Հարսներն ու տալը
19. ՀԱՐՍՆԵՐՆ ՈԻ ՏԱԼԸ
Ըլնում ա չիլնում մի թագավոր: Էդ թագավորին ունենում ա իրեք տղա, մի աղջիկ։ Թագավորի ծերացած ժամանակն ա ըլնում, կանչում ա իրա իրեք տղին, ասում ա.— Ա՛յ որդիք, ես մեռնում եմ, ձեզ մի վասիաթ ունեմ անելու։
Տղեքն ասում են.— Արա՛, ա՛յ հեր:
Ասում ա.— Իմ վասիաթը ձեզ էս ա, որ դուք իրեք աղպեր եք, մի քիր, էդ քվորը ընենց պտի պահեք, որ մի թոզ էլա չվեգա վրին:
Տղեքն ասում են.— Շա՛տ լավ, ա՛յ հեր, մենք իրեք աղպեր՝ մի քիր ունենք, էն էլ լավ չպահե՜նք։ Ընե՛նց պահենք, որ մեր աչքի լսիցն ավելի։
Հերն ասում ա.— Դե գնացե՛ք, աստված ձեզ օրշնի։
Հերը մեռնում ա։ Տանում են լավ հանդեսով թաղում են, գալիս են տուն, իրանց մենծ աղպորը դնում են հոր տեղը թագավոր:
Իրեք աղպերն էլ պսակված են ըլնում: Ըդոնց սովորությունը ըլնում ա ավի գնալ։
Ինչ որ անում են, քվորը հարցնում են.— Ա՛յ քիր, էս բանը պտի անենք, անե՞նք թե չէ։ Քիրը հոժարանում էր՝ անում ին, հոժարանում չէր՝ չին անում։
Մի տարի, էրկու տարի, ըդոնց կնանիքը տեհան, որ իրանց մարդիկը իրանը բանի տեղ չեն դնում, ուշը-մտքները քցել են քվոր վրա։ Էդ կնանիքը բախլեցին էդ աղջկանը, ուզեցան մի հնար անեն, որ աղջիկը աղպորտանց աչքիցն ընկնի։
Գնացին մի պառավի մոտ, ասեցին.— Պառա՛վ, քեզ կդնենք ղանթարի մի թայը, ոսկին կլցնենք մի թայը, մի հնար արա՛, էս աղջկանը քցենք իրա աղպորտանց աչքիցը:
Պառավն ասեց.— Գնացե՛ք, թագավորի տղերանցը իրեք հատ քյահլան ձի ունեն՝ գոմումը կապած, քարը վե կալեք, տվեք մեկի ոտը կոտրեք, դուք էլ նոթներդ կիտեք նստեք, ո՛նչ կիրակուր էփեք, ո՛նչ էլ տուն սրբեք, նոթներդ կկիտեք կնստեք։ Կգան բարով կտան, բարովը չեք առնի։ Ընդոնք կհարցնեն, թե. «Ի՞նչ ա էլե, մեր բարովը չեք առնում»։ Ընդե դուք ասեք. «Դուք էլ չըլնեք, ձեր քիրն էլ. ընքան էրես եք տվե, որ չենք կարում մի բան ասի։ Ասեցինք՝ էրեխեն ջուրա ուզում, փառչը լցրա տո՛ւ, նա ինադ արեց, քարը վե կալավ, գնաց մտավ գոմը, տվեց քյահլան ձիու ոտը կոտրեց»։ Դրանով էլ էդ աղջիկը աղպորտանց աչքիցը կընկնի։
Կնանիքը եդ դառան տուն, գնացին քարը վե կալան, գնացին գոմը, տվեցին ձիու ոտը կոտրեցին, եդ դառան տուն, իրերով էլ նոթները կիտեցին նստեցին, ո՛նչ տուն սրբեցին, ո՛նչ կիրակուր էփեցին։
Իրիկունը մարդիկն էկան տուն, տեհան, որ կնանիքը նոթները կիտած նստած են: Բարով տվեցին, բարովները չառան կնանիքը։
