք բացի իրանց մայրերից և քույրերից ուրիշ կնոջ երես չեն տեսնում: Եղբայրը եղբոր կնոջ հետ խոսակցելու իրավունք չունի: Այստեղից հասկանալի է, որ օտար ընտանիքների մեջ մտնելիս, երիտասարդները միայն կարող են տղամարդերի հետ տեսնվել: Հարեմական դրությունը դեռ տիրում է ընտանիքի մեջ: Թողյալ այդ, երիտասարդները մուտք չունեն օտար ընտանիքների մեջ, եթե մերձավոր ազգական չլինեին: Գավառներում մի բարեկամի կամ ծանոթի տուն կարող ես մտնել այն ժամանակ միայն, երբ քեզ հյուր են կանչում: Գործի համար կարելի է տեսնվել փողոցում կամ բազարում, ուր կարող ես ուզած մարդիդ միշտ գտնել: Եթե մի երիտասարդ սկսում է հաճախել որևիցե տուն, իսկույն աչքի է զարկում. իսկույն կասկածանքով են նայում` «այստեղ մի բան կա», մտածում է ամեն մարդ: Չամուսնացած երիտասարդը վարում է կատարյալ ամուրի կյանք: Գավառներում բացարձակ ախտեր չկան: Խիստ սակավ է այն կնիկների թիվը, որ թեթև վարքի տեր լինեին: Մնում են «համբերատար տները», ուր չես գտնի երկու կամ երեք կին ամբողջ քաղաքի համար: Այստեղ մտնում է երիտասարդը մեծ երկյուղով, ամաչում է ոչ միայն ծնողներից, այլև մինչև անգամ իր մտերիմ ընկերներից: Հասարակությունը խիստ սուր աչքով է նայում դեպի այս տեսակ մոլությունները: Եթե պատահում է մի կին, որ փոքր ի շատե շեղված լիներ բարոյական ճանապարհից, անպատճառ նա եկած պիտի լիներ Թիֆլիսից: Այսպիսիները լինում են ըստ մեծի մասին եկվոր ռուս ծառայողների աղախինները, որ չեն ցանկանում հետևել տերերին` նրանց վերադարձի ժամանակ: Տեղային հայ կնիկները չեն մտնում հասարակաց տները. եթե պատահում է մեկին մեղանչել, այդ անում է նա ծածկաբար: Իսկ մահմեդական կնիկներին միշտ սպասում է մահ իրանց հավատակիցների կողմից, երբ ոչ մահմեդականների հետ հարաբերություն են ունենում: Կրոնական ֆանատիզմը մեծ վիհ է ձգել հաղորդակցությունների մեջ:
Վերջացնում եմ գավառացիների մասին, ձգելով մի թեթև հայացք նրանց հասարակական, ազգային և կրոնական հատկանիշների վրա:
Առհասարակ պետք է ասել, որ գավառներում դեռ նոր է սկսվել նոր սերունդի մաքառումը հնի դեմ: Հաջողությունը նորերի կողմն է. հները հետզհետե կորցնում են իրանց բռնած դիրքերը, որոնց վրա դարերով ամրացած, իշխում էին: Ժամանակը, կյանքի այժմյան պայմանները, որոնց մեջ անընդունակ են հները, և մտավոր զարգացումը նպաստում են նոր սերնդի հաղթությանը: Ոչ միայն ապագան դրանց է պատկանում, այլև ձեռք են ձգել և ներկայի մի մասը: Առաջ որդին հորից խորհուրդներ էր հարցնում, այժմ հայրը ստիպված է որդու հետ մասլահաթներ անել: Գործը, իրավ է, դանդաղ է ընթանում, բայց հաջողությունը մեծ ապագա է խոստանում:
Երիտասարդությունն այժմ աշխատում է իր տիրապետության ներքո առնել հասարակաց առաջադիմության երկու գլխավոր գործիչները` ընտանիքը և դպրոցը: Ընտանիքի մեջ նա ջանք է անում վերանորոգություններ մտցնել, իսկ դպրոցի հոգաբարձությունն իր ձեռքն առնել: Այդ անում է նա գուցե առանց նախատեսության, առանց սկզբից խորհած նպատակների, և միայն դրդվելով իր հասակին հատուկ զգացմունքներից, բայց հետևանքը բարի է: Ընտանիքի վերանորոգությունը սկսվում է կնոջ դրությունից. նոր պսակված երիտասարդն աշխատում է իր ամուսնին փոքր ի շատե ազատ վիճակի մեջ դնել. փոխում է նրա հագուստի հին ձևերը, ցանկանում է, որ նրա հետ վարվեին որպես մարդու հետ, և պատահած ժամանակ նրան չէ թաքցնում իր բարեկամներից: Օրինակները սակավ են, բայց այդ սակավ օրինակները բազմաթիվ հետևողներ են գտնում: Նույնը անում է երիտասարդը և իր քույրերի վերաբերությամբ: Երբեմն պատահում են ընդդիմադրություններ, ալևոր ծնողները հակառակում են, և երիտասարդը ստիպված է լինում թողնել իր հայրենական տունը և առանձին բնակվել:
Հասարակական գործերում բացի դպրոցից, երիտասարդությունը մի ուրիշ հող չունի: Բայց պետք է նկատել, որպես ընտանիքի մեջ դեռևս իր հեղինակությունը չի կորցրել ծերունի հայրը, այնպես էլ հասարակական գործերում դեռևս մեծ նշանակություն ունի աղան և աղայությունը: Դպրոցների հոգաբարձությունից խիստ դժվար է լինում հեռացնել այդ հիմար, տգետ և բոլորովին անգրագետ փառասերներին, որոնք բացի վնասից և խռովություններից, մի այլ օգուտ չեն բերում: Բայց երիտասարդությունը փոքր առ փոքր հաղթող է հանդիսանում և իր ձեռքն է ձգում դպրոցները:
Խոսելով դպրոցների հոգաբարձության վրա, ես չեմ կարող չհիշել վարժապետներին, որոնք ներկայացնում են գավառական քաղաքների մտավոր զորության գլխավոր մասը: Ամեն տեղ դպրոցների սաստիկ բազմացնելու և նոր դասատներ բացվելու համեմատ, պատրաստի վարժապետների թիվը շատ փոքր լինելով, յուրաքանչյուր բախտախնդիր, յուրաքանչյուր անուս տիրացուն մուտք է գտնում գավառական դպրոցներում: Թիֆլիսում անգործ թափառող անաջողակները վազում են դեպի գավառները և իրանց ձեռքն են առնում կրթության գործը: Հայտնի է, որ մարդիկ, որոնք իրանց գիտությամբ չէին կարող ասպարեզ բաց անել, միշտ դիմում են խարդախ և անազնիվ միջոցների: Դրանով կարելի է բացատրել, թե ինչու ինտրիգան և խռովությունները միշտ անպակաս են լինում գավառական դպրոցներից: Այստեղից հասկանալի է, թե ինչ բարոյական ազդեցություն կարող էր ունենալ վարժապետն իր աշակերտների վրա, որոնք ամեն օր լսում են նրա մասին շատ գայթակղական խոսքեր, նկատում են նրա մոլի վարքը, ականատես են լինում նրա կռիվներին իր ընկերների հետ: Վարժապետի բարոյականությունն ազդում է նույնիսկ ժողովրդի վրա, որ քննում է նրա յուրաքանչյուր քայլը, և որի վարմունքը չէր կարող անհայտ մնալ փոքրիկ քաղաքում, ուր բամբասանքը հասարակաց խոսակցության գլխավոր նյութն է կազմում:
Մի քանի խոսք գավառների մտավորապես զարգացած երիտասարդության մասին, որոնք ներկայացնում են, եթե այսպես կարելի է կոչել, գավառների ինտելիգենցիան: Բարձր ուսում ստացած համալսարանական երիտասարդությունը, որպես նկատեցի այս գլխի մեջ, իրան հեռու է պահում ազգային գործերից, նա ապրում է իր համար, հասարակությունը չէ հետաքրքրում նրան: Նրանք անպատվություն են համարում թղթակցել որևիցե հայոց լրագրին (պետք է խոստովանել, որ շնորհք էլ չունեն), աշխատակցել մի ամսագրի, կամ հրատարակել մի փոքրիկ գրքույկ: Ուսումը նրանց ոչինչ չէ արդյունաբերում: Բացառությունները խիստ մասնավոր են: Փոքր ի շատե կենդանություն երևում է ոչ մի բարձր դպրոցում չավարտած, ինքնուս երիտասարդների մեջ. դրանք են, որ ամեն բանի վրա գրում են, ամեն բանի վրա դատում են, շատ անգամ ծուռ և սխալ կերպով, բայց գրում են, քանի որ ուրիշ լավը չկա: Դրանք գործում են, որքան կարող է գործել մի մարդ, որ բնական խելք և սաստիկ եռանդ ունի, բայց մի նշանավոր բան արդյունաբերելու համար պակասում է նրան հիմնավոր գիտությունը:
Կրոնական զգացմունք ավելի վառ է պահված գավառներում: Երիտասարդությունը թեև չէ համակրում եկեղեցականին, բայց սիրում է իր եկեղեցին: Սնահավատությունը երիտասարդների մեջ կորցրել է իր նշանակությունը, նախապաշարմունքները չեն կաշկանդում նրան: Շատերի մեջ հայտնվում է բողոք դեպի եկեղեցական այս և այն ծիսապաշտությունը: Բայց դարձյալ նրանք հաճախում են հանդեսներին, որովհետև կարծում են, թե այդ բոլորը դեռևս հարկավոր են անզարգացած ժողովուրդն իր եկեղեցու հետ կապված և հայության մեջ հաստատուն պահելու համար: Ազգայնության գաղափարն ավելի զարգացած է գավառական երիտասարդության մեջ. նա հասնում է մինչև ազգասիրական մոլեռանդության: Բացի մի քանի սարսաղ ծառայողներից, բացի մի քանի մանր աստիճանավորներից, չեք գտնի մեկին, որ ամոթ համարեր հայերեն խոսելը: Որպես հայ հասարակության մեջ, այնպես էլ ընտանիքներում տիրապետում է մայրենի լեզուն: Բայց չեմ կարող չհիշել հայերի այն ընդհանուր մոլությունը, որ սովորական է դարձել և մեր գավառներում. տեսնում ես մի տեղ, մի ժողովի մեջ, մի խմբի մեջ տասն հայ, իսկ նրանց թվում մի օտարազգի, անպատճառ տասը հոգի հայերը կսկսեն մեկ օտարականի լեզվով խոսել, ինչ ազգից և լիներ նա: Չգիտեմ ե՞րբ պետք է հայն ազգային հպարտություն ունենա:
Գ
[խմբագրել]ՈՒՍԱՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Իսկապես մենք չունենք այն տարրը, որ հասկացվում է բառերովս ուսանող կամ ուսանողություն: Ասելով գերմանական ուսանողություն, ֆրանսիական ուսանողություն, մենք իսկույն ըմբռնում ենք մի միտք բոլորովին որոշ և կազմակերպված տիպերի մասին, որ հայտնի են իրանց գաղափարներով, ձգտումներով և հատկանիշ առանձնություններով: Բայց հայ ուսանող ասելով, մենք հասկանում ենք միայն բարձր ուսում ստացած երիտասարդ, որ սովորել էր այս և այն համալսարանում — և ավելի ոչինչ: Այդ տարրը մեզանում մի որոշ ձև չէ ստացել. նա դեռ իր քաոսական դրության մեջն է գտնվում: Եվ շատ բնական է, որովհետև մի ազգ, որ սեպհական համալսարան չունի, և չի էլ կարող ունենալ իր հատուկ ուսանողությունը: Գիտությունն, արդարև համազգային սեպհականություն է, բայց ոգին, որ համալսարանի մթնոլորտը ներշնչում է ուսանողի մեջ և տալիս է նրա բնավորությանը մի որոշ գույն — դա առանձնական նշանակություն ունի: Այդ պատճառով շատ դժվարին է ներկայացնել հայ ուսանողությունը որպես մի կազմակերպված մարմին և նկարել նրա պատկերն իր ամբողջական ձևի մեջ, քանի որ նրանք ուսանում են զանազան պետությունների զանազան համալսարաններում: Այսուամենայնիվ, ես կաշխատեմ իմ ընթերցողներին մոտավորապես ծանոթացնել այդ հասարակության հետ, որ համարվում է նոր սերնդի ներկայացուցիչը96:
Հայ ուսանողները սովորում են մեծ մասամբ Ռուսաստանի համալսարաններում և ընտրում են գլխավորապես Ս. Պետերբուրգի և Մոսկվայի համալսարանները, իսկ փոքր թվով դիմում են արտասահման` Գերմանիա, Ֆրանսիա և Զվիցերիա: Սկսենք առաջ Ռուսաստանի ուսանողների մասին:
Ես ի նկատի ունեմ երկու մայրաքաղաքների` այսինքն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի ուսանողներին: Հայ ընտանիքի մեջ սեղմված և փոքրիկ գավառական քաղաքներում դեռ աչքերը չբացված երիտասարդը հանկարծ ընկնում է մեծ աշխարհի ծովի մեջ: Ընկերները վարձում են նրա համար մի կահավորված սենյակ, և նա սկզբում, կարծես, վախենում է դրսի լույսից և պտտվում է իր համազգիների նեղ շրջանի մեջ: Բավական պատրաստված չլինելով կյանքի համար, նա իրան միշտ հեռու է պահում հասարակությունից, ռուս կամ օտարազգի ուսանողների հետ հարաբերություն չէ կազմում, նրանց ընտանիքների մեջ չէ մտնում, և հայ ընտանիքներից հազիվ է պատահում, որ իրանց մոտ ուսանողներ ընդունեին, եթե տանը հասած աղջիկ չունեին, որին դժվար էր մայրաքաղաքում «խարջել»: Երբեմն նա տեսնվում է հայ հասարակության հետ, երբ ազգասիրությունից դրդված, կիրակի կամ տոն օրերում հայոց եկեղեցի է գնում: Եվ այսպես բնականաբար կազմվում է հայ ուսանողների նեղ և սահմանափակ շրջանը, որ միշտ առանձնացած և անխառն է մնում օտար տարրերից: Ոմանք մեր ազգասերներից խիստ գոհացուցիչ են գտնում այդ դրությունը, մտածելով, թե այսպիսով հայ ուսանողները պահպանում են իրանց հայությունը և չեն օտարանում: Բայց իմ կարծիքով, կյանքի մեջ կուլ չգնալու համար պետք է մտնել նույնիսկ կյանքի մեջ, որպես ծովի մեջ չխեղդվելու համար պետք է անպատճառ ջրի մեջ մտնել և լողալ սովորել...
