Jump to content

Հանգցրէք ջահերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆԳՑՐԷ՜Ք ՋԱՀԵՐԸ...


Խաւա՜ր է․․․ գիշեր․․․ հեռու զենիտում
Մըշուշի միջից դալուկ դէմքերով
Ներհում են անգոյն աստղերը տրտում,
Սոսկումով պատած մարմըրում շուտով:
Տընքում է հողը. շնչով մահահոտ
Վիշտն է գալարւում երկրի երեսին,
Օդի թևերին կըսկիծի լացոտ
Մրմունջն է հնչւում չկա՜յ և լուսին. .
Բայց դո՛ւք կամեցաք մրցել երկնային
Վառ կանթեղների լոյսի հետ նսեմ,
Եւ ձեր բազմաթիւ լապտեր-ջահերին
Մի ակնթարթում կեանք տուիք վսեմ:
Եւ ահա մըռայլ, անմարդ փողոցում
Մէջ կէս գիշերին ձեր պալատներից
Շողում են լոյսեր մթութեան ծոցում
Շքեղ զարդարուած պատուհաններից:
Դուք տօն էք տօնում ու զւարճանում
Այնտեղ՝ հոյակապ մտքի, հանճարի,
Ոսկու, արծաթի, վայելքի գրկում —
Ու բարեմաղթում ամենքին բարի...
Դուք տօ՜ն էք տօնում ու զւարճանում
Ուր ամեն քարը ունի պատմութիւն
Իւր տակը ճըզմած թռուառ գանգերի,
Ուր որ աղիւսը ծծել է արիւն
Ու կաթիլները—աղի քըրտընքի...
Դուք տօ՜ն էք տօնում խրոխտ թնդացնում
Ուրա՜խ քրքիջով բարձր պատերը,
Որոնց վրայից քաղցած, անխնդում
Ընկաւ թշուառը, փշրեց ոտքերը...
Եւ լապտեր-ջահեր շողում են պայծառ
Ու լոյս տարածում ձեր կուշտ դէմքերին՝
Մինչդեռ խիղճերդ կարծ՜ր է ինչպէս ժայռ—
Մշտական խաւար՝ սրտերիդ բաժին:
Հանգցէ՜ք ջահերը...
Եւ թո՛ղ շարէշար ձեր ճոխ սեղանի
Շուրջը հաւաքուեն քաղցած ու տըկլոր
Անտէր որբերը այն թշուառների՝
Որոնց դուք թողիք առանց հօր ու մօր:
Եւ թող շարէշար գծուծ, ոտաբաց
Շէմքերդ լիզող հաւաքուեն մայրեր,
Որ փողոց ընկան մուրալու չոր հաց
Ու ձեր պալատում փնտրեն շիրիմներ
Այն բանուորների—ում կեանքի գնով
Երկինք բարձրացան շքեղ տներիդ
Բարձր պատերը ճարտար քանդակով
Վարդակ լինելու փարթամ կեանքերիդ:
Եւ թո՛ղ շարէշար, արնոտ, ուշաքաղ
Յօշոտուած մարդկանց սև ուրւականներ
Խոնաւ փոսերում թողած չոր դագաղ՝
Ձեզ այցի ելնեն տեսքով մահաբեր...
Ձեզ հետ տօ՜ն տօնեն ու զարճանան
Այլանդակ կեանքի վայրագ քրքիջով։
Երգեն զրկանքի երգը հոգեհան—
Չոր հացի երգը – մահուան մրմունջով:
Եւ խաւարի մէջ խաւա՜ր գործերիդ
Պատմեն արգասիք թշուառ անցքերի
Ու հանեն ահեղ դղորդ ու շռինդ—
Անարդարութեան սև կապանքների...
Հանգրէ՜ք ջահերը...