Հարավեն պիտի գա (Ջիվանի)
Արտաքին տեսք
Հարավեն պիտի գա
Ավետաբեր խոսնակը հայուն հարավեն պիտի գա,
Կսպասեմ և հույս ունիմ, գարուն հարավեն պիտի գա,
Հյուսիսը պետք է հրամայե, թախանձե իսկապես,
Իմ սիրուհին պըճնված սիրուն հարավեն պիտի գա։
Արևելքը ոչ մի ժամ արևմուտքից բան չսպասե,
Քաղցրախոս, մխիթարիչ թռչուն հարավեն պիտի գա։
Փրկիչը հարավային կողմից եկավ մեզ փրկելու,
Այնպես էլ մեծ առաքյալ արթուն հարավեն պիտի գա:
Շատ վաղուցվա ամուլը հղի, այժմ կարծում են,
Երբ լինի արու զավակ, արբուն հարավեն պիտի գա.
Երբ բարով մկրտության հասնի մանուկը, ով Ջիվան,
Կնքողից բարձրապատիվ անուն հարավեն պիտի գա։