Հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության ժամանակ
- Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը դեռևս Թուրքիայի կողմից պատասխանի է սպասում՝ ցեղասպանությունը պիտի ճանաչվի և վնասները պիտի հատուցվեն: Սրանք ուտոպիական նպատակներ չեն: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, թուրքական պետությունն ունի միջազգային իրավական պարտավորություններ: Համաձայն միջազգային իրավունքի, հանցագործությունների համար պատասխանատվությունն ընկնում է դրանք իրականացրած երկրի վրա, ինչպես նաև, ըստ շարունակականության և պատասխանատվության սկզբունքի՝ նրա իրավահաջորդի:
- Ֆեդերիկո Անդրեու-Գուզման, ավագ իրավախորհրդատու, Իրավաբանների միջազգային հանձնաժողով (Ժնև)[1]
- Ֆեդերիկո Անդրեու-Գուզման, ավագ իրավախորհրդատու, Իրավաբանների միջազգային հանձնաժողով (Ժնև)[1]
Մարդկային կյանքը գերագույն և բացառիկ արժեք է: Այն անգին է: Բնականաբար, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք առաջին հերթին, և գրեթե բացառապես, շեշտել ենք հայ ժողովրդի մարդկային կորուստները: Սակայն ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդն ունեցել է նաև հսկայական նյութական կորուստներ: Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության յուրացումը: Միջազգային իրավունքը հռչակում է. Ex injuria non oritur jus (լատ.),[2] այսինքն՝ հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության պտուղները: Այլ խոսքով, erga omnes հանցագործության[3] հետևանքները չեն կարող ճանաչվել կամ օրինականացվել:[4]
Այս առումով, շատ կարևոր է հստակեցնել, թե գումարային դրսևորմամբ ինչքան են եղել հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ.: Քննության առնենք որոշ պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արձանագրվել են հայ ժողովրդի նյութական կորուստները, և ամրագրվել է նրա փոխհատուցում ստանալու իրավունքը:
1918թ. նոյեմբերի 11-ին Առաջին աշխարհամարտում ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնող զինադադարը պաշտոնապես մտավ ուժի մեջ: Երկու ամիս անց՝ 1919թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի Խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող բոլոր հարցերը և նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարևորագույն հարցերի թվին էր պատկանում պատերազմի հրահրման համար մեղավոր երկրների կողմից նյութական կորուստների փոխհատուցումը (reparations): Ըստ այդմ, Փարիզի վեհաժողովի կազմում կար հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով (The Commission on Reparations of Damage /Valuation of Damage/): Գրեթե 2 ամիս տևած աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ նյութական կորուստներ են ունեցել ոչ միայն պատերազմին անմիջականորեն մասնակցած երկրները: Ուստի, մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձևավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ (Special Committee),[5] որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների և ժողովուրդների նյութական կորուստները և դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբն ուներ հետևյալ կազմը՝ անդամներ. գեներալ ՄըքՔինսթրի (McKinstry) ԱՄՆ, գնդապետ Փիլ (Peel) Մեծ Բրիտանիա, պրն. Ժուասե (Jouasset) Ֆրանսիա; քարտուղարներ. Հ. Ջեյմս (H. James) ԱՄՆ, պրն. Փ. Լոր (P. Laure) Ֆրանսիա: Հանձնախմբի ձևավորման հաջորդ իսկ օրը՝ մարտի 8-ին, այն դիմեց Բոլիվիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Էկվադորի, Գվատեմալայի, Հայիթիի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Սիամի (ներկայումս՝ Թաիլանդ) և Հայաստանի Հանրապետության (Delegation of the Armenian Republic of the Conference of Peace) պատվիրակություններին՝ տեղեկություններ խնդրելով կրած նյութական կորուստների վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում Հատուկ հանձնախումբն ամփոփեց պատվիրակությունների ներկայացրած, ինչպես նաև այլ աղբյուրներից հայթայթած փաստաթղթերը և 1919թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը: Թեև արևմտահայության և արևելահայության համար հաշվարկները կատարվել էին առանձին-առանձին, սակայն կորուստները ներկայացված էին միասնական վերջնական թվով: Ըստ այդմ, հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1919թթ.-ին 1919թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ[6] կամ 3.693.239.768 ԱՄՆ դոլար:[7] Ըստ զեկուցագրի, հայության նյութական կորուստներն ունեին հետևյալ պատկերը.
1. Արևմտահայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝ Turkish Armenia).
- ա) գյուղաբնակների անհատական նյութական կորուստները - 4 601 610 000
- բ) քաղաքաբնակների անհատական նյութական կորուստները - 3 235 550 000
- գ) ոչ անհատական նյութական կորուստները - 6 761 350 000
- Ընդամենը՝ 14 598 510 000 ֆրանկ
2. Հայաստանի Հանրապետության և Կովկասի այլ հայաբնակ տարածքներ..