Տղեքը հարցրին.— Էդ ի՞նչ խաբար ա, որ ո՛նչ կիրակուր էք էփե, ո՛նչ տուն եք սրբե, բարով ենք տալի, մեր բարովն էլ չեք առնում, ի՞նչ ա էլե, ասե՛ք, տենանք։
Կնանիքը վե կալան ասեցին.— Ո՛նչ դուք ըլնեք, ո՛նչ ձեր քիրը. չենք կարում մի բան ասի, ասեցինք. «Վե կաց էրեխեն ջուր ա ուզում, ջուր տո՛ւ», ինադ արեց, վե կացավ, քարը վե կալավ, տվեց ձեր քյահլան ձիու ոտը կոտրեց, վե քցեց գոմի միջին։
Աղպերտինքն ասեցին.— Մի՛ ձի չի՜, տասը ձի էլ նրան ղուրբան ա։
Կնանոնց սիրտը պատռեց, առավոտը լիսը բացվեց, էլի վե կացան, իրեքն էլ գնացին պառավի մոտն, ասեցին.— Պառա՛վ, չէլա՜վ, հունար ունես՝ խարջա՛[1]:
Պառավն ասեց.— Վե կացեք, գնացեք թունդիրը վառե՛ք, մեկիդ էրեխեն քցեք թունդիրը վառեց, էլի նոթներդ կկիտեք կնստեք. իրիկունը ձեր մարդիկը որ կգան տուն՝ էլի բարով կտան, չեք առնի, էլի կիրակուր չեք էփի, ո՛նչ էլ տուն կսրբեք:
Եդ դառան կնանիքը էկան տուն, թունդիրը վառեցին, էրեխուն քցեցին թունդիրը վառեցին, իրանք գնացին, նոթները կիտեցին նստեցին։
Իրիկունը մարդիկն էկան տուն, տեհան էլի ո՛նչ տուն սրբած, ո՛նչ կիրակուր էփած։ Բարով տվին, բարովները չառան։
Ասեցին.— Էս ի՞նչ ա էլե, էս էրկու օր ա դուք ըսենց եք անում։
Ասեցին.— Ո՛նչ դուք ըլնեք, ո՛նչ ձեր քիրը, ասինք. «Պղինձը ջուր լցրա տո՛ւ, դնենք թունդրի վրա բան էփենք», նա վե կալավ էրեխուն, քցեց թունդիրը՝ վառեց:
Աղպերտինքն ասեցին.— Տասը էրեխա էլ մեր քվորը ղուրբան ա:
Հաց կերան, քնեցին։ Էգսի առավոտը էլի մարդիկը գնացին ավի, կնանիքը վե կացան գնացին պառավի մոտը:
Ասեցին.— Պառա՛վ, ճար ունես՝ տե՛ս, ըդով էլ չէլավ, մենք կմեռնենք։
Պառավն ասեց.— Էլ ուրիշ հնար չկա. կէթաք իրեք հատ աղի բաղարջ կթխեք, էս պուճուր օձն էլ կտամ ձեզ, կտանեք կքցեք փարչի մեջը, աղի բաղարջը կտաք իրիկունը կուտի, կքնի, կծարավի, ջուր կուզի՝ ջուրը կտաք, կխմի, օձը կէթա փորը, կմենծանա, կճուտակալի, փորը կուռի, ըդով էլ իրա աղպորտանց աչքիցը կընկնի։
Կնանիքը եդ դառան էկան տուն, իրեք հատ աղի բաղարջ թխեցին։ Իրիկունը մարդիկն էկան տուն, նստեցին հաց ուտելու, իրեք հատ աղի բաղարջը դրեցին աղջկա առաջը՝ կերավ։ Հացը կերան պրծան, վեկացան քնեցին։ Կնանիքը տարան փարչը ջուր լցրին, օձը քցեցին մեջը, տարան դրեցին աղջկա կուշտը։
