Jump to content

Հատված (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հատված


...Օրերը այստեղ են բերել:
Եվ ես
Այստեղից
Անցնում եմ՝ տարտամ ու երեր:
Նորից
Քայլերս դարձել են տարտամ:
Նորի՛ց ծանրացել է
Սրտիս մեջ թախիծը
Անկամ:
Գնում եմ,
Գնում եմ —
Նորից.
Գիտեմ, որ անցնում է տարին:
Գիտեմ, որ
Նորից ու նորից
Ոտքերս առել են քարի՜...
Ու շուրջս խավար է:
Ու շուրջս մշուշ է
Ու մահ:
Գիշեր է — ու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
Հնի.
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի...
Հեյ ո՞ւր եմ հիմա ես —
Էս ո՞ւր եմ —
Ես ո՞ւր եմ
Հասել.
Եվ ո՞ւր է,
Երկի՜ր ի՜մ,
Քո հուրը —
Փրփուրը —
Լուսե:
Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
Կապարը —
Էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՛յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
Մահե շիրմաքարը
Լռին:
Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
Այս խեղճ հոգնությունը
Հիմա —
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է —
Քարի՛ հոգնություն է
Ու մահ:
Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
Հուրե՛ր ու հուրե՛ր.
Հազա՛ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես —
Սրել ես քո կամքը
Հրե...
Իսկ է՞ն որ սրտիս մեջ
Հազա՛ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե. —
...Օրերը եկե՛լ են,
Օրերը հասե՛լ են, —
Ու հուրը դարձել է քո — սև ...
Եվ ի՞նչը,
Էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտը — իմ սիրտը հիմա.
Էլ ո՞ւմ եմ նետո՜ւմ ես
Անզոր իմ այս ճիչը,
Երկիր իմ, մորմոք իմ ու մահ...
Մենք, լուռ, շվարե՛լ ենք,
Լույսերս
Մարել ենք —
Հույսերս էն ո՞ւմ ենք տվել...
Եվ ո՞վ մեզ,
Էլ ո՞վ մեզ,
Էն ո՞վ պիտի տա —
Երկի՜ր իմ, թռիչք ու թևեր...

1918