- ա) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունն ամբողջովին տեղահանվել է - 1 831 872 000
- բ) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունը չի տեղահանվել - 1 293 600 000
- գ) այլ նյութական կորուստներ - 1 407 000 000
- Ընդամենը՝ 4 532 472 000 ֆրանկ
Համընդհանուր նյութական կորուստները՝ 19 130 982 000 ֆրանկ
Անհրաժեշտ է ընդգծել, որ այս թվի մեջ ներառված չեն հայերի 1920, 1921 և 1922թթ. (համապատասխանաբար՝ Արևելյան Հայաստան, Կիլիկիա, Զմյուռնիա և այլն) նյութական կորուստները: Եթե հաշվառվեն նաև նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվել իրեն հասանելիք հատուցումից (reparation): Անգամ հայոց պետականության կորստից հետո, երբ այն ռազմակալվեց օտարերկրյա զինված ուժերի կողմից (ռուսական 11-րդ բանակ + թուրքական 3-րդ բանակ), Հայաստանի Հանրապետության օրինական ներկայացուցիչները շարունակել են պնդել հայ ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ նյութական փոխհատուցման վրա: Այսպես, Լոզանի պայմանագրի կնքումից (24 հուլիսի, 1923թ.) անմիջապես հետո Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը պաշտոնական գրությամբ (8 օգոստոսի, 1924թ.)[8] դիմել է Գլխավոր դաշնակից ուժերի արտաքին գործերի նախարարներին և վերահաստատել հայոց իրավունքներին հավատարիմ մնալը:
Հատուցումների հարցով անհրաժեշտ է առանձնացնել մի կարևոր հանգամանք. ժամանակային գործոնը բնավ հիմք չէ նյութական պարտավորություններից խուսափելու համար: Ֆինլանդիան ԱՄՆ նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմից մնացած իր նյութական պարտավորությունների կատարումն ամբողջացրեց միայն 1969թ., Մեծ Բրիտանիան՝ միայն 1965թ.:[9] Ներկայիս Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունի ցարական Ռուսաստանի նյութական պարտավորությունների առումով: Թուրքիայի Հանրապետությունն ինքը, չնայած հսկայական զիջումներին, Օսմանյան կայսրության պարտքը կարողացավ փակել միայն 1944թ. հունիսին:[10] «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունն (NYLIC) իր 1875-1915թթ. շահառուների ժառանգներին փոխհատուցման հանձնառության մասին հայտարարեց միայն 2004թ. հունվարին, այն էլ երկարատև դատավարությունից հետո:
Սույն դատավարությունը,[11] թեև անմիջականորեն չի վերաբերում Հայոց ցեղասպանության ընթացքում մեր ընդհանրական նյութական կորուստների փոխհատուցմանը, այնուհանդերձ խիստ կարևոր է: Այն դատական վճռով նմանաբնույթ գործերի համար ամրագրվեց հաշվարկային փոխարժեքը, այն է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 1 ֆրանսիական ֆրանկը ներկայումս հավասար է 2.17 ԱՄՆ դոլարի:[12] Այսինքն, դատական նախադեպի կիրառմամբ, մենք կարող ենք հաշվարկել հայության նյութական կորուստների չափը Հայոց ցեղասպանության հետևանքով՝ 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ × 2.17 = 41.514.230.940 ԱՄՆ դոլար:
Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի, կազմում է առնվազն 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 ամերիկյան դոլար:
Հղումներ և ծանոթագրություն
[խմբագրել]- ↑ Andreu-Guzman F. Senior Legal Advisor, International Commission of Jurists (Geneva), Preface, p. 9. In: Alfred de Zayas. The Genocide against the Armenians 1915-1923 and the Relevance of the 1948 Genocide Convention. Brussels-Geneva, 2005.
- ↑ Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, Glossary.
- ↑ Միջազգային իրավունքի մեջ erga omnes (միջազգային ամբողջ հանրության դեմ) հանցագործություններ են համարվում jus cogens-ը (միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքները) ոտնահարող հանցագործությունները: Միանշանակ է, որ ցեղասպանությունը jus cogens-ը ոտնահարող հանցագործություն է, հետևաբար Թուրքիայի պատասխանատվությունը, ոչ միայն հայության, այլև ողջ միջազգային հանրության առջև է:
- ↑ Alfred de Zayas, Ibid, p. 11.
- ↑ Հատուկ հանձնախմբի աշխատանքների մանրամասների համար տե՛ս՝ Burett P.M. Reparation at the Paris Peace Conference, From the Standpoint of the American Delegation. NY, v. II, 1965, p. 583-9.
- ↑ Burett P.M. Ibid, p. 585.
- ↑ 1919թ. ապրիլի 14-ի դրությամբ 5,18 ֆրանսիական ֆրանկը հավասար է եղել 1 ԱՄՆ դոլարի (19.130.982.000 FFR / 5,18 = $ 3.693.239.768 USD):
- ↑ Պաշտոնական գրության անգլերեն թարգմանությունը տպագրվել է Նյու Յորք Թայմս օրաթերթում 1923թ. սեպտեմբերի 12-ին. Armenia Denounces Lausanne Treaty, Note to the Powers Formally Reserves All Grants under the Treaty of Sevres. The New York Times, 12 Sep 1923, p. 30.
- ↑ Gilbert M. A History of the Twentieth Century, 1900-1933. Toronto, 1997, v. I, p. 551.
- ↑ Оттоманский долг. Дипломатический Словарь. Москва, т. 2, 1950, с. 295.
- ↑ Marootian et al. vs. New York Life Insurance Company. Case No. C99-12073 CAS (MCx), United States District Court, Central District of California (Los Angeles).
- ↑ “The Settlement Agreement requires that each claim be paid in the amount of the death benefit under the policy, converted to current U.S. dollars at the rate of $2.17 U.S. Dollars per French Franc or $24.96 U.S. Dollars per British Pound.” (See: The Statement of Armenian Insurance Settlement Fund Board, 9 Sep 9, 2005, p. 3.)
առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
24 ապրիլի, 2007թ., էջ 4