Jump to content

Հանդերը կանչում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՆԴԵՐԸ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ


Դեղձենին կանգնել
ձորի պռունկին,
ծածանում է իր ծաղկունքի ալը,
աչքալուսանք է սարերին տալիս՝
գարուն է գալիս...
Աղբյուրի մոտ քիչ ավելի մնաց
                փոքրիկ աղջիկը -
քարե նովի շուրջ
մանուշակներ էր նշմարել նորեկ՝
իր աչքերի պես մուգ, կապտածիծաղ։
Հողվորի կոշտ ու տաքուկ ափի մեջ
սերմը խայտում է
եւ ակոսներում այնպես է ցրվում,
ասես հենց հիմա ծլարձակելու է,
պարզելու ոսկե հասկը սեւ ցելում...
Ծառամատերի փունջը մի ձեռքին
եւ կռնատակին փեթակակոթը,
հայրս քայլում է
մեր Ղուզե տափի բարակ կածանով,
պատվաստի համար ծառեր է փնտրում,
տեղ է որոնում ժայռածերպերին
ու վայրի, բռնած մեղվաձագերի
                համար տուն դնում...
Հովտում Պատառի
առու է բացում մի բարի տատիկ.
եւ բահը ամեն անգամ շարժվելիս,
ասես, գարունքվա
ու ջահելության
մի զանգ են զանգում
սուրմաներն արծաթ,
որից խրտնում է տատի ետեւից
թաքուն հանդ եկած գառնուկը փոքրիկ։
Նորից հանդերում բերկրանք է փռում
խոտի եւ հողի հանդիպումը ջերմ,
անգամ ծառին ես ուզում ողջունել,
ուզում ես ճչալ,
լացել,
ծիծաղել,
թվում է զվարթ կյանքի երգ ես դու,
ուզում ես անվերջ հնչել ու հնչել...
Ճամփորդ մի տղա նստել չեչ քարին,
լսում է ներսից վառող շշուկն իր.
- Սերս՝ գարունքվա ծաղիկն առաջին...
Դեղձենին կանգնել գարնան ճամփեքին,
ծածանում է իր ծաղկունքի ալը՝
                        դրոշի նման,
աչքալուսանք է տալիս աշխարհին։