Այսպես առանձնացած կյանք վարելով, իրանց նեղ հայկական շրջանից չդուրս գալով, օտարազգի ուսանողներից և օտարազգի ընտանիքներից միշտ իրանց հեռու պահելով, հայ ուսանողները, թեև պահպանում են իրանց ցեղական հատկությունները, բայց միևնույն ժամանակ չեն փոխում իրանց բնավորությունը և իրանց վարքը, որ շատ կարոտ էին քաղաքակրթվելու: Բացի դրանից, նրանք մտավորապես ևս չեն զարգանում: Ուսանողն ավելի շատ բան սովորում է դրսի աշխարհից, քան թե համալսարանի ամբիոնից: Կյանքը — ահա՛ մարդու գլխավոր վարժապետը: Ով որ իրեն հեռու է պահում կյանքից, մնում է անկիրթ, անտաշ և վայրենի: Դրանով կարելի է բացատրել հայ ուսանողների նեղ աշխարհահայեցողությունը, որ միշտ սահմանափակված է մնում նախապաշարմունքների շրջանակի մեջ:
Ես հիշեցի հայկական ուսանողների, հայկական շրջան և այլն, բայց իսկապես այդ էլ չկա: Ի՞նչ շրջան կարող է կազմվել հայ ուսանողների մեջ, քանի որ նրանց մեջ ոչինչ կապ չկա, քանի որ ոչ մի ընդհանուր միտք և ոչ մի ընդհանուր նպատակ չէ միացնում նրանց: Նրանք միայն հայրենակցական և ազգակցական կապեր ունեն, և ավելի ոչինչ: Հայ ուսանողը երբեմն հայ ընկերի մոտ է գնում, նրա հետ տեսնվում է, նրա հետ ժամանակ է անցկացնում, որովհետև մի ուրիշին չէ ճանաչում: Իսկ նա իր ներքին կյանքի մեջ ևս բոլորովին առանձնացած է ապրում, առանց սերտ հարաբերություններ ունենալու նույնիսկ իր ազգայինների հետ: Կարճ ասեմ, նա իր բավականությունները, իր զվարճությունները և իր զարգացումը գտնում է իր սենյակի չորս պատերի մեջ: Բացառությունները խիստ աննշան են:
Կբերեմ մի քանի պատկերներ նրանց կյանքից:
Մտնում ես ուսանողի սենյակը, այնտեղ կտեսնես մի քանի աթոռներ, մահճակալ և գրասեղան, որի վրա մի թղթի կտոր անգամ չես գտնի գրելու համար: Թանաքամանի մեջ մի անգամ ածված մելանը վաղուց է ցամաքել: Գրքեր չես տեսնի: Գրասեղանի վրա դրած են մի քանի վիմագրությամբ տպված տետրակներ միայն` դրանք պրոֆեսորի լեկցիաների տետրակներն են, որոնց վրա մի թիզ փոշի է նստած, երևի ուսանողի ձեռքը վաղուց չէ դիպել նրանց: Սենյակի մեջ աչքի են ընկնում կանացի պաճուճանքներ, ժապավենի կտորներ, երկայն գուլպաներ և այլն: Դրանք ի՞նչ են շինում այնտեղ: Ուսանողը սիրուհու հետ է ապրում:
Եթե տեսնենք, թե ինչ տեսակ կնիկներ դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ, հասկանալի կլինի նրանց քաղաքակրթության աստիճանը: Մոսկվայում և Պետերբուրգում կա մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են սպիտակեղենների կարուհիք (белошвейка). այդ ողորմելի արարածները մոդնի մագազինների գործավորներ են, որոնք երբ ձանձրանում են աշխատությունից, մտնում են ուսանողի մենարանը զվարճանալու համար: Մի կեղծ սեր կապում է ուսանողին այդ աղջիկների հետ, որոնք այնքան անգամ խաբված են երիտասարդներից, որ իրանք էլ այլևս չեն հավատում սերին: Ուսանողն անդադար փոխում է նրանց, որպես հնացած կոշիկներ: Բայց լինում են այնպիսի միամիտներ, որոնք խաբվելով երիտասարդի խոստմունքներից, իսկապես սիրում են նրան: Երիտասարդը տարիներով ապրում է նրա հետ, ավարտում է իր ուսումը և վերադառնում է իր հայրենիքը, իսկ սիրուհուն, որպես մի լաթի կտոր, ձգում է մի կողմ, առանց խղճահարվելու և առանց բնավ մտածելու, թե ում խնամակալությանն է թողնում իր սիրո պտուղները… Գնացող ընկերոջ սիրուհին մնում է մնացողին, և այսպես նա անցնում է ձեռքից ձեռք և երբեք չէ դուրս գալիս ուսանողների աշխարհից:
Իմ վերևի նկարագրությունը դեռ բավական ազնիվ ձևն է ուսանողների հարաբերության կանանց հետ: Բայց լինում են և այնպիսի փչացած բնավորություններ, որ հաճախում են և հասարակաց տները: Մեկն այս ասպարեզի հերոսներից ինձ պատմում էր, թե ինքն ամբողջ օրը քնում էր, իսկ գիշերը սկսում էր ամենաբարձր հասարակաց տնից, ուր կարելի էր գտնել պիանո, լավ նախաճաշիկ և նուրբ ըմպելիքներ, և առավոտյան վերջացնում էր այն ցած և կեղտոտ տներով, ուր բավական էր հինգ կոպեկ միայն ծախսել: — Ինչո՞ւ, — հարցրի ես: — Այնպես, այդ զվարճություն էր պատճառում ինձ, — պատասխանեց նա: Բայց պատահում են և այնպիսի անազնիվներ, որ գտնում են մի պառավ, բայց հարուստ այրի կին և ապրում են նրա հետ և նրա հաշվով:
Ուրիշ զվարճություններից, որ կարող էին կրթողական ազդեցություն ունենալ, զուրկ են հայ ուսանողները: Թատրոն հազիվ են գնում, թատրոնով հետաքրքրվում են այն ժամանակ միայն, երբ պետք էր տեսնել մի սիրուն պարուհի, կամ լսել մի հռչակավոր երգչուհու: Կաֆեներում ժամանակ չեն անցկացնում, այլ իրանց հայկական սովորությամբ հավաքվում են մի ընկերոջ սենյակը, «տնավարի» կերպով արաղ են խմում, ծխում են և թուղթ են խաղում. — արաղը և թղթախաղը, ահա գլխավոր պարապմունքները, որ զբաղեցնում են ուսանողներին: Այսպիսի շրջաններում, որոնք խաղալու փող չունեն, նստում են, կամ ապուշ կերպով նայում են խաղացողների գործողությանը, և կամ մի կողմ քաշված, խոսում են, վիճում են բոլորովին իրանց անծանոթ, բոլորովին չսովորած և չկարդացած առարկաների վրա: Հյուրանոց մտնում են միայն ճաշելու համար և անմիջապես դուրս են գալիս: Ուսանողը երբեմն ամբողջ ամիսներ ուտում է մի հյուրանոցում պարտքով. երբ պարտքը շատացավ և անկարող էր վճարել, փոխում է հյուրանոցը, գտնում է մի նորը, ուր նրան չեն ճանաչում և նոր կրեդիտ է բաց անում:
Հայ ուսանողներն առհասարակ փոքր են սովորում, ոչ թե այն պատճառով, որ նրանցից շատ ժամանակ է խլում արաղը, թղթախաղը և սիրուհին, ոչ, այլ ընդհանրապես ծույլ են: Խիստ սակավ է այն ուսանողների թիվը, որոնք ճշտությամբ հաճախում են դասախոսություններ լսելու. ոմանք գնում են շաբաթը մի անգամ, ոմանք ամիսը մի անգամ, իսկ ոմանք ամենևին չեն գնում: Մեծ մասը, համարյա 10-ից 8-ը լսում են դասախոսություններ իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում: Մի բան, որ ավելի հատկանիշ է Ռուսաստանի մեր ուսանողներին, այն է, որ նրանց չէ հրապուրում գիտության սերը, այլ ընտրում են այս և այն մասնագիտությունը որպես միջոց կյանքի մեջ ասպարեզ բացելու և ապագայում իրանց համար որևիցե դրություն հաստատելու: Ավելի պարզ ասած, նրանք սովորում են դիպլոմի համար: Բայց դիպլոմ ստանալու համար մեծ գիտություն, մեծ աշխատություն պետք չէ, բավական էր տարին մի քանի անգամ դասախոսություններ լսել, հետո սերտել մի քանի տետրակներ և քննություն տալ: Որպես համբակի սերտողությամբ լցնում է իր գլխում ուսանողը գիտության պաշարն այդ ողորմելի վիմագրական տետրակներից, այսպես էլ շուտով դուրս է թռչում նրա գլխից, երբ թողնում է համալսարանը: Բայց դիպլոմն իր զորությունը չէ կորցնում: Իսկ խոսքը բժիշկների մասին չէ, որոնցից պահանջվում է մի որոշ չափով գործնական աշխատություններ, բայց մնացյալ մասնագիտությունների մեջ գլխավորապես գործ է կատարում հիշողությունը, աշակերտի սերտողությունը, և ոչ թե գիտության յուրացնելը, կամ ուրիշ խոսքով` մարսելը: Եվ ի՞նչով կարող էր հարստացնել ուսանողն իր մտավոր պաշարը, երբ նա իր մասնագիտությանը վերաբերյալ ոչ մի ուրիշ գիրք չէ կարդում, այլևս չեմ խոսում այն զանցառության վրա, որ նա հետաքրքրվեր զանազան գիտություններով, որոնք իր մասնագիտության հետ կապ չունեին:
Ռուսաստանի հայ ուսանողը ոչինչով չէ զանազանվում հայ վաճառականից: Երևակայեցեք ձեզ մի թիֆլիսեցի, որ գնացել էր Մոսկվա. նա առնում է այն ապրանքները միայն, ինչ որ պետք էր իր կրպակի համար, ինչ որ ինքը ծախում էր, ինչ որ իր վաճառականության մասնաբաժինն էր կազմում. բայց ուրիշ ինչ էր վաճառվում առևտրական հրապարակի վրա, որոնցից դարձյալ կարելի էր շահվել, — նրանցով չէ հետաքրքրվում: Նույն կերպով վարվում է և հայ ուսանողը. նա բացի իր մասնագիտությունից ուրիշ գիտություններով չէ հետաքրքրվում: Այս է պատճառը, որ մեր ուսանողներից չեն հայտնվում զորավոր տաղանդներ կամ փոքր ի շատե գիտնականներ: Հայ ուսանողի ամբողջ գործունեությունը պայմանավորվում է մի հաշիվի մեջ, սկզբից նախագծած մի վաճառականական հաշիվի մեջ, որ հասցնում է նպատակին: Այս հաշիվից դուրս նա ուրիշ բան չէ ճանաչում: Գիտությանը վերաբերվում է նա բոլորովին նրա պաշտոնական կողմից: Նա հաշվել է, թե բժիշկ, փաստաբան, նոտար լինելու համար պետք է այսչափ գիտություն, որ կարողանա դիպլոմ ստանալ, և այն չափից չէ անց կենում:
Ուսանող մանկտին ամեն ազգի մեջ և ամեն ժամանակներում եղել է ազատության սիրահար, բռնության թշնամի, առաջադիմության առաջնորդ և լուսավորության առաքյալ: Նա պաշտպան է հանդիսացել նեղյալին և պահանջել է արդարություն մարդկանց հարաբերությունների մեջ: Նա ցանկացել է ընդհանուր մարդկային բարին, ցանկացել է, որ մարդն ապրեր հանգիստ, գոհ և հարստահարիչ ձեռքը չհափշտակեր նրա օրական հացը: Բայց հայ ուսանողը չափազանց եսական է. նա երբեք չէ հափշտակվում ընդհանուր մարդասիրական բարձր գաղափարներով: Նա մինչև անգամ չէ մտածում իր ազգի վրա, այլ մտածում է իր անձի մասին միայն: Իդեալ կոչված բանը նրա համար չկա. նա սաստիկ նյութապաշտ է:
Եվ ո՞րտեղից կարող էր նա հրապուրվել բարձր գաղափարներով, երբ գրքեր չէ կարդացել, ծանոթ է մի քանի հեղինակների անունների հետ, առանց նրանց գործերի հետ ծանոթ լինելու, լրագրության չէ հետևում. և ամենևին չէ հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իր շուրջը, կամ ի՞նչ են անում զանազան ազգեր զանազան երկրներում: Այս է պատճառը, որ հայ ուսանողի աշխարհայեցողության շրջանակը մնում է խիստ նեղ, և նա այնքան փոքր ծանոթ է ժողովուրդների պատմության և նրանց կենցաղավարության պայմանների հետ, որ իր զարգացումով շատ չէ զանազանվում մի հասարակ գիմնազիստից: Բայց գտնվում են և այնպիսի խենթեր, որոնք գրավվում են բուն ռուս ուսանողների մեջ բորբոքվող մի քանի նոր գաղափարներով, որպես անմիտ թիթեռը հափշտակվում է ճրագի լույսով և այրում է իր թևիկները...
Ավելորդ չէր լինի համեմատության համար հիշել մի քանի գծեր ռուս ուսանողների մասին:
Ռուս ուսանողները, իրավ է, նույնպես ծույլ են, ընտրած մասնագիտությանը չեն հետևում, վատ են սովորում, բայց նրանք ունեն մի առավելություն, որ զուրկ են հայ ուսանողները: Ռուս ուսանողները շատ կարդում են, եթե ոչ գիտնական գրքեր, գոնե տենդենցիայով գրված րոմաններ, կրիտիկաներ, փիլիսոփայություններ, հետևում են ժամանակակից մտքերի և շարժումների, և հետաքրքրվում են ժողովրդի ստոր դասի վիճակով, զբաղվում են քաղաքական մտքերով: Կա և մի ուրիշ բան, որ ռուս ուսանողների գլխավոր հատկանիշն է, և որով որոշվում են նրանք եվրոպական բոլոր ուսանողներից, այն է, որ ռուս ուսանողը խիստ բարձր կարծիք ունի կնոջ վրա: Նա կնոջ մեջ տեսնում է մի զորություն, որ մեծ դեր պիտի խաղա ժողովուրդների քաղաքակրթության մեջ, և ամեն ջանքով աշխատում է մշակել, զարգացնել այդ զորությունը: Այս պատճառով նա ոչ միայն մեծ նշանակություն է տալիս կնոջ դաստիարակությանը, այլ ինքն ընտանիքների մեջ մտնելով, միսիոնարի եռանդով աշխատում է առանձնապես ազդել, ներգործել կնոջ վրա, զարգացնել նրա միտքը և ծանոթացնել ժամանակի ոգու հետ: Այս է պատճառը, որ նա իրան հեռու չէ պահում ընտանիքներից: Տեսնում եք մի ուսանող որևիցե ընտանիքի մեջ ծանոթանում է մի մանկահասակ աղջկա հետ, հենց որ նկատեց նրա մեջ ընդունակության մի նշույլ, իսկույն կսկսե ինքնակոչ վարժապետի դեր կատարել: Նա այնքան շատ կարդացել է, այնքան բազմակողմանի հմտություններ ունի, որ աղջիկը երբեք նրանից չէ ձանձրանա: Ազդեցությունը սկսվում է անզգալի կերպով: Ուսանողը վազ կտա այս և այն գրատունը, կբերե նրա համար նոր գրքեր, ցույց կտա, թե այս ինչ ամսագրի մեջ մի հետաքրքիր հոդված է տպված, որ արժեր կարդալ, շատ անգամ ինքը կնստե, կկարդա նրա համար, կբացատրե, կվիճե նրա հետ, վերջապես այնքան կաշխատե, մինչև աղջկա միտքը բոլորովին կդարձնե ուսումնասիրության վրա: Եթե աղջիկը միջոցներ չուներ, նա իր վերջին կոպեկները կզոհե նրա համար զանազան ուսումնական պարագայք գնելով, և չի խնայի ոչ ժամանակ և ոչ աշխատություն նրան զարգացնելու համար: Պատահում է, որ աղջիկը բոլորովին անբախտանում է ուսանողի ազդեցության տակ, այսուամենայնիվ, նրանից պատրաստվում է մի էակ, որ հակառակ է ընթանում հասարակական նախապաշարմունքների դեմ: Ուսանողների ազդեցությունն է պատճառը, որ այժմ բազմաթիվ ռուս աղջիկներ եվրոպական զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ դասախոսություններ են լսում:
Բայց հայ ուսանողը կնոջ վրա բոլորովին ասիական կետից է նայում: Ապրելով իր հայրենակիցների նեղ շրջանում, և ուրիշ խմբերի մեջ չմտնելով, նա գոնե չէ ստանում այն արտաքին փայլը, որ տալիս է մարդուն մեծ աշխարհի քաղաքակրթությունը: Դրսից նա երևում է իր կոպտությամբ և անշնորհք դանդաղկոտությամբ, իսկ ներսից` խորին դատարկությամբ: Նա այնքան սակավ է կարդացել, այնքան սակավ ծանոթ է, թե ինչ է կատարվում իր շուրջը, որ անընդունակ է վարել որևիցե լուրջ և բաղադրյալ վիճաբանություն: Մի քանի սերտած և «մոդնի» ֆրազներից հետո նրա գիտության պաշարը սպառվում է և սկսում է դուրս տալ ծիծաղելի հիմարություններ:
Ես նկարագրեցի Ռուսաստանի հայ ուսանողներին, բոլորովին նրանց մթին կողմերը վեր առնելով, բայց անարդարություն կլիներ ասել, թե բոլորը ծույլ են, բոլորը ոչինչ չեն սովորում, բոլորն անբարոյական են և այլն: Կան և ճշմարիտ աշխատասեր ուսանողներ, բայց դժբախտաբար այսպիսիների թիվն այնքան փոքր է, որ պետք է բացառություն համարել: Դժվար է ճշտությամբ որոշել, թե մեր ժողովրդի ո՞ր դասակարգին են պատկանում լավ ուսանողները: Միայն մի երևույթ, որ ճշմարիտ է, այն է, որ գյուղացիները գերազանցում են գավառացիներից, գավառացիները թիֆլիսեցիներից, իսկ աղքատները` հարուստներից: Ինչի՞ց է այդ, արդյոք ընտանեկան կրթությունի՞ց, թե առանձին ֆիզիոլոգիական պատճառներից, ես պարզապես բացատրել չեմ կարող: Բայց հասկանալի են պատճառները, թե ինչու աղքատ երիտասարդներն ավելի հաջողակ ուսանողներ են լինում, քան թե հարուստները: Իսկ այն, որ գյուղացի և գավառացի երիտասարդները միշտ գերազանցում են բուն թիֆլիսեցիներից, ես այդ երևույթին մի ուրիշ պատճառ չեմ գտնում, բացի նրանից, որ գավառացիների և գյուղացիների ընտանեկան կրթությունն ավելի լավ պայմաններով է կատարվում. նրանք երեխայությունից սովորում են աշխատության, և որ ամենագլխավորն է, նրանք ունեն բարոյական հաստատուն հիմք, մինչդեռ թիֆլիսեցի երիտասարդը հենց ընտանիքից փչացած է դուրս գալիս թե բարոյապես և թե մտավորապես: Միևնույն կերպով կարելի է բացատրել և այն երևույթը, որ թիֆլիսեցի երիտասարդը Ռուսաստանի դպրոցներում բոլորովին օտարանում է, որովհետև հենց սկզբից անունով միայն հայ էր, չէր սովորել իր մայրենի լեզուն, չէր կրում իր ազգի ցեղական առանձնությունները: Բայց մի երևանցի, մի ղարաբաղցի և մի լոռեցի երիտասարդ, որ կրթվել էր բուն հայկական ընտանիքում, որ գիտեր իր մայրենի լեզուն, երբեք չէ օտարանում, այլ ընդհակառակն, ավելի հաստատվում է իր ազգայնության մեջ:
Գավառացի և գյուղացի ուսանողները լինում են կամ բոլորովին աղքատ, կամ փոքր միջոցներ ունեցող երիտասարդներ: Անկարելի է նկարագրել, թե որպիսի դժվարությունների դեմ պատերազմելով, աղքատ ուսանողը կարողանում է ավարտել իր ուսումը: Նրա տոկունությունը, եռանդը, անձնազոհությունը հասնում է կատարյալ նահատակության: Երևակայեցեք կյանքի բոլոր դաժանությունը Մոսկվայի կամ Պետերբուրգի նման քաղաքներում, ուր փոքր ի շատե համեստ ապրուստը պահանջում է ամսական գոնե 30 ռուբլի, իսկ նա կառավարվում է 10 կամ 15 ռուբլիով: Եվ այդ ողորմելի գումարը նա պիտի ձեռք բերե ահագին դժվարություններով: Ես ճանաչում եմ մի քանի խեղճ ուսանողներ, որոնք ամառվա արձակուրդների ժամանակ գալիս էին Թիֆլիս դասեր գտնելու, կամ պարապելու մի հարստի երեխաների հետ ամառանոցում, և այսպիսով փող էին վաստակում, և կրկին վերադառնում էին Մոսկվա կամ Պետերբուրգ շարունակելու իրանց ուսումը: Եվ այսպիսիները լինում են ամենալավ ավարտողներն իրանց մասնագիտությունից:
Ցույց տալով հայ ուսանողների թույլ և զորավոր կողմերը, ավելորդ չէր լինի ասել մի քանի խոսք ևս նրանց ընդհանուր գաղափարների մասին:
Միանգամայն անարդար կլիներ ասել, թե բոլոր հայ ուսանողների ձգտումները միայն առանձնական և նյութական նպատակ ունեն, թե նրանց մեջ չկային բարի երիտասարդներ ազնիվ ցանկություններով: Կան շատ ուսանողներ, որոնք հափշտակվում են եթե ոչ ընդհանուր մարդասիրական գաղափարներով, գոնե նեղ ազգասիրական բաղձանքներով: Նրանք հավաքվում են միասին, ծխում են, վիճում են և տնօրինում են իրենց «սիրելի ազգի» համար մի լավ ապագա: Սկսում են սովորել հալոց լեզուն, ծանոթանալ նրա գրականության հետ և ուսումնասիրել նրա պետքերը, և լի բարի ցանկություններով վերադառնում են իրանց հայրենիքը գործելու համար: Մենք մյուս անգամ կտեսնվենք այդ պարոնների հետ կյանքի մեջ, թե ո՛ր աստիճան նրանք հավատարիմ են մնում իրանց ուխտին: Այժմ վերջացնում եմ իմ նկարագիրը Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողների մասին, ավելացնելով մի քանի խոսք նրանց ժողովների վերաբերությամբ:
Վաղուց է, որ Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողներն ունեն մի տեսակ ժողովներ, կազմել են մի տեսակ եղբայրություն, բոլորովին բարեգործական նպատակով: Նրանք ունեն առանձին կասսա, որի մեջ հավաքվում են ուսանողների նվերներն իրանց չքավոր ընկերներին օգնելու համար: Մի համակրական գործ, որ կատարել են հայ ուսանողները — այդ է: Բայց ցավալի է տեսնել, այն ուսանողները, որ մի ժամանակ վայելել էին հիշյալ կասսաների օժանդակությունը, ավարտելուց և կյանքի մեջ մտնելուց հետո բոլորովին մոռանում են անցյալը: Ինձ պատահել է լսել շատ տրտունջներ, թե այսինչ ուսանողն այսքան հարյուր ռուբլի պարտ է մնացել ուսանողական կասսային, իսկ վերադարձնելու մասին չէ մտածում, թեև այժմ տարեկան մի քանի հազար ռուբլի եկամուտ ունի: Ինձ հայտնի են մինչև անգամ այդ ապերախտների անուններն…97