Գշերվա մի վախտը աղջիկը զարթնեց, աղպորտանցը ձեն տվեց, թե.— Ծարավ եմ, մի քիչ ջուր տվեք ինձ։
Աղպերտինքը ձեն տվեցին կնանոցը, թե.— Մեկդ վե կացեք, ջուր տվե՛ք քվորս:
Կնիկն ասեց.— Փարչը լցրած կողքին դրած ա, թող վեր ունի, խմի։
Աղջիկն էլ վե կալավ փարչը՝ միամիտ խմեց. օձը գնաց փորը։ Քնեց աղջիկը. առավոտը վե կացավ, էլի իրանց հմար հաց կերան, գնացին ավի։ Աղջիկը միամիտ նստած էր իրա բանին, օրեցօր էդ աղջկա փորը ուռեց. դառավ էրկու ֆոգիս կնիկ։
Իրիկունը ըդոնց մարդիկն էկան, ասեցին.— Ա՛յ ձեր լավ քիրը, տեսե՛ք ինչ օյին ա հանե, փորն ուռել ա։
Աղպերտինքը թամաշ արին, տեհան, որ քիրը օրերի վրա ա, մենծ աղպերը վե կալավ թաքուն ասեց պուճուր աղպորը.— Մի ձի կնստես, կքաշես թարքդ, մի տասն օրեն ճամփա հեռու կտանես, կթողաս, կգաս. ընդուց դենը ինչ կուզի թո՛ղ ըլնի։
Քնեցին․ լիսը բացվեց, պուճուր աղպերը հաց կերավ, քիրը հաց կերավ, իրանց հմար ճամփի պաշար վե կալան, քցեցին խուրջնի մեջը, կապեցին ձիու թարքը, նիլլան ձին, գնացին։ Մեկ օր, հինգ օր գնացել ին, տասն օրը թամմեց, հասան մի վայրենի մեշի։
Ըտեղ աղջիկն ասեց.— Աղպեր, բեզարել եմ, վե գանք ձիուցը, հա՛մ ձին խոտ կուտի, հա՛մ մենք կդինջանանք։
Ձիուցը վեր էկան, ձին աղպերը օրըկեց[2], իրանք նստեցին, հաց կերան։
Աղջիկն ասեց.— Ա՛ղպեր ջան, նստի, գլուխս դնեմ ծնկանդ մի քիչ քնեմ, վե կենանք, էթանք։
Աղպերը նստեց, քիրը գլուխը դրեց ծնկանը քնեց։ Շատ էր քնե, թե քիչ՝ աչքերը բաց արեց, տեհավ, որ ո՛նչ աղպեր կա, ո՛նչ ձի։
— Հե՜յ վա՜խ,— ասեց,— աղպերտինք, էս ի՞նչ օյին էր՝ հանեցիք իմ գլուխը:
Մնաց էդ վայրենի մեշի միջին: Կես գշեր էր, աղջիկը իլաջը կտրվեց, նիլլավ մի բանձր ծառի վրա նստեց մինչև լիս, ծառիցը վեր էկավ, մեշի մեջն ընկավ՝ սկսեց ծառապտուղ ուտի։
Մանգալոն, մանգալոն մեշիցը դուս էկավ, տեհավ, որ հրես մի գետ կողքովն էթում ա, ասեց.— Էս լավ էլավ, ջուր խմեմ, լվացվեմ, էթամ։
Կզացավ ջուր խմելու, գետիցը մի օձ ձեն տվեց էդ աղջկա փորի օձին, ասեց.— Ա՛յ ախմախ անասուն, էս լեն ու բոլ աշխարքը խի՞ ես թողե, մտե էդ զանահլու[3] աղջկա փորը, դո՛ւս արի անուշ օդ ծծա, ման արի ըստեղարենք:
Օձը փորիցը ձեն տվեց, ասեց.— Խի՞ եմ դուս գալի, մի ի էլել եմ քառասուն, սա էլ ինչ ուտում ա՝ նյութը ես եմ առնում։
