Jump to content

Հանդարտ խոհեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հանդարտ խոհեր

Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորաբար, տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձրացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խորացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայքար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։ Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոսը, բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարակության զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլորությունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմատիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։ Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դերբայների օգտագործման հակումով, թե՛ պոպուլիստական խոստումների առատությամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժողովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենեւին չհավակնելով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

«Կորուսյալ դրախտի» հուշը

[խմբագրել]

Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալ դրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշ հատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստալինյան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվ անժխտելի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։ Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց, Լեհաստանի եւ Ֆինլանդիայի նման, մեկանգամընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալ թեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեց քսան տարի, ինչը միանգամայն բավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւ պետականության կայուն ավանդույթներ ձեւավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունը Խորհրդային Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտման ճանապարհին նրանց արձանագրած այսօրվա նվաճումները, պետք է բացատրել, առաջին հերթին, հենց այդ հանգամանքով։ Ինչեւէ, առաջին հանրապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւ Խորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Համենայն դեպս, վերջին 90 տարիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետական շարունակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգականության փաստի հետ, որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։ Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի 3000-ամյա պատմության, թերեւս, ամենահազվագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեեւ քաղաքացիական պատերազմը (1921թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928–1933թթ.), ստալինյան տեռորը (1937–1938թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհային պատերազմը (1941–1945թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ, այնուամենայնիվ, փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկա Հայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացել խուսափել նման ողբերգությունից։ Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակ հասկանում է 1960–1970 ական թվականների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչության նվազագույն կենսամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւ ցածր, բայց կայուն եւ երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւ առողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատմամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը, սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում, սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակի առումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զորավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ Վիկտոր Համբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի միութենական եւ միջազգային համբավը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը։ Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնոլորտ, որը, ներկայիս համեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմ եւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մարդիկ հակված են պատանեկության եւ երիտասարդության տարիները համարել իրենց կյանքի լավագույն շրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատանեկությունը եւ երիտասարդությունը համընկնում են հենց 60–70-ական թվականներին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակի կարոտախտ է առաջացնում։ Հետո, 1970-ական թվականների կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարիները։ Սպառազինությունների մրցավազքի, նավթի գների անկման եւ համակարգային բնույթի արատների հետեւանքով Խորհրդային Միությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավ ապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի, կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոնները եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչական միջոցները, ո՛չ էլ Գորբաչովի տնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդային Միության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առաջացած ժողովրդավարական շարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։ Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988–1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400–500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։ Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մեկուսացած խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Բոլոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախկին տնտեսական կապերն ու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիական հետամնացության եւ տնտեսական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Քիչ թե շատ բարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրները հարկադրված էին ճգնաժամը հաղթահարել արմատական տնտեսական բարեփոխումների իրականացման, այն է՝ շուկայական հարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնաժամային վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնորհիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեց տնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելով նաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակի շեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւ համապատասխան հոգեբանական մթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգոհությունն ու մերժողական վերաբերմունքը իշխանությունների իրականացրած «շոկային» տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց, ինչը, սակայն, չափազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար, ինչպիսի առարկայական եւ բանական փաստարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մասին, միեւնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկար դրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակ պատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաստանի Հանրապետության հիմնադիր եւ բարեփոխիչ առաջնորդները։

«Վերագտյալ դրախտի» երազանքը

[խմբագրել]

Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրինակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մարդիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են. – Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտանիքների ապրուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնել իրենց երեխաներին, նրանց կանոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ. – Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժամանակավորապես լքելով իրենց ընտանիքները. – չանհանգստանալ պանդխտածների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա. – Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին. – Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշտոնյաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհանդիպել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստանալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ. – Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երեխաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդիպումներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից. – Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպարեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ու չընկնել հոռետեսության կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։ Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարզապես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին. – Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի անկախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նախագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատախազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրավասությունների շրջանակում. – Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հարաբերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչընդոտում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատճառած բարոյական վնասների մասին. – Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտեսական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագործությունների դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով. – Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկվեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կամայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին. – Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամենակուլ մոնոպոլիաների ձեւավորումը. – Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստություններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխարժեքով հատուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տարում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիալական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար. – Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավատարմության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ. – Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմնական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրությունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդախությունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժանանան միահամուռ պարսավանքի. – Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին համապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանապարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համագործակցության համար։ Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտատանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցանկալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության տասնվեց տարին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժամանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հեռանկարի բացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության եւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

Հայաստանը ճամփաբաժանի առջեւ

[խմբագրել]