Հայ ուսանողները բացի Ռուսաստանի երկու մայրաքաղաքների համալսարաններից փոքր թվով դիմում են Օդեսա, Կիև, Կազան և Դորպատ: Դրանք չեն զանազանվում առանձին հատկանիշներով, բայց նույնը չէ կարելի ասել Դորպատի ուսանողների մասին: Դորպատի համալսարանը, եթե չեմ սխալվում, առաջինը եղավ, որ քաշեց դեպի ինքը հայ ուսանողներին, և ճանապարհը դեպի այդ ռուս-գերմանական քաղաքը բաց արեց Աբովյանցը. նրան հետևեցին շատերը, իսկ այժմ համարյա թե դադարել են Դորպատ գնալուց: Դորպատի համալսարանը տվեց մեզ երկու նշանավոր մարդիկ` Աբովյանցին և Նազարյանցին: Բայց պետք չէ մոռանալ և այն, որ առհասարակ Դորպատի ուսանողներն ունեն մի առանձին հատկանիշ գույն, որով որոշվում են ռուսաց մյուս համալսարանների հայ ուսանողներից: Մի տեսակ ծածկամտություն, մի տեսակ քրմական ֆանատիկոսություն, մի տեսակ կույր համառություն տիրում է նրանց ամբողջ մտավոր կարողության վրա: Նրանք փոքր ի շատե կարդացել են և առանց համոզմունքի մարդիկ չեն, բայց իրանց համոզմունքների մեջ այն աստիճան կամակոր են, որ դա պահում է նրանց միշտ քարացած անշարժության մեջ: Այդ պատճառով զարմանալի չէ տեսնել, որ Դորպատից ավարտողները մեր ազգային, հասարակական և եկեղեցական խնդիրների վերաբերությամբ համարյա բոլորն էլ պահպանողականներ են: Ինչ որ ավելի աչքի է զարկում, այդ է նրանց թթու ազգասիրությունը, որ չեն թաքցնում երևան հանել, երբ այդ ցուցամոլությունը չէր պահանջում նրանցից որևիցե աշխատություն կամ զոհ:
Դառնում եմ դեպի արտասահմանյան ուսանողները:
Ռուսաստանի սահմաններից դուրս հայ ուսանողները դիմում են մեծ մասամբ Գերմանիա, իսկ մասնավորապես Ֆրանսիա և Զվիցերիա: Սկսենք Գերմանիայից:
Հայ ուսանողը դիմում է Գերմանիայի այս և այն համալսարանական քաղաքն առանց մի բառ գերմաներեն գիտենալու: Նա վարձում է մի ընտանիքի մեջ բնակություն, ուր վեց ամսից հետո սովորում է եթե ոչ վարժ խոսել, բայց հասկանում է լսածը: Տարին չլրացած, նա համարձակ կարող է հաճախել իր ընտրած մասնագիտությունից դասախոսություններ լսելու: Սկզբից քննություն տալ չէ պահանջվում, բավական է, որ ուսանողը հայտնում է համալսարանի վարչությանն իր ցանկությունը մտնել ուսանողների թվում, հետո նրա անունը գրվում է վարչության գրքի մեջ (матрикулярная книга): Գերմանական համալսարանն ազատ հիմնարկություն է. նրա կազմակերպության մեջ չեն տիրում այն պաշտոնական խիստ ձևերը, որ կարելի է բացատրել բառովս արքունականություն (казенщина): Ուսանողին տված է կատարյալ ազատություն թե առարկայի և թե պրոֆեսորի ընտրության մեջ. նշանակված կուրսեր և քննություններ չկան. ուսանողը ինքն է տնօրինում իր ժամանակը, որի ընթացքում նա մտադիր է սովորել: Եթե հանգամանքները չեն ներում, նա կարող է ընդհատել իր ուսումը և ամիսներից կամ տարիներից հետո կրկին շարունակել: Շատ անգամ միևնույն ուսանողն իր ընտրած առարկայից լսում է զանազան պրոֆեսորների մոտ, զանազան քաղաքներում. այստեղից առաջ է գալիս ուսանողների գաղթականություն մի համալսարանական քաղաքից դեպի մյուսը — Բեռլին, Լայպցիգ, Մյունխեն, Հայդելբերգ, Իենա և այլն: Այդ նպաստում է ուսանողին ծանոթանալ զանազան գիտնականների հայացքների հետ իր ընտրած առարկայի վերաբերությամբ: Լսելով զանազան պրոֆեսորներին, զանազան համալսարաններում, ուսանողը կարող է վերջապես ընտրել մեկը և այն համալսարանում քննություն տալ. այդ մասին արգելք չկա, բավական է, որ նա ցույց տար իր թղթերը, թե այս ինչ պրոֆեսորների մոտ այսքան ժամանակ լսել է: Շատ անգամ պատահում է, որ մի ուսանող, բացի իր ընտրած մասնագիտությունից, լսում է և մի քանի ուրիշ առարկաներ. պատմաբանը կամ ֆիլոլոգը միևնույն ժամանակ հաճախում է լսել մի նշանավոր նատուրալիստին, կամ նատուրալիստը գնում է լսելու մի երևելի փիլիսոփային: Եվ այսպես, ամեն մի լսող կարող է ազատ կերպով ուսումնասիրել իր ընտրած արհեստի բոլոր հայտնի ավտորիտետներին:
Պրոֆեսորի հարաբերություններն ուսանողի հետ ընտանեկան բնավորություն ունեն: Նա չէ վարվում որպես մի զորապետ իր սոլդատների հետ: Նրա տունը մատչելի է ամեն մի ուսանողին, որ դիմում էր նրա մոտ որևիցե խորհրդի համար: Այս է պատճառը, որ գերմանական պրոֆեսորը, գերմանական համալսարանը չէ վախեցնում ուսանողներին,. և ոչ մի ազգի մեջ պրոֆեսորն այնքան հարգված և այնքան սիրված չէ իր լսողներից, որպես Գերմանիայում: Նկատված է, որ պրոֆեսորներն ավելի մեծ ուշադրություն դարձնում են օտարազգի ուսանողներին, քան թե բուն գերմանացի ուսանողների վրա, որոնք գիտեն իրանց գործը և շատ կարոտ չեն նրանց խնամատարությանը:
Համալսարանական պարապմունքները լինում են գլխավորապես դասախոսություններ, որ լսում են ուսանողները, վճարելով մի նշանակված վարձ իրանց պրոֆեսորին, այլև մասնավոր հետազոտություններ և փորձեր լաբորատորիաներում պրոֆեսորի աջակցությամբ, և վերջապես սեմինարիաներ, որ կատարվում են ուսանողների վարժության համար: Սեմինարիաները որոշվում են նրանով, որ պրոֆեսորը տալիս է իր լսողներին մի հարց նրանց մասնագիտության վերաբերությամբ մշակելու համար, ուսանողները պատրաստում են և նրանցից մեկը բարձրանում է ամբիոնի վրա և խոսում է: Պրոֆեսորն այդ միջոցին նստած է լինում մյուս ուսանողների շարքում, լսում է և նշանակում է իր նկատողությունները և միևնույնը անում են և մյուս ուսանողները: Հետո յուրաքանչյուրն իր կողմից հարցեր է առաջարկում և ամենքին պետք է պատասխանե դասախոսը:
Գերմանական համալսարաններում ամեն ինչ առաջնորդում է ուսանողին դեպի արհեստի և գիտության խորին ուսումնասիրությունը: Չմոռանանք պրոֆեսորի զանազան զբոսանքները և քննական հետազոտությունները (экскурсия) իր լսողների հետ: Ուսանողը հույս չէ դնում պրոֆեսորի լիտոգրաֆիական տետրակների վրա, որպես լինում է այդ Ռուսաստանում, որ նա ամբողջ տարին անգործ մնա, և հետո շտապով թութակի նման սերտե քննության համար, և այնուհետև շուտով մոռանա: Ամեն մի ուսանող զգում է գիտության սաստիկ պահանջը, և նրա բոլոր շրջապատը, ուր չես գտնի մի անգործ մարդ, հարկադրում է նրան աշխատել և անդադար աշխատել: Առանց գիտության դժվար է ապրել այնտեղ, ուր յուրաքանչյուր ոք ունի մի նշանավոր պաշար գիտության. մրցությունը սաստիկ է:
Գերմանական ուսանողը չէ բավականանում նրանով, ինչ որ սովորում է համալսարանի ամբիոնից. նա կարդում է համարյա բոլոր նշանավոր հեղինակությունները, որ վերաբերում էին իր առարկային: Այդ բավական չէ, նա հաճախում է զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ: Դիցուք թե մի ուսանող ընտրել էր իր մասնագիտության համար քաղաքական տնտեսությունը. միևնույն ժամանակ նա անդամ է դառնում զանազան ժողովների և զանազան ընկերությունների, որպես են` աշխարհագրական, բժշկական, երաժշտական, հնագիտական, և այլն: Միևնույն ժամանակ կարելի է տեսնել նրան մի գրատան մեջ քրքրում է հին ձեռագիրներ, ուսումնասիրում է մի անծանոթ արևելյան լեզու, կամ թանգարանի մեջ քննում է հին դրամներ և կամ հետաքրքրվում է զանազան հազվագյուտ բաներով: Այս բոլոր աշխատություններից հետո, նա ժամանակ է գտնում պարապելու մարմնամարզությամբ, վարժվելու զինավարժության մեջ, կամ զվարճանալու որսորդությունով: Օրերը, ժամերը, րոպեները նրա մոտ այնպես հաշված են, որ նա ամեն ժամանակի համար զբաղմունք ունի: Եվ այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ունի չափից դուրս բազմակողմանի հմտություններ: Ամբողջ օրն աշխատելով մի բան սովորել, նա դարձյալ իրան հետ չէ պահում սովորական զվարճություններից. նրան կտեսնես մի հյուրանոցում, շրջապատված իր ընկերներով, գարեջուր է խմում, խոսում է, դատում է և վիճում է: Մի բան, որ չէ հետաքրքրում գերմանական ուսանողին, այդ է` զբաղվել պոլիտիկայով: Նա քաղաքական պրոպագանդիստ չէ, բայց հասարակական գործիչ է: Նա սիրում է երկու բան. գիտություն և գարեջուր:
Կինը մի առանձին դեր չէ խաղում գերմանական ուսանողի կյանքի մեջ: Նա ոչ թույլ է տալիս իրան ֆրանսիական ուսանողի նման գրիզետների հետ բուլվարները չափչփել, և ոչ ռուսական ուսանողի նման սիրուհու հետ է ապրում: Նա իր կրքերի մեջ չափավոր է և համեստ, բացարձակ ախտերով չէ հրապուրվում: Այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ամեն մի պատվավոր ընտանիքի մեջ մուտք ունի. նրանից չեն վախենում: Կնոջ վրա նայում է նա որպես մի քնքուշ առարկայի վրա, որին եթե զորավոր գործերի մեջ գցեիր, կարող էր շուտով կոտրվել, և այս պատճառով, ռուսական ուսանողի նման նա կնոջը չէ ընտրում որպես պրոպագանդայի գործիք: Նա համարում է կնոջը մի գեղեցիկ արարած, որով կարելի է զբաղվել առանց ձանձրանալու, որով կարելի էր զվարճանալ առանց տխրելու — այսքանը միայն: Կինը նրան խելքից չէ հանում, բայց երբ սիրում է, սիրում է միայն ամուսնանալու համար:
Ուսանողական կազմակերպությունն ամեն գերմանական համալսարանում բաժանվում է երկու որոշ մասերի, մեկը` գունավորներ, որոնցից կազմված են զանազան առանձին խմբեր (корпорация), որոնք տարբերվում են իրանց գլխարկների և կուրծքի ժապավենների գույներով, իսկ երկրորդը, հասարակ ուսանողները, որոնք չեն համարում իրանց հիշյալ խմբերի կամ կորպորացիաների անդամ:
Գունավոր ուսանողների յուրաքանչյուր խումբը կամ կորպորացիան ունի իր առանձին դրոշը, նշանաբանը, օրդենները, սովորությունները, ծեսերը և վերջապես պրինցիպները: Մեկը, օրինակ, ներկայացուցիչ է ազնվապետական սկզբունքի, մյուսը ռամկապետական է, երրորդը գիտնական նպատակների է ծառայում, չորրորդը հասարակական տենդենցիաներ ունի և այլն: Յուրաքանչյուր խումբն ունի իր առանձին ավանդական օրենքները կամ վարչության ստատուտները, որ կազմվել են պատմականաբար վաղեմի ժամանակներից և պահպանվում են ամենայն սրբությամբ: Ուսանողը, որ մեղանչում է իր խմբի օրենքների դեմ, պատժվում է խմբի վարչությունից: Երևակայեցեք ձեզ մի ուսանող իր կորպորացիայի պաշտոնական վենգերկայով. սև թավիշից, գունավոր գլխարկով, ժապավենով անցկացրած ուսի տակով, և հպարտ կուրծքը ծածկված օրդեններով, այստեղ կան խաչեր, աստղեր, այստեղ կան զանազան տեսակ նշաններ և զարդեր, բոլորը էժանագին մետալներից, բայց ամենի մեջտեղում, գունավոր լայն ժապավենի վրա, փայլում է գարեջրի բաժակի մեծ պատկերը, որպես բարձր նշան, որ նվիրած է նրան, գարեջրական թագավորությունից (Biersctaat): Ամեն մի կորպորացիա ունի իր առանձին ժողովները և խնջույքները, որոնց մեջ սովորական ծեսերով կատարվում է գարեջուր խմելու ուրախությունը: Խմելու պայմանները չափազանց բաղադրյալ են, որ պետք էր առաջուց սովորած լինել, ինչպես օրինակ, սալամանդրա կոչված ձևը: Ուսանողական երգերը և ճառերն մի առանձին կենդանություն են տալիս այս տեսակ խնջույքներին: Գարեջուրը, որ ուսանողների զվարճության ոգին է, շատ անգամ գործ է դրվում որպես սրբություն: Օրինակ, խիստ ծիծաղելի է այն ծեսը, որպես է գարեջրով մկրտելը մի ուսանողի, որ նոր մտնում է որևիցե կորպորացիայի մեջ: Բացի սովորական ժողովներից և խնջույքներից, կատարվում են և հանդիսավոր օվացիաներ և դեմոնստրացիաներ: Տեսնում ես, գունավորների զանազան խմբեր, զարդարված իրանց համազգեստով և օրդեններով, ձեռներին բռնած դրոշակներ և ջահեր, գիշերային պահուն, երգելով անցնում են փողոցների միջով, կանգնում են մի սիրված պրոֆեսորի տան առջև և արտահայտում են նրան իրանց հարգանքը: Երբեմն այսպիսի դեմոնստրացիաներ կատարվում են, որպես արտահայտություն զանազան հասարակական ցույցերի, երբ կատարվում էր մի անարդարություն օրենքի կողմից: Ուսանողներն այդ ժամանակ սաստիկ վրդովվում են, հուզվում են և խմբերով հրապարակ են դուրս գալիս, իրանց բողոքը հայտնելով զանազան ցույցերով: Ժողովուրդը միշտ իր ձայնը խառնում է ուսանողների ոգևորված երգերին և նրանց ազնիվ բարկության ձայնին:
Գունավոր ուսանողները, որ առհասարակ նշանավոր են իրանց քաջությամբ, համարձակությամբ և անձնասիրությամբ, միշտ պատրաստ են վրեժխնդիր լինել մի ամենաչնչին վիրավորանքի համար պատվի դեմ:
Այս պատճառով մենամարտությունը նրանց մեջ այնքան սովորական է, որպես մի գավաթ գարեջուր խմելը: Եվ շատ անգամ կարելի է տեսնել երեսը բոլորովին սպիներով այլանդակված ուսանողներ, որ ստացել էին զանազան մենամարտությունների մեջ: Բայց նույն ուսանողը, երբ իր զարհուրելի դեմքով կանգնում է ամբիոնի վրա և կարդում է մի ոգևորված ճառ, այն ժամանակ առանց հիացմունքի չէ կարելի չլսել նրան: Նա որպես հաջողակ է զենք բանեցնելու մեջ, այնքան էլ ընդունակ է ընդհանուր մարդկային բարձր գաղափարներ արտահայտելու: Այսուամենայնիվ, գունավոր ուսանողներին հասարակ ուսանողների հետ համեմատելով, առաջիններն այնքան նշանավոր չեն լինում իրանց աշխատասիրությամբ: Քաջությունը մենամարտության մեջ և զորությունը գարեջուր խմելում — ահա՛ երկու առարկաներ, որոնցով պարծենում են նրանք: Եթե գերմանական ուսանողների մեջ կան տոկուն աշխատողներ և ճշմարտապես գիտության հետևողներ — դրանք են հասարակ ուսանողները, որոնք ոչ մի կորպորացիայի չեն պատկանում:
Պետք է նկատել, որ այլ և այլ կորպորացիաներ, որոնք իրանց սովորություններով և պաշտոնական ձևերով այժմ քաստայական բնավորություն են ստացել, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ Գերմանիայի միջնադարյան ասպետության զանազան ուխտերի և կարգերի մի նմանություն, որ անցել է ուսանողական կյանքի մեջ: Այժմ այդ մաշված սովորությունները հնանալու և մոդայից ընկնելու վիճակին են հասել: Եվ որպես հակակշռություն գունավորների ժողովների, վերջին ժամանակներում կազմվել են ուսանողական ընդհանուր ժողովներ ավելի լայն և ընդարձակ նպատակներով և ժամանակակից սկզբունքների վրա: Այդ ժողովներին մասնակցում են հասարակ ուսանողները և երբեմն նրանց մեջ լինում են պրոֆեսորներ:
Բայց մի բան, որ պետք է նկատողության առնել, այն է, մինչդեռ մի ուրիշ պետության մեջ չորս-հինգ ուսանող մի տեղ հավաքվելիս, մի ժողով կազմելիս, միշտ կառավարությունը կասկածանքով է նայում նրանց վրա — դրա ընդհակառակն, գերմանական ուսանողներին տրված է այնքան ընդարձակ ազատություն, որ նրանք կարողանում են վերև հիշած կորպորացիաների նման առանձին առանձին խմբեր կամ ժողովներ կազմել, ամենևին նրանցից չեն վախենում: Գերմանական ուսանողն իր հայրենիքի հավատարիմ զավակն է: Եվ այդ ցույց տվեց նա վերջին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ: Նա թողեց համալսարանը և անցավ կռվի դաշտի վրա:
Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ, վերաբերում է բուն գերմանացի ուսանողներին, հիմա տեսնենք, ի՞նչ են անում այնտեղ հայ ուսանողները:
Հայ ուսանողները ոչ մի կորպորացիայի մեջ չեն մտնում. նրանք պատկանում են հասարակ ուսանողների թվին: Բայց որպես հասարակ ուսանող ևս, հայերը չունեն այն բազմակողմանի պարապմունքները, որոնցով, բացի իր մասնագիտությունից, զբաղված է լինում բուն գերմանական ուսանողը: Օրինակ, հայ ուսանողը ոչ մի ուսումնական ժողովի և ընկերության մեջ չէ մտնում. ոչ մի ուրիշ բան, որպես են մուզիկա, մարմնամարզություն և այլն, չէ սովորում, և որպես Մոսկվայում կամ Պետերբուրգում, այստեղ էլ նույնպես դուրս չէ գալիս իր հայ ընկերների նեղ շրջանից: Ես մի քանի գերմանական հայ ուսանողներ միայն ճանաչում եմ, որոնց կարելի է բացառություն համարել: Իսկ մնացածները ճանաչում են միայն համալսարանի շինությունը, իրանց պրոֆեսորին և իրանք ընտրած առարկան, ուրիշ ոչինչով չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իրանց չորս կողմում: Շատ շատ եթե մեկն այնքան աշխատասեր էր, բացի իր ընտրած մասնագիտությունից, կլսե դասախոսություններ մի քանի ուրիշ առարկաներից ևս, որոնք կապ ունեին իր մասնագիտության հետ: Ամեն ինչ նա սպասում է համալսարանից, իսկ դրսի ուսումնական շրջաններից օգուտ չէ քաղում: Երբեմն լրագրներ կկարդա, կամ գրքեր կվեր առնի մի գրադարանից: Բայց պետք է խոստովանվել, որ գերմանական հայ ուսանողները դարձյալ գերազանցում են Ռուսաստանի հայ ուսանողներից, թե իրանց աշխատասիրությամբ և թե իրանց վարքով. դրանք գոնե համեստ են. ինչ որ սովորել են, սովորել են հիմնավոր կերպով: Բայց Ռուսաստանի հայ ուսանողը շատ առարկաներ է սովորում առանց լավ մարսելու, և շուտով էլ մոռանում է: Բացի դրանից, զանազանությունը մեծ է: Ռուսաստանի հայ ուսանողը, որպես իր տեղում նկատեցինք, սովորում է ոչ թե գիտության համար, այլ դիպլոմ ստանալու համար, որ պաշտոնի մեջ այս և այն արտոնությունը կարողանա ձեռք բերել, և այս պատճառով նա վեր է առնում գիտությունից այնքան միայն, որ կարող է հասցնել նպատակին: Իսկ գերմանական հայ ուսանողի վրա ազդում է շրջապատը, նա իրան նվիրում է միմիայն գիտության — ուսանում է ուսման համար, առանց որևիցե արտոնություն աչքի առջև ունենալու: Գիտության առաքելությունը — ահա՛ նրա գլխավոր նպատակը: Նա ծառայում է մի դրոշի, որի նշանաբանն էր` գիտությունը միայն: Եվ այսպիսով շատերը մեր երիտասարդներից նշանավոր եղան ոչ միայն հաջող քննություն տալով, բայց նույնիսկ Գերմանիայում պրոֆեսորի կամ պրիվատ դոցենտի ամբիոն ստանալով: Թեև գտնվեցան այնպիսիները, որ վերադարձան մեզ մոտ առանց քննություն տալու, դարձյալ զանց չառնելով իրանց այցատոմսակի վրա տպել տալ դոքթոր տիտղոսը…
Չիմ կարող չհիշել, որ ոմանք մեր ուսանողներից վատ համարում թողեցին Գերմանիայում, ոչ միայն իրանց վերաբերությամբ, այլ իրանց վարքով մրոտեցին մինչև անգամ հայ անունը, որ այնքան փոքր ծանոթ է Եվրոպայում: Խաբել, պարտքով ուտել, խմել և փողը չվճարել — այդ արել են ոչ միայն ուսանողները, որ զուրկ են եղել նյութական միջոցներից, այլ նրանք, որ ստանում էին ծնողներից մեծ փողեր: Այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ ամեն մի հասարակ վաճառականի որդին կամ գռեհիկ գյուղացին իրան ներկայացնում էր իբրև հայոց մի երևելի ազնվական տոհմից: Այս տեսակ խաբեբաներից մեկի համար պատմում էին, թե իրան կոչում էր իշխան Արարատա...
Իհարկե, վերև հիշած տխուր նկատողությունները պետք է բացառական երևույթներ համարել, որ ավելի հետևանք են ընտանեկան վատ դաստիարակության, որը չէ փոխում հայի զավակը, երբ նա ընկնում է մի նոր և ավելի քաղաքակրթված աշխարհի մեջ: Բայց առհասարակ խոսելով, գերմանական աշխարհը, գերմանական կրթությունը, գերմանական ուսումը շատ նպատակահարմար է մեզ հայերիս համար, որ ունենք բավական նմանություն գերմանացիների հետ, թե բնավորության, թե տոկունության, թե տնտեսական խնայող, հաշվող չափավորության կողմից: Հայն ասիական գերմանացի է: Ինչ որ պակաս է մեզ, կարող ենք ստանալ նրանցից: Մեր նախնիքը Քսենոֆոնի օրերում գարեջուր էին խմում, իսկ գերմանացին խմում է այսօր: Մեր մեջ նմանություններ կան, ամեն կողմից նայելով:
Նկատողության պետք է առնել մի ուրիշ պայման ևս, այն է` գերմանական համալսարանի ազդեցությունն օտարազգի երիտասարդների վրա: Նա վերադարձնում է ամեն ազգին իր որդուն, ավելի կատարելագործված, ավելի զարգացած, ոչինչ չխլելով նրա ցեղական հատկություններից, այլ ընդհակառակն, ավելի ամրապնդելով, ավելի հաստատելով: Նա չինացուն տալիս է լավ չինացի, ճապոնացուն` ճապոնացի, հայաստանցուն` հայ: Բոլորը մկրտվում են միևնույն համալսարանական տաճարի մեջ գիտության, իմաստության լույսով, բայց յուրաքանչյուր ազգի որդին կրում է իր ցեղական դրոշմը: Շատ ժամանակ չէ անցել, մի խնջույքի մեջ, որ ուսանողները տալիս էին ի պատիվ իրանց պրոֆեսորի, երբ առաջարկվեցավ յուրաքանչյուրին իր ազգի լեզվով մի փոքրիկ ճառ կարդալ, և երբ հերթը հասավ մի հայ ուսանողի, նա հայտնեց, թե չգիտե հայերեն. ամեն կողմից ծանր հանդիմանություն ստացավ: Եվ նա այնուհետև սկսեց սովորել իր ազգի լեզուն, որովհետև նրանից խոստմունք առեցին, որ մյուս տարվա խնջույքի ժամանակ անպատճառ պետք է կատարե իր ընկերների ցանկությունը:
Պետք չէ մոռանալ և այն, որ գերմանական և առհասարակ արտասահմանյան դիպլոմները որևիցե արտոնություն չտալով ուսանողին Ռուսաստանում, նրանք վերադառնալուց հետո ստիպված են լինում ընտրել ազատ պարապմունքներ: Եվ այսօր ուրախալի է տեսնել, որ նրանց մեծ մասն ազգային գործիչներ են: Մեր դպրոցների նշանավոր վարժապետները, տեսուչները, մեր այժմյան խմբագիրները, բոլորը գերմանական համալսարանների պտուղներ են:
Դառնանք դեպի ֆրանսիական ուսանողները:
Ֆրանսիայում հայ ուսանողներն ընտրում են միայն Փարիզը: Ես գոնե, բացի մի բժշկից, չեմ ճանաչում ուրիշ ուսանողներ, որոնք Ֆրանսիայում մի բան սովորած լինեին: Բայց ճանաչում եմ շատ թերուսներ, որոնք երկար տարիներ Ֆրանսիայի մայրաքաղաքում թափառելեն հետո, առանց մի հիմնավոր գիտություն սովորելու, վերադարձել են հայրենիքը, բերելով իրանց հետ միայն ֆրանսիական արտաքին փայլը, որ աչքի է զարկում կապկության բոլոր միմոսություններով: Երևում է, Փարիզը — այդ գիտության, հեղափոխության, մարսելիեզի և շռայլության մայրաքաղաքը — իր գրիզետներով և կաֆեշանտաններով բոլորովին կախարդում է, խելքից հանում է միամիտ հայ ուսանողին, երբ ընկնում է այդ համաշխարհական Բաբելոնի մեջ: Փարիզը միջին կետ չունի. նա միշտ պատրաստում է ծայրահեղ մարդիկ, կամ խոշոր հասարակական գործիչներ, կամ երևելի հանճարներ, և կամ շրջմոլիկ, աննպատակ շարլատաններ:
Փարիզում Լատինական թաղը պատմական նշանակություն է ստացել որպես ուսանողների բնակարան: Նրա խուլ փողոցներով ոչ մի պատվավոր կին իրան թույլ չի տա անց կենալ գիշերվա 9 ժամից հետո, վախենալով, մի՛ գուցե հանդիպե ուսանողների անպատկառ մի խմբի: Փարիզի ուսանողներն առհասարակ սակավ են պարապում, խիստ փոքր է այն աշխատավորների թիվը, որոնք ամիսը մի անգամ հաճախում են դասախոսություն լսելու: Նրանք ավելի շատ սովորում են այն տարերքից, որոնցմով տոգորված է Փարիզի մթնոլորտը: Զվարճությունները չափից դուրս շատ և բազմատեսակ են: Կան բալեր, թատրոններ, ռեստորաններ, կաֆեներ և այլն: Բայց մանավանդ կնիկները նրանցից շատ ժամանակ են խլում: Մեծ մասն ապրում է սիրուհու հետ: Մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են Լատինական թաղի կանայք, խիստ հետաքրքիր դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ: Դրանք հասարակ գործավոր աղջիկներ են, որոնք բանում են զանազան հիմնարկությունների մեջ, և ուսանողների սենյակներում ուրախություն ու հանգստություն են գտնում, երբ աշխատանքը ձանձրացնում էր նրանց: Այդ մշտազվարթ, անհոգ և դարտակամիտ արարածներն երբեք դուրս չեն գալիս ուսանողների աշխարհից, և անդադար անցնում են մեկ ձեռքից մյուսը:
Ինչ որ ավելի հատկանիշ է ֆրանսիական ուսանողներին — դա է նրանց արտաքին փայլը: Փարիզը սաստիկ հղկում է և կոկում է նրանց: Նրանք գերմանական ուսանողի նման անտաշ, անշնորհք և դանդաղկոտ չեն, որոնց բոլոր արժանավորությունները թաքնված են դրսի սառն և ցամաք կեղևի տակ: Փարիզի ուսանողը կատարյալ աշխարհային մարդ է իր բազմակողմանի ձևերի մեջ: Նա խոսում է, դատում է ամեն բանի վրա, մինչև անգամ այն բաների վրա, որ ինքը չգիտե: Նրա խելքը սաստիկ ճկուն է, դեպի ամեն կողմ ոլորվում է: Նա վարում է խիստ բաղադրյալ վիճաբանություններ, և կարկտի նման թափում է խոշոր ֆրազներ: Այդ նրանից է, որ նա կարդում է մեծ հեղինակների գրքերը, րոմանները, կարդում է լրագրներ, գնում է թատրոն, ծանոթ է ամեն բանի հետ, ինչ որ կատարվում է նրա չորս կողմում: Նա թեև հիմնավոր գիտություն չունի, թեև խորին կրթություն չէ ստանում, բայց շուտով հափշտակվում է իդեաներով:
Ինչ որ վերաբերում է ընդհանուր գաղափարներին, մեծ մասը ազատամիտ և առաջադիմականներ են, և պատկանում են հասարակապետական կուսակցության: Այդ բավական չէ, շատերը նրանցից երազում են համաշխարհային հասարակապետություն, երազում են ազգերի եղբայրություն, և չքավորության վախճան: Ազատության և արդարության իդեաները սաստիկ արբեցնում են նրանց: Այսուամենայնիվ, ֆրանսիական ուսանողը պրոպագանդիստի ոգի չունի, որ մտներ ընտանիքների մեջ, որ մտներ ամբոխի մեջ, և առանց աղմուկի տարածեր իր մտքերը: Նա իր նեղ, ուսանողական շրջանից դուրս չէ գալիս: Օրինավոր ընտանիքներում մինչև անգամ նրան չեն ընդունում: Բայց երբ պատահում է մի ժողովրդական շարժում, երբ ծագում է մի քաղաքական հեղափոխություն, ուսանողները խլրտում են, զարթնում են որպես քնած առյուծ, և առաջինն են լինում, որ թնդեցնում են փողոցները մարսելիեզներով, փշրում են բռնակալների արձանները և թռչում են բարիկադների վրա: Ով որ փոքր ի շատե ծանոթ է ֆրանսիական պատմությանը, գիտե, թե որպիսի մեծ դեր խաղացին ուսանողները 1830 և 1848 թվականներում, և մանավանդ Կոմունայի ժամանակ:
Չէ կարելի ասել, թե բոլոր ուսանողները Ֆրանսիայում հետևում են հասարակապետական կարծիքների: Տակավին կղերը և մանավանդ եզվիտները մեծ ջանք են գործ դնում, որ իրանց մտքերն անցկացնեն երիտասարդության մեջ. և այս պատճառով, նրանք սաստիկ եռանդով ձգտում են իրանց ձեռքը ձգել ուսումը և կրթությունը: Եվ կարողացան հաջողացնել, Ֆրանսիայի զանազան գավառներում պահպանելով բավական ծաղկած դպրոցներ, և նույնիսկ Փարիզում բաց անելով մի քանի ուսումնական հիմնարկություններ, այլև մի կաթոլիկական համալսարան: Այդ հիմնարկությունների ուսանողները ոչինչ կապ չունեն իրանց հասարակապետական ընկերների հետ, և ներկայացնում են սաստիկ ռեակցիա: Բայց մի բան, որ ուրախալի է, այն է, որ այժմ Ֆրանսիայի ամենաբարձր մտածողներն աշխատում են սահմանափակել կղերի իրավունքները կրթության գործի մեջ:
Հայ ուսանողն, ընկնելով Փարիզի քաոսի մեջ, բոլորովին իր գլուխը կորցնում է: Անթիվ կուսակցություններ, անթիվ կարծիքներ, և անթիվ ձգտումներ — նա չգիտե, թե որին պետք է հետևել: Վերջապես ավելի զորեղ հոսանքը նրան իր հետն է տանում: Նա մոռանում է իր անձը, մոռանում է իր երկիրը, մոռանում է, թե ինչ ազգի որդի է ինքը: Նա էլ միտքը չէ բերում, թե իր եղբայրները ինչ դրության մեջ են ապրում Տաճկաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում — սկսում է երազել ընդհանուր եղբայրության վրա: Նա դառնում է կոսմոպոլիտ և ուրանում է իր հայությունը: Որպես վերևում հիշեցի, մենք չունենք շատ թվով ֆրանսիական ուսանողներ, իսկ այդ երևույթը նշմարվում է Կ. Պոլսի երիտասարդների մեջ, որոնք դժբախտություն էին ունեցել մի քանի տարի Փարիզում թափառելու: Զարմանալին այն է, որ Փարիզի ուսանողն իր ընդհանուր կոսմոպոլիտական հայացքներով հանդերձ, դարձյալ մնում է ֆրանսիացի. նա առաջ սիրում է իր ազգը, իր հայրենիքը և ավելորդը միայն տալիս է օտարներին: Բայց հայ ուսանողը մոռանում է բոլորը... Սրտի և մտքի դատարկության մեջ միշտ տեղ են գտնում հիմար ցնորքներ...
Ես վերջացրի իմ նկարագիրը Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի հայ ուսանողների մասին. հիմա տեսնենք, ինչ են շինում նրանք, երբ վերադառնում են իրանց հայրենիքը և մտնում են կյանքի մեջ:
Դ
[խմբագրել]ԹԻՖԼԻՍԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՏՐՈՆ
Թիֆլիսն իր այժմյան դրությունով ներկայացնում է մի կենտրոն, ուր հանդիպում ենք մեր երիտասարդության բազմատեսակ տիպերին: Այստեղ են գտնվում մեր մտավոր զորության ներկայացուցիչները — մեր ինտելիգենցիան, այստեղ է գործում մեր մամուլը, այստեղ են խմբվում գավառներից մեր նշանավոր ուժերը, և վերջապես այստեղ մեր խոշոր և մանր դրամատերները հրաշք են գործում առևտրական հրապարակի վրա:
Իմ հետազոտության մեջ ես անձնավորություններ չպիտի շոշափեմ. ես կվեր առնեմ առանձին առանձին խմբեր միայն, որոնք պատկանում են այս և այն դասակարգին և գործում են մի որոշ ասպարեզի վրա: Բայց ինչ պետք է արած, որ մեր շրջանն այն աստիճան նեղ է, որ ամեն մի խմբի վրա խոսելիս, ընթերցողը կամա-ակամա պիտի երևակայե որևիցե անձնավորություն:
Սկսում եմ համալսարանականներից:
Ավարտելով իր ուսումը որևիցե համալսարանում, կամ կիսավարտ, երիտասարդը գրքերը ծալում մի կողմ է դնում, ապսպրում է հմուտ դերձակներից մեկին մի քանի ձեռք հագուստ, գնում է ցիլինդր և պենսնե, ջոկում է ձեռնոցների համեմատ գույները, թողնում է ծնոտի վրա մի պուրակ մազ, և այս բոլոր պատրաստություններով վերադառնում է իր հայրենիքը, ուր նրան սպասում են հայր, մայր, բարեկամներ և վերջապես ազգը: Արտաքին կերպարանքը վատ չէ, ներկայացնում է ուսյալ մարդու բոլոր ընդունված ձևերը, իսկ ներքինը զգուշությամբ թաքցնում է: Նա քիչ է խոսում, չէ մտնում ծանր վիճաբանությունների մեջ և միշտ աշխատում է ցույց տալ, թե «արհամարհում է»: Բայց պատահած տեղը, երբ իր ատամների հարմար մարդ է գտնում, լավ գզգզում է, այլևս նրա սոֆիզմներին և ճոռոմաբանությանը չափ չկա:
Դա այն տեսակ տիպերիցն է, որ հենց սկզբից ուսման և գիտության վրա նայում էր որպես միջոցի վրա, որ իրան լավ ապագա պատրաստե, որ սովորում էր դիպլոմի և արտոնության համար:
Մտնելով կյանքի և հասարակության մեջ, հանգամանքները, կարիքը, նպատակին հասնելու պահանջները սաստիկ զարգացնում են նրա ուշիմությունը: Նա դառնում է մի ճարպիկ որսորդ: Նա իսկույն հասկանում է, թե որ կողմիցն է փչում քամին և նրա համեմատ պարզում է իր նավի առագաստները կյանքի ծովի մեջ: Համոզմունք ասած բանը չկա նրա մեջ: Հանգամանքներից օգուտ քաղել — ահա՛ նրա գլխավոր համոզմունքը: Եվ այդ է, որ շինում է նրան մի տեսակ քամելեոն, մի տեսակ առասպելական էակ, որ անդադար փոփոխվում է թե կարծիքների և թե գործողությունների մեջ, որը ինչ առարկայի և մոտենում է, իսկույն նրա գույնը և ձևն է ընդունում: Անհաստատակամությունը նրա գլխավոր հատկանիշն է: Բայց մի գիծ, որ մնում է նրա մեջ անփոփոխ — այդ է շահամոլությունը, որի համար զոհում է ամեն ինչ, որքան և սուրբ լիներ:
Նա հիմար չէ: Նա լեզվով գոնե ցույց է տալիս իր համակրությունը և հակակրությունը դեպի ամեն լավ և վատ գործ: Լիբերալի մոտ ազատամտություն է մսխում. հետադեմի մոտ վերջին աստիճանի պահպանողական է ձևանում. ազգասերի մոտ լաց է լինում Թուրքիայի հայերի վիճակի վրա. մի օտարականի մոտ ասում է, թե բոլոր հայերը «մաշենիկներ» են. հայր սրբի մոտ կղերական է ձևանում. մի ուրիշ տեղ պախարակում է ազգային եկեղեցին. խոսում է անձնական պատվի և ազնվության վրա, բայց պատահած տեղը լիզում է ազդեցություն ունեցող մի մարդու ոտները. — վերջապես դեպի ամեն կողմ թեքվում է, դեպի ամեն կողմ ծալվում է, մինչև կարողանում է մի պաշտոն ձեռք բերել: Այժմ հասավ ցանկալի նպատակին: Այնուհետև նա կտրվում է հասարակությունից և սկսում է իր նեղ շրջանի մեջ գործել: Նա, որ առաջ շողոքորթում էր ամբողջ հասարակությանը, այժմ սկսում է շողոքորթել իր պաշտոնակիցներին, իր մեծավորին, որ ոտքը նրա օգնության վրա դնելով, կարողանա բարձրանալ իր բռնած դիրքի աստիճանները:
Բայց որտեղի՞ց, ե՞րբ վարժվեցավ նա այդ տեսակ պրակտիկայի, այդ տեսակ գործնականության մեջ: Ընտանիքը տվեց նրան այդ դաստիարակությունը: Նույնը, ինչ որ գործում էր վաճառական հայրը, գործում է և բարձր ուսում ստացած որդին: Զանազանությունը միայն մեկ ձևի և կրթության աստիճանի մեջն է: Անկիրթ հայրն ավելի կոշտ-կոպիտ կերպով էր խաբում, իսկ կրթյալ որդին ավելի նրբացրել է խաբեությունը: Նա հարստահարում էր իր խանութի մեջ, իսկ դա հարստահարում է մի ուրիշ ասպարեզում: Գործողությունների բնավորությունը չէ փոխվում: Այս պայմանների մեջ հին և նոր սերունդը ձուլվում են միասին: Գտնվում են, այո՛, և ազնիվ անձնավորություններ, որոնք ավելի մաքուր ճանապարհով են դիմում իրանց բախտին, բայց ցավելով պետք է ասել, որ այդպիսիները բացառություն են համարվում:
Դառնանք դեպի մյուս տեսակ ուսանողները, որոնք հափշտակված էին բարձր գաղափարներով, որոնք պատրաստվել էին իրանց հասարակությանը և ազգին ծառայելու:
Գլուխը լցրած զանազան ծրագրներով, նա մտնում է կյանքի մեջ. ինչ բարի գործ ասես, որ չէ ցանկանում սկսել — լրագիր, ամսագիր, գրքերի հրատարակություն և այլն: Ժողովրդին շատ բան պակաս է, պետք է լրացնել բոլորը, մտածում է նա: Հագնվում է հասարակ կերպով, խոսում է տաք և եռանդով. նրա թե լեզվի և թե ձևերի մեջ նշմարվում է պարզություն և անկեղծություն: Նա մոտենում է այս և այն գործող խմբին, որպես իր եղբայրակիցներին, քաջալերում է նրանց ասելով. «պետք է կրկնապատկել ուժերը, գործը դանդաղ է ընթանում, բայց ժամանակը չէ սպասում»: Խոսում է, վիճում է, տալիս է նոր խորհուրդներ, ստեղծում է նոր պլաններ: Անցնում են շաբաթներ, ամիսներ, տարիներ... նա դեռ մտածում է, նա դեռ խոսում է... Ցանկանում է մի հրաշք գործել և մի անգամով զարմացնել աշխարհը: Նա չէ սիրում փոքրից սկսել, իսկ մեծ բան գործելու համար չեն ներում հանգամանքները: Մոտենում է նա, օրինակ, մի խմբագրի, որ շաբաթը մի անգամ հազիվ կարողանում էր հրատարակել իր թերթը, «դրանով բան չի դառնա, ասում է նրան, պետք է ամեն օր հրատարակել, պետք է այս գրել, այն գրել»… Բայց ինքը մի տող անգամ չէ գրում: Անգործության մեջ եռանդը, ոգևորությունը թուլանում է, սրտի կրակը մարում է... Նա սկսում է զգալ իր դրության անտանելիությունը: Տեսնում է, երեկվա ընկերը, հիմար, իդիոտ և ոչինչ չսովորած ընկերը, այսօր սեփական կառք ունի, հազարներով եկամուտ է ստանում: Այդ փառքը հրապուրում է նրան: Նա թոթափում է իր առաջին հափշտակությունը և սթափվում է իր ազնիվ արբեցությունից... Ազգ, հայրենիք, հասարակություն, այս բաները փոքր առ փոքր անհետանում են նրա գլխից... Նրա աչքի առջև կերպավորվում է իր Եսը, որին առաջ մոռացել էր: «Չէ, մտածում է նա, պետք է առաջ իր անձը ապահովել, հետո ուրիշների վրա մտածել»: Հանկարծ առաջարկում են մեր ազգասերին մի պաշտոն, մի «յուղալի պատառ»: Նա այժմ ծառայության մեջ է, տարեկան մի քանի հազար եկամուտ ունի: Նա մեծ կրեդիտ է ստանում ամուսնության վերաբերությամբ. ամեն կողմից առաջարկում են հարուստ աղջիկներ: Պսակվում է: Այժմ աշխատում է իր կացությանը փառավոր շուք տալ. վարձում է ամենագեղեցիկ տան վերին հարկը, և զարդարում է սենյակները զանազան սնոտիքներով: Նա, որ առաջ դեմոկրատական պրինցիպների էր հետևում, և ինքը նույն ծագումից էր, այժմ ձևացնում է իրանից ազնվարյուն արիստոկրատ: Պատվիրում է սպասավորին իր սալոնի մեջ մուտք չտալ այն մաշված սյուրթուքով պարոններին, որոնց հետ առաջ իր ազգի առաջադիմության մասին երկար ու երկար մասլահաթներ էր անում: Երբ փողոցում հանդիպում է հին բարեկամին, երբ ցանկանում է արժանացնել նրան իր ուշադրությանը, արհամարհական ժպիտը երեսին հարցնում է. — «как идет ваша газета», և շուտով անցնում է, նեղվելով, մի գուցե տեսնեին իրան նրա հետ խոսելիս:
Չէ կարելի ասել, թե այս տեսակ տիպերի ոգևորությունը և բարի ցանկությունները հենց սկզբից անկեղծ չէին: Միայն բնավորության թուլությունը, համոզմունքի անհաստատությունը, տոկունության բացակայությունն առիթ է տալիս նրան շուտով փոխվել: Նրանք այն աստիճան տկար են լինում, որ չեն դիմանում կյանքի հակառակ հոսանքին, և սկսում են նրա ընթացքով գնալ: Այս տեսակ տիպերը նմանում են այն մետեորական երևույթներին, որ կոչվում է ասուպ, որը հանկարծ հայտնվում է մթնոլորտի մեջ, փայլում է, բոցավառվում է, և հետզհետե սառչելով, վերջապես հանգչում է և ընկնում է ցած...