Վերջը գետի օձը համոզեց էդ օձին, օձն էկավ աղջկա բերնովը վեր ընկավ։ Աղջիկը դանակը հանեց, օձի գլուխը կտրեց: Նրա քամակից եռեսուն իննը ճուտերն էլ վեր ընկան, աղջիկը բիրադնի գլխներն էլ կտրեց, փաթըթեց մի տերևի մեջ, դրեց ջեբը։ Դառավ առաջվա աղջիկը, փորը վեր էկավ։ Փա՛ռք տվեց ասսուն, եդ դառավ մեշի մեջ, էլի սկսեց պտղներ քաղիլ, ուտել։ Մանդալոն, մանդալոն էկավ հասավ մի մառմառ հավզի, դրա վրին էլ մի հատ չինարի ծառ կար։ Աղջիկը ջուր խմեց, լվացվեց, նիլլավ էդ ծառի վրեն: Ամեն օր ըդենց էր անում, վեր էր գալի, մեջի մեջ ման էր գալի, պտղներ էր ուտում, նիլլում էր ծառի վրա նստում։
Օրվա մի օրը՝ մի ուրիշ թագավորի տղա իրա նազիր-վեզրի հետ նստեցին ամեքը մի ձի, ասեցին.— Էթա՛նք մեշեն ավ անելու։
Ըդոնք գնացին մեշի մեջը, էս յանը ման էկան, էն յանը ման էկան, ավ չընկավ ձեռները. գնացին հասան էդ մառմառ հավզին։
Թագավորի տղեն ասեց.— Սրանից լավ տեղ չիլնի, վե գանք, հաց ուտենք, ջուր խմենք, ձիանիքը կշտացնենք, եդ դառնանք էթանք մեր տեղը:
Վեր էկան ձիանոնցիցը, ձիանիքը օրրկեցին, իրանք նստեցին մառմառ հավզի կողքին՝ հաց կերան։ Թագավորի տղեն կզացավ որ ջուր խմի, տեհավ, որ, մի աղջկա պատկերը ջրի միջին շողշողըմ ա:
Ասեց.— Հե՜յ վա՛խ, նազիր-վեզիր, էկեք տեհեք էս ի՞նչ պատկերք ա, էս ջրի միջին շողջողում ա։
Էկան թամաշ արին, տեհան, որ արևի պես լիս ա տալի։ Է՛ս յանը թամաշ արին, է՛ն յանը թամաշ արին, տեհան, որ զադ չի էրևում։ Բիրդան թագավորի տղեն աչքը բանձրացրեց, տեհավ էդ աղջիկը ծառի վրա նստած ա։
Ասեց.— Նազի՛ր-վեզի՛ր, ես իմ ավը գտա, մի նիլլե՛ք, վե բերե՛ք։
Նիլլան, աղջկանը ծառիցը վե բերին։
— Դե ձիանիքը թամքե՛ք, էթա՛նք,— ասեց թագավորի տղեն։
Ձիանիքը թամբեցին, նիլլան, աղջկանն էլ թագավորի տղեն քաշեց թարքը, գնացին։ Գնացին հասան իրանց քաղաքը։ Խաբար տարան թագավորին, թե՝ տղեդ մեշիցը մի հատ վայրենի աղջիկ ա բռնե, բերում ա։
Էդ թագավորը գնաց տղի աղաքը, տղին վե կալավ տարավ տուն, ասեց.— Ա՛յ որդի, էդ ի՞նչ ա՝ դու բերել ես։
Տղեն ասեց.— Ա՛յ հեր, իմը կա՝ սա՛ ա, չկա սա՛ ա, որ երկընքիցը վեր էկած լուսեղեն աղջիկ ըլնի՝ ինձ պետքը չի՛։
Հերն ասեց.— Մեղքը քու շըլինքը, դո՛ւ գիտաս։
Բերեց էդ աղջկանը պսակեց տղի հետ։ Մնաց էդ աղջիկը ըտեղ օխտը տարի, օխտը տարվա միջին մի անգամ էլ ա չխոսաց, լալ մնաց։ Ըդրանից էրկու տղա էլավ, մինը հինգ տարեկան, մինը էրկու տարեկան։ Թագավորի տղի ջանին հասավ։
