Հարցազրույց «Ա1+» գործակալությանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հարցազրույց «Ա1+» գործակալությանը

Լևոն Տեր-Պետրոսյան

Հարց - Պարոն նախագահ, կարծես-թե, ռուս–վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների և նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաև մեր երկրի կենսական շահերը։

– Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց–օսեթական էր, և միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս–վրացականի։

Հարց - Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, և Ռուսաստանը հարկադրաբար ներքաշվեց պատերազմի մեջ։

– Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը։ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող վիճարկել նաև, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա։

Հարց - Շատերն, ընդունելով հանդերձ Ռուսաստանի միջամտության հիմնավորվածությունը, միաժամանակ պնդում են, որ նրա պատասխանը համարժեք չէր։

– Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որևէ ոտնձգության։ Կարևորն, ինչպես ասացի, այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու պարագայից, կանխեց հարավ-օսեթական ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը։

Հարց - Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե իբր Սահակաշվիլին չէր կարող նախաձեռնել պատերազմը՝ առանց ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը։

– Այդ պնդումները ես համարում եմ անհիմն և անհավատալի, քանի որ բացառված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման լուրջ պետությունը որևէ մեկին դրդեր այդպիսի արկածախնդրության։ Այլ բան է, որ նախագահ Սահակաշվիլին կարող էր սխալ ընկալել կամ մեկնաբանել Արևմուտքից ստացած որոշ բարեկամական ժեստեր։

Հարց - Այդ դեպքում ինչի՞ վրա էր հիմնված Սահակաշվիլու հաշվարկը։ Միթե՞ նա չէր կարող կանխատեսել իր քայլի հետևանքները, մասնավորապես, Ռուսաստանի հակազդեցությունը։

– Վրաստանի կառավարության հաշվարկն, իմ կարծիքով, հիմնված էր նախևառաջ հանկարծակիության գործոնի, և երկրորդ՝ բարեկամ երկրներին փաստի առջև կանգնեցնելու միջոցով հնարավոր միջազգային աջակցություն ստանալու չերաշխավորված ակնկալիքի վրա։ Ըստ այդմ, մենք գործ ունենք «ցանկալին իրականություն ընկալելու» (wishful thinking) տիպական և ուսանելի օրինակի հետ։

Հարց - Եթե, ինչպես Դուք նշեցիք, Վրաստանը հույսը դրել էր հանկարծակիության գործոնի վրա, ապա ինչո՞ւ նա չփորձեց, դեսանտ իջեցնելով, փակել Ռոքի թունելը և դրանով խափանել ռուսական ուժերի առաջխաղացումը։

– Վրաստանի մտադրությունը ոչ թե հարավ-օսեթական ժողովրդի բնաջնջումն էր, այլ նրա տեղահանումը, ինչն անհնար էր իրականացնել առանց այդ թունելը բաց պահելու։ Սահակաշվիլին չէր կարող չգիտակցել, որ բնաջնջումը չէր ներվի համաշխարհային հանրության կողմից, մինչդեռ տեղահանումը կարող էր այս կամ այն կերպ հանդուրժվել, ինչպես 1995 թվականին հանդուրժվեց Կրաինայի սերբերի պարագայում։

Հարց - Կարո՞ղ եք համառոտակի ամփոփել պատերազմի հիմնական արդյունքները։

– Վրաստանի կողմից սանձազերծված պատերազմը ծանր կորուստներ պատճառեց հարավ-օսեթական ժողովրդին և ռուս խաղաղարարներին, բայց այդ պատերազմի գլխավոր զոհը դարձավ ինքը Վրաստանը, որը բացի իր վճարած բազմահազար մարդկային կյանքերից, կորցրեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի վրացաբնակ կղզյակները (անկլավները) և ստացավ տասնյակ հազարավոր նոր գաղթականներ։ Չեմ կասկածում, որ մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ այդ ամենի համար հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից։ Ես անկեղծ ցավով եմ արձանագրում եղբայրական վրաց ժողովրդին բաժին ընկած ազգային աղետը և նրան մաղթում հնարավորինս արագ վերագտնել իր արժանապատվությունն ու ինքնավստահությունը։ Այդ մաղթանքը որքան անկեղծ է մարդկային առումով, նույնքան աներկբա է քաղաքական տեսակետից, քանի որ Վրաստանի կայունությունը, հզորությունը և բարգավաճումը միանգամայն համապատասխանում են Հայաստանի շահերին։

Հարց - Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի միջնորդական առաքելությունը ռուս–վրացական հակամարտության կարգավորման գործում։