Ես նկարեցի պատկերները երկու տարբեր տիպերի, որոնք հակառակ ճանապարհներով մոտենում են միմյանց, ձուլվում են, և կազմում են մի ամբողջություն: Այժմ համեմատենք այդ երկու տիպերը: Մեկը, որպես գործնական մարդ, հենց համալսարան մտած օրից իրան նպատակ է դնում այնքան սովորել, որ դիպլոմ ստանա, արտոնություններ ձեռք բերե, որ իր համար մի լավ ապագա պատրաստե: Նա բացի իր անձից, ուրիշի վիճակով չէ հետաքրքրվում: Այս տեսակ մարդուն, եթե չէ կարելի համակրել, գոնե կարելի չէ և պախարակել: Նա հավատարիմ է մնում իր ուխտին և նրա համեմատ գործում է: Իսկ մյուսը, որպես իդեալական մարդ, աշխատում է, սովորում է, և համալսարանից իրան նպատակ է դնում, որ կյանքի մեջ մտնելուց հետո, պետք է ծառայե այս և այն գաղափարի իրագործելուն, պետք է օգուտ բերե հասարակությանը և իր ազգին: Բայց վերջը բոլորը մոռանում է, բուրժուազանում է, և սկսում է մտածել իր փառքի, հանգստության և քսակի մասին: Այս տեսակ երիտասարդը բնավորությունից զուրկ, թույլ և զզվելի արարած է, որովհետև դավաճանում է իր ուխտին:
Ես ցույց տվեցի բարձր ուսում ստացած երիտասարդությունը որոշող երկու ընդհանուր գծերը: Բայց գտնվում են և հզոր բնավորություններ: Դրանք հերոսներ են, այսպիսիներին չէ կարելի չհարգել: Դրանք աշխատում են ձեռք բերել մի պաշտոն, մի գործ այն մտքով միայն, որ ապահովեն իրանց անձը, որ հարստանան, և այն հարստությունով կարողանան իրագործել իրանց ազգօգուտ նպատակները: «Եթե ես կունենամ տարեկան հինգ հազար ռուբլի ավելորդ եկամուտ, — ասում էր ինձ մի երիտասարդ, — այն ժամանակ կսկսեմ հայերեն մի ամսագիր հրատարակել»: Բայց հայերեն ամսագիր հրատարակել նշանակում է` տարեկան 3-4 հազար ռուբլի դեֆիցիտ ծածկել: Եվ նա կատարեց իր խոստմունքը, երբ պաշտոնի մեջ մտավ: Այդ ամենահիմնավոր ձևն է հասարակական գործունեության: Մեր ազգային գործերը պահանջում են մեծ զոհաբերություններ: Աղքատ և անապահով վիճակի մեջ գտնվող երիտասարդները հազիվ թե կարող էին մի նշանավոր գործ կատարել: Կամ պետք է ժառանգական հարստություն ունենալ, կամ պետք է մի կողմնակի պարապմունք գտնել, փող վաստակել, մի մասով ապրել, իսկ մնացածը ծախսել որևիցե հասարակական բարի նպատակի համար: Որովհետև մեզանում ազգային պարապմունքները ոչ միայն նյութական շահ չեն բերում, այլ պետք է մի բան էլ իր գրպանից ծախսել, որ գործը առաջ գնա: Այդ ես ցույց կտամ իր տեղում, երբ կխոսեմ Թիֆլիսի մեր գործիչների մասին: Այժմ տեսնենք ինչ է շինում երիտասարդությունը մյուս ասպարեզներում:
Ինչ որ նկատեցի իմ հետազոտության նախընթաց գլխում ուսանողների կյանքի և աշխատասիրության մասին, հայտնելով այն միտքը, թե գավառացիները գերազանցում են բուն թիֆլիսեցիներից — նույնը պետք է ասեմ և այժմ: Եթե կտեսնեք Թիֆլիսում մի երիտասարդ, որ հետաքրքրվում էր ազգային և հասարակական գործերով, որ իր աշխատության մի մասը նվիրում էր նրանց — անպատճառ նա գավառից եկած պետք է լինի, կամ ինքը, կամ հայրը, կամ պապը: Բուն թիֆլիսեցին փչացած, այլանդակված և հրեշավոր արարած է, նրա համար հայ կամ հայի առաջադիմություն կոչված բանը ցնորք է: Նա ընկնում է միշտ երկու ծայրահեղությունների մեջ, կամ վազում է միայն «չինի» և փառքի ետևից, կամ համալսարանից վերադառնալով դարտակ գլխով և դարտակ սրտով, լինում է իր հոր հարստության ցեցը, և սկսում է շռայլաբար վատնել այն բոլորը, ինչ որ ողորմելի հայրը դիզել էր իր հոգու, մարմնի և պատվի գնով: Այդ վրացիացած ընտանիքների զավակները ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում: Գավառացի երիտասարդը թե բարոյապես և թե մտավորապես բարձր լինելով, հենց որ ընկնում է Թիֆլիսում, սկսում է հրաշքներ գործել: Թիֆլիսի հայոց նշանավոր խմբագիրները, վարժապետները, գրողները, բժիշկները, դատաստանական ծառայողները և մինչև անգամ խոշոր կապիտալիստները, բոլորը գավառացիներ են: Եթե կան մի քանի բուն թիֆլիսեցի գործիչներ, նրանց կարելի է մատներով համբարել:
Մի տասը տարի առաջ «չինովնիկությունը» և առհասարակ արքունական ծառայությունը Թիֆլիսի երիտասարդների համար իր ծաղկյալ մոդայի մեջն էր: Բայց այն օրից, երբ հիմնվեցան բանկեր, երբ երկաթուղու ծայրը հասավ այս քաղաքին, բարձր ուսում ստացած երիտասարդությունը սկսեց որոնել ազատ պարապմունքներ: Կարծես թե, ատենական տեղերի ճնշված օդը խեղդում լիներ նրանց: Այժմ մի յուրիստ բարվոք է համարում ազատ փաստաբանությունը կամ նոտարիուսի կանտորան, քան թե նահանգական դատարանում լինել դիվանի անդամ: Ֆինանսական ձեռնարկություններն ավելի հրապուրում են մեր երիտասարդներին. բանկերը լցված են նրանցով: Ռեալական կյանքի ռեալական ոգին բաց է արել նրանց առջև մի նոր ասպարեզ: Շատերը գնում են հողեր և անտառներ Թիֆլիսի շրջակայքում, կամ Վրաստանի կողմերում: Ոմանք կառավարում են այս և այն դրամատիրոջ կալվածները: Ոմանք աքցիաների հետ են խաղում: Իսկ շատերը, որոնք առաջ արհամարհում էին վաճառականությունը և կապալառությունը որպես ստոր պարապմունքներ, այժմ սկսել են նույն գործերով զբաղվել: Ագենտուրան և կոմիսիոներությունը նույնպես ոչ սակավ գրավում են մեր երիտասարդներին: Կան օրինակներ, որ համալսարանական երիտասարդը հիմնում է աղյուսի գործարան, կամ արտասահմանից բերել է տալիս տախտակներ սղոցելու մեքենաներ: Այս տեսակ ձեռնարկությունների մեջ, կամ առհասարակ առանձին պարապմունքներով զբաղվողները լինում են խիստ գործունյա, ուրախ, զվարթ, նյութապես ապահովված, և երբեք չեն կորցնում իրանց կենդանությունը: Մինչդեռ արքունական ծառայողները գործի միակերպության մեջ վաղօրոք ծերանում են, բթամտանում են և մահը երբեմն ավելի շուտ է հասնում, մինչև նրանք կստանային պենսիա կամ ստատսկի սովետնիկի չին:
Մեծ հաջողություն են գտնում Թիֆլիսում բժիշկները, մանավանդ նրանք, որ ռուսաց համալսարաններում ավարտելուց հետո մի կամ երկու տարի անց են կացնում արտասահմանում: Ոմանք քեֆի համար են գնում, իսկ ոմանք իսկապես մի բան սովորում են: Բայց ժողովուրդը միշտ նշանակություն է տալիս Գերմանիա կամ Ֆրանսիա տեսած բժշկին, որպես արտասահմանի ապրանքին: Ավելի դժբախտ են լինում այն ուսանողները, որոնք սովորել էին գյուղատնտեսական մասը` երկրագործություն, այգեգործություն, գինեգործություն և այլն: Իրանք կապիտալ չունենալով սովորած մասնագիտությունն իրացնելու համար, մնում են անգործ: Իսկ կալվածատերերը չեն հրավիրում նրանց, որովհետև կանոնավոր գյուղատնտեսությունը դեռ մուտք չէ գործել Կովկասում:
Ճշմարիտն ասած, շատ դժվարին է լրագրական հոդվածի մեջ ցույց տալ այն ընդարձակ աշխարհը, ուր զանազան ասպարեզներում գործում է մեր համալսարանական երիտասարդությունը: Ես պետք է նկատեմ միայն ընդհանուր գծերը: Այժմ մնում է մի քանի խոսք ասել այն երիտասարդների մասին, որոնք ավարտում են կամ կիսավարտ դուրս են գալիս զանազան գիմնազիաներից և միջնակարգ դպրոցներից, և համալսարան մտնելու միջոցներ չունենալով, մնում են Թիֆլիսում: Դրանք լինում են ըստ մեծի մասին աղքատների որդիներ և դպրոցի նստարանները թողնելուց հետո, ստիպված են աշխատել օրական հացի համար: Մեր վաճառականները նրանց չեն ընդունում գործակատարության մեջ, մտածում են, որ ուսյալներին չեն կարող հնազանդության մեջ պահել, որպես իրանց սովորությունն է: Ուրիշ ոչինչ չէ մնում նրանց, բացի արքունական ծառայությունից, բացի վարժապետությունից մանր դպրոցներում, կամ անգործ թափառելուց: Դրանք լինում են ավելի փառասերներ, քան համալսարանականները, ստոր պարապմունքների «լայաղ» չեն անում: Դեղին կոճակները և մունդիրը սաստիկ հրապուրում են նրանց:
Հիմա մտնենք մտավորական աշխարհը, տեսնենք, ինչ են շինում գրողները, ուսուցիչները, արտիստները, և առհասարակ այն երիտասարդությունը, որ ներկայացնում է Թիֆլիսի մեր ինտելիգենցիան:
Ես մի առանձին բավականություն եմ զգում, երբ այժմ պետք է նկարագրեմ կյանքն այն երիտասարդների, որոնք հանձն առնելով ամեն տեսակ զոհաբերություններ, որոնք համբերելով ամեն տեսակ հալածանքների, պատերազմում են արգելքների դեմ, գործում են, աշխատում են, թեև առանց խրախույս և մխիթարություն գտնելու ամբոխից, բայց դարձյալ լի հավատքով կրկնում են — «ապագան մեզ է պատկանում»: Այդ հույսը լցնում է նրանց սիրտը մի սրբազան հպարտությամբ, և իրանց աղքատության մեջ խիստ զզվանքով նայում են մոտից անցնող բուրժուային, որ փառավոր կառքի մեջ նստած, թնդացնում է Թիֆլիսի փողոցները:
Առանձին ուշադրության արժանի է այն երիտասարդությունը, որ պտտվում է այս և այն խմբագրատան շուրջը: Դրանք կազմում են տարբեր շրջաններ, որ որոշվում են իրանց հատուկ ավանդություններով: Ես ոչ մի լրագրի ուղղությունը, լավ կամ վատ կողմերը քննադատելու նպատակ չունեմ: Ես պիտի վեր առնեմ գործիչներին միայն:
Յուրաքանչյուր սերնդի համար թանկ է ժամանակի մի որոշ շրջանը: Ես երբեք մոռանալ չեմ կարող 72 թվականը, երբ սկսվեցավ հրատարակվել «Մշակ» լրագիրը: Ի՞նչ կյանք էր տիրում այն ժամանակ Թիֆլիսում, ի՞նչ դրության մեջ էր գավառների վիճակը: Ամեն տեղ տիրում էր մի տեսակ անշարժություն, մի տեսակ թմրություն, մի տեսակ մեռելություն: Հանկարծ, կարծես մի դյութական գավազանի հարվածքից, զարթեցավ կյանքը: Ոչ ոք չէր հավատում, թե այսպես կարող էր լինել: Հավատում էր միայն երիտասարդների մի փոքրիկ խումբ: Ես հիշում եմ այն գեղեցիկ տարիները, այն հրաշալի գիշերները, երբ այդ խումբը հավաքված խմբագրատան մեջ, կարդում էին, ծխում էին և վիճում էին: Մեզանից շատերը հագներին շապիկ չունեին, մտնում էին այնտեղ բոլորովին պատառոտած կոշիկներով, այսուամենայնիվ, մենք ամենքս էլ ֆատալիստի հուսով հավատում էինք, թե կտիրապետենք մի մեծ ապագայի:
Սկզբում այս լրագրի շուրջը խմբվեցավ համալսարանական դիպլոմավոր երիտասարդությունը: Բայց նրանք շուտով ցրվեցան. կարծես թե, գործը խորթ թվեցավ իրանց: Նրանք չհավատացին այս լրագրի ճակատագրին: Մնացին դիպլոմից զուրկ ինքնուսներս — ինքնակրթությամբ զարգացած մանկտին — անաջողությունների տակ ճնշված, ամեն տեղից հալածված, բայց դարձյալ իր վեհությունը պահպանած մանկտին: Ահա այդ ուժերը իրանց ուսերի վրա բարձրացրին «Մշակի» դրոշակը:
Հին «Մեղուն» այն ժամանակ նմանվում էր մի մաշված և ջարդված սայլակի, որին ճռնչելով քաշ է տալիս մի ուժաթափ ձի: Սայլավարը բոլորովին հուսահատված, մոլորված, և կես ճանապարհի վրա կանգնած, մտածում էր. «հիմա դեպի ո՞ր կողմը քշեմ»: «Մշակից» բաժանված խումբն այս դրության մեջ գտավ մաշված սայլակը: Նրան նորոգեցին, կարկատեցին և սկսեցին միևնույն ճանապարհով առաջ քշել...
Երիտասարդության աշխատանքը սուրբ է ինձ համար, որովհետև նոր կյանքի և նոր զորության արտահայտություն է: Ես «Մեղուի» ուղղությունը քննադատելու նպատակ չունեմ. այստեղ նույնպես գործում են մանուկ ուժեր: Բայց պետք էր ի նկատի առնել այն մեծ վերանորոգիչի խրատը, թե «նոր գինին պետք է նոր տիկի մեջ ածել. եթե տիկը հին է, կպատռվի, և գինին վիթվելով, կոչնչանա...»:
Թե ինչ կյանք էր տիրում «Մեղուի» խմբագրատան մեջ` այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նրա շրջանի մեջ երբեք չեմ գտնվել: Բայց այսքանը հայտնի է, որ «Մեղուին» շրջապատում էր համալսարանական և ապրուստի կողմից փոքր ի շատե ապահովված երիտասարդությունը, որոնք չէին կրում կյանքի այն դաժանությունները, որոնց դեմ ստիպված էին պատերազմել «Մշակի» աշխատակիցները:
Եվ այսպես, համալսարանականները հեռանալով «Մշակից»` ասպարեզը մնաց ինքնուսներին: Այդ լրագրի խմբագիրը խիստ ճիշտ համեմատություն արեց, թե նա թողեց դպիրներին և փարիսեցիներին, և իրան շրջապատեց հասարակ ձկնորսներով — ժողովրդի չփչացած զավակներով: Բայց պետք էր ցույց տալ հասարակությանը, թե այդ դիպլոմից զուրկ ուժերով կարելի էր կազմել մի նոր շկոլա: Գործիչների առաջ դրած էին ահագին դժվարություններ ահագին պատրաստականությունների հետ: Հողը միանգամայն խոպանացած էր: Աշխատանքի բաժանություն չկար: Ուզում եմ ասել, չկային ուրիշ օրգաններ, որոնց յուրաքանչյուրը հանձն առնելով մշակության մի ճյուղը, սկսեին աշխատել: «Մեղուն» խիստ ծույլ գործակից էր, նոր բան արդյունաբերել չէր սիրում, իսկ «Արարատի», «Հայկական Աշխարհի» և «Դպրոցի» մասին խոսելն անգամ ավելորդ է: Բայց հասարակությունը մտավոր սնունդ էր պահանջում: Եվ այս պատճառով «Մշակը» ստիպված էր իր թերթերը բեռնավորել ամեն տեսակ նյութերով: Պուբլիցիստիկան և բելետրիստիկան ձեռք ձեռքի տված էին ընթանում: Վիպասանը նկարում էր պատկերներ ժողովրդի կյանքից, ցույց տալով նրա տգեղ այլանդակությունները: Տնտեսագետը հարվածում էր անխիղճ վաշխառուի և հարստահարիչ կապիտալիստի հարաբերությունները մշակ դասի հետ: Մորալիստը խորտակում էր այն սև նախապաշարմունքները, որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա, և մատուցանում էր բարոյական նոր սնունդ: Առողջ խոսքը բխում էր կենդանի աղբյուրից և տարածում էր դեպի ամեն կողմ նոր մտքեր: Կրիտիկական ոգին գործում էր իր անխնա անգթությամբ: Նա միանում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, արհեստավորի գործարանը, ծառայողի ատյանը, գյուղացու խրճիթը, մեծատան սալոնը, վարժապետի դպրոցը, կղերի մենարանը — մի խոսքով, կյանքի բոլոր ծալքերում պտտվում էր նա, և խավարի միջից դուրս էր քաշում ինչ որ անարժան էր: Այդ բոլորը գործվում էր այն շկոլայի մեջ, որ հիմնեց «Մշակը», ուր երիտասարդությունը ուսանում էր և ուսուցանում էր:
Ես երբեք չեմ կարող մոռանալ այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ: Եթե ես ունեցել եմ իմ կյանքում մի քանի ոսկի րոպեներ — դրանք պատկանում են այն ժամանակին: Ժողովների մեջ ոգևորված և բորբոքված վիճաբանությունները տևում էին շատ անգամ մինչև գիշերվա ժամի երկուսը: Փոքրիկ, բոլոր նյութական միջոցներից զուրկ, բայց բարոյապես հարուստ խումբը ծրագրում էր հսկայական պրոեքտներ: Այդ դոնքիշոտությունը, երևակայության այդ տենդագին բորբոքումը, թեև մասամբ ծիծաղելի էր, բայց գեղեցիկ էր, որպես մանուկի ժպիտը, որ արտահայտություն է նոր սկսվող կյանքի: Իդեաների խորին արբեցության մեջ, ամեն մի երիտասարդ մոռանում էր իր վիճակի դաժանությունը, և մտածում էր, վիճում էր հասարակաց բարօրության մասին: Կես-գիշերից հետո նիստը վերջանում էր: Խումբը ցրիվ էր գալիս բուլվարների վրա, երբ բոլոր հյուրանոցները փակված էին լինում: Բայց դարձյալ խուլ և անապատացած փողոցների մեջ շարունակվում էր ընդհատված վիճաբանությունը: Այն ժամին, երբ բախտավոր թիֆլիսեցին հանգստանում էր իր փառավոր քնարանի մեջ, մեր կիսամերկ շրջմոլիկները, Գոլովինսկի պրոսպեկտի սալերը դղրդելով, քննադատում էին մի նշանավոր հասարակական հարց: Ձյունը, անձրևը, սառը քամին չէր քշում նրանց դեպի իրանց ողորմելի բնակարանները, այլ ավելի զովացնում էր և ավելի կազդուրում էր տաքացած գլուխները: Նրանք բաժանվում էին միմյանցից, երբ զարկում էր առավոտյան զանգակը. այն ժամանակ գնում էին հանգստանալու, որ մյուս օրը նոր ուժով սկսեն աշխատել:
Եթե ընդունենք այն ընդհանուր պայմանը, թե յուրաքանչյուր 25 տարուց հետո ամեն մի երկրի երիտասարդությունը փոխվում է, այն ժամանակ 58 և 72 թվականները խորհրդավոր նշանակություն կստանան մեզ համար: Երկու որոշ ժամանակամիջոցներ ներկայացնում են երկու որոշ երիտասարդություն, մեկը իդեալական, մյուսը ռեալական: Առաջինը ծնունդ է «Հյուսիսափայլի», իսկ երկրորդը ծնունդ է «Մշակի»: Ես հիշում եմ երկու պերիոդներն ևս, որովհետև երկուսի մեջ էլ գործել եմ. «Հյուսիսափայլի» ժամանակ հայտնվեցան բանաստեղծներ, իսկ «Մշակի» ժամանակ պուբլիցիստներ: Բացառությունները շատ աննշան են: Եթե վեր առնենք մեր այժմյան փոքր ի շատե աչքի ընկնող, կամ մանր-մունր գրողներին, կտեսնենք, որ բոլորը «Հյուսիսափայլի» ժամանակից մնացորդներ են: Նոր տաղանդներ չհայտնվեցան: Եվ այս պատճառով, թեև լրագրությունը ծաղկեց «Մշակից» հետո, բայց գրականության դաշտը մնաց անապատ:
Հիշյալ երևույթի պատճառը կարելի է հեշտ կերպով բացատրել: Անհերքելի է, որ մեր մտավոր զարգացման և ռուսների մեջ կա մի ներքին կապ: 40-60 թվականները տվեցին Ռուսաստանին իր ամենաերևելի գրողներին: Նրանից հետո տիրեց թմրությունը: Նույնը պատահեց և մեզ հետ: Համարյա միևնույն ժամանակներում լույս տեսավ «Հյուսիսափայլը» և ներկայացրեց մի ամբողջ շարք գրողների: Իսկ նրանից հետո նոր քանքարներ չհայտնվեցան:
Երբ հսկաներ չեն հայտնվում, ասպարեզը մնում է գաճաճներին: Ծիծաղելի էր տեսնել, որ վերջին տարիներում յուրաքանչյուր համբակ ձգտում էր բանաստեղծ և մատենագիր լինել: Խիստ կրիտիկայի բացակայությունն ավելի լրացրեց այդ խենթերին: Չպատրաստված և անտաղանդ գրողներն ավելի անհամեստ և ավելի հանդուգն են լինում: Կարելի է իսկույն նկատել, թե որպես քիթը վեր քաշած և որպես հպարտությամբ Թիֆլիսի փողոցներով անցնում է մի իմաստակ, որի մի քանի նամակները տպվել էին այս և այն լրագրում, կամ հրատարակել էր մի հիմար բրոշյուր: Վիկտոր Հյուգոն իր փառքի բարձրության վրա ավելի համեստ է, քան թե այս տեսակ խենթերը: Առհասարակ ամեն ազգի մեջ սկզբում հայտնվում են խոշոր տաղանդներ և ձգում են իրանց ետևից բազմաթիվ հետևողների: Իսկ մեր մեջ մի Աբովյան հայտնվեցավ, որի գիրքը, թեև տենդենցիայով հարուստ, բայց լեզվի կողմից ճապաղ, և գեղարվեստական արժանավորություններից թույլ մի ստեղծագործություն է: Այդ հեղինակությունն ունեցավ մի քանի անշնորհք հետևողներ: Ես հարկ չեմ համարում ցույց տալ օրինակները:
Բայց պետք է արտաքին հանգամանքները նույնպես նպաստեին նոր գրողների հայտնվելուն: Առհասարակ գրականական երիտասարդությունն աղքատ է լինում: Քաղցածությունը, թեև մի կողմից զորություն է տալիս տաղանդին, բայց մյուս կողմից կարող է սպանել նրան: Ոչ բոլոր բնավորությունները լինում են տոկուն: Թեև պատահում են ճշմարիտ երկաթի բնավորություններ: Ես ճանաչում եմ մեկին, որ ամեն տարի գրում է մի կամ երկու վեպ և համառությամբ փակում է իր գրասեղանի արկղիկի մեջ: Բայց նա շատ անգամ օրական ծխելու պապիրոսի փող չունի: Մի օրինավոր ամսագիր կարող էր նպաստել նոր ծնվող ուժերի զարգանալուն: Եվ այս պատճառով «Փորձի» հրատարակությունը սկզբում ուրախությամբ ողջունվեցավ մեր ամենի կողմից, մանավանդ, որ այդ ամսագրի խմբագիրն առաջին օրինակը եղավ, որ սկսեց վարձատրել իր աշխատակիցներին: Բայց սպասված հույսը չպսակվեցավ: Որովհետև «Փորձի» խմբագրատան մեջ հավաքվեցան միևնույն հին ուժերը — թարգմանիչները, կոմպիլատորները, արխիոլոգները, մաշված թեմաները նորից ծամծմող վիպասանները, ավերակների արձանագրություններ արտագրող և գերեզմանատների մեջ թափառող, բայց կենդանի մարդիկ չտեսնող ճանապարհորդները, իսկ ինքնուրույն բաներ գրողները, կենդանի նյութերի մասին գրողները խիստ սակավ մտան այդ ամսագրի խմբագրատան մեջ: Եվ այս է պատճառը, որ «Փորձը» ներկայացնում է կատարելապես Մասիսյանի խանութը, այսինքն` մի մագազին, ուր վաճառվում են գլխավորապես մաշված հնոտիներ մի քանի թարմ ապրանքների հետ: Կարծես թե, այս ամսագիրը մի ապսպրած (заказной) հրատարակություն լիներ, որի ուղղությանը, երևի, ինքը խմբագիրն էլ չէ հավատում...