2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են ընձեռում ընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկը Հայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտադրության մղձավանջային հեռանկարն է։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում ձեւավորված ավազակախումբը, աստիճանաբար վերացնելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իր ձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական իշխանությունները՝ Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլ բացարձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեական աշխարհի կանոններով։ – Ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժողովրդական գործունեության արդյունքում Հայաստանը շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվել լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զարգացման բոլոր ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։ – Համակարգն իր գոյության իմաստն է դարձրել իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումը՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի։ Իշխանության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտեսագիտության, ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ։ – Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքականության հետեւանքով հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգներով, որոնք բոլորն էլ, առանց բացառության, հանցագործության տարր են պարունակում։ – Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա համատարած մոնոպոլիզացիան է, որի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։ Ընդ որում, մոնոպոլիզացումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրառած ապօրինի մեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավասար պայմաններ ստեղծելու հետեւանքով, ինչը բնականաբար, առանց շահադիտության չէր կարող տեղի ունենալ։ Բացի տնտեսականից, այս երեւույթն ունի նաեւ քաղաքական նշանակություն, որովհետեւ 40 գերհարուստ ընտանիք կարող է վճռել ողջ հայ ժողովրդի բախտը։ – Մենաշնորհային ընկերությունների համար ստեղծված արտոնյալ պայմանները հանգեցրել են նաեւ մի այլ բացասական հետեւանքի, այն է՝ հարկային բեռի անհավասար բաշխման։ Օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների միայն 22%-ն է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է կազմեր դրանց 75%-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռը հիմնականում ընկնում է մանր եւ միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։ Իսկ խոշոր հարկատուների կողմից չվճարված եկամուտներից Հայաստանում գոյանում է մի երկրորդ՝ քողարկված բյուջե, որը հանգրվանում է իշխանավորների գրպանում, եւ որն անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված պետական բյուջեն։ – «Պարզեցված հարկի մասին օրենքի» գործողության փաստացի դադարեցումն սպառնում է ավելի եւս ծանրացնել միջին խավի հարկային բեռը, որի վիճակն, առանց այդ էլ, վերջին շրջանում բարդացել է մի շարք գործոնների ազդեցությամբ. – բնակչության թվաքանակի նվազման պատճառով փոքրացել է սպառողների ներքին շուկան. – դրամի արհեստական «արժեւորման» հետեւանքով բարձրացել է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը. – նույն երեւույթը ծանր հարված է հասցրել արտահանող արդյունաբերությանը. – մանր ու միջին ձեռնարկատերերը կախման մեջ են ընկել ներմուծման բնագավառում մենաշնորհային արտոնություններ ունեցող ընկերություններից, իսկ շատերը, կորցնելով իրենց ինքնուրույնությունը, արդեն հայտնվել են նրանց ամենակուլ համակարգում։ – Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկահարած տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման իրողություններին հակառակ, շարունակում է մնալ Հայաստանի առջեւ ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առավել անհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որ սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում։ Չնայած աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները ժամանակ առ ժամանակ բարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր Հայաստանում 100 դոլարն ունի նույն գնողունակությունը, ինչ տասը տարի առաջվա 20–25 դոլարը։ Անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանվել տարեկան շուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վերացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա ու սովորական։ – Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, որոնց բնակչությունը մատնված է լիակատար թշվառության ու ամենօրյա գոյապայքարի։ Մեր Շարժումը ձեռնարկել է վիճակագրական մի լայնածավալ միջոցառում՝ պարզելու համար 1997–2007թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում մարզերի բնակչության եւ աշակերտության թվաքանակի փոփոխությունները՝ տվյալներ, որպիսիք ընդհանրապես բացակայում են պաշտոնական վիճակագրության մեջ։ Քայքայման ահագնացող միտումի մասին պատկերացում տալու համար, արժե ներկայացնել այդ տվյալներից պատահականորեն ընտրված մի փոքրիկ փունջ. ա. Սյունիքի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է 163.426, իսկ 2007-ին՝ 133.000 մարդ, աշակերտությունը՝ համապատասխանաբար 27.500 եւ 17.875. բացի այդ, մարզում դատարկ է շուրջ 2.000 տուն, այդ թվում՝ Տաթեւ գյուղում՝ 58, Շինուհայրում՝ 80, Խոզնավարում՝ 29 եւ այլն. բ. Շիրակի մարզի բնակչության թիվը 1997 ին եղել է 362.000, իսկ 2007-ին՝ դարձել 281.000. նույն թվականների միջեւ աշակերտների թիվը 58.000-ից իջել է 44.000-ի. գ. Արարատի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է 275.000, իսկ 2007 ին՝ 183.000 մարդ, աշակերտների թիվը 53.500-ից իջել է 38.900-ի. մարզում դատարկ տների թիվը 1997-ին եղել է 2.000, իսկ այժմ՝ հասել 5.000-ի. դ. Լոռու մարզի աշակերտների թիվը 1997-ին եղել է մոտ 60.000, իսկ 2007-ին կազմում է 38.758. ե. Արմավիրի մարզում 1997 թվականին կար 45.000 աշակերտ, իսկ 2007-ին առկա է 39.000. զ. Դրությունն ավելի ողբալի է պատկերանում առանձին բնակավայրերի կտրվածքով. այսպես, 1997–2007թթ. միջեւ Էջմիածին քաղաքում բնակչությունը նվազել է 10.700 մարդով, իսկ աշակերտությունը՝ 3.742-ով, Արմավիրի մարզի գյուղերից Բաղրամյանում՝ համապատասխանաբար 612-ով եւ 142-ով, Քարակերտում՝ 600-ով եւ 286-ով, Շենիկում՝ 160-ով եւ 44-ով, Դալարիկում՝ 600-ով եւ 140-ով եւ այլն։ Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվ ընտանիքներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաստանի իրական պատկերը, եւ ոչ թե Երեւանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները եւ ժամանակակից բնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգ տոկոսը։ – Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, այն է՝ շրջափակումներով, միջազգային շուկայում նավթի գների անընդհատ բարձրացմամբ եւ դոլարի կուրսի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառավարման արատավորության, ներկա իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության եւ համատարած կոռուպցիայի, որը կրում է համակարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբի պարագլուխների կողմից։ Ընդ որում, ժողովրդի կեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայն համակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետական մասշտաբի բացահայտ հանցագործությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարի անհետացումը, հանրապետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապված վիճակագրական մեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերի հողատարածքների, պետական գույքի սեփականաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն։ – Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի եւ վնասակար է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Անցած տասը տարիների ընթացքում միջազգային հանրությունը եւ տարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հաղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներգրավումը միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը եւ այլն։ Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը, իրավիճակայնությունը, անհետեւողականությունը եւ համակարգավորվածության բացակայությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վերածվել է միջազգային ասպարեզում վարչախմբի քարոզչության առաքելությամբ օժտված գովազդային ընկերության։ Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկն, ահա, իշխանություն կոչված այս քրեական համակարգի վերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի։ Եթե վարչախմբին հաջողվի բռնությամբ, ընտրակեղծիքներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապա պետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող են դառնալ։ Իր ապագա գործունեության վերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստումներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնող իշխանական թեկնածուն, միեւնույն է, գործող հանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելու նրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ։ Փոխպարտավորվածության եւ հանցակցության բազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլոր դերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդ համակարգից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը։ Ուստի այս ճանապարհը անխուսափելի կործանման ճանապարհն է։

Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշխանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմքով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւ ժողովուրդը։ Հետեւաբար, Հայաստանի հաջորդ նախագահի համար գործունեության ուղեցույց պիտի ծառայի հայ ժողովրդի մտահոգությունների, բաղձանքների, նյութական եւ հոգեւոր պահանջմունքների այն փաթեթը կամ նրա երազած «վերագտյալ դրախտի» այն պատկերը, որը ես փորձեցի ներկայացնել նախորդ գլխում, եւ որը, վերջին հաշվով, հանգում է Հայաստանը նորմալ երկրի վերածելու պարզ գաղափարին։ Իմ ծրագիրը ճիշտ ընկալելու համար կառաջարկեի վերընթերցել այդ ոչ այնքան ծավալուն գլուխը եւ մտապահել այն բոլոր հարցերը, որոնց լուծումը ժողովուրդն ակնկալում է իշխանություններից։ Չեմ կարծում, թե հիմքեր կան ժողովրդի համեստագույն ակնկալիքների իրականացման հույսերը կապելու ներկա իշխանությունների հետ, քանի որ նրանք անցած տասը տարիների ընթացքում ոչ միայն այդ ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեցին, այլեւ, ընդհակառակը, ժողովրդին դատապարտեցին կատարյալ ստրկության՝ ոտնահարելով արժանապատիվ կյանքի նրա բնական իրավունքը եւ պղծելով նրա բոլոր սրբություններն ու բարոյական սկզբունքները։ Համոզված եմ նաեւ, որ ժողովուրդն այլեւս չի գայթակղվի նրանց խոստումներով կամ ընտրակաշառքով, եւ թույլ չի տա նրանց վերարտադրությունը։ Հետեւաբար, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացման կամ նորմալ պետության կայացման հիմքերը դնելու պատասխանատվությունը կրելու են Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները։ Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասարակությունը հարկադրված է վերադառնալ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի այնպիսի խնդիրների արծարծմանը, որոնք վաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժման գաղափարախոսության եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրված հիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյուղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարական ազատությունների ապահովում, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղաքացիական հասարակության ձեւավորում եւ այլն։ Թեեւ այս ամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռեւս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակած գաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմ գործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրամասնություններով հանդերձ, հանգելու են վերը նշված հիմնարար սկզբունքների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեական եւ հրատապ է այսօր, որքան տասնյոթ տարի առաջ։

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

[խմբագրել]

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են. – Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով. – Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարակշռության ապահովումը. – Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը. – Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը. – Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը. – Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։ 2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են. – Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը. – Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը. – Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. – Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը. – Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։ 3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները. – Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում. – Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի. – Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ. – Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում. – Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ. – Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ. – Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին. – Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում. – Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով։ 4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ. – Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում. – Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում. – Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում. – Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի մասին օրենքի» գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում. – Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում. – Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ. – Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում. – Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում. – Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։ 5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները. – Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում. – Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով. – Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով. – Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը. – Առ 1-ը հունվարի 2005թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության. – Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։ Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։

6 հունվարի, 2008թ.