— Ես պտի,— ասեց,— մի խնձոր տանեմ տամ մենծ տղիս, ես էլ տափ կենամ, տենամ կնիկս լիզու ունի՞, թե լալ ա։
Խնձորը տարավ տվեց մենծ տղին, ինքը գնաց տափ կացավ։ Մենծ տղեն խնձորը հազացնում էր, պուճուրը լաց էլավ։
Ասեց.— Մայրի՛կ, ես էլ եմ խնձոր ուզում։
Շատ լաց ըլնելուց եդը, մերն ասեց.— Ա՛յ որդի, ի՞նչ անեմ, հերդ կռվի բուն էր բերե էդ մի խնձորը, բերում էր թո՛ղ էրկուսը բերեր, ամեքիդ մեկը տար։
Թագավորի տղեն վազեց ընկավ կնկա շլընքովը, ասեց.— Գլխի՛դ, արևի՛դ մեռնեմ, էս օխտը տարի ա, ես քեզ բերել եմ, բա խի՞ չիր խոսում։
Աղջիկը վե կալավ ասեց.— Էս օխտը տարի ա ես քու ձեռին եմ[4], դու մեկ օրից մեկ օր ինձ խի՞ չիր հարցնում, թե. «Ի՛նս ես, ջի՛նս ես». ես հո՞ ծառից չի էլե, քոլից չի էլե, ես էլ թագավորի աղջիկ եմ, ինձ էլ ունեմ թագավորություն, աղպերտինք:
— Դե՛,— ասեց,— ի՞նչ անեմ, սխալվել եմ։ Ուզում ես քեզ ղրկեմ քու, հերանց տունը, գնա՝ քու աղպորտանցը տե՛ս։
Կանչեց նազիր-վեզրին.— Զորքերը հազրեք.— ասեց,— կառեթ հազրեք, իմ կնկանը վեր ունեք տանեք իրա հերանց տունը։
Է՜հ, նազիր-վեզիրը պատրաստություն տեհան, թագավորի հարսին վե կալան, էրեխեքանց հետ գնացին: Գնացին հասան էն մեշի մեջը, որ էդ աղջըկանը բերել ին: Ըտեղ մութն ընկավ: Վեր էկան ըտեղ, չագըրներ տվեցին, մի չագիր նազիր-վեզրի հմար, մի չագիր թագավորի հարսի ու իրա էրկու էրեխու հմար, չորս ղրաղն էլ զորքը չագիր տվեց նստեց, իրանց հացը կերան, պրծան: Նազիր-վեզրի միտքը փոխվեց, գնացին թագավորի հարսի մոտ, բարև տվեցին, նստեցին։
Վե կալան, ասեցին.— Մենք էկել ենք, քու մոտ էս գշեր անցկացնենք:
Կնիկն ասեց.— Մտքներովդ մե՛ք անցկացնի, ըդենց բան չիլնի:
Ասեցին.— Չէ՛, պտի մնանք:
Թագավորի հարսն ասեց.— Անհնարին ա, վե կացեք, գնացե՛ք:
Ասեցին.— Չի՛լնի, չես թողա, մենծ տղիդ կմորթենք։
Ասեց.— Մորթե՛ք, չմորթե՛ք, ըդենց բան չի՛լնի:
Նազիր-վեզիրը բռնեցին մենծ տղին, մոր աչքի աղաքին մորթեցին, ասեցին.— Հմի ի՞նչ ես ասում:
Ասեց.— Ինձ էլ մորթեք՝ չե՛մ թողա:
Վե կացան պուճուր տղին էլ մորթեցին։ Կնիկը տեհավ, որ էլ ճար չկա, ասեց.— Դուք ձեր աստվածը յավաշ դուս էթամ, գամ՝ ի՛նչ անում եք, արե՛ք։
Մի թել կապեցին կնկա ձեռիցը, կնիկը չարսափն առավ վրեն՝ գնաց: Գնաց մի վարդի քոլի տակ նստեց, թելը եդ արեց, կապեց վարդի քոլիցը. չարսափը քցեց վարդի քոլի վրեն, թողաց փախավ:
Նազիր-վեզիրը շատ թամաշ արին, տեհան որ կնիկը չէկավ, ասեցին.— Ջանը՜մ, ի՞նչ էլավ դրա դրսև էթալը, վե կենանք, էթանք բերենք:
Վե կացան գնացին վարդի քոլի կուշտը, չարսափիցը քաշեցին, թե. «Վե կա՛ց, ի՞նչ ես նստե ըդքան», տեհան, որ դարտակ չարսափն էկավ: Հասկացան, որ կնիկը փախել ա, չկա։ Է՛ս յանը, է՛ն յանը մանգալոն կնկանը չգտան, եդ դառան իրանց չագրները. իրար մեջ խոսացին, թե. «Էթանք թագավորին ի՞նչ ասենք»։
Ասեցին.— Էթանք ասենք, որ քու հերն ասում էր՝ էդ վայրենի աղջիկ ա, դու ասում իր՝ չէ՛, հենց որ հասանք մեշի մեջ, չագրները տվեցինք նստեցինք, գշերը վեր էր կացե, էրկու էրեխուն էլ մորթե, թողե փախե։
Քնեցին. լիսը բացվեց, վե կացան, ճամփա ընկան գնացին դպա իրանց թագավորի երկիրը։
Գնացին ներկայացան թագավորին, թագավորն ասեց.— Հը՛, սալամաթ տարա՞ք կնկանս իրա հերանց տունը։
Ասեցին.— Հերդ ասում էր՝ դա վայրենի աղջիկ ա, դու չիր հավատում. գնացինք էն մեշի մեջ, որտեղ բռնել ինք, չագրները տվեցինք, նստեցինք, գշերը վեր էր կացե, էրկու էրեխուն էլ մորթե, թողե փախե։ Է՛ս յանը, է՛ն յանը ընքան ման էկանք, հոգքներս[5] դուս էկավ, թողացինք էկանք։
Թագավորի տղեն ասեց.— Անհնար ա, վե կաց, նազի՛ր, ընկնենք երկրե-երկիր, ման գանք, որտեղ ըլնի, պտի գտնեմ նրան:
Թագավորն ու նազիրը դարվշի շորեր հագան, ընկան ման գալու։
Գանք աղջկանից սալըղ տանք։
Էդ մեշիցը դուս էկավ, գնաց տեհավ հրես մի չո՛րան, ոչխար ա արածացնում։
Ասեց.— Բարո՛վ քեզ, չոբան ախպեր։
Չոբանն ասեց.— Հազար բարին էկար, ա՛յ քիր։ Դու մի զանահլու աղջիկ, ինչ գործ ունես էս վերվերի տեղերում ման էս գալի մենակ։
Աղջիկն ասեց չոբանին.— Ախպեր ջա՛ն, իմ զարդերը շատ ա, մի հարցնի, հլա սոված եմ, մի կտոր հաց տու ուտեմ։
Չոբանը հանեց պարկիցը մի կտոր հաց, դրեց աղջկա աղաքը. վե կալավ թասը գնաց մի ոչխար կթեց, բերեց տվեց աղջկանը։ Աղջիկը կաթը փրթեց կերավ, վե կացավ։
Չոբանն ասեց.— Ինձ քիր չունեմ, ըստուց եդը դու ինձ՝ քիր, ես քեզ՝ ախպեր։
Մնաց չոբանի մոտ, իրիկունը վե կացան, չոբանի հետ գնացին չոբանի տունը, ըտեղ մնաց աղջիկը մի իրեք ամիս։
Երեք ամսից եդը աղջիկն ասեց.— Ախպեր ջա՛ն, ես պտի էթամ, ինձ մի ձեռք ձեր շորերից տվեք, տղամարդի, մի ոչխար մորթեք դրա փորը տվեք:
Չոբանն ասեց.— Ա՛յ քիր, չէմ թողա էթաս։
Ասեց.— Անկարելի բան ա, պտի էթամ:
— Է՜,— ասեց,— մեղքը քու շըլինքը։
Բերեց մի գառը մորթեց, դրա փորը հանեց, տվեց էդ աղջկանը, մնացած միսն էլ՝ կնկանն, ասեց.— Կարմրացրա՛, դիր իմ քվոր հետ, ճամփին կուտի։
Աղջիկը հագավ տղամարդի շորերը, մազերը հավաքեց, ոչխարի փորը անցկացրեց գլուխը, կաննեց արևի տակին, փորը կպավ դլխիցը, դառավ քաչալ։ Դա չորանի հետ մնաս բարով արեց, գնաց։
Շատ էր գնացե, քիչ էր գնացե, աստված գիտա, գնաց հասավ իրա հոր քաղաքը, գնաց իրանց տան աղաքը, նստեց քարի վրա, տեհավ, որ հրես իրեք աղպերն էլ էկան:
Աղպերտինքն ասեցին.— Ա՛յ քաչալ, ի՞նչ մարդ ես:
Քաչալն ասեց.— Ղարիբ մարդ եմ, նոր եմ էկե էս քաղաքը. մարդ չեմ ճանանչում, էկել եմ ըստեղ նստել եմ:
Աղպերտինքն ասեցին.— Կարա՞ս ղազ պահի։
Ասեց.— Խի՞ չեմ կարա պահի։
Տարան քաչալին հետները, ղազեր տվեցին իրան, ամեն օր տանում էր արածացնում, իրիկունը բերում տուն։
Շատ ղոչաղ ու զալում տղա էլավ էդ քաչալը. աղպերտինքը ասեցին, թե.— Զալում տղա ա էրևում, տանենք մեր ամարաթը, թող ընտեղ ծառայի։
Տարան քաչալին ամարաթը, ընտեղ ծառայեց։ Մի քանի ամսից եդը իրա մարդն ու նազիրը դարվշի շորեր հագած, ձիանիքը նիլլած էդ թագավորի տունը ղոնաղ էկան։ Քաչալը տեհավ, որ մեկն իրա մարդն ա, մեկն էլ նազիրն ա։ Ըդոնք հաց շինեցին, նստեցին հաց ուտելու։
Թագավորի տղեն ասեց.— Էրնակ ըստեղ մի առարկա ասող ըլներ, անկաջ անեինք:
Քաչալն ասեց.— Ես կասեմ, համա պտի դռները շինեմ, բալանըքները վեր ունեմ իմ մոտը, մի մարդ իրավունք չունի առանց իմ հրամանի դուռն էթալու, թե ռազի եք էդ պայմանին, կասեմ։
Ասեցին.— Ռազի ենք, ասա՛։
Քաչալը դռները շինեց, բալանքները դրեց ջեբը, նստեց իրա տեղը, սկսեց ասիլը:
Ասեց.— Ժամանակով կար մի թագավոր, ըդրան ուներ իրեք տղա, մի աղջիկ։ Էդ թագավորը ծերացել էր, կանչեց իրա իրեք տղին իրա մոտը, ասեց. «Ա՛յ որդիք, գիտա՞ք ընչի հմար եմ կանչե»։ Թե. «Ընչի՞ հմար ես կանչե»։ Ասեց. «Ձեզ մի վասիաթ ունեմ անելու, որ վիրև՝ աստված, ներքև՝ դուք, ես մեռնում եմ, իմ աղջիկը հանձնում եմ ձեզ, ընենց թամաշ կանեք, որ էս աչքիցը էն աչքը չեք փոխի»: Տղեքն,— ասում ա,— վե կալան ասեցին հորը. «Շա՛տ լավ էս ասում, ա՛յ հեր, ընենց պահենք ըդրան, որ թոզ էլ չվե գա վրին»։ Էկավ հերը մեռավ, տարան հանդեսով թաղեցին․ էկան տուն, մենծ ախպորը օծեցին, դրին թագավոր հոր տեղը։
Ըստեղ հարսները բան ֆահմեցին[6]. ասեցին.— Քաչա՛լ, ձենդ կտրա։
Քաչալն ասեց.— Չե՛ք ուզում, չե՛մ ասի, վախա՞ցնում եք ինձ։
Ընտեղան աղպերտինքն ասեցին.— Քաչալ, գլխիդ, արևիդ մեռնենք, դու ասա, օքմին իրավունք չունէր քու վրա խոսալու:
Քաչալն սկսեց ասիլը.— Էդ թագավորի իրեք տղեն ընքան ին սիրում էդ աղջկանը, որ էս աչքից էն աչքը չին փոխում, իրանց կնանոցն էլ բանի տեղ չին դնում։ Էկան դրանց կնանիքը ասեցին. «Բա ո՞նց անենք դրան աղպորտանց աչքիցը քցենք, գնացին մի պառավ կնկա մոտ»[7]:
— Քաչա՛լ, դուռը բաց արա, մենք էթում ենք դուռը։
Քաչալն ասեց.— Իրավունք չկա՛, մինչև նաղլը չվերջացնեմ։
Թագավորի տղեքն ասեցին.— Ասա՛, ասա՛, քաչալ ջա՛ն[8]:
— Էդ նոքարը ես եմ, ա՜յ էն օձերի գլխները, ա՜յ էդ աղջիկը,— ու հանում ա վրիցը տղի շորերը, տակից էրևում են աղջկա շորերը, քաշում ա հանում գլխի վրի փոստը, մազերը թափում ա ուսերին։ Նոր ըստեղ աղպերտինքը վազում են ընկնում քվոր ոնները, մարդն էլ էն յանիցն ա վազում:
Թագավորի տղեքը նոր ասում են իրանց փեսին.— Դու քու նազրի-վեզրի դատաստանն արա, մենք էլ մեր կնանոնց դատաստանը կանենք:
Թագավորի տղեն նազրին գնում ա տախտակի վրա՝ ղիմա–ղիմա կոտորում ա, ասում ա.— Տարե՛ք թափեք չոլը, թող ղուրդ ու ղուշը ջամդաքը ուտի։
Աղպրտինքը իրանց կնանքանցը կապում են ամեն մեկը մի ձի ու պոչից ու բրախում հանդը. իրիկունը ձիանիքը գալիս են տուն, պոչներիցը մենակ մազերն ա մնում կապած։
Նո՛ր բերում են իրանց քվորը օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, էդ թագավորի տղի հետ պսակում են, ճանապար են դնում իրա երկիրը։ Նա էթում ա ընտեղ իրա թագավորությունն անում, իրեք աղպերը մնում են իրանց երկրումը իրանց թագավորությունն են անում։
Ընդոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին։
- ↑ Գործ դիր (Ծ. Բ.):
- ↑ Երկար պարանով կապեց (Ծ. Բ.):
- ↑ Սիրուն (Ծ. Կ.):
- ↑ Քո կինն եմ (Ծ. Բ.)։
- ↑ Հոգիներս (Ծ. Բ.):
- ↑ Հասկացան (Ծ. Բ.)։
- ↑ Ամենայն մանրամասնությամբ պատմում է պառավի խորհրդով կատարված խարդավանքը և երբ հասնում է այն կետին, թե հարսները օձը բերին քցեցին ջրի մեջ, որ տալը խմի, հարսներն ասում են. (Ծ. Բ.):
- ↑ Քաչալը շարունակում է պատմել և երբ նկարագրում է, թե ինչպես նազիրն ու վեզիրը մորթում են երեխաներին, նազիրը ուզում է դուրս գնալ, բայց չեն թողնում։ Շարունակում է պատմել մինչև վերջը և ապա ասում. (Ծ. Բ.)։