Ես ցույց տվեցի Թիֆլիսի մեր ինտելիգենցիային պատկանող երիտասարդության երեք զանազան խմբերը, որոնք շրջապատում են երեք հիմնարկությունների` «Մշակի», «Մեղուի» և «Փորձի» խմբագրատները: Դրանք ձևացնում են երեք տարբեր կուսակցություններ, որոնց դիտավորությունն իսկապես միևնույնն է, բայց զանազանությունը նրա մեջն է միայն, որ յուրաքանչյուրը այլ և այլ ճանապարհով, այլ և այլ ուղղությամբ է դիմում իր նպատակին: Իսկ ո՞ր ճանապարհն ավելի ուղիղ է, ո՞րն ավելի շուտ կհասցնե — այդ ցույց կտա մերձավոր ապագան: Այսուամենայնիվ, այդ երեք խմբերը, լավ թե վատ, գործում են, աշխատում են, և այդ իսկ պատճառով հարգելի են:
Բայց կա մի ուրիշ խումբ ևս, որ հիշյալ երեք կուսակցություններից ոչ մեկին չէ պատկանում: Այդ խումբը ոչինչ չէ շինում, միայն մեջտեղում անգործ պտտվում է, խոսում է, բամբասում է, զևզեկություններ է անում և ինտրիգաներ է սարքում: Ում պատահել է կարդալ Ալֆոնս Դոդեի վերջին րոմանը, (Jacques), խիստ ճիշտ գաղափար կարող է ստանալ հիշյալ խմբի մասին: Այդ րոմանի մեջ կա մի տիպ Դարժանտոն անունով, որն իրան երևակայում է երևելի բանաստեղծ: Նրա գլխում լցված են հարյուրավոր գրքերի վերնագրներ, որոնց նա մի ժամանակ պետք է գրե: Միայն սպասում է իր մուզային, սպասում է ոգևորության: Այդ ոգևորությունը նրա կարծիքով կարող է տիրել իրան, երբ ինքը կբնակվի մի շքեղ տան մեջ, շրջապատված գեղեցիկ պարտեզով և ծաղիկներով, նազելի սիրուհու կողքին, և աչքի առջև կունենա բնության հրաշալի տեսարանները: Այդ բոլորը սարքում է նա, բայց մուզան դարձյալ չէ հայտնվում: Նրա իդեաները, նրա սյուժետները գողանում են: Լույս է տեսնում մի գիրք, մի հոդված, Դարժանտոնը բարկանում է, թե դա գրականական գողություն է, թե այն նյութն ինքը վաղուց գլխումը ուներ և մտածում էր գրել: Դարժանտոնը շրջապատել է իրան մի քանի անաջողակներով (неудачники), որոնք նույնպես մեծ կարծիք ունեն իրանց հանճարի վրա, և ճաշեր են ուտում բանաստեղծի մոտ, շողոքորթում են նրա տաղանդը, և վճռում են ամբողջ մարդկության ճակատագիրը: Վերջապես, Դարժանտոնը մտածում է մի թերթ հրատարակել և միանգամով ոչնչացնել Փարիզի բոլոր պարբերական հրատարակությունները: Նրա բարեկամ անաջողակները խոստանում են աշխատակցել և միլիոններ վաստակելու հաշիվ են տեսնում: Դարժանտոնը մի տեղից փող է գտնում և սկսում է հրատարակությունը: Խմբագրատան հիմնական դրամագլուխը մտնում է նրա անաջողակ աշխատակիցների քսակը, իսկ ինքը ստանում է երկու բաժանորդներ միայն, մեկն` իր սիրուհին, մյուսն` իր սիրուհու նախկին սիրողը: Դարժանտոնն այսքանը գոնե կատարեց, բայց Թիֆլիսի մեր Դարժանտոնները դեռ մտածում են...
Ամեն մի պերիոդ երիտասարդության կյանքի նշանավոր է լինում մի առանձին գործունեությամբ: Մեր գրական երիտասարդությունն այժմ զոհաբերության պերիոդի մեջն է գտնվում: Եվ այս պատճառով մեր բոլոր կրթողական հիմնարկությունները, որպես են` լրագիր, ամսագիր, թատրոն, դպրոց, և այլն, պահպանվում են զոհաբերություններով:
Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:
Մինչդեռ ուրիշ ազգերի մեջ լրագրապետները հարստանում են, և աշխատակիցներն ահագին փողեր են ստանում, մեր խմբագրները ոչ միայն չեն շահվում, այլ իրանց քսակից ամեն տարի մի քանի հազար ռուբլի վնաս են կրում: Այդ մեծ զոհաբերություն է: Ժողովուրդը չէ նպաստում գործին: Ամենահաջողված պարբերական հրատարակությունը հազիվ տարեկան 1000 բաժանորդ է ստանում, իսկ անաջողները` 3-4 հարյուր: Նույնը կարելի է ասել և գրքերի մասին: Ուրիշ ազգերի մեջ մի բանաստեղծ մի լավ րոման գրելով, իր ամբողջ կյանքն ապահովացնում է: Իսկ մեր մեջ բախտավոր պետք է համարել հեղինակին, եթե կարողանա տպագրության ծախսը դուրս բերել: Եվ այս պատճառով գրականական ասպարեզը մեր երիտասարդության համար մի փշոտ ասպարեզ է: Նրանց պետք է ժամանակի նահատակներ համարել: Ապագան կգնահատե նրանց, կամ կաստվածացնե, այդ ուրիշ խնդիր է, իսկ ներկան հաց է պահանջում: Իդեալական սերը ոչ ամեն ժամանակ կարող է օժանդակել գրողներին հարատևելու իրանց պարապմունքի մեջ, երբ որ այդ պարապմունքն ապրուստի միջոց չէ տալիս: Այդ պարագաները փոքր պատճառներ չեն, որ մեզանում գրողներ կամ իսպառ չեն հայտնվում, կամ եղածներն առաջադիմություն չեն գործում:
Մենք չէինք ունենա մեր այժմյան պարբերական հրատարակությունները, եթե նրանց խմբագրները նյութապես ապահովված անձինք չլինեին: Այդ մեծ բախտ է, որ հարուստները ձեռնարկում են այս տեսակ գործերի, և կարող են ամեն տարի մի քանի հազար ռուբլի զոհել իրանց գաղափարին: Բայց մինչև ե՞րբ: Ընդունում են, որ մի ժողովրդի մեջ, որպես մերն է, այս տեսակ ձեռնարկությունները սկզբում պետք է զոհաբերությամբ հիմնված լինեին: Բայց այդ անում է մի ընկերություն, և ոչ մասնավոր անձինք: Այդ կետից նայելով, մեր խմբագիրների աշխատությունը պետք է բոլորովին բացառական երևույթ համարել: Բավական չէ, որ նրանք զոհում են իրանց արծաթը, այլ զոհում են իրանց հանգստությունը, առողջությունը և վերջապես բախտը, գուցե ուրիշ ասպարեզներում նրանք ավելի երջանիկ կլինեին: Ես թեև շատ փոքր ծանոթ եմ մեր խմբագրների մասնավոր կյանքին, բայց դարձյալ գիտեմ, թե ինչ տաժանական աշխատություն են կրում նրանք, գործի մեծ մասն իրանց ձեռքով կատարելով: Խմբագիրը պետք է ինքն ուղղե գավառներից եկած թղթակցությունները և հոդվածները, պետք է շատ անգամ մինչև գիշերվա ժամի 3-ը տպարանում աշխատե, սրբագրե և տուն վերադառնալուց հետո պետք է դարձյալ չքնե, այլ նստած, պետք է մյուս համարի համար հոդվածներ պատրաստե: Առավոտյան 9 ժամին դարձյալ կարելի է տեսնել նրան գրասեղանի մոտ, հասցեներ է գրում, որ նոր դուրս եկած համարը փոստից հետ չմնա: Այդ բոլոր մտավոր և մեքենական աշխատությունները, որ սարսափելի կերպով մաշում են մարդու կյանքը, կատարում են մեր խմբագրները, առանց որևիցե նյութական շահ ունենալու, միայն բարոյապես վարձատրվելու հուսով, որից դարձյալ զրկում է նրանց հասարակությունը: Այլևս չեմ խոսում աշխատակիցների մասին, որոնց զոհաբերությունները նույնպես ոչ սակավ համակրության արժանի են:
Հիմա դառնանք դեպի արտիստական երիտասարդությունը, դեպի թատրոնը:
Ինձ պատահել է կարդալ Թիֆլիսի հայոց բեմի վերաբերությամբ մի թատրոնական ժամանակագրություն միայն, որքան հիշում եմ, նա գործողությունների պատմական մի հավաքածու էր, բայց ոչ երիտասարդ արտիստների կյանքի նկարագիր: Այսուամենայնիվ, այդ աշխատությունն ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց: Անհնարին է երևակայել, թե որքան դժվարությունների դեմ մաքառելով, մեր դերասանները կարողացել են պահպանել հայոց բեմը: Նրանք ստիպված էին պատերազմել ժողովրդի նախապաշարմունքի դեմ, որ դերասանի վրա նայում է որպես մի «օինբազի» վրա, և ոչ որպես կրթության սպասավորի վրա: Նրանք ստիպված էին պատերազմել քաղցածության դեմ, որովհետև այդ արհեստը հաց չէր տալիս: Եվ վերջապես ստիպված էին պատերազմել ուրիշ զանազան ճնշումների դեմ, որոնք մեծ խոչընդոտներ էին դնում գործի առաջադիմությանը: Այդ բոլոր զոհաբերությունների մեջ քաջալերում էր, ոգևորում էր նրանց բեմի գաղափարը: Ինչպես լրագրությունը կամ օրագրությունը սկսվեցավ և հաջողվեցավ միայն սիրողների ձեռքով, այնպես էլ հայոց բեմը պահպանվեցավ սիրողների ջանքերով: Դերասանական խումբ իսկապես մենք չենք ունեցել: Բայց ասելով սիրողներ, պետք չէ հասկանալ պատահական ներկայացնողներ, որոնք մի կամ երկու անգամ զվարճության համար բեմ էին դուրս եկել: Մեր սիրողները մի կազմակերպված խումբ էին և որոշվում էին հասարակ դերասանից նրանով միայն, որ վարձկաններ չէին, այլ բարոյապես համակրում էին բեմի արհեստին: Նրանց առաջնորդում էր բեմի կրթողական նշանակությունը և ոչ անձնական շահը, որ այնքան չնչին էր, մինչ հիշելն անգամ ավելորդ է: Եվ պետք էր երկաթի տոկունություն ունենալ մի այսպիսի գործ երկար տարիներ առաջ տանելու համար: Այս պատճառով, թեև հայտնվեցան տաղանդներ, բայց տվեցին և զոհեր…
Ոչ սակավ ուշադրության արժանի է բեմական գրողների վիճակը: Նրանք գրում էին պիեսներ և միևնույն ժամանակ ստիպված էին պահպանել կամ մի կերպով հովանավորել դերասանների խմբին, որ նրանց ամբողջությունը չխանգարվեր, որպեսզի խաղացվեին իրանց ստեղծագործությունները: Այսպիսի մի աշխատություն հանձն էր առել Մոլիերը, բայց նա շահվում էր իր ձեռնարկությունից: Իսկ մեր հեղինակներն իրանց քսակից ծախսում էին, որ տեսնեն բեմի վրա իրանց նկարած տիպերին: Այդ բավական չէ, նրանք շատ անգամ ռեժիսյորի պաշտոն էին կատարում, տոմսակներ էին ծախում, մի խոսքով, ամեն հնարք գործ էին դնում, որ դերասանները շահվեն: Այդ բոլորն այժմ մեր աչքին խիստ հասարակ բաներ են երևում: Բայց կգան օրեր, երբ վերջապես հայոց բեմական գրողը կստանա հազարներ իր հեղինակության համար: Այն ժամանակ երկու անուններ միշտ անմոռաց կմնան հայոց թատրոնի ժամանակագրության մեջ, թե որպես հիմնողներ, թե որպես պիեսների ստեղծագործող տաղանդներ:
Նույն երևույթները, ինչ որ տեսանք լրագրության, գրականության և թատրոնի մեջ, կտեսնենք նաև դպրոցների վերաբերությամբ: Ռուսաստանի մեր բոլոր նշանավոր դպրոցները, սկսյալ Լազարյան, Ներսեսյան դպրոցներից, մինչև Էջմիածնի ճեմարանը և Ախալցխայի ծխական դպրոցները, հիմնված են կամ մասնավոր անձերի կտակներով, կամ ժողովրդի նվերներով: Դարձյալ զոհաբերություն, դարձյալ սիրողներ: Բայց այդ բոլոր նվիրված հազարավոր ռուբլիներն ինձ այնքան չեն գրավում, որքան գրավում է ինձ օրվա մեջ մի կամ երկու ժամ ձրի դասատվությունը մի երիտասարդի, որ զոհում է նա իր թանկ ժամանակից այս և այն օրիորդաց դպրոցի օգտին: Եթե մեր երիտասարդությունն ունի գովելի հատկություններ, ամենագլխավորներից մեկը այդ է: Տեսնում ես, մի երիտասարդ որևէ ծառայության մեջ, հազիվ քաշ է տալիս իր ապրուստը, կեսօրվա ժամը երկուսին դառնում է տուն, շուտով ճաշում է, և իսկույն վազ է տալիս այս և այն օրիորդաց դպրոցը ձրի դասատվություն անելու: Նա այնքան ճիշտ է, որ մի րոպե հետ չէ մնում իր դասից: Եվ այս տեսակ դպրոցները, որ հիմնվեցան և պահպանվում են երիտասարդների զոհաբերություններով, ամենածաղկյալ դպրոցներն են Թիֆլիսում: Մինչդեռ մյուսների մեջ, ուր վարժապետներին վճարում են, անճշտություններ, անկարգություններ շատ անգամ անպակաս են լինում: Առհասարակ խոսելով, վերջին տասը տարվա ընթացքում մեր երիտասարդությունն ուսման և կրթության վերաբերությամբ հրաշք գործեց: Դպրոցների կազմակերպության մեջ մտան նշանավոր փոփոխություններ: Մանկավարժական նոր ձևեր, նոր եղանակներ, նոր դասագրքեր մուտք գործեցին նրանց մեջ: Իհարկե, այդ բոլորը, որպես առաջին և երկրորդ քայլ, չէր կարող կատարյալ լինել, բայց խոստանում է մեծ ապագա:
Բոլոր այդ գործող երիտասարդությունը, թե լրագրության մեջ, թե գրականության մեջ, թե թատրոնի մեջ և թե դպրոցների մեջ, համարյա միևնույն անձինք են, որ կոչվում են ընդհանուր անունով ազգասերներ, թեև իրանց մեջ մի առանձին սեր չունեն: Դրանք բաժանված են զանազան խմբերի և կուսակցությունների, որոնց յուրաքանչյուրն ունի իր պարագլուխը: Այդ մեծ ցավ չէ, որովհետև այս տեսակ բաժանմունքները կարող են ծնեցնել եռանդ և բարի նախանձ: Բայց ցավալին այն է, որ գործիչների թիվը շատ փոքր է, թեև պետք է մտածել, որ մի բուռն, անձնանվեր երիտասարդներ կարող են կենդանացնել մի ամբողջ աշխարհ:
Ես պահեցի վերջի համար երիտասարդության մի քանի դասեր, որոնք կազմում են հիմնական կապիտալը մեր ժողովրդի ապագա բարօրության: Իմ խոսքը գործակատարների (պրիկազչիկների), արհեստավորների և մշակների մասին է:
Մի փոքրիկ հայացք ձգենք, թե ինչ վիճակի մեջ էր վաճառականությունը Թիֆլիսում 15-20 տարի առաջ: Վաճառականը որոնում էր մթին խորշեր իր ապրանքները ծախելու համար. խանութի նեղ լուսամուտները ծածկում էր նա թափանցիկ կտավով կամ փոքրիկ ապակիները ներկում էր կարմիր գույնով: Խավարի մեջ նրա կարծիքով ավելի լավ էր երևում ապրանքը և ավելի հեշտ կարելի էր խաբել «մուշտարուն»: Պարսկական ճաշակով շինված հին քարվանսարաները բոլորովին համապատասխանում էին վաճառականների այդ կարևորությանը: Հիմա էլ կարելի է տեսնել այն տեսակ խանութներ բաղնիքների կողմի քարվանսարաներում կամ հին բազազխանայում (темный ряд): Յուրաքանչյուր քարվանսարա, որպես կենտրոն մի խումբ վաճառականների, ուներ իր առանձին ուստաբաշին կամ թաջիր բաշին, այսինքն վաճառականների գլխավորին: Նա վճռում էր առևտրականների մեջ ծագած վեճերը, և թե պաշտոնական, թե բարոյական ազդեցություն ուներ նրանց վրա: Վճիռները լինում էին բերանացի, առանց որևիցե ատենագրության: Բայց առաջին վաճառականական դատարանի (коммерческий суд) բացվելուց հետո, որ տևեց միայն մի քանի տարի, թաջիրբաշիների ազդեցությունը թուլացավ, թեև մինչև այսօր հին վաճառականները մի առանձին ափսոսանքով են հիշում վաղեմի դրությունը, ասելով, թե այն ժամանակ ավելի լավ էր, գործերը շուտ էին վճռվում:
Բայց այն օրից, երբ հին քարվանսարաներն իրանց նշանակությունը կորցրին և փողոցների վրա հայտնվեցան եվրոպական ձևով մագազիններ, վաճառականների կյանքի մեջ մի նոր փոփոխություն առաջ եկավ: Ասիական դուքանը եվրոպական մագազին դառնալով, Թիֆլիսի վաճառականն էլ չուխան, արխալուղը և մորթե գդակը փոխեց, սյուրթուկ, ժիլետ հագավ, շլյապա կրեց, և սկսեց եվրոպացու նման առևտուր անել, թեև բուն գործողության մեջ չփոխվեցան վաղեմի ձևերը: Այսուամենայնիվ, դա մի մեծ քայլ էր դեպի առաջադիմություն: Թիֆլիսում մի ժամանակ մատով էին ցույց տալիս այն վաճառականին, որ մի անգամ ոտքը դուրս էր դրել Ռուսաստանի սահմանից: Իսկ այժմ Փարիզ, Մարսել, Վիեննա, Լայպցիկ, Լոնդոն, Մանչեստեր, Մոսկվա և Նիժնի-Նովգորոդ քաղաքներն այնքան սովորական են դարձել թիֆլիսեցու համար, որպես Մուշտեիդի այգին: Եվ այդ փոփոխությունները եղան զարմանալի արագությամբ, մի 10-15 տարվա ընթացքում:
Բայց հին սովորությունները, որպես հիշեցի, իսպառ չկորցրին իրանց հետքերը: Ես չեմ խոսում վաճառականների թեթև բարոյականության, անկանոն հաշվապահության և ուրիշ անկարգությունների մասին: Միայն կասեմ, ինչ որ վերաբերում է երիտասարդ գործակատարներին: Առհասարակ թիֆլիսեցի վաճառականը խիստ դժվարությամբ է ընդունում իր խանութում մի արդեն վարժված և պատրաստված գործակատարի (պրիկազչիկ), որ թողել էր իր ծառայությունը և ուրիշ տեղ էր որոնում: Այսպիսիներին շատ չեն հավատում. «Եթե լավ լիներ, իր խազեինը ձեռքից բաց չէր թողնի», մտածում են նրանք: Եվ այս պատճառով մեր առևտրական աշխարհում չկա գործակատարների մի առանձին դաս, որ ազատ լինեին իրանց գործունեության մեջ և ցանկացած մարդու մոտ ծառայություն ընդունեին: Համարյա բոլոր խանութներում դեռ պահպանվում է հին սովորությունը, վեր առնել փոքրիկ աշակերտներ, որոնք սովորելով, վերջը գործակատարներ են դառնում: Դժվար է նկարագրել, թե որքան տանջանքների պետք է համբերե ողորմելի աշակերտը և որքան տարիներ պետք է ձրի ծառայե, մինչև կարողանա գործակատարության աստիճանի հասնել: Դա մի ամբողջ կուրս է, որ նա պետք է անց կենա սարսափելի տոկունությամբ: Առհասարակ այսպես է լինում, աշակերտությունից նա դառնում է իր «խազեինի» գործակատարը, ռոճիկ է ստանում, հետո փոքրիկ գումարի տեր դառնալով, իր համար առանձին առևտուր է սկսում: Թիֆլիսի բոլոր նշանավոր վաճառականները սկսել են աշակերտությունից: Նրանք առաջ եղել են աղքատ աշակերտներ:
Խանութի աշակերտն ամբողջ օրը մեքենայի նման պտտվում է, մի րոպե հանգստություն չունի, նստել չէ կարող, ուտում է ոտքի վրա: Երբեմն նրան կտեսնեք խանութից դուրս, քաշված մի անկյունում, նիրհում է: Որքան քաղցր են հանգստության այն մի քանի րոպեները, որ նա գողանում է իր վարպետի զգույշ հսկողությունից: Ծանր ապտակը զարթեցնում է նրան, և նա արտասուքը սրբելով, կրկին ներս է վազում աշխատելու: Աշակերտն ավելի բախտավոր կլիներ, եթե չստիպեին կատարել, բացի խանութից, և «խազեինի» տան սպասավորությունները: Աղջիկ պարոնի ապսպրանքները սաստիկ հոգնեցնում են նրան: Կիրակի օրերը նա ազատ է: Այսօր գործում է իր համար: «Русский базар» կոչված տոնավաճառանոցում փոքրիկ աշակերտը ծախում է զանազան իրեղեններ: Նա ընկերացել է իր նման մի ուրիշ աշակերտի հետ, և տարվա ընթացքում խնայած կոպեկներով, որ գումարվել էր նրանց ստացած «շագիրդանաներից», կազմել են մի փոքրիկ կապիտալ: Սեղանի վրա դարսած է նրանց վաճառքը — զանազան տեսակ սապոններ, սանրեր, թաշկինակներ, գուլպաներ, և ուրիշ այս տեսակ իրեղեններ: Աղմկալի ձայներով գնողներ են հրավիրում և վաճառում են: Այդ հիմքն է նրանց ապագա մեծ գործունեության:
Որպես խանութի մեջ ոտքի վրա սովորում է աշակերտն առևտուրի եղանակները, որպես ծանոթանում է ապրանքների հետ, այնպես էլ ոտքի վրա ծանոթանում է նա տառերի հետ և սովորում է գրել-կարդալ: Նրա վարժապետը լինում է իրանից մեծ աշակերտը: Տառերի գործածության մեջ, իհարկե, հետզհետե վարժվում է նա, բայց դարձյալ մնում է անգրագետ: Բացառություն պետք է համարել այն աշակերտները, որոնք որևիցե ծխական դպրոցում ավարտելուց հետո խանութ մտնեին: Մեծամասնության շկոլան լինում է խանութը. այստեղ ստանում են նրանք իրանց մտավոր և բարոյական կրթությունը, որ շատ նախանձելի չէ կարելի համարել: Մեծ բարերարություն կլիներ վաճառականական մանուկ սերնդին, եթե նրանց համար կկազմվեին առանձին լսարաններ, ուր շաբաթը մի կամ երկու անգամ հաճախելով, նրանք կսովորեին լեզուներ, և կվարժվեին գրագիտության մեջ:
Աշակերտը 10-12 տարեկան հասակում մտնելով մի խանութ, հազիվ թե 7 տարուց հետո դառնում է գործակատար: Երբ նրան ամեն կողմից հավատարիմ են գտնում, այնուհետև հանձնում են գործեր, և երբեմն ուրիշ քաղաքներ են ուղարկում ապրանքներ գնելու համար: Բայց հավատարմությունը վաճառականների կարծիքով պետք է ուրիշ մտքով հասկանալ: Այն գործակատարը հավատարիմ էր, որ կատարում էր իր «խազեինի» բոլոր պատվերները, թեև նրանք շատ հեռու լինեին բարոյական հատկություններից: Բայց ինչ որ հետաքրքրական է գործակատարների ձգտումների մեջ, դա է նրանց սաստիկ ցանկությունն ազատ լինել և իր համար առանձին գործ սկսել: Նրանք խիստ ուշ են ամուսնանում, սպասում են մինչև խանութի տեր դառնային, փող վաստակեին, որ լավ աղջկա հետ պսակվեին: Ուզում եմ ասել, որ հարուստ աղջիկ առնեին:
Գործակատարների կյանքը սաստիկ անվայելուչ կողմեր է ներկայացնում: Ցերեկը նրանք խանութից հեռանալ չեն կարող, առավոտյան ժամը ութից մինչև գիշերվա ժամը 12-ը զբաղված են մուշտարիներով: Կերակրվում են աղայի սեղանի փշրանքներով, որ բերել էին նրա համար տնից: Բայց մանուկ սիրտը զվարճություն է պահանջում, և գիշերը նրանք չգիտեն, թե ինչպես պետք էր անցկացնել: Գործակատարների կլուբը դեռ նոր է բացվել. դա կարող էր ազատել նրանց քաղաքի անարգ փողոցներում թափառելուց կամ Մուշտեիդի այգիում փողեր ծախսելուց: Կաֆե, ռեստորան. այսպիսի տեղեր չեն մտնում նրանք, որ աչքի չերևային, որ իրանց կեղծ համեստության վերաբերությամբ «խազեինի» մոտ իրանց վարկը չկոտրեին: Պտրում են մթին և անհայտ տեղեր, ուր կարելի էր ազատ կերպով քեֆ անել: Համարյա բոլոր փոքր ի շատե մեծ առևտրական տների գործակատարները ծածուկ սիրուհիներ են պահում, որոնց համար վարձում են առանձին սենյակներ, և նրանց ապրուստի համար նշանակում են ամսական ռոճիկ, երբեմն ավելի, քան թե իրանք էին ստանում: Որպես գործակատարները կողոպտում են իրանց «խազեիններին», այնպես էլ կողոպտում են նրանց ռուս կամ վրացի սիրուհիները:
Առհասարակ գործակատարների մտավոր զարգացման մակերևույթը խիստ ցած աստիճանի վրա է կանգնած: Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որ հետաքրքրվում էին գրականությամբ, լրագիր էին կարդում, և երբեմն գրում էին լրագրական հոդվածներ: Այսպիսիները նրանք են լինում, որ գոնե որևիցե դպրոցում եղել էին: Մնացածները, որպես սխալներով գրում են և խոսում են իրանց մայրենի լեզվով, այնպես էլ սխալներով գրում են ու խոսում են բոլոր լեզուներով, որ ծանոթ էին նրանց: Այնուամենայնիվ, այդ անուսներին պետք է փիլիսոփա համարել, իրանց «խազեինների» հետ համեմատելով, որոնք իրանց անունը հազիվ թե կարող են ստորագրել: Թիֆլիսի վաճառականների մեջ առաջ գործ էր ածվում վրաց լեզուն և գրագիտությունը, իսկ այժմ սովորական է դառնում ռուսաց լեզուն: Խիստ սակավ խանութներ կարելի է գտնել, որոնց մեջ հաշվապահությունը և գրագրությունները լինեին հայոց լեզվով: Դա Թիֆլիսի վաճառականների աններելի թերություններից մեկն է: Այժմյան գործակատարները, որ ապագայի վաճառականները պետք է լինեն, ամենևին հակումն չեն ցույց տալիս մայրենի լեզվի և գրության մտցնելուն առևտրական գործերի մեջ: Նրանք խոսում են մուշտարիների հետ այն լեզվով, ինչ ազգության որ պատկանում են — ռուսի հետ` ռուսերեն, վրացու հետ` վրացերեն, և մինչև անգամ վայրենի օսի, լեզգու, չերքեզի և կոպիտ թարաքամայի հետ նրանց լեզուներով, բայց ոչ երբեք հայերեն: Գործակատարները երբեք չեն փոխում իրենց վարպետին, որի մոտ սկզբից աշակերտել էին, և այս պատճառով նրանց առևտրական գիտությունը մնում է միակողմանի: Ինչ տեսակ ապրանքներ էր ծախում վարպետը, նույն տեսակ ապրանքների խանութ է բաց անում իր համար և գործակատարը, եթե մի օր կհաջողվեր նրան առանձին առևտուր սկսել: Ոմանք նրանցից պսակվում են «խազեինի» աղջկա կամ մոտ ազգականի հետ, ոմանք վերջն ընկերանում են նրա հետ: Առհասարակ մեր վաճառականներն օգնում են իրանց հավատարիմ գործակատարներին, և ցանկանում են, որ նրանք փողի տեր լինեին: Բայց գործակատարն այս համակրությանն արժանանում է երկար տարիների դառն աշխատություններից հետո:
Դառնում եմ դեպի արհեստավորները:
Արհեստավորների դասը Թիֆլիսում դեռ պահպանել է իր կազմակերպության վաղեմի ձևերը: Բոլոր արհեստավորները, նայելով իրանց պարապմունքի տեսակին, բաժանված են զանազան դասակարգերի, որոնք ընդհանուր անունով կոչվում են «համքյար»99: Օրինակ, դերձակները, կոշկակարները, հյուսները, դարբինները, ոսկերիչները և այլն, առանձին առանձին «համքյարներ» են ներկայացնում: Յուրաքանչյուր «համքյար» ունի իր «ուստաբաշին», այսինքն` վարպետների գլխավորին, որին հարգում են, որի հեղինակությանը հնազանդում են, որի մի խոսքը վճռում է արհեստավորների մեջ պատահած վեճերը: Յուրաքանչյուր «համքյար» ունի այլև իր առանձին դրոշը, հանդիսավոր օրերում նրանք հավաքվում են այդ դրոշի ներքո և որոշվում են մյուս «համքյարներից» իրանց գլխարկների գույներով: Դրոշակների վրա նկարված է սովորաբար այս և այն սրբի պատկերը, որի պաշտպանությունը վայելում է «համքյարը»:
Թիֆլիսում «համքյարները» հիշյալ կազմակերպությունը պահպանել էին դեռևս 15-20 տարի առաջ: Բայց այն օրից, երբ արհեստավորների համար հիմնվեցավ առանձին դատարան (ремесленная управа) ուստաբաշիներն իրանց նշանակությունը կորցրին, և այժմ համքյարների համարյա անունն է մնացել:
Մեր արհեստավորները միևնույն կերպով են պատրաստվում, որպես մեր վաճառականները: Արհեստ սովորել ցանկացող տղան մանկությունից որպես աշակերտ մտնում է մի վարպետի մոտ, զանազանությունը նրա մեջն է միայն, որ վաճառականն իր աշակերտի համար ժամանակ չէ որոշում, իսկ արհեստավորն ընդունում է աշակերտին մի քանի տարվա պայմանով: Վարպետը միշտ աչքի առջև է ունենում մի հաշիվ. եթե աշակերտը, օրինակ, 3 տարվա մեջ կսովորի արհեստը, նա 7 տարվա պայմանով է ընդունում աշակերտին, որ սովորելուց հետո մի 4 տարի էլ իրան ձրի ծառայե որպես վարձատրություն: Արհեստավորներն իրանց աշակերտների հետ ավելի վատ են վարվում, քան թե վաճառականները: Եթե վաճառականը երկաթե արշինով է ծեծում, արհեստավորները ծեծում են ուրագով, ահագին մկրատով, մուրճով և այլն: Աշակերտի մտավոր զարգացումը մնում է խիստ սահմանափակ, միօրինակ մեքենական աշխատությունը զորացնում է մկնակները միայն, իսկ ուղեղով նա բթանում է, հիմարանում է և վերջապես ապուշ է դառնում: Հազիվ կարելի է գտնել արհեստավորների աշակերտների մեջ այնպիսիներին, որ գրել կարդալ գիտենային: Նրանք չեն սովորում կարդալ, որպես սովորում է վաճառականի աշակերտը, որովհետև մեր արհեստավորները դեռևս շատ պետք չեն զգում գրելու մեջ: Նրանք շատ բաղադրյալ առևտուր չունեն և հաշիվները պահում են իրանց գլխում: Այն արհեստավորները, որ եվրոպական ձևեր են ընդունել, պետք է բացառություն համարել: Նրանց խանութներում հաշիվներ պահվում են:
Աշակերտը արհեստը փոքր ի շատե սովորելուց հետո դառնում է «քյարգյար» (подмастер): Եթե նա պայմանը լրացնելով ցանկանում է շարունակել վարպետի մոտ իր աշխատությունը, ռոճիկ է ստանում: Բայց ըստ մեծի մասին թողնում են վարպետի խանութը և իրանց համար առանձին արհեստանոց են բաց անում: Հին ժամանակներում, այսինքն երբ «համքյարները» դեռ պահպանել էին իրանց օրենքները, ավանդությունները և սովորություններն, ամեն մի աշակերտ արհեստը սովորելուց հետո, առանց ձեռնադրության, իրավունք չուներ առանձին արհեստանոց բաց անել և իր համար գործ սկսել: Նա պետք է առաջ օրհնվեր և արհեստավորների կարգի մեջ մտներ: Այս ծեսը կատարվում էր սովորաբար հետևյալ կերպով: Նորընծա արհեստավորը ճաշ էր պատրաստում և հրավիրում էր «համքյարի» նշանավոր վարպետներին. այնտեղ գտնվում էր և «համքյարի» գլխավորը — «ուստաբաշին»: Ճաշելուց հետո նորավարտ արհեստավորը ներկայացնում էր վարպետների ժողովին իր մի ձեռագործը. երբ նա հավանություն էր գտնում, և երբ վարպետները վկայություն էին տալիս նրա հմտության մասին, այնուհետև վարպետների գլխավորը կատարում էր օրհնության կարգը: Եթե օրինակ, արհեստավորը պետք է դարբին լիներ, վարպետների գլխավորը վեր էր առնում մի մուրճ, օրհնում էր և տալիս էր նրա ձեռքը: Եվ նրանից մի քանի խոստումներ առնելով, որ չխաբե, սուտ չխոսի, որ հավատարիմ մնա «համքյարի» դրոշին և այլն, հետո նա կարդում էր արհեստավորի գլխին մի քանի ինքնաձև օրհնություններ և երեսին զարկում էր մի ապտակ: Դրանով օրհնությունը վերջանում էր և երիտասարդ արհեստավորը «ուստա» էր դառնում, և իրավունք էր ստանում այնուհետև «համքյարի» անդամ համարվել, և իր համար առանձին արհեստանոց բաց անել: Այդ ծեսը հիշեցնում է միջնադարյան ասպետներին, թե որպես նրանք օրհնվում էին և որպես այս ու այն ասպետական կարգի մեջ էին մտնում: Բայց արհեստավորների վերաբերությամբ այս տեսակ սովորությունները հետաքրքիր են և այն կողմից, որ ցույց են տալիս, թե մեր նախնիքը որքան մեծ նշանակություն են տվել արհեստին, և որքան հոգ են տարել նրան միշտ ծաղկյալ վիճակի մեջ պահելու համար: Այդ իհարկե իր ժամանակում ուներ իր նշանակությունը, իսկ այժմ պայմանները փոխվել են: Այսուամենայնիվ, դեռևս իրանց նահապետական դրությամբ մնացած արհեստավորների մեջ կարելի է և այսօր տեսնել վերոհիշյալ սովորությունները:
Առհասարակ խոսելով, արհեստավորների կյանքում նույն փոփոխությունն է նկատվում, ինչ որ տեսանք վաճառականների մեջ: Ով որ հետաքրքրությամբ ուշադրություն է դարձրել Հայկական բազար (Միջին փողոց) կոչված թաղում արհեստավորների վրա, անպատճառ տեսած կլինի, որ այստեղ արհեստավորների յուրաքանչյուր դասակարգը միմյանցից բաժանված, առանձին-առանձին խմբեր են կազմում, որ զետեղված էին զանազան շարք խանութների մեջ: Մի փողոցի վրա գործում են ոսկերիչները, մյուսի վրա` մուշտակակարները (ճոները), մի այլ տեղ` զինագործները, մի ուրիշ շարքում կոշկակարները և սառաջները, հետո պղնձագործները, դերձակները, հյուսները, և այլն: Դրանք զանազան «համքյարների» ներկայացուցիչներ են, որոնց ամեն մի խումբը կենտրոնանալով իր համարվեստների շրջանի մեջ, գործում են միասին, և ուրիշների հետ չեն խառնվում: Այդ քաստայական դրությունը ներկայացնում է արհեստավորների դասակարգության հին ձևը: Այստեղ արհեստը նախնական կերպով ավանդվում է սերնդից սերունդ, խիստ սակավ փոփոխություն միայն կրելով: Բայց երիտասարդ արհեստավորները, որոնք սովորել էին կամ եվրոպացու, կամ մի օտարականի մոտ, և կամ մի այլ երկրում կատարելագործել էին իրանց արհեստը — այսպիսիները չեն մտնում վերոհիշյալ խմբերի մեջ, այլ հեռանալով նրանցից, առանձնանում են, և քաղաքի զանազան փողոցների վրա ահրեստանոցներ են բաց անում: Դրանք արհեստավորների նոր սերնդի ներկայացուցիչներն են, որ մեծ առաջադիմություն են խոստանում: Երիտասարդ արհեստավորները համարյա զուրկ են ամեն տեսակ զվարճություններից: Թիֆլիսում դեռևս չկան այնպիսի հյուրանոցներ և կաֆեներ, որ ժողովրդի միջին դասին մատչելի լինեին: Իսկ արհեստավորների կլուբն այն բարերար ազդեցությունը չունեցավ, որքան սպասվում էր: Համեստ և հասարակական կյանքին դեռ չընտելացած արհեստավորն ավելի շռայլություն սովորեց, երբ տան չորս պատերի մեջ փակված կնոջը հանկարծ դուրս բերելով, սկսեց հաճախել կլուբի, «վեչերները»: Այն ևս պետք չէ մոռանալ, որ կլուբում հաճախում են միայն հասակն առած արհեստավորները, ոչ թե երիտասարդությունը: Այդ վերջինների զվարճությունն այն է, որ երբեմն հավաքվում են միասին և գնում են Օրթաճալա քեֆ են անում, կամ կիրակի օրերը մտնում են մի գինետուն և մի չարեք գինի ոտքի վրա խմելով, դուրս են գալիս: Այսուամենայնիվ, երիտասարդ արհեստավորների բարոյականությունը համեմատաբար ավելի բարձր է, քան վաճառականների գործակատարներինը: Արհեստավորներն ավելի վաղ են ամուսնանում և շուտով ընտելանում են ընտանեկան կյանքին. չքավոր տնտեսությունը նրանց ժամանակ չէ տալիս հրապուրվելու ախտերով:
Վեր առնենք մշակ դասը:
Թիֆլիսի հայոց ժողովրդաբնակության մեջ իսկապես մշակ դաս չկա: Այն մշակները, որոնք փալանը ուսերին դրած լցնում են այդ քաղաքի հրապարակները, բոլորը գաղթականներ են Պարսկաստանից, Տաճկաստանից, կամ Հին-Նախիջևանի և Երևանի գավառներից այստեղ եկած: Չէ կարելի երևակայել մի ավելի տաժանական աշխատություն, քան թե այն, որ կատարում են այդ մշակները: Դրանք ընդհանուր անունով կոչվում են «համալներ»: Համալի վիճակը և բեռնակիր գրաստի վիճակը ոչնչով չեն տարբերվում միմյանցից, երկուսն էլ ծանրություններ են կրում: Թիֆլիսի քարվանսարաների, մաքսատան, երկաթուղու կայարանի, հրապարակների բոլոր համալները հայեր են: Օտարազգիները չնչին փոքրամասնություն են կազմում: Աշխատությունների տեսակները զանազան են. ոմանք բեռնակրություն են անում, տեղափոխում են ահագին, երբեմն 10-15-20 փութի ծանրությամբ հակեր և տակառներ: Հսկայի ուժ և մկնակների սաստիկ զորություն պետք է այս գործի համար, բայց հայ համալը տանում է փալանով ամրացրած մեջքի վրա իր բեռը որպես մի թեթև փետուրյա բարձ: Ոմանք, որ կազմվածքով ավելի թույլ են, կթոցների մեջ տներից աղբ են դուրս տանում և թափում են Կուր գետի մեջ, կամ ավելում են փողոցների անմաքրությունները: Ոմանք ջրկիրներ են, փոքրիկ թուլուխների մեջ, որ քաշ են տալիս ուսից, ջուր են բերում աղքատ ընտանիքների համար: Ոմանք բանում են տների շինվածքների վրա, խճուղիների և երկաթուղու վրա որպես հասարակ մշակներ, կամ աշխատում են աղյուսի գործարանների մեջ, և կամ քարափից քար են կտրում: Երկար կլիներ մի առ մի թվել այդ թշվառների անտանելի աշխատությունների զանազան տեսակները, որոնց կարող էր համբերել միայն այն անբախտը, որին դառն աղքատությունը ստիպել էր թողնել իր հայրենիքը, տունը, ընտանիքը, և պանդխտության մեջ հանձն առնել մի անասնական գործ:
Համեմատաբար ավելի երջանիկ են այն մշակները, որոնք խմբված են զանազան քարվանսարաներում: Յուրաքանչյուր քարվանսարայի մեջ մշակների խումբը կազմում է մի տեսակ միություն «օդաբաշիի»100 գլխավորության ներքո. դրանք ունեն իրանց ընդհանուր դրամարկղը (կասսան), որի մեջ ձգում է ամեն մեկն իր օրական վաստակը, ծախսում են այդ դրամարկղից, կերակրվում են միասին, և ամեն մի ամսի վերջը բաժանում են իրանց մեջ մնացորդը: Հիվանդ ընկերը չէ զրկվում իր բաժնից, եթե ամբողջ ամիսը աշխատած ևս չլիներ: Մի նոր մշակ ընդունվում է խմբի մեջ ամենի համաձայնությամբ: Բոլոր այս տեսակ հիմնարկությունների մեջ աշխատող մշակները մի տեսակ ապահովություն ունեն այն կողմից, որ առանց գործի չեն մնում, այլ փոխադարձապես օգնում են միմյանց: Մինչդեռ մյուս մշակները ստիպված են ամեն օր և ամեն րոպե գործ պտրել: Շատ անգամ ամբողջ ժամերով նրանք կանգնած են հրապարակների և փողոցների վրա, սպասում են մինչև մեկը կկանչեր և մի շալակ կհանձներ այս և այն տեղը հասցնելու համար:
Ամբողջ օրվա դառն չարչարանքներից հետո մշակներից շատերը աշխատում են գիշերից ևս օգուտ քաղել: Հանգստությունը զոհում են մի քանի կոպեկների: Ո՞ւմ չէ պատահել տեսնել, գիշերը փողոցներով անցնելիս, մագազինների դռանը, մերկ սալերի վրա, ձյունի և անձրևի տակ պառկած «հասասներին» (գիշերապահ): Դրանք ցերեկն աշխատող մշակներն են: Երբեմն նրանք այն աստիճան հոգնած և թմրած են լինում, որ գիշերվա քեֆից վերադարձող բուրժուան ոտքը կոխում է նրանց վրա և անց է կենում. թշվառները ոչինչ չեն զգում: Իսկ երբեմն կտեսնեք մեկին, փաթաթված սոլդատի քրքրված վերարկուի մեջ, դառն-մելամաղձական ձայնով երգում է: Քունը մոտ չէ գալիս կարոտ աչքերին, նա երգում է իր «յարին», որին դեռ նոր էր նշանել, երբ թողեց հայրենիքը. այժմ անցել էին մի քանի տարիներ, անբախտ մշակը դեռևս այնքան փող չէր վաստակել, որ վերադառնա, պարտքերը վճարե, հետո կարողանա պսակվել:
Ում պատահել է մտնել Սաղի կողմի քարվանսարաներից մեկի մեջ, ուր կանգնեցնում են ֆուրգոններ, կարող է փոքր ի շատե գաղափար ստանալ մշակների կյանքի մասին: Թիֆլիսի այդ մասը, ուր թափում են ամեն տեսակ անմաքրություններ, ուր գարշահոտությունը թմրեցնում է մարդուն, ուր խոզերը միայն աղտոտությունների մեջ բախտավոր են ապրում, Թիֆլիսի այդ դժոխքը մշակների գիշերային կացարանն է: Այնտեղ կարելի է գտնել փոքրիկ մթին սենյակներ, որ ամիսը 3-4 ռուբլով վարձով են տալիս. երբեմն 10-20 մշակներ վարձում են այդ սենյակներից մեկը: Ոչ մի կարասի չէ կարելի տեսնել այդ խոնավ և սառը գերեզմանների մեջ, ուր կարմիր աղյուսով ծածկված մերկ հատակի վրա, իրանց փալանները բարձի տեղ գլխների տակին դրած, գիշերը հանգստանում են մշակները ցերեկվա հոգնածությունից հետո: Ոմանք այնքան խնայող են լինում, որ սենյակներ չեն վարձում, այլ մտնում են այս և այն քաղաքացու տանը որպես դռնապան (дворник): Գիշերը հսկում են դռան վրա, իսկ ցերեկը գնում են իրանց գործին: Տանուտերն այնքան բարի է լինում, որ խեղճ մշակի աշխատության փոխարեն ձրի տալիս է նրան օթևանելու մի խորշ, դա լինում է ըստ մեծի մասին ներքնատան մի անպետք անկյունը:
Թիֆլիսի մշակների մեջ մի ավելի հետաքրքիր մաս ներկայացնում են թուլուղչիները (ջրկիրներ). դրանք կազմած ունեն մի տեսակ համայնք, որ ունի իր կանոնները և սովորությունները: Թիֆլիսի բոլոր թաղերը բաժանված են (թուլուղչիների կարգադրությամբ) զանազան մասերի, որոնց յուրաքանչյուրը մի թուլուղչու «մուշտարին» է. այսինքն բացի այն թուլուղչուց մի ուրիշն իրավունք չունի այն թաղեցոց ջուր տալու: Այդ իրավունքը վաճառվում է թուլուղչիների մեջ. օրինակ, մեկ թաղում հարյուր ընտանիքի ջուր էր տալիս մեկ թուլուղչի, նա իր դավթարի մեջ ունի տների ցուցակը, և նույն ցուցակով վաճառում է իր ջուր տալու իրավունքը մյուսին, ստանալով նրանից 500-1000 ռուբլի: Եվ այսպես ժողովուրդն անցնում է մի թուլուղչու ձեռքից մյուսին: Թուլուղչիներն իրանց մեջ կարգ պահպանելու համար, ընտրում են մեկին իրանց միջից որպես «ուստաբաշի» — գլխավոր, որը ճանաչված է լինում քաղաքական վարչությունից: Թիֆլիսի մշակների մեջ միայն թուլուղչիներն են, որ ազատ են հարկից, որովհետև, նայելով այն ծառայությանը, որ նրանք կատարում են հրդեհների ժամանակ` առանց որևիցե վարձատրության, քաղաքը նրանցից հարկ չէ պահանջում: Հենց որ մի տեղ հրդեհ է հայտնվում, քաղաքի ամեն ծայրերից թուլուղչիները թափվում են իսկույն: Զարմանալի է տեսնել, թե որպիսի անձնազոհությամբ այդ քաջերը նետվում են կրակի մեջ. ոչինչ նրանց չէ վախեցնում, ոչինչ նրանց չէ վհատեցնում:
Թուլուղչիները Պարսկաստանի Սալմաստ գավառից եկած կաթոլիկ և լուսավորչական հայեր են, նրանց մեջ գտնվում են և ասորիներ: Բոլոր մշակների մեջ դրանք են, որ պահպանում են մի կազմակերպված միություն, և այդ միությանն են պարտական, որ ունեն համեմատաբար ավելի լավ վիճակ: Կուկիայի Չուխուրեթ կոչված թաղում կարելի է տեսնել թուլուղչիների հյուրանոց, ուր նրանք ընթրիք են ուտում, խմում են և ծխում են պարսկական ղեյլան: Բացի թուլուղչիներից մնացած բոլոր մշակները մի տեղ չունեն հավաքվելու համար: Եթե, ինչպես վերևում նկատեցի, Թիֆլիսում չկան այնպիսի հյուրանոցներ, ուր արհեստավորները կարողանային էժան ճաշ ուտել, չէ կարելի երևակայել անգամ, որ այս տեսակ հիմնարկություններից օգուտ քաղեին մշակները: Այդ ողորմելիները կերակրվում են միայն ցամաք հացով, հրապարակի վրա գնում են մի հատ վրացու «պուրի» և այնպես կրծելով, ծանր շալակի տակ, շարունակում են իրանց գործը: Մշակը, որ գլուխը դնելու մի անկյուն չունի, ինչպե՞ս կարող է իր համար առանձին խոհանոց սարքել: Կիրակի օրերը միայն մի քանիսն ընկերանում են միասին, առնում են մի կտոր միս, և տալիս են փուրունչիին եփելու համար: Այդ աշխատող դասը, որ ավելի ուտելու պետք ունի, բոլորովին զուրկ է մնում զորացնող սննդից: Որևիցե զվարճությունից նույնպես զուրկ են մնում նրանք. երբեմն տոն օրերում մտնում են մի գինետուն և խմում են մի քանի բաժակ արաղ, ալքոհոլը միայն կարողանում է գրգռել մշակի բթացած և անզգայացած ջղերը:
Մի քանի խոսք մշակների մտավոր կյանքի մասին: Մեր մեջ կան ազգասերներ, որոնք երազում են Մուշի, Վանի և Զեյթունի վրա, բայց այստեղ, Թիֆլիսում, մշեցի և վանեցի հայի զավակներն իրանց աչքի առջև չեն տեսնում: Մեզանից դեռևս ոչ ոք չմտածեց հիմնել մշակների համար կիրակնօրյա դասախոսություններ և ծանոթացնել նրանց տնտեսական որևիցե հարցի հետ: Ախր այդ թշվառներն առանց պատճառի չէ որ թողել են իրանց հայրենիքն և այստեղ պանդխտության մեջ տարիներով մաշվում են: Պետք չէ՞ արդյոք քննել այն պատճառները, որ դուրս են քշում նրանց իրանց հայրենիքից, և ցույց տալ ապրուստի ուղիղ ճանապարհը: Մշակների մեջ կան մեծ թվով գրագետներ. այսպիսիներն ուրիշ երկրում օգուտ են քաղում կոպեկանոց լրագրներից, բայց այստեղ կարդալու ոչինչ չեն գտնում: Թողնենք մտավոր սնունդը: Թիֆլիսի հայ մշակները զուրկ են մնում և բարոյական և հոգևոր մխիթարությունից: Ոչ մի հայ քահանա չէ բաց անում մշակի խղճուկ օթևանի դուռը, որովհետև նրանից շահվելու ոչինչ չէ սպասում, բայց ինձ հայտնի են փաստեր, որ Պարսկաստանից այստեղ եղած փոքրաթիվ բողոքական մշակների համար` Ուրմիո ամերիկական առաքելության միսիոնարներն իրանց ծախսով ուղարկել են Թիֆլիս մի քարոզիչ քահանա, որ միշտ այստեղ է մնում, և թե հոգևորապես, թե բարոյապես մխիթարում է նրանց: Ամեն կիրակի հավաքում է նա իր փոքրիկ հոտը գերմանական կոլոնիայում մի հատկացրած տեղ, և քարոզ է կարդում: Այդ բավական չէ, քահանան իսկույն վազում է բժշկի մոտ, երբ մեկը հիվանդ էր, և խնամք է տանում նրա առողջության մասին, եթե աղքատ էր: Բայց մեր հայ մշակները հիվանդանում են և անտերությունից, ճանճերի նման ամեն տարի հարյուրներով մեռնում են, ոչ ոք նրանց վրա չէ մտածում: Այդ ողորմելիները մինչև անգամ չգիտեն, որ Թիֆլիսում կա այնպիսի տեղ, ուր բժիշկները ձրի են նայում հիվանդին (лечебница) և կա այնպիսի տեղ ևս, ուր հոգ են տանում աղքատներին ձրի կերակրելու և առողջացնելու համար (больница):
Կա մի ուրիշ կետ ևս, որ ոչ սակավ ուշադրության արժան է: Թիֆլիսում կարելի է հաշվել միջին թվով մինչև 5000 հայ մշակներ, որոնք օտար երկրներից են եկած101: Դրանք երբեմն մինչև տասն տարի շարունակ մնում են այստեղ, անդադար աշխատում են, փող են վաստակում, բայց չգիտեն, թե որտեղ պահեն իրանց դառն քրտինքի գինը: Մշակի գանձարանը կաշիից իր ձեռքով կարած փոքրիկ պայուսակն է, որ միշտ կարելի է տեսնել նրա կողքից քաշ ընկած: Բայց քիչ չէ պատահում, որ քնած ժամանակ նրա պայուսակը կտրում են, և մշակը զրկվում է իր գանձից, իր մի քանի տարվա դառն աշխատանքից: Ոմանք ծանոթանում են մի քաղաքացու հետ և փողերը նրան պահ են տալիս, առանց վեքսիլի և առանց թղթի. և խղճմտանքով քաղաքացին շատ անգամ կամ ուրանում է «կռոյի» հանձնած փողերը, և կամ վայրիվերո հաշիվներ է ցույց տալիս: Վերջապես այդ ողորմելիները չգիտեն, թե իրանց վաստակած փողերն ինչ միջոցով կարող են ապահով կերպով հասցնել իրանց հայրենիքը, իրանց կարոտ ընտանիքներին: Ըստ մեծի մասին այսպես են անում. մի քանի տարվա վաստակածը հավաքում են մի տեղ, փոխում են ռուսաց ոսկու հետ, և 40-50 հոգի միասին խմբվելով, դիմում են դեպի իրանց հայրենիքը: Տաճկաց և պարսից սահմանների վրա միշտ պատրաստ են ավազակների հրոսակներ մշակների քարավանը կողոպտելու համար: Այս տարի մի քանի անգամ կարդացինք լրագրների մեջ Ռուսաստանից Մուշ վերադարձող մշակների կողոպտվելը քրդերից: Ուրեմն Թիֆլիսի մշակները ոչ իրանց վաստակած փողը պահելու տեղ ունեն և ոչ հայրենիքը հասցնելու ապահով միջոցներ: Մի փոխատու խնայողական կասսա (ссудо-сберегательная касса) կարող էր ազատել նրանց վերոհիշյալ անբախտություններից, բայց այդ մասին մինչև այսօր ոչ ոք չմտածեց: Եթե հայ մշակների թիվը հաշվում ենք Թիֆլիսում 5000 հոգի, մի այսքան էլ, և գուցե ավելի, թուրքեր, ասորիներ և ուրիշ ազգերից կլինեն. և այս պատճառով հիշյալ հիմնարկությունը փողերի սակավ շրջաբերություն չէր ունենա, եթե կազմված ևս լիներ միմիայն մշակների համար: Այլևս չեմ խոսում օգտավետության մասին, թե մի այսպիսի հիմնարկություն որքան կարող էր նպաստել մշակների շահերին: Որովհետև փողը միշտ մշակի մոտ պահվելով, ոչ միայն կորցնում էր իր տոկոսը, այլ նա կարող է միանգամով կորչել, կամ շռայլաբար ծախսվել: Քիչ չէ պատահում, որ մշակը հանկարծ մոլության մեջ է ընկնում, և մի քանի օրվա մեջ ոչնչացնում է իր մի քանի տարվա վաստակածը:
Չէ կարելի չավելացնել մի քանի խոսք մշակների հավատարմության մասին: Կ. Պոլսի հայ համալների ազնիվ հատկությունները մինչև անգամ գրավեցին եվրոպական մամուլի ուշադրությունը: Մեր մշակները ևս պակաս չեն նրանցից իրանց բարոյական կողմերով: Հայաստանի այդ չփչացած զավակները սաստիկ վախենում են մեղքից, որքան սարսափում են աստուծո պատժից: Պանդխտության մեջ անգամ, օտար հասարակության մոլորեցնող ազդեցության ներքո, նրանք պահպանում են իրանց բնավորության մաքրությունը: Թիֆլիսի վաճառականը մեծ վստահությամբ հանձնում է մշակին իր խանութի և ամբարների բանալիքները, ամենևին չկասկածելով նրա հավատարմության մասին: Ինձ հայտնի են մի քանի փաստեր, որ մշակների ձեռքը որևէ դեպքով ընկել էին գումարներ և ապրանքների հակեր, որոնց հեշտությամբ կարող էին թաքցնել և իրանց սեպհականացնել, բայց նրանք չեն կամեցել օգուտ քաղել դեպքից, և պահելով իրանց մոտ ուրիշի սեպհականությունը, կրկին հանձնել են տիրոջը:
Ես վերջացրի իմ հետազոտությունը: Այժմ ընթերցողին եմ թողնում եզրակացնել, թե որպիսի ապագա է խոստանում հայ երիտասարդությունը: