Jump to content

Հարճը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հարճը
...զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ:
Մովսես Խորէնացի, Գիրք Բ

Ա

Գարնանամուտ երեկո մ'իր պալատին մեջ մարմար,
Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,
Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի
Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի:
Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն` հողմեն միշտ խլված`
Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած:
Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՛ փոշին,
Որ դիզվեր է խավերուն մեջ թիկնոցին թավիշին,
Թե՛ նըժույգին վըրնջյունն աստեղացունց մաքրությամբ`
Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ:
Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.
Բագրատունին Տըրդատն է, հըզոր իշխան ու փեսա
Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան.
Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,
Գանակոծեր է խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,
Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ:
–«Տրդա՛տ,– կ'ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.
Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.
Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին
Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:
Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի
Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի
Գահի մը վրա` որուն լայն թիկնատեղն է քանդակված
Բագոսը` եզ մ'որթերով պըսակելու ըզբաղած:
Սեղանի շուրջը արդեն Մեծամեծերն հայկազուն
Դեմ հանդիման բազմեր են, բայց ո՛չ իրենց մեծանուն
Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծության;
Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,
Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին`
Որոնք հըզոր կումբի պես ջահերու տակ կը փայլին:
Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի`
Որ կը պատմեն թե ի՛նչպես կ'որսան վարազը վայրի
Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով
Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով:
Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`
Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:
Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.
Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,
Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:
Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`
Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.
Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ
Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`
Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:
Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են. և կարծես
Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես
Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ`
Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ:
Ծաղկակալներ են դըրված երկայնքեն ի վեր սեղանին,
Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին.
Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,
Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հյուր ճորտերուն.
Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին
Վեր բարձրացած` կը սքողեն կատաղությունն այդ ճաշին:
Կու գա համեղ գերերին` որով Սյունիքն է առատ,
Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ:
–«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչե ճորտը Բալի,–
Որ ունենանք վագրի լյարդ»:– «Ես այդ մասին ավելի,–
Կը կատակե հանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»:
Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ
Կ'ալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական
Կ'ընեին նույն խըրախճանքները նույն շուքով տոնական:
Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ
Կրելով երկու լախտ վարազ սաներու վրա ոսկեհեռ.
Եվ ուրիշներ նույն թիվով` իրենց ուսին վրա ունին
Ըսկուտեղները նուռին, սափորները հորդ գինիին.
Հաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ'հանկարծ վարդերու,
Իբրև ամեն տիկին արձակեր սիրտն իր աղու,
Վերնատունեն կը տեղան կոչնականաց վրա գինով:
Քանի մ'ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով:
Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,
Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն
Շատըրվանին մեջ` որ լույս կ'ողբա բակին առընթեր,
Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:
Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի
Կ'ստեղծեն դրախտ մ'ուր կարմիր հեշտության նուռը կ'աճի:
Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով
Բաժակներուն մեջ գինին կ'հեղուն դեմքով մ'անխըռով:
Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,
Դաշխուրանն իր վեր կ'առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ'ըսե,– ես
Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,
Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին
Կ'ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբույրները հավետ
Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»:
–«Ձեր Թագավոր աներոջ,– կ'ըսե Բակուր,– սուրբ կյանքին
Ըմպենք որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտին»:
–«Թագավորի՜ն, որ կ'հանգչի,– աղաղակեց ճորտ մ'հանկարծ,–
Ձյուներուն մեջ Մասիսի»: Այս հայտնությունն հեղակարծ
Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞վ Արքան մեր հայոց…»:
–«Արդ իր դիակը կ'իշխե հավերժանիստ սառին ծոց:
Գուժկան մ'երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,
Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:
Կ'ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,
Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:
Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ
Գինեփըրփուր բաժակե մ'ավելի և՛ըս արագ,
Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում
Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում:
–«Խըմե՜նք,– ըսավ,– ու տոնենք Արշակունի գահերուն
Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»:
Եվ հազիվ հազ շըրթներուն դըրավ գավաթն հրահոսան`
Վերնատան մեջ աչքերն իր զույգ մ'աչքերու դիպեցան:
Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.
Իր կազմին վրա կ'հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզոր,
Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`
Որոնց բոցեն այրելու համար անգամ մ'իսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:
Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ
Որ ճոշանին մեջ կ'ուռեր կոհակի պես փըրփրազեղ.
Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`
Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ
Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:
Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած
Սեղանին վրա, մյուսով տաշտը բերնին գըլխիբաց,
Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին
Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին:
Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու
Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.
Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց…
Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զոր բրածեծ
Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,
Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա:
Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր`
Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.
–«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.
Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» :
Սանդուխներեն վերնատան վար կ'իջներ կին մը խաժակ.
Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ:
Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ'էր ան` որուն մեծ
Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց:
Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,
Ուսերուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.
Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,
Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ.
Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ
Նըվագի ծով մ'ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:
Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու
Պանծացուցին անգամ մ'ալ փառքերը հին դարերու,
Երգը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,
Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրա մարմար
Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.
Երգն` ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,
Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին`
Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.
Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,
Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու`
Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած
Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց:
Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,
Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան:
Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով:
Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.
Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն
Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ'հարաճուն:
Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ
Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.
Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են`
Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն:
Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ
Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ.
Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմորեն
Նուրբ մարգրիտով հելուզված ապարանջան մ'ոսկեղեն.
Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ
Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ:
Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս
Ազդըրներուն գաղջություն և կաթնագույնը սընդուս.
Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՛լ
Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ:
Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,
Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,
Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ'օրորե մեղմորեն
Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`
Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`
Ուր կ'ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ'ելլե վիրավոր:
Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն
Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն
Զույգ մը տոսախ բամբիռները մատերուն մեջ ճարտար
Հանկարծակի կը հընչեն, կ'ըլլան պարին կառավար:
Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռույթ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ
Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կ'անհետի`
Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
Որոնց մեջ կաթն իսկ կ'եռա հուզումներեն սաստկագին.
Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբույշ.
Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիին պես քընքույշ`
Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ:
Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն
Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի`
Դաշնակություն մ'հրաշալից մազերուն մեջ կը ծորի:
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մեջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահն` ուր շատոնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ`
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման
Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման:
Կոչնականները գինվո մեջ թաթախված, տըռփագին,
Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թեքի` կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,
Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
Հոգվույն մեջ` ծով, շուրջը` լույս, ան Կիպերյան Աստղիկն է`
Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց
Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար
Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ:
Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:
Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ'ուռեր ծոցն իր լուսեղեն,
Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բըռնեց բազուկեն
Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:
Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.

Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա
Կը դողային բամբիռներն իր մարմնույն պես դյուրազգա:
Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի
Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.
–«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք:
Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի մ'օր հանձներ զինք,
Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր`
Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:
Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն` որ մենք ընենք վեճ.
Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:
Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ.
Բակուր ծածուկ մախանքե մ'ակռաներն իր ձյունափայլ
Սեղմեց. և նուռ մ'որ ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,
Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն,
Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,
Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես
Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`
Թե իմ հարճս է, և չ'ըլլար քեզ աղախին մը նըսեմ:
Եթե կ'ուզես` որ մեր զույգ բաժակներն այս մըտերիմ
Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`
Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած
Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած
Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`
Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ'հեշտագին:
Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`
Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`
Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ:
Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ
Զանոնք առած բերանին մեջ համբուրեց կըտղանքով`
Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:
Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին
Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին:
Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար…
Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.
Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`
Որ կինն իր տան մեջ կը լլկեր` իբր իր ողկույզն իր տաշտին:
Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.
Հրեղեն սյունի մ'էր նըման, դահլիճին մեջ` վերամբարձ.
Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ
Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:
Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,–
Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»:
Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,
Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,
Մեծաքանդակ ըսկուտեղ մ'ամբողջ պղնձով կուռ ձուլված,
Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.
Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…
Վերնատան մեջ ահեղ ճիչ մ'արձակեց տան տիրուհին,
Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.
Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:
Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,
Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խլելով`
Գընաց բաղխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ
Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:
Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`
Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքեն կը հոսեր
Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,
Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,
Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.
–«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.
Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,
Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ`
Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության.
Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:
Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ'արքենի
Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ'ընդունի»:
Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ
Արշալույսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդեմ
Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմեջե
Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:
Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,
Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»:
–«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,
Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:
Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,
Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,
Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,
Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:
Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,
Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.
Լոկ կույր գուսան մ'երգին մեջ անվերադարձ տեսլացած`
Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:


Բ

Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ`
Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,–
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
Բակին մեջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա:
Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ
Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճըրագին:
Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին…
Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն:
Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրա արդեն:
Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով
Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով,
Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,
Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն.
Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ'էր նման`
Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,
Եվ լանջքը մերկ` որուն վրա թափված գինին խըրախին
Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին:
–«Ձեռքդ երկարե, 'սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»:
–«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:
Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն
Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեց ինքզինքը սարսռուն,
Եվ զայն հեղ մ'ալ ողողեց մազերովն իր դարալիր:
Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր`
Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ'հարվածով
Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`
Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կ'իյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`
Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:
Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.
Փոխան տեգին հոլանի` պատյանի մեջ դաշույնն է`
Որ կը շողա մութի՛ն մեջ, կը ժանգոտի՛ արևին.
Ոճիրներն արդ խավարի լռության մեջ կը դարբնվին
Մըխոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն:
Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն:
Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ
Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ:
Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ
Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ:
Գեղեցկությունը ծընունդն է Զորության հորձանքին`
Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին:
Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի
Գեղեցկության սուրբ բագինն` ուր իգությունը խընկվի:
Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,
Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված` ինչպես պըսակ սարդենի
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ'ընդունի:
Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:

Գ

–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ
Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ
Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,
Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:
–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`
Մինչև որ սա անիծված Սյունաց սահմանը թողում:
Սարսափն է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ
Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ:
Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:
Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ'անպատում
Կ'արշավերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրա
Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.
Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,
Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,
Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն` որոնց մեջ
Բերկըրանքներ կը հյուսերին շողերն առեչ առ առեչ
Միշտ մեծցնելով հույսը զվարթ` ծախված ճամբուն մեծությամբ:
Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ
Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի.
Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.
Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,
Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`
Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ:
Անոնք իրար փաթթըված կ'ամբարտակեն սարին գլուխ:

Խուլ դըրոդյուն մ'հեռվեն եղավ հանկարծ լըսելի,
Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ'ահռելի:
Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն
Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:
Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան
Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան:
Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,
Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ
Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.
Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.
Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`
Մորթելով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,
Կոչնականները բոլոր զինված էին արդ իր հետ.
Երեկ գինով հըղփացած, այսօր արյան հակամետ:
Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`
Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագնեց:
Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն
Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:
Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,
Աչքերեն թույն կ'հոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.
Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.
–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.
Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ'ըներ զիս.
Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`
Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:
Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր:
Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար
Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մ'հավասար:
Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,
Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց,
Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:
Ողոգեց հարճը նորեն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,
Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ'իջնեն
Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.
Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,
Որոնց շունչերը կ'ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:
Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման
Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»:
–«Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,
Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումով այս հըզոր,
Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:
Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:
Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեծագոգ,
Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.
Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա
Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրա
Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.
Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի.
Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի`
Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր
Իբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր:
Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան
Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:
–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:
Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայեն նետ մ'ահա
Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:
Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ'հասնին մեծարշավ.
Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի
Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:
Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,
Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:
Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,
Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՛ն սաղմեց`
Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին:
Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.
Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ'հանգունակ:
Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`
Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով
Կ'երթային մահ երգել փախըստական զույգին քով:
Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր
Եվ հեգնորեն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,
Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.
Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:
Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի`
Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:
Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն մյուսները կ'ելլեն.
Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերեն
Կը փոթորկվին: Եվ նըման զույգ մ'ամպրոպի մոլեկան
Լեռնահարթին վրա անգամ մ'այնքա՛ն իրար մոտեցան,
Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն`
Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:
Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով
Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արյունով:
Այն ժամանակ պիտ' հազիվ արձակեր տեգն իր Բակուր`
Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,
Երբ վիհ մ'հանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկված
Արհավիրքով մ'ընկրկեց հալածողները սրընթաց:
Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի
Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:
Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,
Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ:
Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,
Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.
Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:
Հազիվ թե ծոցն անտառին կ'ընդգոգեր զույգը փախչող`
Բակուր իր նետը վերջին, հերձակ մ'ամբողջ ժահրաշիթ,
Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ
Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ
Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ:
Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,
Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:
Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,
Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.
Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ'իյնար
Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.
Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ:

Դ

Իջևան մ'է կառուցված սահմանին վրա Շիրակին,
Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին:
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր:
Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ'է մըշտազով
Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով
Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու
Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու:
Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ'որոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:
Թանձրակառույց իջևանը բարիք մ'է երկնատու
Երբ կը հըսկե ճամբուն վրա` որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կ'անհետին,
Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր
Թանին ալիքը կը հոսի երակներու մեջ ծարավ:
Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:
Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ:
Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ
Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ'հանգունակ:
–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)
Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան:
Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ'հանկարծույն
Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»:
Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն
Եվ կ'իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն
Մազերուն մեջ Բակուրի նետն ըսպաննիչ, արյունն հիր`
Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ'իյնա ցըրտագին.
Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին…
Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,
Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին
Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,
Թե իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
Տիեզերքն այս հարդագող Ճարտարությունն առեղծված.
Եվ խորհեցավ վերջապես` սրահին մեջ Բակուրին
Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…
–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
Որոնք երբեմըն սըրտի խորեն կ'հոսին տըխրամած
Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած:

Ե

Բարտի մը կար հինավուրց` զոր ձեռքերովն իր բարի
Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մ'անտառի.
Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն
Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն:
Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ
Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.
Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`
Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին:
Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,
Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար`
Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մեջ կու լար:
Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մեջ շաղապատ
Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ:

Իջևանի քով տնկված վաղընջական այն բարտին
Վերընձյուղում մ'ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`
Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ
Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ
Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ'ամբողջ,
Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,
Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց: