Jump to content

Հարցազրույց «Ա1+» գործակալությանը, 4 նոյեմբերի, 2008թ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլը

Հարց - Պարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելեույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին։ Արդյոք, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը։

–Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը։ Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը. «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել։

Հարց - Շատերի մոտ տպավորություն է առաջացել, որ այդ հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից։

–Այդպիսի թյուր տպավորություն կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ։ Մինչդեռ փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել։

Հարց - Որո՞նք են Ձեր ակնարկած սկզբունքային եւ կոնկրետ պահերը։

–Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»։ Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը։ Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից։

Մոսկովյան հռչակագրի 2 րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007թ. նոյեմբերի 29 ի Մադրիդյան առաջարկը։ Քանի որ այդ առաջարկի բովանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17 ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան։ Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։ Հռչակագրի նախաբանում եւ 4 րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ։ Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ ի 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ։ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում։

Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում։ Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամարտող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից։ «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակը՝ Ադրբեջանի կողմից։ Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը։

Հարց - Դուք չմոռացա՞ք, արդյոք, նշել նաեւ Քի-Վեստյան տարբերակը։

–Քի Վեստյան տարբերակը Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ չի եղել։ Ամեն պարագայում, այդ տարբերակը եւս չի ընդունվել հակամարտող կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի կողմից։

Հարց - Ռուսաստանի նախաձեռնությունն, արդյոք, չի՞ հակասում Ձեր վերջին ելույթում արտահայտված այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը։

–Ամենեւին ոչ։ Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է։ Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եւրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին։ Թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը։

Հարց - Այդ դեպքում ի՞նչ դեր է վերապահված Մինսկի խմբին, որի գործունեության շարունակման անհրաժեշտությունը ընդգծված է հռչակագրում։

–Որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորանում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները։ Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար։

4 նոյեմբերի, 2008թ.