– Դա միանգամայն ժամանակին նախաձեռնված և արդյունավետ առաքելություն էր, ինչն, անշուշտ, հեշտացվեց ռուսական կողմի պատրաստակամության և վրացական կողմի այլընտրանք չունենալու պատճառով։ Սարկոզիի դերակատարությունը կարևորվում է մանավանդ այն առումով, որ նա ներկայացնում էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ևրոպական Միության դիրքորոշումը։ Իսկ ինչպե՞ս այդ համատեքստում կմեկնաբանեք ևրոմիության որոշ երկրների՝ Լեհաստանի, Բալթյան հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարների միանշանակ աջակցությունը Վրաստանին։ Հարց - Թբիլիսիում տեղի ունեցած համերաշխության այդ ցույցն, իհարկե, հուզիչ արարողություն էր, բայց դրան պետք է վերագրել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական նշանակություն։

Հարց - Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ռուս–վրացական զինված հակամարտությունը գլոբալ քաղաքականության տեսակետից։

– Հակառակ ռուս–վրացական պատերազմի առաջացրած լայն միջազգային արձագանքին, ակնհայտ է, որ այն ունենալու է զուտ տեղական կամ տարածաշրջանային նշանակություն և, ըստ էության, չի ազդելու գերտերությունների ռազմավարական բնույթի ներկա հարաբերությունների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալվող կոշտ հակառուսական ռիտորիկան բացատրվում է նախընտրական կոնյունկտուրայով, ուստի հիմքեր չկան դա երկարաժամկետ գործոն դիտելու։ Հարավային Օսեթիան այն կիզակետը չէ, որ սառը պատերազմի վերակենդանացման ազդակ ծառայի։

Հարց - Վրաց–օսեթական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս չլուծված էթնիկական հակամարտությունների վրա։

– Անտարակույս։ Սակայն, ցավոք սրտի, ոչ թե այդ խնդիրների կարգավորման հեշտացման, այլ բարդացման ու երկարաձգման առումով։ Պատերազմը մեկ անգամ ևս վերհանեց միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման նկատմամբ գերտերությունների դրսևորած հակասական մոտեցումը։ Մինչև աշխարհը չհրաժարվի այս հարցում երկակի ստանդարտների կիրառման պրակտիկայից կամ չգտնի նշված սկզբունքների ներդաշնակեցման բանալին, անհնար է պատկերացնել ազգամիջյան հակամարտությունների արագ լուծումը։

Հարց - Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը Հայաստանի վրա։

– Պատերազմը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեց, թե որքա՛ն փխրուն և խոցելի է Հայաստանի տնտեսությունը։ Հարևան երկրում ընդամենը մի քանի օր տևած ռազմական գործողություններն անմիջապես խախտեցին Հայաստանի բեռնափոխադրումների կանոնավորությունը և որոշակի խուճապ առաջացրին ներքին շուկայում, մասնավորապես գազի և նավթամթերքների մատակարարման բնագավառում։ Փոթիի նավահանգստի գործունեության թեկուզ ժամանակավոր խափանումն ու Անդրկովկասյան երկաթուղու կամուրջներից մեկի պայթեցումն սպառնում են ավելի ևս բարդացնել իրավիճակը։ Սա պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի լրջորեն գնահատել այս դառն իրողությունը և համապատասխան եզրակացություններ անել նրանից։

Հարց - Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեր պատերազմին և ի՞նչ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում։

– Եթե Դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերևս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսևորել երկու բարեկամ պետությունների միջև ծագած ռազմական հակամարտության նկատմամբ։ Այս առումով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան։ Իսկ գործնականում Հայաստանի կառավարության կողմից պետք է արվեն և մասամբ արվում են իրավիճակից բխող որոշ քայլեր՝ մարդասիրական օգնության ցուցաբերում թե՛ օսեթական, թե՛ վրացական կողմերին, կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում ավտոշարասյուների միջոցով, մասնակցություն Փոթիի նավահանգստի վերագործարկման և Կասպիի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին և այլն։ Սակայն «համապատասխան եզրակացություններ» ասելով, նույնիսկ այս ամենը չէ, որ ես նկատի ունեի, այլ շատ ավելի էական պահեր, մասնավորապես՝ պատերազմից քաղելիք մեր դասերը։

Հարց - Ի՞նչ դասերի մասին է խոսքը։

– Առաջին, Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը և նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարևանից։ Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Երկրորդ, արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետև դրա ամենահավանական հետևանքը ազգային աղետն է։ Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունեն։ Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միևնույն է՝ փոքրերը։ և երրորդ, փոքր պետությունները պետք է մեկանգամընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից և փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները և ժողովուրդների համակեցության նորմերը։

20 օգոստոսի, 2008թ.