Հայ մարդու հայրենիքը
Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք
Ո՛րտեղ է քո հայրենիքդ․
Կամ ունի՞ս դու որևիցե,
Ո՛վ են արդյոք ազգակիցքդ։
Հայ մարդ, ասա՛, ո՞ւր է տունդ,
Հայ մարդ, ո՛րտեղ քո կենտրոնդ,
Ունի՞ս մի բան քեզ սեփական․
Ցույց տուր ինձ դու քո պարծանքդ։
«Ի՞նչ հայրենիք, հիմար զքեզ,
Հարցանում ես դու ինձանից․
Ուր եմ ծնած, ա՞յդ ես քննում․
Այստեղ եկած եմ Թիֆլիզից։
Ես տուն ունիմ և այն քարյա
Երկու հարկով շենք փառավոր․
Ծառաներիս թիվը չը կա,
Իմ հյուրերը հարյուրավոր։
Եղբարք ունիմ, ունիմ որդիք,
Դստերք ու այլ շատ ազգական․
Ընտիր ծանոթը, շատ մեծատունք
Ունիմ փեսա և այն իշխան։
Իմ պարծա՞նքը, հիմա՛ր զքեզ․
Ցույց տուր ինձ դու հառաջ քոնը․
Ճաշ եմ ուտում, ազնիվ ընթրիք,
Որ չէ կերել Լուկուլլոսը։
Ես խմում եմ շամպայն, մադեռ,
Ուռցնում ես դու փորդ ջրով․
Ունիմ քանի տեսակ կառքեր,
Բայց դու ման ես գալիս ոտքով։
Ոսկի, արծաթ, գոհարեղեն,
Իմ պարծանքը, իմ գանձերը․
Թե դոցանով չես բավական,
Տե՛ս իմ երկու պատվի նշանք։
Դո ի՞նչ կենտրոն ես հարցանում,
Իմ կենտրոնը է իմ փորը․
Ոսկի, արծաթ, հարստություն,
Ահա կյանքիս լոկ խորհուրդը։
Բան եք ուսել, հիմար զքեզ,
Թե հայրենիք պիտի սիրել․
Բայց թե ի՞նչպես հարկավոր էր,
Ամենևին չկամիք լսել։
Ես սիրում եմ հայրենիքը,
Նորան միշտ ու միշտ գովում եմ․
Օտար ազգի առաջևը
Պակասությունքը ծածկում եմ։
Թե մի աղքատ կը գա իմ մոտ,
Նորան կը տամ ողորմություն․
Բայց թե ո՞րքան, կամ ի՞նչ չափով,
Այդ քո գործ չէ, ներողություն։
Ամենայն օր դուք մեր ազգը
Բամբասում եք անխղճմտանք,
Ազգի գլխից ձերպեսներով
Եկավ անցավ այնքան փորձանք․․․
Ողորմելի՜, դու կարծում ես,
Թե հայրենիքդ սիրելով
Բան կը շինես․ սխալվում ես,
Այդպես հիմար մտածելով։
Քո ուսումը չէ կշտացնում
Իմ, կամ իմպեսների փորը․
Մեզ պիտո է հարստություն,
Որ պարարենք մեր մարմինը։
Հոգու համար ուսում պետք չէ,
Ո՛ր սուրբերը ուսյալ էին․
Կրոնի ծեսերը պահելով,
Անշուշտ կերթամ արքայություն»։
Ուրախացի՛ր, դու Հայաստան,
Լսելով քո որդու խոսքը․
Փառք ու պատիվ քե՛զ կը բերեն
Քո մարմնապաշտ մեծատունքը։